«Եթե ձեզ քննադատում են, ուրեմն՝ դուք ամեն ինչ ճիշտ եք անում»։ Բրյուս Լի
Ժան-Պոլ Բելմոնդո․ Ամեն ինչ սկսվում է մանկությունից
«Ռինգն ինձ սովորեցրել է ունենալ հաղթելու ցանկություն։ Կյանքը պայքար է։ Նույնիսկ երբ մեզ թվում է, թե պարտվել ենք, պիտի շարունակենք պայքարել և ոչ մի դեպքում չհանձնվենք»։ Ժան-Պոլ Բելմոնդո
Ջոննի Վայսմյուլեր․ Տարզանն ամեն ինչ փոխեց նրա կյանքում
Ամերիկացի անվանի լողորդ Ջոննի Վայսմյուլերը 20-րդ դարի առաջին կեսի լավագույն մարզիկներից էր, օլիմպիական հնգակի չեմպիոն, վաթսունյոթ անգամ աշխարհի ռեկորդակիր, առաջին հանրաճանաչ մարզական աստղը, ով կինեմատոգրաֆում մեծ հաջողությամբ գտավ իր տեղը: 9 տարեկան հասակում Ջոննին հիվանդանում է պոլիոմիելիտով, և, բժիշկների խորհրդով, արագ ապաքինման համար սկսում է հաճախել լողի պարապմունքների: Երբ ծնողները հաստատվում են Չիկագոյում, Վայսմյուլերը կարողանում է գրավել ԱՄՆ-ի լողի օլիմպիական հավաքականի մարզչի ուշադրությունը: Հենց այդ պահից էլ սկիզբ է առնում լողորդի նրա կարիերան՝ մրցումներ, օլիմպիական անընդմեջ հաղթանակներ ու ռեկորդներ: Մամուլը նրան անվանում էր 20-րդ դարի առաջին կեսի ամենահայտնի ամերիկացի մարզիկը: Բայց նրան վիճակված էր լինել ոչ միայն ճանաչված լողորդ․ 1932թ-ից սկսվում է նաև նրա դերասանական հաջողված կարիերան։ Ջոննին պայմանագիր է կնքում Metro-Goldwyn-Mayer-ի հետ և նկարահանվում է «Տարզան, մարդ-կապիկը» ֆիլմի գլխավոր դերում: Տարզանի մասին առաջին ֆիլմին հաջորդում է այդ լեգենդար կինոհերոսին առնչվող ևս 11 ֆիլմ։ Ընդհանուր առմամբ՝ իր դերասանական գործունեության ընթացքում Ջոննին հասցնում է նկարահանվել ավելի քան 35 խաղարկային ֆիլմերում, սակայն կինոյի պատմության էջերում նրա անունը մնայուն է դարձնում հենց Տարզանի կերպարը, որին պարտական էր իր հաջողությամբ։
Վիննի Ջոնս․ Սկանդալային ֆուտբոլիստից մինչև բլոքբասթերների աստղ
Գայ Ռիչիի սիրելի դերասան Վիննի Ջոնսը նախկինում եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Չելսին», «Շեֆիլդ Յունայթեդը», «Լիդսը» և «Ուիմբլդոնը» (այս վերջին ֆուտբոլային ակումբում նա եղել է թիմի ավագ): Վիննին ֆուտբոլ սկսել է խաղալ դեռևս մանկության տարիներին, թեպետ այդ ժամանակ նրան չհաջողվեց լուրջ առաջընթաց արձանագրել, քանի որ նրան մեծ ապագա չէին խոստանում՝ կարճահասակ ու փոքրամարմին լինելու պատճառով։ Այդուհանդերձ, մի քանի տարի անց Վիննին վերադառնում է ֆուտբոլային ասպարեզ և կարողանում է հասնել հաջողության։ Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում, հանդես գալով որպես պաշտպան ու կիսապաշտպան, նա մասնակցել է 384 խաղի և դարձել է 33 գոլի հեղինակ։
33 տարեկան հասակում նա լքում է ֆուտբոլը։ Իր սկանդալային համբավի պատճառով նա չէր էլ կարող երազել Անգլիայի հավաքականում խաղալու մասին։ Ապացուցելով, որ մայրական կողմից ունի վալիական արմատներ՝ Վիննին կարողանում է մուտք գործել Ուելսի հավաքական և նույնիսկ դառնում է թիմի ավագ՝ անցկացնելով 9 խաղ։ Ռեժիսոր Գայ Ռիչիին Վիննին հետաքրքրում է հենց իր սկանդալային վարքագծի պատճառով, և Ռիչին նրան հրավիրում է նկարահանվելու իր «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» ֆիլմում։ Այնուհետև Ռիչին նրան նկարահանում է իր «Մեծ խաղագումար» ֆիլմում։ Վիննին իր դերասանական կարիերան շարունակում է բլոքբասթերներում նկարահանվելով։ Նրա մասնակցությամբ ֆիլմերի թիվը գերազանցում է 100-ը։
Էրիկ Կանտոնա․ Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը կինոյում
Ֆրանսիացի հանրաճանաչ ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, ով, ի դեպ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղալիս հանդես է եկել նաև Վիննի Ջոնսի դեմ, ունեցել է ֆուտբոլային փայլուն կարիերա, նվաճել է ամենահեղինակավոր մրցանակները, և երկրպագուները նրան կնքել են «Արքա Էրիկ» անունով։ Կանտոնան սկզբում խաղացել է ֆրանսիական ֆուտբոլային ակումբներում և Ֆրանսիայի հավաքականի կազմում, սակայն կարգապահական խախտումների պատճառով մի քանի անգամ որակազրկվել է, իսկ 1992թ-ից իր մարզական կարիերան շարունակել է Անգլիայում։ Չնայած փառավոր հաղթանակներին՝ սկանդալները մշտապես ուղեկցել են Կանտոնային։
1997թ-ին Կանտոնան հայտարարել է իր ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին։ Կինոյում նա սկսել է նկարահանվել դեռևս 1995թ-ից։ Էրիկի մասնակցությամբ ֆիլմագրությունը ներառում է 55 ֆիլմ, այդ թվում՝ «Եղիսաբեթ» օսկարակիր դրաման, որտեղ նրա խաղընկերուհին էր Քեյթ Բլանշեթը։ 2009թ-ին բրիտանական կինոյի անվանի ռեժիսորներից մեկը՝ Քեն Լոուչը, նկարահանում է «Էրիկի որոնումներում» ֆիլմը, որի սյուժեն կառուցված էր իրական Կանտոնայի անձի շուրջ, և որտեղ Կանտոնան գլխավոր դերակատարներից մեկն էր։ Ֆիլմը այդ տարի դառնում է Կաննի «Ոսկե արմավենու» հավակնորդ։
Միքի Ռուրք․ Թմրանյութերի գերին և կանանց սիրելին
Միքի Ռուրքը փոքր տարիքից աչքի է ընկել խենթ ու անկառավարելի բնավորությամբ և մշտապես եղել է փողոցային ծեծկռտուքների մասնակից։ Նրա ընկերական շրջապատում մեծ թիվ էին կազմում կավատները, մարմնավաճառները, թմրավաճառները։ Պատճառը, իհարկե, ոչ միայն նրա բնավորությունն էր, այլև ընտանեկան ծանր մթնոլորտը, քանի որ Միքիի խորթ հայրը հաճախակի էր բռնություն գործադրում նրա և նրա մոր նկատմամբ։ Սկզբում Միքին հրապուրված էր բացառապես սպորտով՝ բռնցքամարտով, որով զբաղվում էր պրոֆեսիոնալ մակարդակով, և բեյսբոլով։ Ռինգում նա պարպում էր իր մեջ կուտակված ողջ ագրեսիան և նրա մրցամարտերը սովորաբար ավարտվում էին հաղթանակով։ Սակայն հաղթանակների արդյունքում շահած գումարը նա վատնում էր թմրանյութ ձեռք բերելու նպատակով։ Միքիի անկանոն կենսակերպը շուտով սկսեց լրջորեն խանգարել նրա սպորտային կարիերային, և հենց այդ ժամանակ ներկա լինելով թատերական բեմադրություններից մեկին՝ նա անդառնալիորեն սիրահարվեց դերասանի մասնագիտությանը։
«Բռնցքամարտը շատ գեղեցիկ ու ազնիվ մարզաձև է և հանդիսանում է իմ կյանքի անբաժանելի մասը։ Այն ինձ սովորեցրել է հարգանք, հետևողականություն, համբերություն, ինքնատիրապետում։ Այդ ամենը ես սկսեցի օգտագործել նաև նկարահանման հրապարակում»։ Միքի ՌուրքՄիքին ընդունվում է Լի Սթրասբերգի հայտնի դերասանական ստուդիան, որտեղ, ի դեպ, քչերին էր հաջողվում մուտք գործել։ Որոշ ժամանակ նա նկարահանվում է էպիզոդիկ դերերում, իսկ 1980-ականներից սկսվում է նրա կարիերայի վերելքը։ Միքին նկարահանվում է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մարտական ձկնիկը» ֆիլմում, Էդրիան Լայնի «9 ու կես շաբաթ» սկանդալային ֆիլմում, Ալան Փարքերի «Հրեշտակի սիրտը» ֆիլմում, Լիլիանա Կավանիի «Ֆրանցիսկոսում», Ռոդրիգես-Միլլեր-Տարանտինո եռյակի «Մեղքերի քաղաքում» և այլն։ 65-ամյա դերասանը նկարահանվել է ավելի քան 150 ֆիլմում և արժանացել է հեղինակավոր կինոմրցանակների։
Խավիեր Բարդեմ․ Արմատներից չես փախչի
Իսպանացի օսկարակիր դերասան Խավիեր Բարդեմը սկզբում ամենևին էլ նպատակ չի ունեցել ընտրելու այդ մասնագիտությունը, թեպետ նրա գերդաստանում մեծ թիվ են կազմում դերասաններն ու դերասանուհիները, ռեժիսորներն ու սցենարիստները, իսկ ինքը՝ Բարդեմը դեռևս մանուկ հասակից մշտապես եղել է նկարահանման հրապարակներում, քանի որ նրա մայրը՝ Պիլար Բարդեմը, ճանաչված դերասանուհի էր։ Խավիերը սկզբում երազում էր ռեգբիստի կարիերայի մասին և հաջողությամբ հանդես էր գալիս Իսպանիայի ռեգբիի ազգային հավաքականի կազմում։ Նրա հաջորդ սերը դարձավ գեղանկարչությունը։ Գեղարվեստի դպրոցում իր ուսման վարձը հայթայթելու նպատակով նա սկսեց նկարահանվել որպես դերասան։ Այդպիսով, ճակատագիրը նրան վերադարձրեց այն մասնագիտությանը, որը նրա համար կանխորոշված էր ի սկզբանե։ Նկարահանումներն ամբողջովին կլանեցին նրան։
«Երբ ես նկարահանվեցի «Խոզապուխտ, խոզապուխտ» ֆիլմում, ես դեռևս շարունակում էի ռեգբի խաղալ։ Իմ խաղը դիտելիս բոլորն ասում էին․ «Օ՜, սա այն տղան է ֆիլմից»։ Իսկ ես մտածում էի. «Մի՛ տվեք ինձ գնդակը, մի՛ տվեք ինձ գնդակը»: Ակնհայտ էր, որ հանուն դերասանական կարիերայի պետք էր թողնել սպորտը»,- վերհիշում է Խավիեր Բարդեմը։ Այսօր Բարդեմն ամենաճանաչված ու սիրված աստղերի թվում է։ «Սա ծերուկների տեղը չէ», «Ծովը ներսում», «Բյութիֆուլ», «Գոյայի ուրվականները», «Կենդանի մարմին», «Սերը ժանտախտի օրերին» և այլ ֆիլմերի դերակատար Բարդեմն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Իսկ կինոյի հետ նրա ճակատագրական կապն ամրապնդվեց ևս մեկ փաստով՝ դերասանուհի Պենելոպա Կրուսի հետ ամուսնությամբ։
Սոնյա Հենի․ Սառույցի ու կինոյի թագուհին
Նորվեգացի գեղասահորդուհի Սոնյա Հենին առաջինը և միակն է կանանց գեղասահքում՝ որպես երեք անգամ օլիմպիական չեմպիոնի կոչման արժանացած մարզուհի։ Իր նվաճած ոսկե մեդալների քանակությամբ Սոնյա Հենին անգերազանցելի ռեկորդակիր է, սակայն այդ փաստը նրան չխանգարեց սկսելու նաև դերասանուհու կարիերա։ Թողնելով սպորտը՝ Սոնյան բնակություն հաստատեց ԱՄՆ-ում և նկարահանվեց հոլիվուդյան ավելի քան 2 տասնյակ ֆիլմերում։ Դեռևս մանկության տարիներին, հետևելով եղբոր օրինակին, Սոնյան սկսեց զբաղվել գեղասահքով և անմիջապես շռնդալից հաջողություններ արձանագրեց։ Նրան արդարացիորեն սկսեցին համարել աշխարհի ուժեղագույն գեղասահորդուհին․ 1927-1936թթ-ին, գրեթե տասը տարի անընդմեջ, նա դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: 1928թ-ին «Սառցե թագուհի» տիտղոսը կրող Սոնյան գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ ելույթ ունեցավ կարճ շրջազգեստով և իր ելույթում առաջին անգամ օգտագործեց խորեոգրաֆիայի տարրեր։
Չնայած փայլուն ձեռքբերումներին՝ Սոնյան միշտ էլ երազել էր հոլիվուդյան կինոաստղ դառնալու մասին։ 1936թ-ին նա հնարավորություն ստացավ իրականություն դարձնելու իր վաղեմի երազանքը՝ պայմանագիր ստորագրելով Fox Studios-ի հետ, ինչի արդյունքում դարձավ իր ժամանակի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։ «Միակը միլիոնի համար» ֆիլմը նրան պարգևեց առաջին լուրջ հաջողությունը, սակայն Սոնյայի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը 1941թ-ին նկարահանված «Արևային հովտի սերենադն» էր։ Սոնյայի հայրենիքում՝ Նորվեգիայում կանգնեցված է նրա արձանը։
Սինթիա Ռոթրոք․ Կինոն ու սպորտը մեկ կյանքում
Յուրաքանչյուրը կարող է հասնել իր նպատակին․ այս խոսքերը, թերևս, Սինթիա Ռոթրոքի պարագայում ծառայում են որպես կյանքի նշանաբան։ Նա իր մրցակիցներին հաղթում էր ոչ միայն մեծ էկրանին, այլև իրական կյանքում։ 13 տարեկան հասակից Սինթիան զբաղվում էր արևելյան մարտարվեստներով։ Նա ցածրահասակ էր, սակայն դա միայն նպաստում էր նրա ճկունությանն ու սրընթացությանը։ 1981-1985թթ-ին Սինթիան ամերիկյան մրցումներում նվաճում է կարատեի չեմպիոնի տիտղոսը։ Նա ունի վեց սև գոտի և, իհարկե, իր համառության ու նպատակասլացության շնորհիվ չէր կարող հաջողության չհասնել նաև կինոյի ասպարեզում։ Նկարահանումների ժամանակ Սինթիան հրաժարվում էր կրկնորդի օգնությունից և նույնիսկ ամենաբարդ ու վտանգավոր տեսարաններում հանդես էր գալիս ինքնուրույն։
Նրա կերպարով ստեղծվել է համակարգչային խաղ։ 1980-ականներից ի վեր նա նկարահանվել է շուրջ 8 տասնյակ ֆիլմում, որոնք հիմնականում մարտաֆիլմեր են։ 60-ամյա Սինթիան այսօր էլ շարունակում է նկարահանվել և մարտարվեստներ դասավանդել այդ ժանրի ֆիլմերում նկարահանվող դերասաններին ու ոչ միայն դերասաններին։ Նա մարզադահլիճների սեփականատեր է, արևելյան մարտարվեստների մրցաշարերում հանդես է գալիս որպես մեկնաբան, իր ասպարեզում համարվում է անվիճելի հեղինակություն և հայտնի է կունգ-ֆուի իր դասընթացներով, որոնք գրավում են հարյուրավոր մարդկանց։
Շուշան Փիրումյան
COMMENTS