«Մի սպասեք փրկության ինչ-որ մեկից՝ լինի մարդուց, մեքենայից, թե գրադարանից։ Ինքներդ ստեղծեք այն, ինչը կարող է փրկել աշխարհը, և եթե խեղդվեք ճանապարհին, ապա գոնե կիմանաք, որ լողում էիք դեպի ափը»:

ռեժիսոր՝ Ֆրանսուա Տրյուֆո
սցենարի հեղինակներ՝ Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լուի Ռիշար
օպերատոր՝ Նիկոլաս Ռոուգ
կոմպոզիտոր՝ Բեռնարդ Հերման
դերերում՝ Օսկար Վերներ, Ջուլի Քրիսթի, Սիրիլ Քյուսակ, Անտոն Դիֆրինգ, Ջերեմի Սփենսեր
արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա, 1966թ
տևողությունը՝ 1ժ 52ր
«Առանց տախտակների ու մեխերի տուն չես կառուցի և եթե ուզում ես, որ տունը չկառուցվի, թաքցրու տախտակներն ու մեխերը։ Եթե չես ուզում, որ մարդը դառնանա, վշտանա, ընկճվի քաղաքականության պատճառով, նույն հարցը երկու կողմից տեսնելու հնարավորություն մի՛ ընձեռիր։ Թող տեսնի միայն մեկը, իսկ ավելի լավ է՝ ոչ մեկը։ Թող մոռանա, որ աշխարհում գոյություն ունի պատերազմ։ Եթե կառավարությունն անկարող է, ոչինչ չի հասկանում, հարկերով խեղդում է ժողովրդին, համենայնդեպս՝ ավելի լավ է, քան եթե ժողովուրդն ըմբոստանա։ Ամենաէականը անդորրն է, Մոնթագ։ Կազմակերպեք տարբեր մրցույթներ, օրինակ՝ ո՞վ է ավելի լավ հիշում հանրածանոթ երգերի բառերը, ո՞վ կարող է թվարկել Նահանգների բոլոր գլխավոր քաղաքները կամ ո՞վ գիտե, թե Այովա նահանգը որքան հացահատիկ է տվել անցյալ տարի։
![]() |
Տրյուֆոն՝ նկարահանման հրապարակում |
Այն մարդը, որ ունակ է քանդելու և հավաքելու հեռուստատեսային պատը,— իսկ մեր օրերում մեծամասնությունը կարողանում է,— շատ ավելի երջանիկ է նրանից, ով ջանում է չափել և հաշվարկել տիեզերքը, քանի որ չի կարելի այն չափել ու հաշվարկել՝ առանց սեփական ոչնչությունն ու մենակությունը զգալու։ Ես գիտեմ, ես փորձել եմ։ Ո՛չ, գրո՜ղը տանի։ Տվեք նրանց զվարճալիքներ, երեկույթներ, մարմնամարզիկներ ու ձեռնածուներ, կրկեսային հանդուգն համարներ, հրթիռային ավտոմեքենաներ, ուղղաթիռ-մոտոցիկլետներ, պոռնոգրաֆիա և թմրադեղեր։ Ավելի շատ այն ամենից, ինչը հարուցում է պարզագույն ավտոմատ ռեֆլեքսներ։ Եթե դրաման անբովանդակ է, կինոնկարը՝ անիմաստ, իսկ կատակերգությունը՝ սնամեջ, գրգռեք իմ նյարդերը խլացուցիչ երաժշտությամբ։ Եվ ինձ կթվա, թե պիեսը հուզում է ինձ, չնայած դա ընդամենը ռեակցիա է ձայնային ալիքների հանդեպ։ Բայց ինձ համար միևնույն է։ Սիրում եմ, երբ ինձ ինչպես հարկն է թափ են տալիս»։
Ռեյ Բրեդբերի, «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (1953թ)
Մոտ ապագայում աշխարհում հաստատվում է տոտալիտար ռեժիմ, որն արգելում է բոլոր գրքերը՝ սպառողական մտածելակերպն ամրացնելու նպատակով։ Արգելված գրքերը ենթակա են այրման, և այդ աշխատանքով զբաղվում են հրշեջները՝ մտնելով խախտողների տուն ու այրելով ամեն ինչ։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ հրշեջ Գայ Մոնթագը, համոզված է, որ օգուտ է բերում մարդկությանը, սակայն մի օր աշխատանքից տուն վերադառնալիս նա հանդիպում է Քլարիսա ՄըքԼելան անունով մի աղջկա, ում հետ զրույցները ստիպում են Մոնթագին դառնալ այլախոհ․․․
Օրիգինալ անվանումը՝ Fahrenheit 451
Ժանրը՝ հակաուտոպիա
Ժանրը՝ հակաուտոպիա
Կինովերսուսի գնահատականը՝ 8․5/10
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Սա Ֆրանսուա Տրյուֆոյի առաջին գունավոր ֆիլմն է։ Այն նկարահանվել է ըստ ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի համանուն վեպի։
- Բոլոր ենթագրերը ֆիլմում արտասանվում են, ոչ թե կարդացվում։ Սա լիովին համապատասխանում է նոր աշխարհի պատկերացմանը, որտեղ տպագիր տեքստն ավելորդ է։
- Վեպում ասվում է, որ Ֆարենհայթի սանդղակով 451 աստիճանը թղթի այրման ջերմաստիճանն է։ Իրականում թուղթն այրվում է 450 աստիճանում ըստ Ցելսիուսի։
- Հրդեհի տեսարանում այրվող գրքերի մեջ նկատելի են Դոստոևսկու («Կարամազով եղբայրներ»), Պուշկինի («Կապիտանի աղջիկը»), Նաբոկովի («Լոլիտա»), Բրեդբերիի («Մարսյան քրոնիկոն», «451 աստիճան ըստ Ֆարենհայթի») ստեղծագործությունները, ինչպես նաև «Կայե դյու սինեմա» ամսագիրը, որտեղ ժամանակին աշխատել է Տրյուֆոն։