– Դու ատում ես կանանց: Ի՞նչ են նրանք քեզ արել: – Կամ նրանց թվում է, թե ամեն ինչ գիտեն իմ, կամ էլ` իրենց մասին: Իսկ դա տաղտկալի է:

ռեժիսոր՝ Բեռնարդո Բերտոլուչի
սցենարի հեղինակներ՝ Բեռնարդո Բերտոլուչի, Ֆրանկո Արկալի, Ժան-Լուի Տրենտինյան, Անյես Վարդա
օպերատոր՝ Վիտորիո Ստորարո
կոմպոզիտոր՝ Գատո Բարբիերի
դերերում՝ Մառլոն Բրանդո, Մարիա Շնայդեր, Ժան-Պիեռ Լեո, Մասիմո Ջիրոտի, Վերոնիկա Լազար, Մարիա Միկի, Ջիտ Մագրինի
արտադրությունը՝ Ֆրանսիա, Իտալիա, 1972թ
տևողությունը՝ 2ժ 9ր
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Փարիզում՝ 1960-ականների վերջին։ 45-ամյա ամերիկացին, ում ցնցել է իր կնոջ մահը, խոր ընկճախտի վիճակում է և իրեն է մեղավոր համարում ամեն ինչի համար։ Կառչելով կյանքից՝ նա ծանոթանում է իրենից անհամեմատ ավելի երիտասարդ, փոքր-ինչ տարօրինակ ու էքսցենտրիկ փարիզուհու հետ։ Նրանց սիրավեպը վերածվում է խելահեղության հասնող կրքի, որը, թվում է, դուրս է ըմբռնելիի սահմաններից և փոթորկի պես ծավալվում է անկանխատեսելի ուղիներով․․․
Օրիգինալ անվանումը` Ultimo tango a Parigi
Ժանրը` էքզիստենցիալիստական մելոդրամա
Կինովերսուսի գնահատականը` 9.5/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմի սյուժեն հիմնականում սկիզբ է առել Բեռնարդո Բերտոլուչիի սեքսուալ ֆանտազիաներից: Նրա գաղափարների վրա ազդել են նաև Ֆրենսիս Բեկոնի նկարները:
- Այս ֆիլմից հետո Մառլոն Բրանդոն 20 տարի չէր շփվում Բերտոլուչիի հետ:
- Ժան-Պիեռ Լեոն այնքան էր վախենում Մառլոն Բրանդոյի հետ հանդիպելուց, որ նրա մասնակցությամբ բոլոր տեսարանները նկարահանվում էին շաբաթ օրերին, երբ Բրանդոն չէր աշխատում: Արդյունքում՝ Լեոն այդպես էլ չծանոթացավ լեգենդար դերասանի հետ:
- Ըստ նախնական պայմանավորվածության՝ ֆիլմի երաժշտությունը պետք է հեղինակեր Աստոր Պիացոլան, սակայն Բերտոլուչին նախընտրեց ջազային կոմպոզիտոր Գատո Բարբիերիին, ում երաժշտությունը, ռեժիսորի կարծիքով, ավելի զգայական էր:
- Երբ ֆիլմը Եվրոպայում մեծ էկրան բարձրացավ, իտալական Բոլոնյա քաղաքի դատարանը Բեռնարդո Բերտոլուչիին, Մառլոն Բրանդոյին, Մարիա Շնայդերին և պրոդյուսեր Ալբերտո Գրիմալդիին մեղադրանք ներկայացրեց «պոռնոգրաֆիայի տարածման» համար: Շատ չանցած՝ բոլոր մեղադրանքները չեղարկվեցին. պատժվեց միայն ռեժիսոր Բերտոլուչին, ով 5 տարով զրկվեց քաղաքացիական իրավունքներից, այդ թվում՝ ընտրելու իրավունքից:
- Ֆիլմն արգելված է եղել Իտալիայում (1972-1986թթ), Պորտուգալիայում (1973-1974թթ), ինչպես նաև Սինգապուրում, Նոր Զելանդիայում և Հարավային Կորեայում:
- Ֆիլմի ամենահայտնի տեսարանը ծնվել է Բերտոլուչիի և Բրանդոյի իմպրովիզացիայի արդյունքում, ովքեր վերջին րոպեին որոշել են փոխել սցենարը և այդ մասին չեն զգուշացրել Մարիա Շնայդերին: Հետագայում դերասանուհին խոստովանել է, որ նկարահանումներից հետո գտնվել է շոկային վիճակում, իսկ տեսարանում իր արցունքներն իրական են եղել:
- «Դավիթ դի Դոնաթելո» մրցանակ դերասանուհի Մարիա Շնայդերին և ԱՄՆ կինոքննադատների միության մրցանակ գլխավոր դերակատար Մառլոն Բրանդոյին:
- «Արծաթե ժապավեն» մրցանակ Բեռնարդո Բերտոլուչիին՝ լավագույն ռեժիսուրայի համար:
ԴԻՏԵԼ ԱՅՍ ՖԻԼՄԸ