Հոկտեմբերի 2-5-ը շարունակվելու են «Ծիրանի ծառ» փառատոնի շրջանակներում ցուցադրվող վավերագրական ֆիլմերի պրեմիերաները։ Առավել ուշագրավ ֆիլմերը՝ համառոտ անդրադարձում։
«Երեխաների մաշկի վրա»
Իտալիա, 2017(2 հոկտեմբերի, ժ․ 16:30, «Մոսկվա» կինոթատրոն)
ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ադրիանո Զեքա
Հարավային ինը երկրում նկարահանված այս վավերագրությունն ի ցույց է հանում այն երեխաների կյանքը, ովքեր ստիպված են վաղ հասակից աշխատել վտանգավոր վայրերում՝ ենթարկվելով մանկական աշխատուժի ամենակոպիտ շահագործման: Ֆիլմը հանդիսատեսին ծանոթացնում է Հնդկաստանի և Բենինի գործարանների փոքրիկ աշխատողների, բոլիվիական և էկվադորյան ոսկու հանքերի հանքափորների, Պերուում քար մանրացնողների, Բրազիլիայի փողոցային երեխաների, Գվատեմալայի աղբատարների, Կամբոջայում աղ հավաքողների և Մանիլայում մարմնավաճառությամբ զբաղվողների հետ: Սրանք այն աղքատ տղաների և աղջիկների պատմություններն են, ովքեր չգիտեն, թե ինչ է մանկությունը՝ վարելով մի կյանք, որտեղ զրկված են ամեն ինչից, երբեմն նաև՝ գոյության իրավունքից։
«Տների և տիեզերքի շուրջ»
Նիդեռլանդներ, 2016(3 հոկտեմբերի, ժ․ 17:00, «Մոսկվա» կինոթատրոն)
ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Կոշտանա Բանովիչ
Այս ֆիլմը զգայական խորհրդածություն է մարդկանց, նրանց ապրելավայրերի և հավատքների մասին: Ֆիլմը լի է տեսարաններով, որտեղ մարդիկ որևէ ծիսական գործողություն են անում՝ ինչ-որ բան այրում են, թղթի վրա գրում են, խաղաքարտերով գուշակում են, զառ են նետում, զննում են սուրճի դատարկ բաժակը… Ֆիլմը հանդիսատեսին զանազան վայրեր է տանում, սակայն չի պարզաբանում՝ որտեղ: Եվ այդպիսով, կտրականապես հրաժարվելով բացահայտել ծեսերի որոշակիությունները՝ ֆիլմն ավելի խոր մտորումների հնարավորություն է տալիս: Բանովիչը ֆիլմ է ստեղծել այն նյութերի հիման վրա, որոնք կուտակել է Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում իր բազմաթիվ ուղևորությունների ժամանակ: Պատկերներն իրենք են խոսում հեղինակի փոխարեն։ Ֆիլմում լսվող ձայները մշակույթի, իշխանության, քաղաքականության և պատմության նրբորեն միահյուսված թելեր են: Այս ֆիլմը հանդիսատեսին «հրահրում է» բազմաշերտ մտորումների՝ մարդու լինելության, ժամանակի վատնման և կյանքի ինքնավարության վերականգնման վերաբերյալ:
«Խուանսիտո Փավան»
Արգենտինա, 2015(4 հոկտեմբերի, ժ․ 17:30, «Մոսկվա» կինոթատրոն)
ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Տատյանա Ֆոնտ
«Բաբախյուն»
Հունգարիա, 2015
(5 հոկտեմբերի, 18:30, «Մոսկվա» կինոթատրոն)
ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ռոբին Պետրե
Եվրոպայի ամենախոշոր եղջերուների ագարակներից մեկը թաքնված է Հարավային Հունգարիայի սարերում և ներառում է շուրջ 1500 կենդանի: Այս եղջերուները դեռևս վայրի են․ նրանց որսացել և ագարակ են բերել ընդամենը 25 տարի առաջ։ Սա մի ֆիզիկական կոնֆլիկտի պատմություն է մարդու և կենդանու միջև: «Բաբախյունը» բանաստեղծական վավերագրություն է, որը «քայլում է» իրապաշտական ու երազային, զգայական ոճերի եզրագծով: Ագարակի միջոցով ֆիլմը բացահայտում է մարդ-կենդանի հարաբերությունների, կենդանիների հանդեպ մեր վերաբերմունքի ամբողջատիրական բնույթը: Այստեղ մերօրյա կադրերը միահյուսվում են 1980-ականներին Հունգարիայում նմանօրինակ ագարակների սկզբնավորման շրջանի լուսանկարների հետ: Պատումը ծավալվում է ագարակում բաբախող զանազան զարկերակների ռիթմին համահունչ՝ խրտնած եղջերուներից մինչև ագարակատերեր, ովքեր մեկուսացրել են նրանց՝ ագարակի եղջերուներին բաժանելով վայրիներից: