«Ասում են՝ իմ բնավորությունը վատն է։ Ո՛չ, պարզապես ես ունեմ բնավորություն»։ Ալեն Դելոն
2․«Ես ուզում եմ, որ ինձ սիրեն այնպես, ինչպես ես եմ միշտ սիրել, այսինքն՝ հոգու ամբողջ կրքով»։
3․«Կինը անհրաժեշտ չարիք է»։
4․«Կա դերասանների երեք տեսակ՝ վատ, լավ և մեծ։ Վատ դերասանների պարագայում ամեն ինչ պարզ է՝ նրանք խաղում են առանց տաղանդի, լավ դերասաններն էլ խաղում են լավ։ Իսկ մեծ դերասանները չեն խաղում, նրանք պարզապես ապրում են կինոխցիկի առաջ»։
5․«Ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր համարում են, թե երջանկությունը մշտական երևույթ է։ Այն բացարձակապես հարաբերական հասկացություն է։ Հիվանդի համար երջանկությունն առողջությունն է։ Վախկոտի համար՝ փախուստը։ Շինհրապարակում քար հատող ալժիրցու համար երջանկությունը, հնարավոր է, Ալեն Դելոն լինելն է և «Ֆերարի» մեքենա ունենալը։ Երջանկությունը նույնպիսի անհեթեթություն է, ինչպես մնացյալ ամեն ինչն աշխարհում։ Ինձ համար երջանկությունն ակնթարթների մեջ է։ Այդ ժամանակ չեն վիճում, չեն հաշվարկում, այդպիսի րոպեներն անհնար է ծրագրել։ Ինչ-որ մի պահ ես երջանիկ եմ։ Ես երջանիկ կլինեմ այսօր երեկոյան, իսկ կլինե՞մ, արդյոք, վաղն առավոտյան՝ չգիտեմ»։
6․«Ձիերն ավելի լավն են, քան մարդիկ․ գոնե չեն ստում»։
7․«Ես Կարիճ եմ, հրապուրվող անձնավորություն, ունեմ նողկալի և անհաշտ բնավորություն։ Հենց դա էլ հանդիսանում է կյանքում ինձ պատահող անախորժությունների մեծ մասի պատճառը»։
8․«Իմ արտաքին տեսքին համակերպվեցի լոկ այն ժամանակ, երբ մեծ էկրան բարձրացավ իմ ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Լողավազանը»։ Ես երեսուներեք տարեկան էի։ Եվ հանկարծ ես հասկացա․ Քրիստոսի տարիքը, սամուրայի հոգին և հերոս-սիրեկանի արտաքինը՝ ահա թե որոնք են իմ հակասությունն ու իմ հաղթաթուղթը»։
9․«Կինոն զբաղմունք է պրոֆեսիոնալների համար։ Պարզապես ամոթ է տեսնել, թե շուրջդ ինչպես են բոլորը հանկարծ ուզում դառնալ ռեժիսոր։ Հենց սրանից էլ ծագել է ճգնաժամը կինոյում։ Այս մասնագիտությանը սկսել են ձգտել անօգուտ, անտաղանդ մարդիկ, ովքեր, բացի այդ, նաև հիմար են»։
10․«Երբեք պետք չէ բացահայտվել մինչև վերջ։ Ինչ-որ գաղտնիքներ պետք է պահես ինքդ քեզ համար, այն մարդկանց համար, ում սիրում ես»։
11․«Ինձ անհրաժեշտ եղան տասը տարվա ծանր ճիգեր, որպեսզի մարդկանց ստիպեմ մոռանալ, որ ես ընդամենը համակրելի տղա եմ՝ գեղեցիկ դեմքով։ Դա դժվարին գոտեմարտ էր, բայց ես հաղթեցի»։
12․«Ես երբեք չեմ վախեցել փողից ու հանրաճանաչությունից։ Գլխապտույտ առաջացրել է լոկ այն ճշմարտության գիտակցումը, որ այդ ամենն, ըստ էության, ոչինչ չի նշանակում։ Գիտակցության նմանօրինակ հստակությունը ես անվանում եմ «մտքի քաղցկեղ»։ Հենց այդ գիտակցումն էլ ամրապնդում է իմ այն համոզմունքը, որ այս ամենն ընդամենը խաղաթղթե տնակ է, քամի։ Շոու-բիզնես։ Եվ որ ես արժանի չեմ իմ ձեռքբերումներին։ Արդարացի՞ է, արդյոք, այս ամենը։ Ես ունեմ որոշակի հայացք իրերի և մարդկանց վերաբերյալ։ Իմ կարծիքով՝ մեծավաստակ մարդիկ դերասանները, երգիչները, նկարիչները չեն, այլ նրանք, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրաբերում են բարուն՝ այդպես էլ մնալով բոլորի կողմից գրեթե չճանաչված»։
13․«Պատերազմն իմ մեջ սպանեց բոլոր հույսերի մնացորդները և պատրանքների պատառիկները։ Պատերազմում ես իսկապես հասունացա»։
14․«Ես հստակ գիտեմ, որ երբեք չեմ գայթակղել որևէ կնոջ։ «Գայթակղել» ասելիս նկատի ունեմ սիրահետելը։ Միշտ ամեն ինչ որոշել է կինը։ Իմ խոսքերը կարող են զարմացնել, քանզի բխում են մի մարդուց, ում համարում են պրոֆեսիոնալ գայթակղիչ։ Ես նույնիսկ մի քիչ անհարմար եմ զգում խոսել այդ մասին։ Յուրաքանչյուր մարդ իր մասին ամեն ինչ գիտե։ Եվ ես մեղավոր չեմ, որ ծնվել եմ գեղեցիկ ու հրապուրիչ։ Այդպիսին ինձ ստեղծել է իմ մայրը։ Բայց, անկեղծ ասած, սկզբում ամեն ինչ այլ կերպ էր, և այդ հանգամանքն իմ հաղթաթուղթը դարձավ հետագայում։ Հայտնի է, որ մենք մեծանում ենք անկախ այն հանգամանքից՝ գեղեցի՞կ ենք ծնվել, թե՞ տգեղ։ Նրան, ում խնամում են, ումով հիանում են, ում նախանձում են, կյանքը պարգևում է այլ ճակատագիր, քան նրան, ում ոչ ոք չի նայում, ում երբեք ոչ ոք չի նախանձում, և ով դուր չի գալիս։ Եթե այս միտքը հասցնենք աբսուրդի, ապա գեղեցիկն էլ լիովին կարող է դառնալ և՛ անօգուտ, և՛ եսամոլ, և՛ այլանդակ, մաղձոտ ու չոր մարդ»։
15․«Իմ կարծիքով՝ ամեն ինչում մեղավոր է մարդկանց վարակած խելահեղությունը։ Մի՞թե այս մոլորակի մարդիկ կարող են համաձայնության հանգել միմյանց հետ, եթե մեզ համար դժվար է համաձայնության հանգել սովորական դռնապանի կամ հարևանի հետ»։
16․«Ես խիստ եմ ինձ շրջապատող մարդկանց հետ, նրանց, ով աշխատում է ինձ հետ, բայց ես նույնքան խիստ եմ նաև ինքս իմ հանդեպ։ Սա ներողություն հայցել չէ, այլ, ավելի ճիշտ, մեղքը մեղմացնող հանգամանք։ Ես ուզում եմ, որ աշխատանքում ամեն ինչ որոշվի պրոֆեսիոնալիզմով։ Սա քմահաճույք չէ, ինքս ինձ հաճույք պատճառելու փորձ չէ։ Ես սիրում եմ իմ աշխատանքը և ձգտում եմ այն կատարել հնարավորինս լավ»։
17․«Սիրում են ինձ, թե ոչ՝ կարևոր չէ։ Բայց եթե չսիրեին, վաղուց կասեին այդ մասին, և ես ոչինչ չէի արժենա»։
18․«Մեր օրերում մենք փորձում ենք անտեսանելի դարձնել տարբերությունը տղամարդկանց ու կանանց միջև։ Մինչդեռ հենց այդ տարբերությունն է հիասքանչ»։
19․«Երբեմն իմ մեջ զգում եմ սլավոնական կրքոտություն։ Ինքս էլ չգիտեմ, թե որտեղից է այն ի հայտ եկել։ Գուցե՝ իմ ընկերների՞ց կամ այն կանանցի՞ց, ում սիրել եմ»։
20․«Ես սիրում եմ լքել սեղանը, երբ ամանեղենը դեռևս հավաքված չէ»։ (Դելոնի խոսքերը՝ կինոյից ընդմիշտ հեռանալու մասին հայտարարելիս)
21․«Քաղաքականությունն ու դիտարժան շոուները հետզհետե ավելի են նմանվում իրար։ Քաղաքական գործիչներն ու դերասաններն օգտվում են նույն զինանոցից։ Նրանք միևնույն նպատակն ունեն՝ հասնել հանրաճանաչության, նվաճել հանդիսատեսին։ Բայց կա նաև մի մեծ տարբերություն։ Քաղաքական գործիչների պարագայում ամեն ինչ նրանց գլխի մեջ է, մինչդեռ մեր պարագայում ամեն ինչ անցնում է սրտի միջով։ Քաղաքական գործիչներն անընդհատ շարժվում են հոսընթացով։ Նրանք ձգտում են օգուտ քաղել հեռուստատեսությունից։ Նրանց կանչում են, նրանք վազելով գալիս են։ Եվ գլուխները կորցնում են։ Նրանք ավելի մեծ կատակերգակներ են, քան մենք։ Նրանք ունեն համեստության պակաս։ Նրանց քշում են դռնից դուրս, նրանք ներս են մտնում լուսամուտից։ Նրանց դեմքին թքում են, նրանք շարունակում են կրկեսային զավեշտախաղը։ Եվ պետք է նրանց ասել, որ իրենց հեռանալու ժամանակն է, և որ իրենք դարձել են հեռուստաէկրանին հանուն իրենց քաղաքական շահի ինչ-որ խաղ խաղացող պղպջակներ։ Չեմ կարծում, թե նրանք ունեն ընկերներ, անկեղծ մարդիկ, ովքեր ընդունակ են բացահայտ ասելու, թե ինչ են մտածում նրանց մասին»։
22․«Այն ամենի համար, ինչ այսօր հանդիսանում եմ, ես պարտական եմ կանանց։ Պարտական եմ այն կանանց, ովքեր ինձ սիրել են, և ում ես եմ սիրել։ Պարտական եմ շատ պարզ պատճառով, որի մասին նրանց էլ եմ ասել։ Ինձ սիրող կնոջ աչքերում ես միշտ ցանկացել եմ լինել ամենամեծը, ամենագեղեցիկը, ամենաուժեղը։ Սա մի անհավանական մոտիվացիա է, բայց նրանց աչքերում ես հենց այդպիսին էլ եղել եմ։ Յուրաքանչյուր կնոջ նկատմամբ սերը տարբեր կերպ է արտահայտվում, բայց ես պարտական եմ նրանց բոլորին հավասարապես, որովհետև նրանց հանդեպ սիրուց դրդված արել եմ առավելագույնը՝ այդ ամենա-ամենան լինելու համար»։
23․«Եթե ես իմ հերոսների և արած աշխատանքի միջոցով մարդկանց պարգևում եմ երազանք, նշանակում է՝ կյանքս իզուր չեմ ապրել։ Երազանքը միշտ պետք է, և այն կապրի, քանի դեռ աշխարհում կան աստղերը․․․ Առանց դրա՝ կինոյում կամ փողոցում, երևակայության մեջ կամ իրական կյանքում, կտիրեր խավարը»։
24․«Ես վիրավոր եմ, ինչպես և բոլորը, բայց ես իրավունք չունեմ ճակատագրից դժգոհելու, ես ստեղծված եմ վերքերից ու կորուստներից, ինչպես և իրենց կյանքն ապրող մյուս մարդիկ։ Այդպիսին է կյանքը, և այն կարող է լինել դաժան։ Այս խոսքերը ես ասել եմ նաև իմ որդի Էնթոնիին։ Ամեն ինչ բարդացել է, կորսվել է այն պարզությունը, որ կար նրա մանկության տարիներին կամ իմ մանկության տարիներին։ Բայց մենք չպիտի դժգոհենք։ Եվ ես գնում եմ առաջ՝ հիշելով այս մասին»։
25․«Աշխատանքն ինձ մեծ բավականություն է պարգևել։ Բայց երջանկությունն ինձ համար մի երևույթ է, որը գոյություն չունի, դրանք կյանքի պահեր են, որոնք զգում ես կամ աշխատանքի ընթացքում, կամ որևէ մեկի հետ շփման, կամ երեխայի, կամ ընկերների․․․ Բայց այդ ակնթարթների համար ես պարտական չեմ մասնագիտությանս, ես ինքս եմ այդ պահերը ստեղծում, ինքս էլ կարող եմ ավերել։ Այսպես թե այնպես՝ ես առավել հաճախ լինում եմ դժգոհ, քան գոհ։ Սա արդեն խառնվածքի, բնավորության խնդիր է։ Բացի այդ՝ բավարարվածության զգացումին հաճախ հետևում են ձանձրույթն ու միապաղաղությունը։ Իսկ ես ատում եմ դրանք»։
26․«Ահա թե որտեղից են ծագում իմ կտրուկությունն ու տաքարյունությունը․ իմ սրիկա բնավորությունը միշտ էլ այսպիսին է եղել, իսկ հիմա դարձել է ավելի վատը։ Իմ մենակեցությունը ես խախտում եմ միայն գործերի պատճառով տնից դուրս գալու համար։ Արշավանք կատարելով դեպի արտաքին աշխարհ՝ ես կրկին առանձնանում եմ իմ ամրոցում և փակում եմ կամուրջները։ Որպեսզի քեզ սիրեն, պիտի միշտ ժպտաս, բոլորի առաջ խոնարհվես, ձգտես բոլորի բարեհաճությանը, սուսերակալում կրես քո, թեկուզ՝ սուտ ու կեղծ, սիրտը։ Ժպտալն ավելի կարևոր է, քան ինքդ քեզ հավատարիմ լինելը։ Բայց խոնարհվելն իմ բնավորությանը բնորոշ չէ։ Որովհետև մարդն այդ դեպքում կորցնում է իր անհատականությունը։ Նա վերածվում է նմանակի՝ դառնալով ուրիշի սուլոցի հրահանգով օղակի միջով ցատկող արարած։ Պնդելով, որ հանդիսանում եմ աստղ, ես նկատի ունեմ այն, որ ինձ դուր է գալիս առաջինը լինելը, և ես դա չեմ թաքցնում։ Բայց ես դրան ձգտում եմ ոչ թե մանր փառասիրության պատճառով, այլ ուզում եմ, որ ինձ աստղ համարեն իմ գործերին, իմ համառությանը և իմ վաստակին ի գնահատումն»։
27․«Ես դարձա դերասան։ Բայց, միաժամանակ, դերասանը մասնագիտություն չէ։ Դա անհնար է սովորել։ Դերասանից առաջ միշտ կա մարդը։ Հիշատակեք գոնե մեկ հիմարի, ով դարձել է մեծ դերասան։ Այդպես չի լինում»։
28․«Ինձ հարցնում են, թե ինչ եմ զգում, երբ ֆիլմում ձեռքս եմ վերցնում ատրճանակը։ Այդ հարցն իմ ծիծաղն է առաջացնում։ Չէ՞ որ ատրճանակը, որ ֆիլմում իմ ձեռքին է, և ատրճանակը, որն իմ ձեռքին է եղել Հնդկաչինում, նույնը չեն։ Պետք է ավելացնել նաև այն, որ ֆիլմում ձեռքդ չի դողում»։
29․«- Ձեզ վերագրե՞լ են սիրավեպեր ֆիլմերում Ձեր խաղընկերուհիների հետ։
- Անշուշտ։ Որևէ հանրային անձ իր կենսագրությամբ չի կարող շրջանցել դա։ Բայց իմ գործը չէ՝ մտապահել, թե ինչ է հորինել մամուլը։ Խնդրե՛մ, պատմեք, թե ում հետ եմ սիրավեպ ունեցել։ Հետաքրքիր կլիներ լսել։ Օրինակ՝ հիմա ես Ձեզ կհամբուրեմ, և ինձ կվերագրեն սիրավեպ լրագրողուհու հետ»։ (հատված հարցազրույցից)
30․«Ֆրանսիայում դեռևս մնացե՞լ են աստղեր։
- Նրանցից մեկին հիմա տեսնում եք։
- Եվ վե՞րջ։
- Դա արդեն քիչ չէ։
- Աստղերը հավերժակա՞ն են։
- Չգիտեմ։ Ես նմա՞ն եմ հավերժական աստղի»։ (հատված հարցազրույցից)
31․«- Ի՞նչ կմաղթեիք տղամարդկանց և կանանց, որպեսզի նրանք գտնեն միմյանց։
- Գիտե՞ք, թե Ֆելինին ինչ է ասել մահից առաջ․ «Երանի գոնե մեկ անգամ էլ սիրահարվեի»։ Կյանքից հեռանալու վերջին պահին այդ մասին մտածելը ապշեցուցիչ է, այդպես չէ՞։ Պետք է հավատալ, որ դա լավագույն երևույթն է աշխարհում։ Ես այդպես եմ ընկալում։ Հիմա, կարծես, այլևս ընդունված չէ տղամարդկանց ասել․ «Ես քեզ մաղթում եմ սեր կնոջ հանդեպ»։ Բայց կարևորը անկեղծ ու իսկական սիրով սիրելն է։ Դրանից ավելի կարևոր ոչինչ չկա»։ (հատված հարցազրույցից)
32․«Ես ոչ ոքի հետ սիրախաղ չեմ սկսում և ոչ ոքից չեմ թաքնվում։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Դուք իրավունք ունեք ինձ ընդունելու կամ մերժելու։ Ի հեճուկս այն ամենի, ինչ իմ մասին գրում են, ես չափազանց զգայուն եմ ու հուզական։ Ես այդպիսին եմ, այլապես մի՞թե կկարողանայի դառնալ դերասան, մեծ դերասան։ Ես, առավել, քան մյուսները, զգում եմ երջանկությունն ու տառապանքը»։
33․«Իմ անձի հանդեպ մարդկանց անսպառ հետաքրքրությունն ինձ ճնշում է, բայց ես վարժվել եմ դա ընկալել որպես երախտագիտություն իմ արած աշխատանքի համար»։
34․«Ինձ երկար ժամանակ համարել են թեթևամիտ հիմարիկ։ Ես, իրոք, կրթություն չունեմ և չեմ հետևում վարքի ընդունված կանոններին։ Սկզբում ես առաջ էի շարժվում խարխափելով՝ կույրի պես։ Բայց տարիների ընթացքում ես ձեռք բերեցի «երկրորդ տեսողություն»։ Եվ հանկարծ հեգնանքը վերացավ։ Երեկվա կատակասերները տարակուսած թափահարեցին գլուխները»։
35․«Ես ստիպված եղա համակերպվել այն մտքի հետ, որ անմահ մարդիկ չկան։ Քանի որ իմ կյանքը հաջողված էր, ես չէի ցանկանա այն փչացնել անհաջող մահով։ Այդ իսկ պատճառով ես մտադիր եմ մեռնել գեղեցիկ»։
COMMENTS