հատված Աննի Ժիրարդոյի «Հեռանալ, վերադառնալ. Կրքերի ուժը» գրքից


«․․․ Կուտակվում են հուշերը, հիշողությունից ջնջված կերպարները վերստին ծնունդ են առնում, անցած-գնացած հանդիպումները, հուզումները, կրքերը՝ այդ ամենը չէր անհետացել և հայտնվում է առաջին իսկ կանչով։ Ես հետ եմ պտտում կյանքիս ժապավենը։ Եվ երբ շարժվում եմ այսպես՝ հետընթաց, մոռացությունից ջրի երես է դուրս գալիս ամենահիասքանչը։ Ես միշտ պահանջ եմ ունեցել մարդկանց հետ խոսելու։ Դեռևս «Մադամ Մարգերիտ» պիեսում խաղալուց շատ ժամանակ առաջ ես որոշել էի ելույթ ունենալ ռադիոյով, պատմել տարբեր պատմություններ։ Ես հանդես էի գալիս «RTL»-ի և «Եվրոպա 1»-ի ռադիոեթերում։ «Սիրավեպ», «Կանացի զրույցներ»․ ես սիրում եմ ռադիոն, սիրում եմ, երբ ռադիոընդունիչից հնչում է հրապուրիչ ձայնը՝ հուզմունքով և չարտահայտված զգացմունքներով լի։ Ռադիոլսողը գիտի, թե ով եմ ես, նրանց ծանոթ է իմ դեմքը։ Իսկ ես նկարում եմ նրանց իմ երևակայության մեջ։ Ինքս գիշերները ռադիոյով լսում եմ իմ ընկերուհի Մաշա Բերանժեին և, ինչպես մյուսները, որսում եմ այդ թավշյա ձայնի հնչյունները, որ հորդում են մեզ վրա թանկարժեք նեկտարի պես, իսկ շատերի համար՝ բուժիչ բալասանի պես»։
 |
ամուսնու՝ Ռենատո Սալվատորիի հետ |
«Եթե ես ցանկանում եմ շարժվել առաջ, ապա պետք է դադարեմ մտածել այն ամենի մասին, ինչը մաշում է ինձ, և ստիպեմ, որ լռեն բոլոր «ինչուները», որոնք մինչ օրս զրնգում են իմ գլխում․․․ Այդ հազարավոր «ինչուները»։ Ինչո՞ւ ես այդպես էլ չասացի Ռենատոյին (իտալացի դերասան Ռենատո Սալվատորին Աննիի առաջին ամուսինն էր․- խմբ․), ինչո՞ւ ևս մեկ՝ վերջին անգամ չասացի Վիսկոնտիին՝ «սիրում եմ քեզ», իսկ հիմա ամեն երեկո սովորեցնում եմ երիտասարդներին, որ չվախենան խոսել իրենց սիրո մասին։ Ինչո՞ւ չմնացի մորս հետ, երբ նա դանդաղ հանգչում էր։ Ինչո՞ւ չհասկացա, որ նա հեռանում է։ Ինչո՞ւ իմ շնիկին տվեցի անասնաբույժին, ով քնեցրեց նրան։ Սարսափելի է հիշել, թե նա ինչպես էր դողում ամբողջ մարմնով և աղերսանքով նայում էր ինձ։ Ո՞վ կարող է դա բացատրել։ Այդ բոլոր «ինչուներն» ինձ հանգիստ չեն տալիս։ Երբեմն ես պարզապես շպրտում եմ դրանք։ Ես միշտ վախեցել եմ, թե ինչ-որ մեկին ցավ եմ պատճառել, հարգանք չեմ ցուցաբերել, որևէ մեկի հույսերը չեմ արդարացրել, ինչ-որ բան չեմ հասկացել․․․ Այդ կասկածները հետապնդում են ինձ, ես ցավ եմ զգում։ Ես նրան ասացի՞ այդ մասին։ Ամեն ի՞նչ ասացի, արդյոք։ Հասկացա՞վ նա ինձ։ Մեկին հաջորդում է մյուսը, և նյարդերս լարվում են։ Բավակա՛ն է։ Գրո՛ղը տանի, նրանք գիտեն, որ իրենց սիրել եմ, որովհետև հիմա էլ շարունակում եմ սիրել։ Եվ սգալ․․․»։
 |
դստեր՝ Ջուլյայի հետ |
«Երբ ես բնակություն հաստատեցի Հռոմում, ինձ հետ բերեցի մեկ թութակ և մի զույգ տատրակ։ Խոսող թռչունն արդեն վաղուց մահացել է, իսկ տատրակներն ունեցան ձագեր, որոնք էլ հետագայում խաչասերվեցին տեղի աղավնիների հետ։ Այդպիսով, մենք այդ թաղամասում աճեցրինք թռչուններ, որոնք ավելի ու ավելի են բազմանում։ Հաճելի է մտածել, որ այդպես է։ Ինձնից հետո թողել եմ դայլայլ և ճերմակ թևերի թափահարում․․․ Ռենատոյի մահից հետո տունը ստիպված էի վաճառել, որպեսզի մարեմ նրա պարտքերը։ Ամեն անգամ, երբ անցնում եմ մեր նախկին տան կողքով կամ պարզապես հայտնվում եմ այդ հրաշալի թաղամասում, սիրտս կուչ է գալիս։ Հռոմ և Փարիզ․ ինձ անհրաժեշտ են այդ երկու քաղաքները, ինչպես ռելսեր, որոնցով կարող եմ վստահ գլորվել առաջ։ Ասացվածքը փաստում է՝ «Ով ունի երկու տուն, նա կորցնում է գլուխը»։ Ես ունեցել եմ երեք, չորս, հինգ տուն, անկայունությունն ինձ համար փոխարինել է հավասարակշռությանը։ Իմ կյանքն ընթացել է Ալպերի վրա թռիչքներով։ Եվ ես հավասարապես երջանիկ էի՝ դրանք հաղթահարելով թե՛ մեկ, թե՛ մյուս ուղղությամբ։ Հեռանալ, վերադառնալ»։
 |
Ժան Կոկտոյի հետ |
«Երբեմն զգում եմ, թե ինչպես է անտեսանելի թելն ինձ ձգում դեպի Իտալիա, և ինձ սկսում են համակել հուշերը։ Ես կարոտում եմ այդ երկիրը։ Ես դարձել եմ կաղ ու ծուռ, ինձ մնացել է միայն մեկ ռելս, միայն մեկ աչք․․․ Ես ուզում եմ Հռոմում գնել փոքրիկ տուն իմ դստեր համար, ով իտալացի է, և նրա երեխաների համար։ Չի կարելի հեռանալ առանց երեխաների համար բույն ստեղծելու։ Քանի որ հիմա ապրում եմ իմ կյանքի օրհնյալ ժամանակները, երբ բարիքը առատության եղջյուրից հորդում է ինձ վրա, ես բարձրյալին խնդրում եմ կատարել իմ ցանկությունը։ Առանց դրա անհնարին է իմ վերածնունդը։ Մենք համերաշխ ենք ապրում, մենք միմյանց հավատում ենք, չէ՞, Ջուլյա, իմ սիրելի դուստր, իմ Ռենատոյի կենդանի պատկեր, այն ամենը, ինչ մնացել է իմ ընտանիքից։ (Մինչ գրում եմ այս գիրքը, հայտնվում են իմ երկու խորթ եղբայրները՝ Ժորժը և Էմիլը։ Տարօրինակ է․ ես չեմ ճանաչել իմ հորը, բայց տարիների ընթացքում շրջապատվել եմ հայրական կողմից ազգականներով կամ խորթ եղբայրներով ու քույրերով, զարմիկներն ու զարմուհիները լուրեր են հաղորդում իրենց մասին։ Ո՞վ գիտե, գուցեև ժամանակի ընթացքում իմ շուրջը հավաքվեն ծնողներիս բոլոր սերունդները)։ Դու, Ջուլյա, ինչ-որ ժամանակ ունեիր դժվարություններ, դու բուռն երիտասարդություն ես ապրել։ Դու փնտրում էիր քո ճանապարհը՝ անցնելով պատերի միջով, հնազանդվելով միայն սրտիդ կանչին․ և դու այդ ճանապարհը գտար։ Ծանր տարիներից հետո, երբ ապստամբում էիր, այդ թվում՝ նաև իմ դեմ, քո կյանք մուտք գործեց քնքշությունը։ Եվ դու վերադարձար ինձ մոտ՝ ձեռքերդ իմ կողմը պարզած։ Դու այնպես ես հոգ տանում իմ մասին, ինչպես գրեթե ոչ ոք չէր կարողանա, դու ուզում ես ձևանալ խիստ, կյանքում ամեն ինչ տեսած կին, բայց այդ պատյանի տակ՝ ասես զրահի մեջ, թաքնված է շռայլ սերը, որը ես ամբողջությամբ զգում եմ, երբ դու գրկում ես ինձ։ Ջուլյան՝ ամենահավատարիմը, ուղղամիտը, ինքնաբավը, միշտ ասում է ինձ այն, ինչ մտածում է, երկար ժամանակ նրա փոքրիկ ոտքերը հազիվ էին հասցնում իմ ետևից, իսկ հիմա մենք քայլում ենք միասին։ Ջուլյան շրջապատում է ինձ ուշադրությամբ, պահպանում է։ Նա ինքն էլ դեռ երիտասարդ է, բայց արդեն մայր է և ընտանիքի ղեկավար։ Ջուլյա։ Դու կրում ես նրա ազգանունը՝ Սալվատորի»։
 |
Լուկինո Վիսկոնտիի և Ալեն Դելոնի հետ՝ «Ռոկկոն և իր եղբայրները» ֆիլմում նկարահանվելիս |
«Ես խաղացել եմ ավելի քան հարյուր ֆիլմերում, և դրանք բոլորը չէ, որ գլուխգործոցներ էին։ Որոշները Ֆրանսիայում նույնիսկ չեն բարձրացել մեծ էկրան, որոշների մասին էլ ես կգերադասեի մոռանալ։ Հաճախ ես նկարահանվել եմ՝ համաձայնելով ցանկացած պայմանի։ Ես ոչնչի համար չեմ զղջում։ Ես չէի կարող չաշխատել։ Աշխատանքն ինձ համար ապաստան էր, ինչպես ուրիշների համար՝ թմրանյութը։ Կամ՝ սիրային կիրքը։ Այստեղ արդեն քմահաճություն չես անի։ Հավանաբար, պետք է սովորել ասել՝ «ոչ»։ Բայց ես այդպես էլ չսովորեցի։ Ինչպես շատ շատերը, ես թույլ տվեցի սպառել ինձ և իզուր այդքան ուժ վատնեցի։ Ես դիմում էի փոխզիջումների՝ ամեն անգամ հույս ունենալով, որ կստացվի թարմ, ինքնատիպ, տաղանդավոր ֆիլմ։ Եվ հաճախ ինձ սպասում էր հիասթափություն։ Ես խաղացել եմ շուրջ քառասուն թատերական ներկայացումներում, ես երգել եմ, պարել եմ․․․ Բոլոր ռեժիսորները քանդակել ու ձևավորել են ինձ ըստ իրենց քմահաճույքի, Վիսկոնտիի ու Ֆեռերիի առաջ ես կեցվածք եմ ընդունել մերկ, ես ասես կավ էի վարպետի ձեռքերում։ Կամ՝ գործվածք, որի վրա խնամքով նկարում էին զարդեր, ինչպես Լելուշի պարագայում էր։ 1970-80-ականներին ֆիլմերը հաճախ ստեղծվում էին ի սկզբանե հենց ինձ նկատի ունենալով, հետո առաջարկները պակասեցին, ինչ-որ մեկն ասաց, որ ես անհաջողություն եմ բերում։ «Նրա կարիերան ծուռումուռ է ընթանում»,- գրեց մի ժիր լրագրող։ Իհարկե, եղել են դերեր, որոնք ես հաճույքով կխաղայի, բայց ինձ չեն առաջարկել, քանի որ այդ պահին զբաղված եմ եղել։ Իսկ երբեմն ես ցանկացել եմ խառնել խաղաքարտերը, ապշեցնել, հետաքրքրել հանդիսատեսին․․․ Ես արդարանալու կարիք չունեի։ Եվ ափսոսանքի առիթ էլ չկա։ Հաջողությունը երբեք չի պտտեցրել իմ գլուխը, պարտություններն ինձ երբեք չեն խոնարհեցրել գետնին։ Հիչքոկ կատուն ինձ շատ բան է սովորեցրել, ամենակարևորը՝ թաթերի վրա վայրէջք կատարելու ունակություն»։
 |
Միշել Օդիարի հետ |
«Դերերի այդ գեղադիտակում ինձ համար ամենահոգեհարազատը կանացի երկու կերպարներ էին, իմ երկու դեմքերը՝ կինեմատոգրաֆիական և թատերական․ «Մեռնել սիրուց» ֆիլմի հերոսուհին և մադամ Մարգերիտը։ Երկու կին, ում հետ ինձ նույնացնում եմ ամբողջությամբ, ում մարմնավորելով՝ դարձրել եմ իրականության մի մասը։ Երկուսն էլ հայտնվել են այն պահերին, երբ իմ կարիերան տեղապտույտ էր տալիս։ Այդ դերերն ինձ օգնության ձեռք մեկնեցին, ցույց տվեցին ճանապարհը և ինձ հետ դարձան մեկ ամբողջություն։ Սա նվազագույնն է, որ կարող եմ անել՝ վարձահատույց լինելու համար։ Երկու ուսուցիչ։ Այդ մասնագիտությունն իմ սրտով կլիներ։ Կար ժամանակ, երբ կինոն երես էր թեքել ինձնից։ Ես այդ մասին ասացի բարձրաձայն, և ինձ լսեցին։ Ես տառապում էի չպահանջվածությունից, բայց ինձ երբեք մոռացված չէի զգում։ Որովհետև հանդիսատեսի հետ իմ հին սիրավեպում չէին պատահում ո՛չ վեճեր, ո՛չ դավաճանություններ։ Հանդիսատեսն ինձ հետ էր, ինձ երբեք չէր թողնում առանց օժանդակության։ Ես նրանց ընտանիքի մի մասն էի։ Յուրաքանչյուր ֆրանսիացի ինձ կրում է իր սրտում։ Ծանր տարիներին, դուրս գալով փողոց, ես շուրջս լսում էի․ «Ինչպե՞ս եք, տիկին Ժիրարդո։ Ե՞րբ Ձեզ կտեսնենք էկրանին»։ Ես ուզում էի հնարավորինս արագ ապացուցել նրանց և ինքս ինձ, որ վերածնվում եմ, որ ուզում եմ և կարող եմ աշխատել։ Եվ ես նկարահանվում էի հեռուստատեսությունում․․․ Կինոն հիմա առաջվանը չէ։ Գաբենը, Վենտուրան, Բլիեն, Օդիարը հեռացել են դեպի այլ ափեր։ Անկասկած, նրանք իրենց այնտեղ ավելի լավ են զգում, քան այստեղ, ուր ամեն ինչ դարձել է այսքան սառը, դաժան, այսքան անգութ․․․»։

«Ես միշտ և ամեն ինչ շռայլորեն կիսել եմ ուրիշների հետ։ Ինձ հազվադեպ են փոխհատուցել բարությամբ, հաճախ կողոպտել են։ Տնից հետզհետե չքանում էին իրերը։ Կտավները, բազկաթոռները, գորգերը․ ինչո՞ւ ոչ, կարող են և պետք գալ։ Մի անգամ նույնիսկ հաջողեցրին տանել լոգարանը։ Ես երբեք ուրիշինը չեմ վերցրել և անընդհատ զրկվել եմ իմ սեփականից։ Եվ լուռ կուլ եմ տվել վիրավորանքի ու զայրույթի արցունքներս։ Հետո ես հասկացա, որ կիսելն իմ ճակատագիրն է, կիսել հաճույքը, զգացմունքների ավելցուկը։ Միշտ և բոլորի հետ, փոխարենը ոչինչ չակնկալելով։ Ամեն ինչի համար ինձ վատնել եմ՝ մարդկանց, բառերի, դերերի։ «Այն ամենը, ինչը համարել եմ կորսված, կրկին վերադարձել է ինձ մոտ»,- երգում է Ժան Ֆերեն․․․ Ես երջանիկ եմ, ես խաղաղ եմ ինքս ինձ հետ։ Իմ ներսում զգում եմ 50-ամյա կնոջ էներգիան։ Ինձ հաճախ հանդիմանել են, թե հեշտությամբ եմ տրվում պատրանքներին։ Այդպես չէ։ Ես ունեցել եմ երազանքներ, որոնք փորձել եմ կյանքի կոչել։ Եվ ցանկացել եմ, որ մյուսներն էլ օգուտ քաղեն դրանից։ Իմ անձնական կյանքը, ինձ պատահող տղամարդկանց բնավորությամբ պայմանավորված, եղել է հիասքանչ և սարսափելի, բայց հավասարապես բուռն սիրային պատմությունների հաջորդականություն։ Չափից դուրս պարզ, հարմար տարբերակներն ինձ չէին գոհացնում։ Կիրքն ինձ վրա այրվածք է թողել։ Բայց ես ոչնչի համար չեմ զղջում, ինչպես և փոքրիկ Պիաֆը։ Ոչ վիրավորանքներ, ոչ խղճի խայթեր։ Շատերն են փորձել ինձնից հաշիվ պահանջել։ Նրանք հրամայում էին ինձ, կշտամբում էին, դատապարտում էին։ Ի՞նչ իրավունքով։ Իսկ հիմա ես հանգիստ եմ ապրում, այլևս ոչ ոք չի կողոպտի ինձ, չի ծածկի ապտակներով։ Ես այլևս ստիպված չեմ լինի ապրել տղամարդու հետ, ինչ-որ մեկի հետ անկողին մտնել։ Ես այլևս սիրով չեմ զբաղվի։ Չեմ ուզում։ Նույնիսկ մարդկանց չեմ ուզում տեսնել։ Ես դարձել եմ անմարմին․․․ Ուզում եմ վայելել ամեն մի րոպեն, ամեն մի ակնթարթը։ Ուսումնասիրել տղամարդկանց հայացքները, նրանց աչքերում որսալ այն կրակը, որն ինքս եմ վառել երիտասարդության տարիներին։ Դեմքս այնպիսին է, ինչպիսին կա։ Ես այն չեմ շտկում, բայց մնացել է իմ ժպիտը՝ նրանց համար, ում սիրում եմ։ Եվ քանի դեռ ցանկությունն ապրում է իմ մեջ, հայացքը չի հանգչի»։
 |
Լինո Վենտուրայի հետ |
«Հիմա ինձ համար նշանակություն ունեն միայն այս օրը, այս րոպեն։ Ո՛չ վաղը, ո՛չ հաջորդ օրը արդեն գոյություն չունեն ինձ համար։ «Վաղը» անհուսալի հասկացություն է։ Ներկա րոպեն միակն է, որ դեռևս պատկանում է ինձ։ Ես ուզում եմ, որ իմ կյանքի մնացորդը բաղկացած լինի ներկա րոպեներից։ Ես միայնակ եմ, ես ազատ եմ, դեռևս կարող եմ խաղալ թատրոնում, կարող եմ կրկին նկարահանվել կինոյում, չէ՞ որ ես ստեղծված եմ դրա համար։ Ես դեռևս ընդունակ եմ դրան։ Դեռևս պահպանվում են իմ հավատը, համոզմունքը։ Բեմում և էկրանին ես հաճախ հանդես եմ եկել ի պաշտպանություն վեհ գաղափարների։ Բայց ես չեմ ուզում առաջարկել ինքս ինձ, չեմ ուզում, որ ինձ խնդրեն, ինչպես աղջկան են խնդրում ընդունել ամուսնության առաջարկությունը»։
 |
Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ |
«Կտեսնես, մենք մի օր կվերադառնանք հարազատ վայրեր․․․»։ Որքան հրաշալի էին հնչում այս խոսքերը, Լուկինո, երբ դրանք արտասանում էր եղբայրներից կրտսերը։ Բոլորը հասկանում են, որ հարազատ վայրեր նրանք երբեք չեն վերադառնա։ Եվ ո՞վ կարող էր դա իմանալ քեզնից ավելի լավ։ Բայց որքան լավ է, որ ֆիլմի ավարտին դու թույլ տվեցիր հնչեցնել այդ ֆրազը, չէ՞ որ և՛ կինոյում, և՛ կյանքում ամենակարևորը հույսն է։ Բոլոր երազանքները չէ, որ կատարվում են, դա անհնարին է, ինչպես և անհնարին է վերադառնալ քո մանկության վայրերը․ դա է կյանքի օրենքը։ Բայց յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր հանդիսատես կարող է լսել այս խոսքերը, արտասվել և մտորել դրանց մասին․ դու նրանց հիանալի նվեր մատուցեցիր, Լուկինո։ Սա լավագույն ֆինալն է, որ միայն կարող է ունենալ ֆիլմը։ Ես սիրում եմ կյանքը, թեկուզև այն միշտ չէ, որ ինձ նույն կերպ է վարձահատույց եղել։ «Մնացեք այնպիսին, ինչպիսին կաք»,- հաճախ ասում են ինձ։ Մի՛ անհանգստացեք, թանկագիննե՛րս, իմ տարիքում մարդն այլևս չի փոխվում։ Ես չեմ զգում ո՛չ դառնություն, ո՛չ դաժանություն, ո՛չ կարոտ, թեպետ անցյալը դեռևս ողջ է, իմ մեջ արձագանքում է ցավով, ուրախությամբ, վիրավորանքով։ Միայն ցասումը կարող է ընդամենը մի ակնթարթ բոցավառել ինձ։ Ես չեմ կարող չպաշտպանել այն, ինչն անհնար է պաշտպանել, չեմ կարող չդառնալ անհույս գործերի դատապաշտպան․․․»։

«Միշել Օդիարը՝ կյանքից այդքան վաղ հեռացած, Լուի դը Ֆյունեսը, Սիմոնա Սինյորեն, Ժան Գաբենը, Լինո Վենտուրան, Մարսել Կառնեն, Վիսկոնտին, Ռոմի Շնայդերը, Իվ Մոնտանը, Ժան Կարմեն։ Նրանք անհետացան, և դա անվերջանալիորեն տրտմեցնում է ինձ։ Նրանց մահը կրճատում է իմ կյանքը։ «Բայց ես դեռևս չեմ մահացել»,- արցունքների միջից ասում եմ ինքս ինձ։ Հիմա ես բայերը չեմ օգտագործում անցյալ ժամանակով։ Միայն ներկա։ Երեկվա օրն ավարտվել է, կգա՞, արդյոք, վաղվա օրը, առայժմ հայտնի չէ, կտեսնենք։ Ես ազատ եմ և պատրաստ եմ ամեն ինչին․ կամ՝ ոչնչին։ Ես անվրդով նայում եմ առաջ․ այնտեղ երևում է ինչ-որ մի լույս։ Երևում է՝ ես հանգստացել եմ, հավաքել եմ իրերս և սպասում եմ ճանապարհ ընկնելու ազդանշանին։ Հնչում է թրխկոցը, ծածանվում է վարագույրը։ Իմ թոռնիկ Լոլան նույնպես թափառական կոմեդիանտների թատերախմբում է, նա ինձնից ընդունում է էստաֆետը։ Ամեն ինչ կարգին է, կամ՝ գրեթե ամեն ինչ։ Vedrai, un giorno torneremo al paese․ «Կտեսնես, մենք մի օր կվերադառնանք հարազատ վայրեր․․․»։