«Կինեմատոգրաֆը կանանց միակ մխիթարությունն է կյանքում»։ Միխայիլ Բուլգակով
Մեծատաղանդ բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան և կինեմատոգրաֆը գրեթե հասակակիցներ են․ երկուսն էլ լույս աշխարհ են եկել 19-րդ դարավերջին։ Կինեմատոգրաֆի բուռն զարգացման ու աներևակայելի վերելքի պատմությունը, որ արձանագրվեց 20-րդ դարի սկզբին, բառացիորեն ընթացել է Ցվետաևայի աչքի առաջ՝ վավերագրական կադրերից ու կատակերգական կարճամետրաժներից մինչև 1930-ականների եվրոպական գլուխգործոցներ։ Դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին Ցվետաևան կինոթատրոնների մշտական հաճախորդն էր, իսկ տարիներ անց՝ 1939թ-ին, Խորհրդային Ռուսաստան վերադառնալուց առաջ, Փարիզում իր վերջին Ամանորը նա դիմավորեց հենց ֆիլմ դիտելով։ Երկու տարի անց, չկարողանալով համակերպվել դստեր ձերբակալությանն ու ամուսնու գնդակահարությանը, Ցվետաևան ինքնասպան եղավ։ «Իմ կյանքի միակ ֆաբուլան, գրքերից բացի, կինեմատոգրաֆն է։ Ընթերցանությունն ու կինեմատոգրաֆն իմ գլխավոր ուրախությունն են»,- 1938թ-ին գրում է Ցվետաևան նամակներում՝ իր երկու ամենասիրելի զբաղմունքները համեմատելով գոյության կենդանի իմաստի հետ։
Դատելով մտերիմների վկայություններից՝ Ցվետաևայի դիտած ֆիլմերի ցանկն այնքան հարուստ էր, որ նրա նամակների ու նոթատետրերի միջոցով հաջողվել է վերականգնել այդ ցանկի լոկ շատ փոքր մասը։ Նամակներից մեկում նա նշում է, որ շաբաթվա ընթացքում գոնե մեկ անգամ պարտադիր հաճախում է կինոթատրոն։ Եթե շաբաթները վերածենք ամիսների ու տարիների, ապա պարզ կդառնա, թե իր երկարամյա սովորությանը հավատարիմ բանաստեղծուհին ֆիլմերի որքան մեծ քանակություն է դիտել և կինեմատոգրաֆի իմացության որքան մեծ պաշար է կուտակել։ Նա գերազանց ծանոթ էր իր ժամանակի լեգենդար ռեժիսորների կինոգործունեությանը՝ Կառլ Թեոդոր Դրեյերի, Ֆրից Լանգի, Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուի, Աբել Գանսի, Գեորգ Վիլհելմ Պաբստի, Մարսել Կառնեի, Ժան Ռենուարի և այլոց։ Նա հիացած էր իր ժամանակի կինոլեգենդների խաղով՝ Աստա Նիլսենի, Էմիլ Յանինգսի, Վերներ Կրաուսի, Գրետա Գարբոյի, Ժան Գաբենի, Լուի Ժուվեի, Էրիխ ֆոն Շտրոհեյմի․․․ Ամենասիրելիների շարքում առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում էին Գրետա Գարբոն, Լուի Ժուվեն և Էրիխ ֆոն Շտրոհեյմը։