«Այն, ինչը մեկի համար խելագարություն է, մյուսի համար իրականություն է»։ Թիմ Բարթոն
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, գրող, մուլտիպլիկատոր և պարզապես առեղծվածային մարդ Թիմ Բարթոնը նախևառաջ տաղանդավոր նկարիչ է, արտիստ, ով իր ստեղծած վառ պատկերներից ոգեշնչված՝ ընտրեց դրանց կենդանություն տալու միակ ուղին՝ ռեժիսուրան:
Դեռ վաղ տարիքից Բարթոնը նկարում էր հետաքրքիր, միստիկական, երբեմն նույնիսկ տարօրինակ կերպարներ: Քչերն են նրան այդպիսին ճանաչում: Նա տաղանդավոր արվեստագետ է, ով իր հույզերն արտահայտում է իր նկարների միջոցով: Բարթոնի պարագայում ֆիլմերից յուրաքանչյուրը ծնվում է թղթի անկյունում մատիտով նկարված մի փոքրիկ պատկերից: Նկարն արդեն իսկ որոշում է ֆիլմի ոճը, բնույթը, երանգները, մինչև անգամ կերպարի բնավորությունը: Նրա ֆիլմերում, կարծես, «հավերժ Հելոուինն է» տիրում: Լինելով եզակի արվեստագետ՝ Բարթոնը կարողացել է ստեղծել իր աշխարհը. նմանը չունեցող մի աշխարհ, որտեղ հանդիսատեսը կարող է մոլորվել ու չցանկանալ իրականություն վերադառնալ:
«Ինձ միշտ սխալ են հասկացել։ Ես կարող եմ հագնել ծաղրածուի հագուստ և ծիծաղել ուրախ ամբոխի հետ միասին, բայց իմ մասին, միևնույն է, կասեն, թե ես մռայլ կերպար եմ»։Բարթոնը սովորել է Քալիֆոռնիայի Արվեստի ինստիտուտում և ավարտելուց հետո հայտնվել է «Դիսնեյ ընկերությունում»: Բարթոնի յուրահատուկ գոթական ոճը շատ է տարբերվում դիսնեյյան այն կախարդական աշխարհից, որը բոլորս գիտենք ու սիրում ենք, և զարմանալի չէ, որ նա իրեն «իր ափսեի մեջ» չէր զգում հայտնի կինոստուդիայում: Նա ձանձրանում էր դիսնեյյան սցենարներից ու անիմացիոն ոճից։ «Դիսնեյ ընկերությունում» աշխատելու տարիներին էր, սակայն, որ Բարթոնը սկսեց ճանաչում ձեռք բերել և նկարահանեց երկու կարճամետրաժ ֆիլմ՝ «Վինսենթը» (Vincent), որը պատմում է փոքրիկ տղայի մասին, ով ուզում էր Վինսենթ Փրայսին նմանվել, և «Ֆրանկենվինին» (Frankenweenie), որը դասական է «Ֆրանկենշտեյնի» հեգնական նմանակումն էր: Չնայած «Վինսենթը» մի շարք մրցանակներ շահեց, այդուհանդերձ, երկու ֆիլմերն էլ չափազանց սարսափազդու էին համարվում երեխաների համար, և դրանց ցուցադրությունն արգելվեց: Սակայն դերասան Փոլ Ռուբենսը, դիտելով «Ֆրանկենվինին», հասկացավ, որ Թիմը ռեժիսորի այն իդեալական տարբերակն էր, ով կօգներ իրականություն դարձնել իր նոր լիամետրաժ ֆիլմը՝ «Փի-Վիի մեծ արկածները» (Pee-wee's Big Adventure)։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ՝ ավելի լայն ճանաչում բերելով Բարթոնին։
Բարթոնին հաջողվեց իր ֆիլմերում մեկը մյուսի ետևից կենդանություն տալ չկրկնվող ու ինքնատիպ կերպարների: Էմոցիոնալ «Մկրատաձեռք Էդվարդից» (Edward Scissorhands) մինչև ցնորական «Մուգ ստվերներ» (Dark Shadows)՝ Թիմ Բարթոնը մշտապես կարողացել է հանդիսատեսին ուղեկցել դեպի իր երևակայության խորքերը: Մի աշխարհ, որը լի է հակասություններով և միաժամանակ կարող է լինել մռայլ ու պայծառ, սարսափեցնող ու հյուրընկալ, դաժան ու զգայուն: Մի աշխարհ, ուր մուգ ու վառ գույները համերաշխ են ապրում, ուր տարօրինակ արտաքինով մարդիկ և հրեշները խիզախ ու մեծահոգի են, և ուր սարսափելին պոետիկ է դառնում:
Բարթոնը հաճախ ոգեշնչվում է իր սիրելի հեղինակներից, ինչպիսիք են Էդգար Ալան Պոն և Ռոալդ Դալը, նրանց երկրպագում է իրենց պատմվածքների խորության ու խորհրդավորության համար, նրանց անհասկանալի աշխարհների համար, որ ավելին են, քան պարզապես սևն ու սպիտակը: Դրանք և՛ զվարճալի են, և՛ տխուր, ինչպես Բարթոնի ֆիլմերը: Նրան ոգեշնչում են նաև շրջապատի մարդիկ: Իր նկարներում հաճախ է անդրադառնում մեր նյութապաշտ հասարակության անհեթեթությանն ու հիերարխիկ կառուցվածքին: Արվարձանները, որտեղ նա ապրել էր, նույնպես ոգեշնչման աղբյուր էին նրա համար: Դա հատկապես արտացոլված է նրա «Մկրատաձեռք Էդվարդը» ֆիլմում:«Խելագարությունը մարդուն հասանելի բարձրագույն ազատությունն է, քանի որ այդ դեպքում նա սահմանափակված չէ հասարակության կաղապարներով»։
Թիմ Բարթոնը երբևէ չի ջանացել պիտակավորել կամ որպես բրենդ ներկայացնել իր արվեստը (չնայած դա նրա համար արել են ուրիշները): Նրա ոճն առանց այդ էլ տարբերակելի է՝ լի փոթորիկներով, բծավոր հանդերձանքներով, ասիմետրիկ կերպարներով, ճոճվող աստիճաններով ու տխրադեմ հրեշներով: Հատուկ ընտրված գունային լուծումները նույնպես առանձնացնում են նրան այլ ռեժիսորներից: Իր ոճում Բարթոնը շեշտը դնում է պարզության, հստակության, խորության ու արագության վրա: Նրա ֆիլմերում հաճախ ենք հանդիպում անսովոր արտաքինով տխուր ծաղրածուների, ովքեր ավելի շուտ վախեցած են, քան վախեցնող: Նրա մեսիջը հստակ է՝ մարդկանց չպետք է դատել ըստ իրենց արտաքինի: Լինել տարբեր՝ չի նշանակում օտարված լինել հասարակության կողմից, իսկ տարբերությունները պետք է ընդունվեն որպես յուրօրինակություն և ինքնատիպություն: Չնայած սարսափելի թվացող կերպարներին՝ Բարթոնի տիեզերքն այնքան էլ զարհուրելի չէ: Այդ ողբերգական կերպարները ծնում են ոչ թե վախի, այլ ափսոսանքի, խղճահարության զգացում, և հանկարծ հասկանում ես, որ հրեշներն էլ կարող են բարի ու ընկերասեր լինել: Բարթոնը կյանքը ցույց է տալիս իր բոլոր կողմերով՝ բարի ու ողբերգական, գեղեցիկ ու դաժան, զվարճալի ու հուզիչ: Եվ գեղեցիկն է, որ հաճախ սարսափելի է թվում:
Սաթենիկ Հակոբյան