«Երազում․․․ ես քայլում եմ քեզ հետ։ Երազում․․․ ես խոսում եմ քեզ հետ։ Երազում դու իմն ես»։ «Կապույտ թավիշ», 1986թ
«Մեր աշխարհը հակասությունների աշխարհ է: Յուրաքանչյուրս առնվազն երկու էություն ունենք: Միշտ սիրել եմ իմ երկու կողմերը: Դրանցից մեկը գնահատելու համար պետք է լավ իմանաս մյուսը: Որքան շատ մթություն ես նկատում, այնքան ավելի շատ լույս կարող ես տեսնել»։ Դևիդ Լինչ«Կապույտ թավիշը» նկարահանելու գաղափարը Դևիդ Լինչը մտահղացել էր դեռևս 1973թ-ին։ Իր նախորդ աշխատանքի՝ «Ավազաբլուր» ֆիլմի լիակատար ձախողումից հետո ռեժիսորին ուժերը հավաքելու և վստահությունը վերագտնելու համար մի նոր շունչ էր հարկավոր: Այս ֆիլմը հենց այն էր, ինչ պետք էր վարպետին, և ճիշտ ժամանակին ծնվեց: «Կապույտ թավիշը», ինչպես նկարագրել է ինքը՝ Լինչը, «սիրո ու առեղծվածի մասին պատմություն է»: Այդ պատմությունը բացահայտելու համար ռեժիսորը մեզ հրավիրում է մուտք գործել իր հերմետիկ աշխարհ թե՛ խուզարկուի, թե՛ դիտորդի կարգավիճակում: Նա ստեղծում է մի աշխարհ, որը միաժամանակ և՛ հարազատ է, և՛ անծանոթ: Դա հակասություններով ուղղորդվող աշխարհ է, որտեղ մակերեսայնությունն ու խորությունը, բարին ու չարը յուրօրինակ համակեցության մեջ են: Փորձելով ուսումնասիրել «Կապույտ թավիշի» տեխնիկական հնարքները՝ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչպես է ռեժիսորը երկակի սյուժետային գծեր ստանում։ Լինչի կինոարարման ամենայուրօրինակ կետերից մեկը, թերևս, հոգեբանական դաշտի երևակայական տարրերը կինոյի լեզվով թարգմանելու կարողությունն է: Վերոնշյալ տեխնիկան Լինչի գործունեության մեջ դրսևորվում է երկու հիմնական հնարքներով.
1. Երկակի տրամաբանությամբ, երբ ֆիլմի հերոսները (մեծ մասամբ՝ կանայք) հակադիր ուժեր են մարմնավորում:
2․ Տիեզերական տրամաբանությամբ, երբ մակերեսի ու խորության միջև շարժումը դառնում է այն անհրաժեշտ փոխաբերությունը, որը պետք է հիմք հանդիսանա մտքի ու երևակայության ուսումնասիրության համար:
Լինչի ձեռագրի տիպիկ նրբություններից է սովորական երևույթին տարօրինակ բնույթ հաղորդելու միտումը: Ամենից առաջ՝ «Կապույտ թավիշը» ամերիկյան ֆիլմ է: Այն նկարահանվել է տիպիկ ամերիկյան քաղաքում, որի նախատիպը ռեժիսորի մանկության Բոյսե քաղաքն է (ԱՄՆ, Այդահո): Լինչը շեշտը դնում է հանդիսատեսին հարազատ կարծրատիպային պատկերների վրա. 50-ականների Մ․ Նահանգները, այդ տարիների փոփ-երաժշտությունը, ամերիկացիների սիրելի դետեկտիվ մթնոլորտը: Օգտվելով այս ժանրի տարածված արտահայտչամիջոցներից՝ ռեժիսորը չափազանցության է հասցնում սյուժեի գրեթե ամեն մի մասնիկը՝ հանգեցնելով սյուրռեալի սահմանին: «Սովորական թաղամասի» պատկերը ծագում է սովորականի տակ թաքնված անսովորի հանդեպ նրա հետաքրքրությունից:
«Մանկության տարիներին, երբ ես ու եղբայրս մի օր ուշ գիշերը դրսում էինք մնացել, հանկարծ նկատեցինք մի մերկ կնոջ, ով լաց լինելով բարձրանում էր փողոցով: Երբեք չեմ մոռանա այդ պահը: Հետագայում ինձ մշտապես հետապնդում էր մի տարօրինակ ցանկություն․ ուզում էի հայտնվել որևէ աղջկա բնակարանում ու գիշերը հետևել նրան: Գրեթե համոզված էի, որ այդ ընթացքում առեղծվածային մի բան կտեսնեի: Կարծում եմ՝ մարդկանց միշտ գրավում են նման երևույթները, այդ իսկ պատճառով կինոն ֆանտաստիկ աշխարհ է. այստեղ յուրաքանչյուրը կարող է վուայերիստ լինել»,- նշել է ռեժիսորը: «Ինձ համար առեղծվածը կարծես մագնիս լինի. եթե ինչ-որ տեղում մի անհայտ բան կա, այն ինձ ձգում է: Հասարակ օրինակ. դու գտնվում ես մի սենյակում: Դուռը բաց է, դեպի ներքև տանող աստիճաններ են երևում: Հանկարծ ներքևի լույսն անջատվում է: Շատ հավանական է, որ դու ցած իջնելու ցանկություն կունենաս»:
Մակերեսայինի ու խորքայինի, քաոսի ու կարգուկանոնի հասկացությունները Լինչի ֆիլմում ի հայտ են գալիս Ֆրեյդի ենթագիտակցական տրամաբանության ազդեցությամբ: Բարու և չարի հակադրությունը հանգեցնում է տարօրինակ, երկակի էության, որը համակում է «Կապույտ թավիշի» ամեն մի կադրն ու ամեն մի կերպարը: Լինչն անձամբ խոստովանել է, որ էսթետիկ հետաքրքրություն է տածում ծայրահեղ տարբեր երևույթների հանդեպ։ «Յուրաքանչյուր ոք ունի լավի ու վատի իր չափաբաժինը, սակայն ֆիլմում սպիտակը դառնում է ավելի սպիտակ, սևը՝ ավելի սև: Այս հակադրությունը գեղեցկացնում է ցանկացած ստեղծագործություն»: Պատահական չէ, որ «Կապույտ թավիշում» նույնիսկ գույներն են կոնտրաստային: Սպիտակ ցանկապատի դիմաց ճոճվող վարդերի գերհագեցած կարմիրն ու կակաչների վառ դեղինն ընդգծում են երկնքի մռայլ գույնը։ Առհասարակ՝ գույնը կարող է հուզական-հոգեբանական վիճակ թելադրել: Դրա վառ ապացույցը կարող ենք տեսնել Ֆրենկ Բուֆի կերպարում, ում համար կապույտ թավիշը բուռն ոգևորության, ինչպես նաև հարմարավետության զգացումի աղբյուր է։
Այսպիսով, դժվար է չնկատել, որ ֆիլմում գերակշռում են մի քանի երանգներ, որոնք, միանշանակ, պատահական չեն ընտրված: Կապույտը՝ Լինչի սիրելի գույնը, ակնհայտորեն դոմինանտ է մյուս գույների շարքում: Կապույտն ամենուր է. ենթագրերի թավշե վարագույրը, Դորոթիի շքեղ խալաթը, լուսավորությունը բարում և այդ նույն բարում հնչող երգը, Դորոթիի աչքերի ստվերաներկը, սավանները, մեքենան, անվերջ թվացող միջանցքները և, ի վերջո, ֆիլմի անվանումը: Կապույտը գերիշխող տեղ ունի նաև Լինչ-գեղանկարչի ստեղծագործության մեջ: Լինչի արվեստում կապույտին մշտապես հակադրվում է կարմիրը. կապույտ երկնքի ֆոնին երևացող կարմիր ծաղիկները, ոստիկանական ու հրշեջ մեքենաների կարմրակապտավուն լույսերը, Դորոթիի կարմիր շրթներկը, եղունգներն ու կոշիկները: Դարչնագույնն իր բոլոր երանգներով կապվում է դրական հերոսների և նրանց շրջապատող իրերի հետ: Ֆիլմի վերջում Դորոթիին նույնպես տեսնում ենք դարչնագույն երանգի մեջ. որդին փրկված էր, և նա վերադարձել էր բնականոն կյանք: Դեղինն արտացոլվում է անհանգիստ կակաչների ու կաշառակեր ոստիկանի բաճկոնի միջոցով՝ խորհրդանշելով ապականումն ու քաոսը: Դեղին բաճկոնի վիզուալ սրությունը, որպես այդպիսին, ոչ մի իմաստ չունի, սակայն առեղծված-երազի համատեքստում այն դիտողին տպավորելու զենք է: Լինչի ֆիլմերում սևը երբեք չեզոք չէ, այն մթությունն է, մակերեսայինի տակ թաքնվող իրականությունը: Սևը Ֆրենկի կաշվե բաճկոնն է, Դորոթիի երեկոյան զգեստները, ֆիլմի սկզբում երևացած՝ հողի տակ ապրող միջատները: Ինչ վերաբերում է սպիտակին, ապա այն կրում է Սենդին՝ միակ անմեղ ու մաքուր կերպարը: Լինչի գունային հիերարխիայում միայն նրան է թույլատրվում սպիտակ հագուստ կրել:
«Կապույտ թավիշում» կոնտրաստային խաղ է սկիզբ առնում նաև կանանց կերպարների միջոցով: Սնվելով նուար ժանրին բնորոշ տեխնիկայից՝ Լինչը շիկահեր կնոջը ներկայացնում է որպես ռացիոնալ ու անմեղ արարած, մինչդեռ սևահերը ներկայանում է իռացիոնալ, սեթևեթ ու վտանգավոր կերպարի տեսքով: Հետևաբար՝ Սենդին և Դորոթին Լինչի ստեղծած հակադրությունների շարքում են: Նրանց միջոցով է Ջեֆրին քննում իր սեփական հոգեվիճակը: Սենդիի հետ նա շփվում է օրվա ցերեկային ժամերին՝ կիսվելով վերջինիս հետ իր խոհեմ պլաններով ու ստեղծված իրավիճակի շուրջ իր կարծիքներով: Սենդիի միջոցով Ջեֆրին առնչվում է կենցաղային կյանքի հետ: Նրա օգնությամբ հերոսը կարողանում է մնալ կյանքի մակերեսին՝ խուսափելով խորքում թաքնված մութ աշխարհ ներքաշվելուց։ Դրան հակառակ՝ Դորոթին, կարծես, Ջեֆրիի երկրորդ «ես»-ը լինի, որը նրան դրդում է ճանաչել իր չգիտակցված ցանկություններն ու մտքերը: Այսպիսով, կա տեսակետ, թե այս երկու կանայք իրականում մեկ անձի երկու կողմերն են, որ շարունակ հաջորդում են միմյանց:
Ինչպես երազներում, այնպես էլ «Կապույտ թավիշում» կերպարները, գույները, գործողությունները հուզական ու հոգեբանական ռեզոնանսներ են ստանում, մինչդեռ դրանց իրական նշանակությունները անհասանելի ու չբացահայտված են մնում: Այս առումով «Կապույտ թավիշը», անկասկած, բազմաշերտ ֆիլմ է։ Ինչպես նշել է Լինչը, այս ֆիլմը «ենթագիտակցությանը ձև հաղորդելու հիանալի միջոց է»: Դրան հասնելու համար ռեժիսորը դիմում է տարածական տրամաբանությանը. մակերեսայինն ու խորքայինն ընդգծում են միմյանց: Այս փոխհարաբերության վառ օրինակ ենք տեսնում ֆիլմի հենց սկզբում, երբ գեղատեսիլ պատկերներից ու ամերիկյան իդեալական քաղաքի տեսարաններից հետո տեսախցիկն իջնում է խոտածածկի տակ՝ ցույց տալու այն քաոսային ու դաժան իրականությունը, որ թաքնված է հողի տակ: Այն երևույթները, որ սովորաբար տեսողությունից դուրս են մնում, մեզ ներկայացվում են տեսախցիկի խորաթափանց աչքի միջոցով: Ջեֆրիի համար մակերեսայինն ու խորքայինը միացնող կապ է դառնում կտրված ականջը, որը թեև այլևս մարմնի մաս չի կազմում, բայց ի զորու է կապակցել երկու աշխարհները: Ականջի միջոցով Ջեֆրին կարողանում է ավելի լավ ճանաչել սեփական միտքը՝ գիտակցելով, թե ինչ չափի նմանություն ունեն ինքն ու Ֆրենկը։ «Ականջը դեպի այլ աշխարհ տանող տոմս է»,- ամփոփել է ռեժիսորը: Ֆիլմի վերջում տեսախցիկը դուրս է գալիս Ջեֆրիի ականջից՝ խորհրդանշելով վերադարձ դեպի բնականոն ու ռացիոնալ աշխարհ: Տեսնում ենք նույն Ջեֆրիին, սակայն միանգամայն այլ պայմաններում. բազմած հարմարավետ աթոռին՝ նա վայելում է այգու խաղաղությունը: Լինչի հերոսը դուրս է եկել չար ուժերի գայթակղիչ ճանկերից ու վերադարձել իրեն հարազատ կենցաղ: Կարգուկանոնը, թվում է, վերականգնված է, սակայն վերջում, երբ թռչունը ճանկում է ճարահատյալ բզեզին, հանդիսատեսը համոզվում է, որ հակադիր ուժերը շարունակում են հատվել:
Նույնանալով գլխավոր հերոս Ջեֆրիի հետ՝ հանդիսատեսը ներքաշվում է գործողությունների ընթացքի մեջ որպես հետախույզ: Աստիճանաբար հանդիսատեսը դառնում է նաև վուայերիստական հետաքրքրություններ ունեցող պասիվ դիտորդ: Սենդին հարցնում է Ջեֆրիին. «Չգիտեմ՝ հետախո՞ւյզ ես, թե՞ շեղված»՝ մեզ ևս իրենց հետևելու դրդապատճառների մասին մտածելու առիթ տալով։ Հաշվի առնելով հերոսի «դիտորդական առաքելության» վճռորոշ դերը ֆիլմում՝ հասկանալի է դառնում, թե որքան կարևոր էր զննման համար ճիշտ կետ ընտրելը. «Մենք երբեք չենք նկարահանել այնպիսի դիրքում, որը տեսանելի չլիներ պահարանից: Պահարանը գտնվում է տան այն կետում, որտեղից Ջեֆրին կարող է տեսնել ճաշասենյակը, դեպի լոգասենյակ տանող միջանցքն ու խոհանոցի մի հատվածը»,- նշել է ֆիլմը ստեղծողներից մեկը։ Պահարանից բացվող տեսարանի ամենայուրահատուկ հատկանիշը դրա թատերականացումն է: Թվում է՝ կերպարները խոսում ու շարժվում են միմիայն սենյակում թաքնված դիտորդին գոհացնելու համար՝ հասկանալով, որ ներկայացում են մատուցում վերջինիս: Իրականում Ֆրենկն ու Դորոթին ներկայացում են բեմադրում ոչ միայն Ջեֆրիի, այլև կինոթատրոնում նստած բազմաթիվ մարդկանց համար, ովքեր, ընկղմված սրահի մթության մեջ, իրենց զգում են ինչպես սեփական պահարանների ներսում: Բացի այդ, Լինչը առաջարկում է հանդիսատեսին՝ դուրս գալ պասիվ դիտորդի դերից: Ջեֆրիին նկատելուն պես Դորոթին նրան ստիպում է դուրս գալ դիտողի դերից ու «բեմ բարձրանալ»: Այս անսպասելի շրջադարձը, անկասկած, խաղում է հանդիսատեսի նյարդերի հետ, հատկապես երբ կադրում հայտնվում է դանակը:
Մի առիթով խոսելով ֆիլմի, թերևս, ամենավառ կերպարի՝ Ֆրենկ Բուֆի մասին՝ Լինչը նշել է. «Ըստ իս՝ բոլոր ամերիկացիները լավ ճանաչում են Ֆրենկին: Համոզված եմ՝ գրեթե բոլորն իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հանդիպել են նրան: Միգուցե ձեռքով չեն բարևել նրան կամ միասին գնացել մի բան խմելու, սակայն դուք բոլորդ լավ գիտեք, որ հանդիպել եք նման մարդու: Նույնը կարելի է ասել Դորոթիի մասին: Երբ սկսում ես հասկանալ, որ Դորոթին ոչ թե Դորոթին է, այլ ցանկացած կին, ամեն ինչ ավելի է բարդանում»,- նշել է Լինչը: «Ֆիլմի սցենարը կարդալուց հետո Դենիս Հոփերը զանգահարեց ինձ ու ասաց. «Դևիդ, պետք է Ֆրենկի դերն ինձ տաս, որովհետև ես Ֆրենկն եմ»: Խոստովանեմ, որ այս խոսքերը վախեցրին ինձ»:«Կապույտ թավիշի» մասին խոսելիս չի կարելի անտեսել ֆիլմի երաժշտական ձևավորումը: Ֆիլմի անվանումը կապված է Բոբի Վինթոնի՝ 1963թ-ին տարածված «Կապույտ թավիշ» երգի հետ (“Blue Velvet”, օրիգինալ տարբերակը կատարվել է 1951թ-ին Թոնի Բենեթի կողմից): Լինչի շնորհիվ այս ստեղծագործությունը կինոսերներն ասոցացնում են Իզաբելլա Ռոսելինիի հետ: Ոչ պակաս կարևոր է Լինչի բազմաթիվ ֆիլմերի սաունդթրեքների հեղինակ Անջելո Բադալամենտիի մոգական երաժշտությունը: Այս ֆիլմի շրջանակներում սկիզբ է դրվում Լինչի և Ջուլի Քրուզի համագործակցությանը: Իհարկե, չի կարելի մոռանալ լեգենդար Ռոյ Օրբիսոնի “In dreams” երգը, որն ուղեկցում է ֆիլմի ամենատպավորիչ դրվագներից մեկը: Թվում է՝ այս ստեղծագործությունը գրված է հենց Ֆրենկի համար. տարօրինակ մարդկանցով լցված այդ սենյակի անիրական մթնոլորտը ավելի ազդեցիկ լինել չէր կարող:
«Կապույտ թավիշը» առանձնահատուկ է նաև այն առումով, որ դժվարությամբ է տեղավորվում որևէ ժանրի սահմաններում: Տեղին չեն ո՛չ դրաման, ո՛չ կրիմինալ թրիլերը, ո՛չ էլ սև կատակերգությունը: Որոշ մասնագետներ այն համարում են սյուրռեալիստական ժանրի ֆիլմ: Ի՛նչ խոսք, այս տեսակետն անհիմն համարել չենք կարող: Ինքը՝ Լինչը, բազմիցս նշել է, որ մրջյուններով լցված ականջի տեսարանը ոգեշնչված է սյուրռեալիզմի մեծագույն վարպետներից մեկի՝ Լուիս Բունյուելի «Անդալուզյան շունը» (1929թ) ֆիլմի՝ մրջյուններով ծածկված ձեռքի դրվագից: Բունյուելն ու Դալին ածելիով կտրված աչքի միջոցով սկսել էին դեպի ենթագիտակցության աշխարհ իրենց ճամփորդությունը: Լինչը, իր հերթին, փոքր-ինչ մեծացնում է զգայական օրգանների իր շարքը՝ ավելացնելով լսողությունը, համը, հոտառությունն ու շոշափելիքը: Այս զգայարաններից յուրաքանչյուրը կարող է առեղծվածային աշխարհ տանող դուռ դառնալ, մի դուռ, որի մուտքը բանականության առջև զգուշորեն փակված է թավշե կապույտ վարագույրներով:
Այս ֆիլմի միջոցով Լինչը զգալիորեն մոտենում է նաև պոստմոդեռնիզմի կատարյալ էսթետիկային, արհամարհանքով լի գեղագիտական երանգավորում է տալիս իրականությանը՝ այն մատուցելով որպես կաբարեի մի ներկայացում, որը բացվում և փակվում է այդ նույն կապույտ թավշից վարագույրներով… «Կապույտ թավիշը» զանգվածային յուրատեսակ հոգեվերլուծություն է, որը թույլ է տալիս ներթափանցել մի ամբողջ ազգի կոլեկտիվ ենթագիտակցություն: Դրանով իսկ Դևիդ Լինչի գլուխգործոցը նոր շունչ է հաղորդել կինոյում իրականության գեղարվեստական պատկերման հնարքներին:
Արմինե Նազարյան
COMMENTS