հատված Էմիր Կուստուրիցայի «Ինքնակենսագրություն» գրքից
1975թ-ին մահացավ Իվո Անդրիչը՝ եվրոպացի մեծ գրողը, հարավսլավցի ամենանշանավոր արվեստագետ-ռեալիստը։ Նույն տարի Պրահա բերեցին Ֆեդերիկո Ֆելինիի «Ամարկորդ» ֆիլմի կրկնօրինակը։ Անդրիչի մահվան լուրից տխրամած՝ ես, այդուհանդերձ, ուրախությամբ ընդունեցի առաջիկա ցուցադրության մասին լուրը։ Ես արդեն դիտել էի Ֆելինիի ֆիլմերից մի քանիսը՝ «Ճանապարհը», «Սպիտակ շեյխը» և «Ութ ու կեսը», ու սկսել էի իմ սեփական անցյալն ընկալել որպես ֆիլմ։ Կինեմատոգրաֆիական շրջանակներում բոլորը միակարծիք էին՝ «Ամարկորդը» մեծ ստեղծագործողի արվեստի գագաթնակետն է։ Այնուամենայնիվ, իտալական մասնագիտացված մամուլում հայտնվեցին մի քանի անբարյացակամ հոդվածներ, որոնցում լրագրողները Ֆելինիին հանդիմանում էին «Ութ ու կես» ինտելեկտուալ ֆիլմից հեռանալու համար։ Նրանց ակնհայտորեն դուր չէր եկել նրա՝ չափից դուրս մտերիմ շփումը հանդիսատեսի հետ։ Վատ չէր լինի նրանց մոտ ուղարկել Բերգմանին։ Նա հաստատ կարողանում է ապտակներ հասցնել լրագրողներին։ Հենց այդ կերպ է շվեդ ռեժիսորը հաշիվ մաքրում իր հակառակորդների հետ։ Քչերը գիտեն, որ «Մորու բացատի» մեծն ստեղծողը նախընտրում է անձնական խնդիրները լուծել մի զույգ ապտակի օգնությամբ։
Այսպիսով, ես անհամբերությամբ էի սպասում «Ամարկորդին»։ Ցուցադրությունը նշանակված էր ուրբաթ՝ սովորական ժամին, Ակադեմիայի ակումբում։ Ես սովորում էի արդեն երկրորդ կուրսում և դասախոսների շրջանում լավ համբավ ունեի։ Ես հազվադեպ էի լինում Սարաևոյում և գրեթե մոռացել էի Մայային (Կուստուրիցայի ապագա կինը․- խմբ․)։ Թվում էր՝ նա վերջնականապես անհետացել է իմ կյանքից։ «Ամարկորդի» հետ միասին Պրահա ժամանեց նաև Կերան՝ սարաևցի մանր գրպանահատը։ Նա վերջինն էր, ով կարող էր ինձ նորություններ հաղորդել Մայայի մասին։
- Նա սիրահարված է քեզ, ծերո՛ւկ։ Սարաևոյի ամենագեղեցիկ կինն ասում է, թե դու միակն ես, որ ինչ-որ բան արժես։
Անհավատալիորեն բորբոքված վիճակում ես նետվեցի փողոց, սուրացի հանրակացարան, որպեսզի իրերս հավաքեմ, և «Ամարկորդի» ցուցադրությանը գնալու փոխարեն՝ որոշեցի ուղևորվել Սարաևո՝ Կերայի պատմածի իսկությունը տեղում ստուգելու համար։ Ես Սարաևո մեկնեցի այն հստակ մտադրությամբ, որ «Ամարկորդը» կդիտեմ հաջորդ անգամ։ Ծխախոտի ծխից շշմած, անքնությունից ուժասպառ՝ ես Սարաևո ժամանեցի 28 ժամ տևողությամբ ճանապարհից հետո։ Մատուցողուհի Բորկան ինձ համար թերխաշ ձու պատրաստեց, քանի դեռ ես տաքանում էի մեծ վառարանի վրա նստած։
- Տեսնում եմ՝ մեծ աշխարհը քեզ չսովորեցրեց լավ վարվեցողություն։ Արագ իջիր ցած, վառարանս կփչացնես։ Պիտի քեզ ասեմ, անհրաժեշտ է, որ դու իմանաս․ Մայան հանդիպում է վիրաբույժ Վասիլևիչի որդու հետ։
- Դու անհանգստանալու պատճառ չունես, նրանց միջև լուրջ կապ չկա,- միջամտեց Ամելա Ագանովիչը, ով այն ժամանակ Մայայի լավագույն ընկերուհին էր։
- Հանգստացիր, Ամելա, այդ աղջիկն ինձ այլևս չի հետաքրքրում։
Սարաևոյում ես չարեցի այն, ինչ պետք է անեի։ Ինձ համար պարզ էր, որ հիմա Մայայի մասին մտածելու եմ ոչ միայն կիրակի օրերին։
Երբ ես մտա հանրակացարան, ընդունարանի պատուհանին փակցված էր հայտարարություն «Ամարկորդի» նոր ցուցադրության մասին։ Ուղևորությունից հոգնած՝ ես կուլ տվեցի մի քանի բաժակ սուրճ և սլացա ակումբ։ Մարդկային մի ամբողջ ամբոխ շարժվում էր դեպի հարմարավետ բազկաթոռները, և ինձ համակեց հանդիսավորության զգացումը։ Այսօր պետք է տեղի ունենա ինչ-որ մեծ, կարևոր բան։ Ես դեռևս երբեք այդքան չէի հուզվել ցուցադրությունից առաջ։ Երբ էկրանի առջևի վարագույրը բացվեց, Նինո Ռոտայի երաժշտությունն ակնթարթորեն կրճատեց ֆիլմի և հանդիսատեսի միջև եղած տարածությունը։ Մենք նայում էինք, թե ինչպես են շենքերի ճակատային մասով թռչում խատուտիկների փետրիկները, քանի որ ծովի ափին գտնվող իտալական փոքրիկ քաղաք էր եկել գարունը։ «Ի՜նչ գեղեցիկ էքսպոզիցիա է»,- մտածեցի ես։
Խատուտիկների գարնանային փետրիկները ճախրում են Ռիմինիի տների վրայով, և ռեժիսորը մեզ ծանոթացնում է քաղաքի հետ։ Պլանները փոխարինում են իրար, և դրանք միմյանց հետ կապում են խատուտիկները։ Անատամ թափառաշրջիկը ցատկոտում է, որպեսզի որսա թռչող փետրիկները։ Նա ինչ-որ բան է փնթփնթում իտալերեն։ Ես հասկանում եմ միայն «Primavera»-ն։ Եվ․․․ քնում եմ։ Արթնանում եմ ծափահարությունների որոտից։ Էկրանի վրա երևում էին ֆինալային տիտրերը։ Ես լսում էի երաժշտությունը և շփոթված նայում շուրջս։ Հանկարծ գիտակցելով իրավիճակի ողջ սարսափելիությունը՝ ես մեղավորության զգացումով հարցնում եմ համակուրսեցիներիս․
- Հրաշալի ֆիլմ էր, չէ՞։
- Պարզապես ֆանտաստիկա։ Ծերո՛ւկ, դու ինչպե՞ս կարող էիր քնել Ֆելինիի ֆիլմի ժամանակ։
- Ես ուղղակի հոգնած էի։ Չեմ հասկանում, թե ինչպես պատահեց։ Բախտս չբերեց։
- Կարևորը՝ մի կուշտ քնեցիր,- խայթեց մի լեհ, ում մեծ ապագա էին խոստանում։
Ես դուրս եկա փողոց և ձգվեցի՝ ամոթից այրվելով։ Ինչպե՞ս կարող էի քնել այդպիսի մեծ ֆիլմի ամենասկզբում։
Մեղավորության խոր զգացումն ինձ կրծում էր ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ինչպե՞ս կարելի էր հասնել այդպիսի ապուշության։ Դու գլուխգործոց դիտելու հնարավորությունը բաց թողեցիր այն պահին, երբ ձևավորվում է քո ճաշակը, և երբ անհրաժեշտ է ներսդ լցնել անմահ ստեղծագործություններով։ Ամենավատն այն էր, որ համակուրսեցիներիս վերաբերմունքն ինձ բացարձակապես չէր անհանգստացնում։ Նրանց արհամարհական հայացքում ես կարդում էի․ «Զարմանալի չէ, որ Բալկաններից եկած այս պարզունակ տիպը քնել է Ֆելինիի ֆիլմի ժամանակ»։ Ես չէի կարող բացատրել, բայց զգում էի, որ, չնայած քնին, որն ինձ խանգարեց դիտել այդ ֆիլմը, ինչ-որ տարօրինակ բան, այնուամենայնիվ, կատարվել էր։ Մինչ ես քնած էի, ֆիլմի ինչ-որ մի մասն ինձ վրա ազդեցություն էր թողել։ Ես չհամարձակվեցի այդ մասին պատմել որևէ մեկին։
Ճարտարապետության պատմության երկու դասախոսությունների միջև եղած մղձավանջային ընդմիջման ժամանակ ինձ հասավ մխիթարիչ նորություն․ «Ամարկորդը» Պրահայում կմնա ևս մեկ շաբաթ, գուցեև՝ ավելի երկար, քանի որ ֆիլմը մեծ հետաքրքրություն էր առաջացրել չեխական կինեմատոգրաֆի պրոֆեսիոնալների շրջանում։ Ես նույն պահին թեթևություն զգացի, և մեղավորության զգացումս ցրվեց։
Դժբախտաբար, ես ստիպված եղա բախվել մի նոր տհաճության։ Եթե Կերան և Ամելան ճիշտ էին ասում, ապա ես հաջորդ հանգստյան օրերին պիտի ամեն գնով հայտնվեի Մայայի տեսադաշտում։ Եթե նա ինձ սիրում է, պիտի ինձ անպայման տեսնի։ Այսպիսով, ես որոշեցի բաց թողնել ուրբաթ օրվա սեանսը։ Միայն թե՝ առանց խուճապի․ հաջորդ երկուշաբթի պիտի տեղի ունենար ևս մեկ սեանս։
Ուրբաթ օրը, ուղիղ ժամը 14․00-ին, ես նստած էի Սարաևո ուղևորվող գնացքում։ Ես պատրաստվում էի անել ամեն ինչ, որպեսզի թարմացած ու հանգստացած վերադառնամ Ֆեդերիկո Ֆելինիի «Ամարկորդի» հաջորդ ցուցադրությանը։ Մայային ես այդպես էլ չգտա։ 15․00-ին շարժվում էր Պրահա ուղևորվող գնացքը։ Արգելակների կրճտոցի ներքո գնացքը ժամանեց Պրահայի կենտրոնական կայարան։ Հպարտությամբ և անհամբերությամբ ես սպասում էի «Ամարկորդի» ցուցադրությանը։ Արագ քայլերով ճանապարհվեցի կինոդահլիճ։ Դահլիճում մեծաքանակ ժողովուրդ էր հավաքվել։ Լույսը մարեց, երևացին առաջին տիտրերը, հետո էկրանի վրա հայտնվեցին փոքրիկ քաղաք Ռիմինիի տեսարանները, Վերածննդի դարաշրջանի մթնոլորտը։ Գարուն, խատուտիկների փետրիկները թռչում են օբյեկտիվի առջևով։ Ինչպիսի՜ վարպետությամբ է Ֆելինին կարողացել կառուցել իր էքսպոզիցիան։ Հայտնվում է թափառաշրջիկը, արտասանում է «La primavera!», իսկ ես․․․ քնում եմ։ Եվ արթնանում եմ այն ժամանակ, երբ երևում են ֆինալային տիտրերը։ Այս ի՞նչ է ինձ հետ կատարվում։ Մի՞թե սա ընդհանրապես հնարավոր է։ Ես նորից քնած էի ողջ ֆիլմի ընթացքում։ Այստեղ ակնհայտորեն խառնված է կախարդանքը։ Ես նորից ստիպված եղա ինձ վրա որսալ համակուրսեցիներիս արհամարհական հայացքները։ Ես իմ ապրումների մասին պատմեցի չեխ ընկերներիցս մեկին՝ Յան Կուբիստեին։ Նա չհասկացավ, թե ինչու եմ դրանից այսպիսի դրամա սարքում։
- Առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում,- պատասխանեց նա ինձ։- Ամեն ինչ շատ պարզ է․ դու չես կարող միաժամանակ երկու գործ անել։ Դա ճանապարհորդությունից հոգնածության հետևանքն է։ Հանգստացիր, ֆիլմն ինչ-որ ժամանակ դեռևս մնալու է այստեղ։
Այս ամենը կարող էր լինել իսկապես տափակ, եթե ես չծանոթանայի Ագնեսի հետ։ Նա եկել էր Պրահա, որպեսզի դերասանուհի դառնա։ Այդ աղջիկը, թվում էր, իջել էր Վերմեերի կտավներից։ Եղնիկի աչքերով Ագնեսը նկարահանումների ժամանակ իմ զրույցներն իր հետ վերածել էր ավելիին, քան բառերի սովորական փոխանակումն էր։ Նա ապրում էր մեր հանրակացարանի վերին հարկում։ Մենք շարունակում էինք աշխատել ֆիլմի վրա՝ փոխանակելով երախտապարտ հայացքներ՝ կրքոտ քնքշությամբ լի։ Մայայի հետ պատմությունը մնացել էր հայրենիքում։
Հինգշաբթի Ագնեսը պիտի վերադառնար Բրատիսլավա։ Ես, չնայած իմ սիրահարված վիճակին, պնդում էի ինքս ինձ․ դու կտեսնես «Ամարկորդը», դա է ուզում Աստված։ Ուրբաթ, ժամը 14․00-ին, կկայանա իմ հանդիպումը մեծն հեղինակի և նրա ֆիլմի հետ։ Չորեքշաբթի երեկոյան հանրակացարանի ճաշարանում ընթրելիս Ագնեսը երկչոտ հայացք նետեց ինձ վրա։
- Գիտե՞ս,- սկսեց նա,- դու ինձ դուր ես գալիս։
- Դու էլ ինձ ես դուր գալիս,- պատասխանեցի ես։
- Եթե ուզում ես, կարող ենք ուիք-էնդն անցկացնել ինձ մոտ Սլովակիայում։
Եվ ես մտածեցի, որ նորից չեմ դիտելու Ֆելինիի ֆիլմը։ Հետո հիշեցի, որ «Ամարկորդը» ցույց են տալու նաև երկուշաբթի։
- Ես համաձայն եմ։ Ֆիլմը ոչ մի տեղ չի թռչի, չէ՞ որ այն թռչուն չէ։
... Արդյունքում՝ նա ինձ հիասթափեցրեց, այդ Ագնեսը։ Նրա մեջ ոչինչ չմնաց ազնվականությամբ լի այն կնոջից, ով թարմ բուլկիներ էր թողնում միայնակ ուսանողի համար։
Այս անգամ վերադառնալով Պրահա՝ ես հոգնություն չէի զգում։ Եվ հետո՝ ես ցավում էի Ագնեսի համար։ Ինչո՞ւ այդքան հեշտությամբ հրաժարվեցի նրա քնքուշ հայացքից։ Գուցե մի ավելի լուրջ պատճա՞ռ առավելություն ձեռք բերեց մեր նոր ծնվող սիրո նկատմամբ։ Կամ՝ ես չցանկացա՞ ևս մեկ անգամ բաց թողնել «Ամարկորդը» դիտելու հնարավորությունը։
Ես Ակադեմիայի ակումբ եկա նախապես և սկսեցի համբերատար սպասել սեանսի սկզբին։ Մեծ պահը մոտենում էր։ Ես մի քանի անգամ հորանջեցի։ «Սարսափելի ոչինչ չկա»,- հանգստացնում էի ինքս ինձ։ Ով ասես կարող է հորանջել, եթե զգում է հոգնածություն։ Դահլիճը հետզհետե լցվում էր։ Բացի ուսանողներից՝ կային մեծ թվով ներկայացուցիչներ կինոյի աշխարհից, ովքեր եկել էին հանրահայտ ֆիլմը դիտելու։ Ես զգացի, թե ինչպես են ծանրանում իմ կոպերը, բայց ինքս ինձ արագ հավաքեցի։ Վարագույրը բարձրանում է։ Դահլիճում դանդաղ մարում է լույսը։ Ֆիլմը սկսվում է։ Ինչպիսի՜ հիասքանչ էքսպոզիցիա։ Ռիմինին՝ օպերատոր Ջուզեպե Ռոտունոյի օբյեկտիվի միջով, գարնանային խատուտիկների փետրիկները՝ տարբեր պլանները միավորող, թափառաշրջիկը հայտնվում է, ցատկոտում է, որսում է փետրիկը և բացականչում է․ «La primavera!»։ Իսկ ես․․․ քնում եմ։ Ես քնում եմ և արթնանում եմ այն ժամանակ, երբ երևում են ֆինալային տիտրերը։ Ախր սա ի՞նչ է։
Այս անգամ ընկերներս չէին կարող ինձ ուղղել արհամարհական հայացք, քանի որ նրանք ցուցադրությանը ներկա չէին։ Միայն մի տեխնիկական մասնագետ զգուշորեն բարձրացրեց իմ ոտքը, որպեսզի ազատի ելքը։
Հանրակացարանի ընդունարանում տեղեկացրին, որ ինձ փնտրում է ոմն Կերա։ Նա վերադարձել էր Բեռլինից՝ ամբողջովին կաշվե հագուստով։
- Հե՛յ, ինչի՞ մասին ես մտորում։ Ի՞նչ լավ նորություն կա։
- Ոչինչ, վերջերս եմ վերադարձել Բրատիսլավայից և որոշել եմ ամուսնանալ։
- Ուրեմն ամուսնանո՞ւմ ես։ Ապրե՛ս։ Մայայի հե՞տ։
- Ի՞նչ Մայա։ Ես հանդիպել եմ մի հունգարուհու։
Հաջորդ օրը նա մեկնեց Սարաևո։
Կերայի մեկնելուց երեք օր անց ինձ զանգահարեց Ամելա Ագանովիչը։
- Այն, ինչ ես լսել եմ, ճի՞շտ է,- հետաքրքրվեց նա։
- Իսկ ի՞նչ ես դու լսել։
- Ասում են՝ դու ամուսնանում ես։
- Լսիր, Ամելա, տղամարդը պիտի վաղ թե ուշ ամուսնանա։ Ավելի լավ է հիմա անել։
- Մայան դրան չի դիմանա։ Նա հուսահատության մեջ է։ Նա ամբողջ օրը հեկեկում է։
Ես միացրեցի իմ ամբողջ ցինիզմը և մեջբերեցի Պիրանդելոյին, ում նովելն ուսումնասիրում էի մի սցենարի համար․
- Կնոջն անհրաժեշտ է ազատվել ջրից, դրա համար էլ այն դուրս է գալիս աչքերից։ Կանցնի, սարսափելի ոչինչ չկա։- Միևնույն ժամանակ ես գիտակցեցի, որ Մայան ինձ դեռևս սիրում է։ Բայց ես որոշեցի մինչև վերջ թաքցնել զգացմունքներս, ինչպես Դիրկ Բոգարդը «Ծառան» ֆիլմում։ Ես շարունակեցի․- Հաղորդիր նրան բարևներս, մենք, այնուամենայնիվ, հաճելի ժամանակ ենք անցկացրել միասին։
Եկավ գարունը, և գարնան հետ միասին՝ ուսումնական տարվա ավարտը, որը ես ամփոփեցի հրաշալի արդյունքներով։ Առջևում ամառն էր։ Ես շատ էի սիրում «վայրենի» ընկերներիս հետ հանգստանալ Մլետ կղզում։ Ես, Զորան Բիլանն ու Զլատան Մուլաբդիչը այնտեղ մեզ թագավորներ էինք զգում։
- Քո Մայան կղզում է։ Նա վայր է ընկել հեծանիվից և քերծել է իր գեղեցիկ ոտքերը։
Ես սպասեցի այնքան, մինչև Զլատանը հեռացավ, և սկսեցի աննկատ հետ-հետ գնալ ճանապարհի ուղղությամբ։ Երբ համոզվեցի, որ նա ինձ չի նայում, պոկվեցի տեղիցս և սլացա դեպի կենտրոնական հրապարակ։ Ինքնաշեն նավամատույցին մոտեցավ մի մոտորանավակ, և ես տեսա, թե ինչպես մի նավաստու օգնությամբ ափ իջավ Մայան։ Ես մեծ ճիգ գործադրեցի, որպեսզի թաքցնեմ հուզմունքս։ Մենք չէինք տեսնվել 1,5 տարի։ Ես որոշեցի նրա հետ խոսել ապագայի մասին։
- Քեզ լուրջ տղամարդ է պետք, Մայա, ինտելեկտուալ։ Ամենալավ համադրությունը կլիներ մի քիչ խուլիգան ինտելեկտուալը։ Եթե դու հանդիպես մի տղամարդու, ով կկարողանա քեզ տալ, օրինակ, միայն իր խելքը, ձեր հարաբերությունները երկար չեն տևի։ Նա քեզ արագ կձանձրացնի։ Իսկ եթե, ընդհակառակը, նա լինի անկիրթ խուլիգան՝ քեզ միայն բարեկեցիկ կյանք առաջարկող, քո սիրտն իսկույն կխառնի նրա գռեհկությունից։ Եվ դու նրան կլքես։
- Ուզում ես ասել, որ ինձ պետք է Ջոն Դիլինջերի պես մե՞կը՝ փիլիսոփայության ֆակուլտետն ավարտած։
- Դե, ոչ այդ մասշտաբի, իհարկե, բայց բավականին մոտ է․․․
Մենք քրքջացինք։
Աշնանը ծրագրված էր «Ամարկորդի» ցուցադրությունը սարաևյան «Ռոմանիա» կինոթատրոնում։
- Դու գիտե՞ս, որ ցուցադրվում է Ֆելինիի «Ամարկորդը»,- անհավատալի հուզմունքով ինձ հարցրեց Մայան։- Դու դիտե՞լ ես։
Ի՞նչ պատասխանել։ Ճշմարտությո՞ւնը։ Անհնարին է։ Ինչպե՞ս կարող է ռեժիսուրա ուսումնասիրող ուսանողը խոստովանել, որ երեք անգամ քնել է այդ մեծ ֆիլմի ցուցադրության ժամանակ։ Իսկ եթե ասեմ, որ չեմ դիտել, ավելի վատ կլինի։ Ես ճարպկորեն հարթեցի իրավիճակը․
- Այդ ֆիլմը կարելի է անվերջ դիտել։
- Ուրեմն՝ գնանք միասին։
Եվ ահա բարձրանում է վարագույրը։ Երևում են առաջին կադրերը․ թռչում են խատուտիկների փետրիկները՝ միմյանց հետ կապելով Ռիմինի քաղաքի տեսարանները։ Որքա՜ն կատարյալ է Ֆելինին կառուցել իր էքսպոզիցիան։ Հին գայլը խատուտիկներն օգտագործել է, որպեսզի անցնի մի պլանից մյուսին։ Հայտնվում է թափառաշրջիկը և բացականչում․ «La primavera!»։ Իսկ ես․․․ օ՜ հրաշք, ես չեմ քնում։ Հետո մի կին պարանից կախում է իր սպիտակեղենը։ Հայտնվում է փաստաբանը՝ խոսելով կինոխցիկի ուղղությամբ, տեղացի երեխաները ծաղրում են Գրադիսկային, և իմ երջանկությանը չափ չկա։ Ամբողջ ֆիլմի ընթացքում ես բռնում եմ Մայայի ձեռքը, ասես մենք նստած ենք ինքնաթիռում՝ այդ գլուխգործոցի առաջ կորցնելով խոսելու ունակությունը։
«Ամարկորդն» իմ ֆիլմերի համար ուներ նույն նշանակությունը, ինչ Մեծ պայթյունը մեր տիեզերքի համար։ Այդ ֆիլմի կերպարներն ու մտահղացումները դարձան աղբյուրներ, որոնք կյանքով լցրին իմ բոլոր կինեմատոգրաֆիական որոնումները։ Իմ դիպլոմային ֆիլմը՝ «Գեռնիկան», բոլորովին նման չէր «Ամարկորդին», բայց այդ երկուսը միավորում էր մի անտեսանելի կամրջակ։ Երբ ես իմ աշխատանքը ցույց տվեցի պրոֆեսոր Օտակար Վավրեին, նա ասաց․
- Սա լուրջ ֆիլմ է, այսպիսի աշխատանքների շնորհիվ մենք կարող ենք ասել, որ իզուր չենք մեր ուսանողներին սովորեցնում ռեժիսուրա։
Իսկ ես մտովի ասացի․ «Շնորհակալություն, Ֆեդերիկո»։
COMMENTS