«Մեկնարկի ժամանակ միշտ էլ երևում է, թե որ ձին կհաղթի, և որը կպարտվի»:

ռեժիսոր՝ Սերջիո Լեոնե
սցենարի հեղինակներ՝ Սերջիո Լեոնե, Լեո Բենվենուտի, Պիեռո դե Բերնարդի, Էնրիկո Մեդիոլի, Ֆրանկո Արկալի, Ֆրանկո Ֆերինի, Էռնեստո Գաստալդի, Սթյուարտ Կամինսկի, Նորման Մեյլեր
օպերատոր՝ Տոնինո Դելի Կոլի
կոմպոզիտոր՝ Էնիո Մորիկոնե
դերերում՝ Ռոբերտ դե Նիրո, Ջեյմս Վուդս, Էլիզաբեթ ՄըքԳովերն, Ուիլյամ Ֆորսայթ, Դենի Այելո, Ջո Պեշի, Բերտ Յանգ, Ջեյմս Ռուսո, Ջեյմս Հեյդեն
արտադրությունը՝ ԱՄՆ, Իտալիա, 1983թ
տևողությունը՝ 4ժ 11ր

«Մի անգամ Ամերիկայում» կինոնկարը պատմություն է մի քանի գանգստեր ընկերների մասին, ովքեր, հանդիպելով 20-րդ դարի սկզբին Նյու Յորքի հրեական թաղամասում, հարստացել են ոգելից խմիչքն արգելող «չոր օրենքի» տարիներին։ Հիմնական իրադարձությունները պատկերված են «Լապշա» կեղծանունով Դևիդ Արոնսոնի հիշողությունների, երազների և ափիոնային տեսիլքների արտասովոր միահյուսման շնորհիվ: «Ամերիկյան երազանքին» հետամուտ՝ նա անօրինական գործունեության միջոցով դառնում է հարուստ գործարար: Բայց ստացվում է այնպես, որ, իր կամքին հակառակ, «Լապշան» դառնում է ընկերների մահվան պատճառը, և մեղքի զգացումը ճնշում է նրան տասնամյակներ շարունակ, մինչև որ նա հասկանում է՝ իրեն են դավաճանել, և ոչ թե ինքն է դավաճանել, և ինքը զոհ է, ոչ թե հանցագործ:
Սակայն, ռեժիսորական խորամանկության շնորհիվ, ափիոնային ծխի մշուշը կասկածի տակ է դնում այդպիսի հանգուցալուծումը: Իսկ միգուցե էկրանին տեղի ունեցող ամեն ինչը լոկ տեսի՞լք էր, վատ երա՞զ կամ հիշողությո՞ւն: Վերջին կադրում գլխավոր հերոսի երանավետ ժպիտը կարծես թե ակնարկում է, որ Ռոբերտ դե Նիրոյի հերոսն իր տեսիլքներում մոդելավորում է ապագայի մի այնպիսի տարբերակ, որտեղ ինքն ազատվել է լավագույն ընկերոջ մահվան և սիրելի կնոջ բռնաբարության համար մեղքի ծանրությունից:
Օրիգինալ անվանումը՝ Once Upon a Time in America
Ժանրը՝ գանգստերական դրամա
Ժանրը՝ գանգստերական դրամա
Կինովերսուսի գնահատականը՝ 9.5/10
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Բրիտանական կինոակադեմիայի երկու մրցանակ՝ լավագույն կոստյումների և լավագույն երաժշտության համար:
- Հինգ «Արծաթե ժապավեն» մրցանակ՝ լավագույն ռեժիսորական, օպերատորական և նկարչական աշխատանքների, ինչպես նաև լավագույն հատուկ էֆեկտների ու լավագույն երաժշտության համար:
Սերջիո Լեոնե, Ջեյմս Վուդս, Ջո Պեշի, Ռոբերտ դե Նիրո և Դենի Այելո. Կանն, 1984թ
- Սթենլի Կուբրիկը, դիտելով այս ֆիլմը, զանգահարել է Սերջիո Լեոնեին և հիացած բացականչել. «Գրո՛ղը տանի, ինչպե՞ս ես դա արել»:
- Տեխնիկական սխալի պատճառով Էնիո Մորիկոնեի անունը դուրս է մնացել ֆիլմի նախնական ենթագրերից՝ արդյունքում զրկելով կոմպոզիտորին «Օսկարի» նոմինացիայի հնարավորությունից, քանի որ այդպիսին էին Ամերիկյան կինոակադեմիայի կանոնները:
- Ամերիկյան վարձույթի համար ֆիլմը կրճատվել էր մինչև 139 րոպե, ինչն այնքան էր վրդովեցրել Սերջիո Լեոնեին, որ վերջինս որոշել էր հեռանալ կինոյից: Այդ ժամանակ նրա հետ կապ է հաստատել մի պրոդյուսեր Մերձավոր Արևելքից և հայտարարել, որ պատրաստ է գնել ֆիլմը՝ պայմանով, որ հրեաների մասնակցությամբ բոլոր տեսարանները պետք է հեռացվեն (հիշեցնենք, որ ֆիլմի բոլոր գլխավոր հերոսները ազգությամբ հրեաներ են):
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ