«Մերիլինն իրականում այնպիսին չէ, ինչպիսին մենք սովոր ենք նրան պատկերացնել: Նա խելացի է, շփվող և անպաշտպան»։ Ժորժ Բելմոնտ
Մերիլին․- Ավելի լավ է՝ ես հարցերին պատասխանեմ: Չեմ կարող հենց այնպես ինչ-որ բան պատմել, դա ահավոր է: Ինչի՞ց սկսել: Այնքան տարբերակներ կան...
Marie Claire․- Այսպես թե այնպես՝ սկիզբ եղել է․ դա Ձեր մանկությունն է:
Մերիլին․- Այդ մասին ոչ ոք ոչինչ չգիտի, միայն կռահում են: Երկար ժամանակ իմ կյանքն ու իմ անցյալը մնում էին խոր մշուշի մեջ: Ես երբեք չեմ խոսել այդ մասին, քանի որ դա իմ անձնական գործն է: Այնուհետև ռեժիսոր Լեսթեր Քոուենը ցանկացավ նկարահանել ինձ «Երջանիկ սեր» ֆիլմում: Նա ինձ փոքր դեր առաջարկեց և պետք է ինձ հետ պայմանագիր ստորագրեր: Այդ ժամանակ ես դեռ շատ երիտասարդ էի, դրա համար նա ասաց, թե կուզենար զրուցել իմ հոր կամ մոր հետ: Ես ասացի, որ դա հնարավոր չէ։ «Ինչո՞ւ»,- պնդում էր նա: «Ես երբեք չեմ ապրել ծնողներիս հետ»,- բացատրեցի նրան իրավիճակը: Դա մաքուր ճշմարտություն էր, և ես երբեք չեմ հասկացել, թե ինչու է հարկավոր այդ փաստը սենսացիայի վերածել: Այդ ժամանակվանից ի վեր իմ մասին այնքան շատ անհեթեթություններ են գրել, որ, Աստված իմ, ինչո՞ւ հիմա չպատմել ճշմարտությունը:
MC.- Որո՞նք են Ձեր առաջին հիշողությունները այն ժամանակներից, երբ երեխա էիք:
Մերիլին (երկար լռելուց հետո).- Իմ առաջին հիշողություննե՞րը: Դե, որքան հիշում եմ՝ ես սայլակում եմ, երկար սպիտակ զգեստով, այն տան դիմացի մայթին, որտեղ ես ապրում էի ընտանիքիս հետ, որն իմ հարազատ ընտանիքը չէր: Այն, որ ես իմ մոր հարազատ երեխան եմ, փաստ է: Բայց այն, ինչ ասում են իմ հոր կամ իմ հայրերի մասին, անհեթեթություն է: Մորս առաջին ամուսնու ազգանունը Բեյքեր էր: Երկրորդինը՝ Մորտենսեն: Բայց երբ ես ծնվեցի, նա երկուսից էլ վաղուց բաժանվել էր: Ասում են, որ հայրս նորվեգացի էր, ինչի մասին վկայում է Մորտենսեն ազգանունը, և որ նա զոհվել է ավտովթարի հետևանքով՝ իմ ծնվելուց հետո: Ինչ վերաբերում է իսկական հորս անձին, ես երկու փաստ գիտեմ: Ծննդյանս վկայականում «հոր մասնագիտությունը» տողի առջև գրված է՝ «Բեյքեր»: Դա մորս առաջին ամուսնու ազգանունն է, բայց դա նաև նրա մասնագիտության անվանումն է՝ հացթուխ: Երբ ես ծնվեցի ամուսնությունից դուրս, մայրս պետք է ինձ ազգանուն տար: Հավանաբար, արագ որոշում կայացնելով, նա ասել է՝ «Բեյքեր»: Կամ էլ՝ դա տեղի է ունեցել գործավարի սխալի պատճառով: Ինչևէ, իմ անունն է Նորմա Ջին Բեյքեր: Այս անունը գրված է իմ բոլոր դպրոցական տետրակներում: Մնացածը հիմար հեքիաթներ են:
MC․- Ստացվում է՝ մայրը Ձեզ միայնակ էր դաստիարակում...
Մերիլին․- Ես երբեք չեմ ապրել մորս հետ: Ասում են, թե այդպես չէ, բայց դա ճշմարտություն է: Ես միշտ ուրիշ մարդկանց խնամքի տակ եմ եղել: Մայրս հոգեկան խնդիրներ ուներ: Նա մոնտաժող էր կինոստուդիայում: Հիմա նա ողջ չէ: Նրա ծնողները մահացել են հոգեբուժարանում: Մորս նույնպես հարկ եղավ տեղափոխել հոգեբուժարան: Երբեմն նրան ազատ էին արձակում, բայց հետո տեղի էր ունենում ռեցիդիվ: Այդպիսով, իմ պարագայում այսպես էր. երբ շատ փոքր էի, սենյակ մտնող առաջին իսկ կնոջը «մամա» էի կոչում և մտնող առաջին իսկ տղամարդուն՝ «պապա»: Բայց մի անգամ առավոտյան, այդ ժամանակ երևի երեք տարեկան էի, ինձ լողացնում էին, և ես «մայրիկ» անվանեցի այն կնոջը, ով զբաղվում էր ինձնով: Նա պատասխանեց․ «Ես քո մայրիկը չեմ, ինձ մորաքույր անվանիր»: «Բայց նա իմ հայրի՞կն է»,- հարցրեցի ես՝ ցույց տալով նրա ամուսնուն: «Ոչ,- պատասխանեց կինը,- մենք քո ծնողները չենք: Այն կարմրահեր կինը, ով երբեմն այցելում է քեզ, նա է քո մայրը»: Այն ժամանակ դա ինձ համար շոկ էր: Բայց քանի որ մայրս շատ հազվադեպ էր գալիս, նա ինձ համար հավերժ մնաց որպես «կարմրահեր կին»: Այնուամենայնիվ, ես գիտեի նրա գոյության մասին: Ճիշտ է՝ երբ ինձ որբերի համար նախատեսված մանկատուն տեղափոխեցին, դա հերթական շոկն էր: Ես արդեն կարողանում էի կարդալ: Սև ֆոնին ոսկե տառերով գրված «Մանկատուն» բառը կարդալուց հետո հիստերիկ վիճակում հայտնվեցի, և ինձ ստիպված եղան ուժով ներս քաշել: Ես բղավում էի․ «Ես որբ չե՜մ, ես մա՜յր ունեմ»: Ավելի ուշ մարդիկ ասում էին ինձ․ «Ավելի լավ է մոռանաս մորդ մասին»: «Բայց որտե՞ղ է նա»,- հետաքրքրվում էի ես: «Մի՛ մտածիր այդ մասին, նա մեռել է»: Որոշ ժամանակ անց ես լուր եմ ստանում նրա մասին: Եվ այդպես՝ մի քանի տարի շարունակ: Ստացվում է՝ ես հորինել էի նրա մահը, որովհետև չէի ուզում խոստովանել, թե որտեղ է նա գտնվում: Ապո՛ւշ: Ինչևէ, ես տասնմեկ խնամատար ընտանիքներում եմ ապրել: Առաջին ընտանիքը շատ կրոնապաշտ էր: Մենք ապրում էինք մի փոքրիկ քաղաքում, Լոս Անջելեսի արվարձանում (ես ծնվել եմ Լոս Անջելեսում): Ինձ հետ միասին կար ևս մեկ որդեգրված տղա:
Ես նրանց հետ ապրեցի մինչև գրեթե յոթ տարեկան դառնալս: Նրանք սարսափելի խիստ էին, բայց՝ առանց չարության: Դաստիարակում էին ինձ իրենց սեփական հայացքներին համապատասխան, կոշտ կաղապարների մեջ, իսկ իմ սխալներն ուղղում էին կաշվե գոտու օգնությամբ: Ի վերջո, դա բացահայտվեց, և ինձ հանձնեցին մի հոլիվուդաբնակ անգլիացի զույգի խնամակալությանը: Նրանք դերասաններ էին, ավելի ճիշտ՝ ստատիստներ, և նրանց մոտ իմ կյանքը զգալիորեն տարբերվում էր նախկինից: Նոր ծնողներս շատ էին աշխատում, երբ աշխատանք ունեին, իսկ մնացած ժամանակ հաճույք էին ստանում կյանքից՝ երգում էին, պարում, խմում, թղթախաղ խաղում, և նրանք շատ ընկերներ ունեին: Իմ կրոնական դաստիարակությամբ ես նրանց արդեն դժոխքում էի տեսնում՝ բոլոր մեղքերի համար: Ես ժամեր շարունակ աղոթում էի հանուն նրանց հոգիների փրկության: Այդ անգլիացիներն ինձ իրենց տանն էին պահում, որովհետև գումար էին ստանում մորս սեփականության վաճառքից: Նրանք ինձ ծանոթացրին կինոյի հետ: Դեռ ութ տարեկան չէի դարձել: Ունեի իմ սիրելի աստղերը: Ջին Հարլոուն: Մազերս պլատինե էին, դրա համար էլ ինձ անվանում էին «Խծուծ գլուխ»: Ես ատում էի իմ մազերն ու երազում էի ոսկեգույն վարսերի մասին, մինչև որ չտեսա նրան՝ այդքան գեղեցիկ և պլատինե մազերով, ինձ նման: Հետո՝ Կլարկ Գեյբլը: Հուսով եմ՝ նա չի զայրանա, եթե ասեմ, որ նրան իմ հոր դերում էի պատկերացնում: Ըստ Ֆրեյդի՝ դա վատ չէ, ընդհակառա՛կը: Հետաքրքիր է, բայց ես երբեք չեմ երազել, որ ինչ-որ մեկը լինի իմ մայրը: Ինչի՞ մասին էինք մենք խոսում:
MC.- Անգլիացի զույգի մասին: Երբ գումարը սպառվեց...
Մերիլին.- Այո, նրանք ինձ մանկատուն վերադարձրին: Ախ, սպասե՛ք: Ոչ, ես բնակության մեկնեցի այն մարդկանց մոտ՝ Հոլիվուդ, նրանք Նոր Օռլեանից էին: Սակայն ես այնտեղ երկար չմնացի: Երեք-չորս ամիս: Այնուհետև հայտնվեցի մանկատանը: Այնտեղ ես սկսեցի կակազել: Ինձ հետ դա մինչև հիմա էլ պատահում է, երբ հոգնում եմ կամ նյարդայնանում: Մանկատանը ես սկսեցի այցելել միջնակարգ դպրոց: Մեզ մատով էին ցույց տալիս և ասում էին․ «Օ՛, տեսե՜ք, որբե՛րը, որբե՛րը»: Մենք ամաչում էինք: Ես շատ բարձրահասակ աղջիկ էի: Ինձ տասնչորս տարեկան էին համարում, չնայած իրականում ինը տարեկան էի: Այն ժամանակ ես արդեն նույն հասակն ունեի, ինչ հիմա՝ 163 սմ: Մանկատանը ես մնացի մինչև տասնմեկ տարեկան դառնալս: Դրանից հետո ապրել եմ էլի շատ ընտանիքներում: Գուցե նրանց ինձ համար վճարո՞ւմ էին: Ոմանք ընդունում էին ինձ ուսումնական քառորդի ավարտին և պահում էին արձակուրդի ընթացքում: Վերջում ինձ խնամքի տակ վերցրեց Քալիֆոռնիա նահանգը: Այդպես ես հայտնվեցի «մորաքույր» Աննայի տանը: Նա տարեց կին էր, 60-65 տարեկան: Նա ինձ շատ էր սիրում, և ես դա զգում էի: Այս երջանիկ ժամանակահատվածի ավարտին ինձ ամուսնացրին: Այդ ամուսնության մասին ես առանձնապես ոչինչ չունեմ ասելու: Մորաքույրը պետք է մեկներ Վիրջինիա: Լոս Անջելեսում նա ինձ համար 20 դոլար ստացավ: Եթե ես մեկնեի նրանց հետ, նրան կդադարեին վճարել, իսկ սեփական միջոցներով նա ինձ չէր կարողանա պահել: Պետք էր ինձ տեղավորելու տարբերակ գտնել: Քալիֆոռնիայում աղջիկները կարող են ամուսնանալ տասնվեց տարեկան հասակում: Այդպիսով, ինձ ընտրության առաջ կանգնեցրին՝ կա՛մ պետական մանկատուն վերադառնալ մինչև տասնութ տարեկան, կա՛մ ամուսնանալ: Ես համարյա տասնվեց տարեկան էի և ընտրեցի ամուսնությունը: Նրա ազգանունը Դոգերթի էր, նա քսանմեկ տարեկան էր և աշխատում էր գործարանում: Որոշ ժամանակ անց սկսվեց պատերազմը և նրան զորակոչեցին գործող բանակ: Պատերազմի ավարտից քիչ առաջ ես մեկնեցի Լաս Վեգաս և ամուսնալուծվեցի: Ես քսան տարեկան էի: Հիմա նա ոստիկանության գործակալ է, բայց մենք իրար հետ շփում չունենք:
MC․- Դուք չե՞ք վախենում Ձեր մասին պատմել ողջ ճշմարտությունը:
Մերիլին․- Մտերիմ մարդիկ գիտեն, թե ինձ համար որքան դժվար է սուտ խոսելը: Երբեմն ես կարող եմ լռել, որպեսզի պաշտպանեմ ինձ կամ մյուսներին, բայց ես չեմ կարող սուտ խոսել: Մարդիկ զվարճալի էակներ են, նրանք ուղղում են Ձեզ այդ բոլոր հարցերը, իսկ եթե Դուք անկեղծ եք պատասխանում, նրանք ցնցվում են: Ինձ հարցնում են․ «Ի՞նչ եք Դուք հագնում, երբ անկողին եք մտնում՝ ննջազգե՞ստ, գիշերային տաբա՞տ, գիշերային շապի՞կ»: Ես պատասխանում եմ՝ «Chanel № 5 օծանելիքի մեկ կաթիլ», և նրանք մտածում են, թե ես սրամտեցի։ Մինչդեռ ես պարզապես ուզում էի պատշաճ ձևով պատասխանել անպատշաճ հարցին: Բացի այդ՝ դա ճշմարտություն է, բայց դրան ոչ ոք չի հավատում: Հասավ այն պահը, երբ ես հանրաճանաչ դարձա, և մարդիկ չէին կարողանում հասկանալ, թե ինչու ինձ չեն տեսել ոչ պրեմիերաների, ոչ էլ շնորհանդեսների ժամանակ: Իսկ ես սովորում էի: Ես ցանկանում էի ավարտել կրթությունս և ընդունվել էի Լոս Անջելեսի համալսարանի երեկոյան բաժին: Ցերեկը գումար էի վաստակում ապրելու համար՝ ֆիլմերում փոքրիկ դերեր խաղալով, իսկ երեկոյան հաճախում էի Ամերիկայի գրականության և պատմության դասընթացներին: Ես շատ էի կարդում: Մի ամբողջ աշխարհ էր բացվել ինձ համար: Դժվար էր ճիշտ ժամանակին դասի հասնելը: Հարկավոր էր անընդհատ շտապել: Նկարահանման հրապարակից ես հեռանում էի ժամը 18:30-ին, իսկ ժամը 9-ին հրապարակում կազմ ու պատրաստ լինելու համար հարկավոր էր շուտ արթնանալ: Մեր դասախոսը՝ մադամ Սիեյը, չգիտեր, որ ես դերասանուհի եմ, բայց նրան տարօրինակ էր թվում այն, որ մյուս դասարանների երիտասարդները մեզ այցելում էին հենց դասի ժամանակ, որպեսզի նայեն ինձ ու փսփսան: Մի անգամ նա այդ մասին հարցրեց իմ համադասարանցիներին, և նրան ասացին, որ ես նկարահանվում եմ կինոյում: Նա շատ զարմացավ․ «Իսկ ես մտածում էի, թե այդ աղջիկը հենց նոր է դուրս եկել մենաստանից»: Դա լավագույն հաճոյախոսությունն էր: Բայց մարդիկ նախընտրում էին ի դեմս ինձ տեսնել հիմար, կամակոր և սեքսուալ աստղիկի: Իմ հեղինակությունը միշտ էլ փոքր-ինչ ուշանում էր:
MC․- Դուք չե՞ք սիրում շտապել:
Մերիլին․- Կատարելությունը ժամանակ է պահանջում: Ես կցանկանայի մեծ դերասանուհի դառնալ՝ բառիս բուն իմաստով, և երջանիկ լինել այնքան, որքան հնարավոր է: Բայց ի՞նչ է երջանկությունը: Իսկ մեծություն դառնալու համար շատ ջանք և շատ ժամանակ է հարկավոր: Սերն ու աշխատանքը միակ ճշմարիտ արժեքներն են մեր կյանքում: Դրանք պետք է համաքայլ ընթանան, այլապես կյանքը կսկսի կաղալ: Մյուս կողմից՝ աշխատանքը ևս սիրո ձև է: Եվ եթե ես երազում էի սիրո մասին, ապա ուզում էի, որ այն լինի նույնքան կատարյալ, որքան հնարավոր է: Երբ ես 1954թ-ին ամուսնացա Ջո ԴիՄաջիոյի հետ, նա արդեն բեյսբոլ չէր խաղում, բայց հիանալի մարզիկ էր և բացառիկ զգայունության տեր մարդ: Լինելով իտալացի գաղթականների որդի՝ պատանեկության տարիներին նա շատ դժվարություններ էր հաղթահարել։ Այդ պատճառով էլ մենք լավ էինք հասկանում միմյանց: Դա մեզ միավորում էր: Բայց դա էլ կատարյալ չէր։ Եվ դրա համար էլ, ցավոք, տասն ամսվա համատեղ կյանքից հետո մեր ամուսնությունը փլուզվեց:
MC․- Ինչպե՞ս եք ծանոթացել Արթուր Միլլերի հետ:
Մերիլին․- Առաջին անգամ մենք հանդիպեցինք տաղավարում, որտեղ ես նկարահանվում էի: Ես արտասվում էի, որովհետև իմացել էի ընկերուհուս մահվան մասին, իսկ նա այդ պահին իմ կողքով անցնում էր ռեժիսոր Էլիա Կազանի հետ: Մեզ ծանոթացրեցին։ Ես ամեն ինչ տեսում էի ինչպես մշուշում։ 1951 թվականն էր: Դրանից հետո մենք չենք հանդիպել չորս տարի: Երբեմն նամակներ էինք գրում միմյանց, և նա ինձ ուղարկում էր այն գրքերի ցանկը, որ հարկավոր էր ընթերցել: Հետո մենք դարձյալ հանդիպեցինք ստուդիայում: Այդ երեկո ես պետք է երկու դեր փորձեի և նկարահանման հրապարակում շատ էի ջանք թափում: Երբեք չեմ մոռանա, թե նա ինչ ասաց այդ օրը: Նրա կարծիքով՝ ես պետք է թատրոնում խաղայի, իսկ այն մարդիկ, ովքեր լսեցին դա, ծիծաղեցին: Բայց նա կրկնեց․ «Ոչ, ոչ, լուրջ եմ ասում»: Եվ նրա ձայնում ես խոր մարդկայնություն զգացի: Նա ինձ վերաբերվում էր ինչպես իրեն հավասարի: Եվ դա ինձ համար ամենակարևորն է: Այն ժամանակից, ինչ մենք ամուսնացել ենք 1955թ-ին, եթե ես չունեմ նկարահանումներ, մենք հանգիստ, երջանիկ կյանք ենք վարում Նյու Յորքում կամ մեր տանը՝ Քոնեքթիքութում: Ամուսինս սիրում է աշխատել վաղ առավոտյան: Սովորաբար նա վեցին է արթնանում: Կարող է նորից պառկել ճաշից հետո: Մեր բնակարանն այնքան էլ մեծ չէ, և ես հրահանգել եմ, որ նրա աշխատասենյակը ձայնամեկուսիչ վահանակներով պատեն: Երբ նա աշխատում է, նրան լիակատար մենություն է հարկավոր: Իսկ ես արթնանում եմ իննից երեսուն պակաս: Մենք հիանալի խոհարար ունենք: Երբեմն, մինչ նա նախաճաշ է պատրաստում, ես զբոսնելու եմ գնում իմ շան՝ Հյուգոյի հետ: Իսկ երբ խոհարարն արձակուրդում է, ես շուտ եմ արթնանում, որպեսզի նախաճաշ պատրաստեմ ամուսնուս համար: Ես կարծում եմ, որ տղամարդը չպետք է զբաղվի կերակուր պատրաստելով: Էթիկետի հարցերում ես շատ հնաոճ եմ: Ես նաև կարծում եմ, որ տղամարդը ոչ մի պարագայում չպետք է իր ձեռքով տանի այն, ինչը պատկանում է կնոջը՝ պայուսակ, բարձրակրունկ կոշիկներ և այլն: Ճիշտ է՝ պատահել է այնպես, որ ես պենյուար եմ թաքցրել ամուսնուս գրպանում, բայց՝ միայն այդքանը:
Նախաճաշից հետո ես լոգանք եմ ընդունում: Դա բացարձակ անհրաժեշտություն է: Հաճախ կարիք է լինում արթնանալ առավոտյան ժամը վեցին կամ նույնիսկ հինգին: Այդ ժամանակ կոնտրաստային ցնցուղն օգնում է ինձ արթնանալ: Իսկ Նյու Յորքում ես սիրում եմ պառկել լոգարանում և, երաժշտություն ունկնդրելով, ամսագրեր թերթել: Հետո ես հագնում եմ կիսաշրջազգեստ և վերնաշապիկ, հարթ կոշիկներ և պոլո-բաճկոն: Երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը տասնմեկին, ես սովորաբար գնում եմ դերասանական ստուդիա՝ Լի Սթրասբերգի մասնավոր դասերին: Վերադառնում եմ ճաշին, սովորաբար ամուսնուս հետ ճաշում և ընթրում ենք միասին: Ուտելու ընթացքում մենք ձայնասկավառակներ ենք լսում: Ամուսինս, ինչպես և ես, սիրում է դասական երաժշտություն: Կամ էլ՝ լավ ջազ, թեպետ ջազ մենք սովորաբար միացնում ենք այն ժամանակ, երբ մեզ այցելում են ընկերները, ովքեր պարել են սիրում: Հաճախ Արթուրն աշխատում է ճաշից հետո: Այդ ժամերին ես միշտ զբաղմունք ունեմ: Առաջին ամուսնությունից Արթուրը երկու երեխա ունի, ես փորձում եմ լավ խորթ մայր լինել նրանց համար: Տանը նույնպես միշտ շատ գործ կա: Ես սիրում եմ պատրաստել, բայց ոչ քաղաքում, որտեղ աղմուկը շատ է, այլ քաղաքից դուրս, ազատ օրերին: Հատկապես համեղ են ստացվում հացը և լապշան. գլորել, չորացնել, եփել և սոուսով համեմել: Սրանք իմ ֆիրմային ուտեստներն են: Բայց սիրում եմ նաև նորը հորինել: Ինձ դուր են գալիս համեմունքները: Սխտո՛րը: Այդ հարցում երբեմն ես չափն անցնում եմ: Ժամանակ առ ժամանակ Սթրասբերգի դասընթացներին ինձ հետ միասին հաճախող դերասաններն այցելում են մեր տուն՝ առավոտյան կամ ճաշից հետո, և ես նախաճաշ եմ պատրաստում նրանց համար կամ էլ թեյ եմ մատուցում: Մի խոսքով՝ իմ օրերը միշտ էլ ինչ-որ գործերով լի են: Բայց ընթրիքից առաջ ես պետք է միշտ ազատ լինեմ, որպեսզի ամուսնուս ժամանակ տրամադրեմ: Ընթրիքից հետո մենք երբեմն հաճախում ենք թատրոն կամ կինո, հյուր ենք գնում, հյուրեր ենք ընդունում։
Բայց ավելի հաճախ տանն ենք մնում, երաժշտություն ենք լսում, ընթերցում ենք կամ էլ զրուցում: Մենք սիրում ենք զբոսնել փողոցներում կամ Կենտրոնական այգում: Մեզ շատ է դուր գալիս քայլելը: Մեր կյանքում չկա ռեժիմ: Պատահում են պահեր, երբ մենք ուզում ենք լինել ավելի կազմակերպված, անել որոշակի գործեր որոշակի ժամանակում: Բայց ամուսինս ասում է, որ այսպես մենք գոնե չենք ձանձրանում: Այնպես որ՝ ամեն ինչ լավ է: Անձամբ ես երբեք չեմ ձանձրանում: Ձանձրանում եմ լոկ այն մարդկանց հետ, ովքեր իրենք էլ ձանձրանում են: Ես շատ եմ սիրում մարդկանց, բայց երբեմն ինձ հարց եմ տալիս՝ մի՞թե իրոք ուզում եմ լինել այդքան հանրային: Մենությունն ինձ ամենևին չի նեղում: Ես ինձ լավ եմ զգում, երբ մենակ եմ: Ինձ նույնիսկ դուր է գալիս, դա հանգստի ձև է։ Դա թույլ է տալիս ինքս ինձ հավաքելու, միտքս թարմացնելու։
MC․- Ձեր կյանքի այս փուլում Մերիլին Մոնրո լինելը Ձեզ համար ի՞նչ է:
Մերիլին․- Իսկ Ձեզ համա՞ր՝ լինել այն, ինչ կաք։
MC․- Երբեմն ես գոհ եմ ինձնից և աշխարհից, երբեմն՝ ոչ:
Մերիլին․- Եվ Դուք երջանի՞կ եք։
MC․- Ճիշտն ասած՝ այո՛:
Մերիլին․- Ես նույնպես, քանի որ հիմա երեսունչորս տարեկան եմ, ու առջևում ևս մի քանի տարի կա, հուսով եմ՝ բավականաչափ ժամանակ ունեմ, որ ավելի երջանիկ ու ավելի լավը դառնամ իմ աշխատանքում, ինչպես և անձնական կյանքում: Դա իմ միակ նպատակն է: Հնարավոր է՝ դա ավելի շատ ժամանակ պահանջի, քանի որ ես դանդաղկոտ մարդ եմ: Ես չեմ ուզում ասել, որ դա ամենահուսալի ճանապարհն է։ Բայց դա միակն է, որ ես գիտեմ: Եվ այդ նպատակին հասնելն ինձ հույսի զգացում է ներշնչում կյանքում:
թարգմանությունը՝ Հովհաննես Վարդումյանի
COMMENTS