«Սերգեյ Փարաջանով․ պատմվածքներ և սցենարներ» գրքից
Ձիերը
Տափաստան։ Դաշտ։ Տոթակեզ օր։ Ձիեր․․․ Շատ ձիեր․․․Մեկը խոտ է փրցնում, մյուսը հոգնել է ծամելուց և սահուն կողից կող է թավալվում․․․ Երրորդը ալարկոտ հետևում է նրան։
Անդորր, լռություն․․․
Ձին մռութը ցցեց և լարված սևեռեց ինչ-որ մի կողմի վրա։ Նրա ետևից մյուսը, երրորդը․․․
Ձին տեղից վեր թռավ․․․
Ռունգեր։ Լայնացած ռունգեր։
Եվ դարձյալ միևնույն լռությունն է, միայն հեռվից լսվում է անիվների չխկչխկոցը։
Հանկարծ՝ սմբակների հատու հարված փայտին և հովատակի խրխնջոց։ Ձայնն արագ ահագնանում է և արձագանքի է վերածվում, բազմանում է․․․
Արձանների պես քարացած ձիերի կողքով, անիվներով համաչափ թխկթխկացնելով՝ անցնում է հովատակներին տանող գնացքը։
Գնացքը շրջադարձին անհետանում է, և այդժամ ձիերը տեղից պոկվում են և նետվում են նրա ետևից։
Կառամատույցը․․․ Ուղևորները կառամատույցում․․․ Նրանց կողքով ծիկրակում են խրխնջող, մոլեգին հովատակներով վագոնները։
Կառամատույց են նետվում փրփրակալած ձիերը․․․
Մարդկանց չդիպչելով՝ նրանք անցնում են մարդկանց արանքներով։
Կառամատույցը կտրուկ հատվում է։
Դրա ծայրին՝ ասես մեխված, կանգնել են ձիերը։
Իսկ գնացքը խրխնջացող հովատակներով վագոնները տանում ու տանում էր հեռու։
Ինչպես էի ես քնել Ստալինի դիմանկարի վրա
Ինձ վստահել էին տանել ցույցի ժամանակ Ստալինի դիմանկարը այն բանի համար, որ ես ՎԳԻԿ-ում գերազանցիկ էի։ Ես հպարտ տանում էի Ստալինին Կարմիր հրապարակով՝ հույսով, որ նա ինձ կտեսնի, և հորս բանից ազատ կարձակեն։
Եվ ահա մենք տանում եք Ստալինի մեծ դիմանկարը՝ ես և իմ ՎԳԻԿ-յան վրացի ընկերները, և հանկարծ քամի․․․ քամի։
Մենք վազքով անցնում ենք ամբիոնի մոտով․․․ Հետո ինչ-որ տեղ՝ Քարե կամրջի մոտ, բոլորը ցրվում են, և ես դիմանկարով մենակ եմ մնում։
Իմ Ստալինը խոժոռվում, կնճռոտվում է, և ինձ առագաստի պես տանում է։
Ես հիշում եմ․ «Ճերմակին է տալիս առագաստը մենավոր․․․ Եվ կայմը ծռվում ու ճարճատում է»։ Եվ ես ծռվում ու ճարճատում եմ․․․
Վերջապես ես թռա դեպի դարբասատակը, շրջանակը կոտրեցի, հանեցի Ստալինով գործվածքը և խնամքով ծալեցի։
Հետո մտա փոստ, կտավը հեռագրով ուղարկեցի մորս այս հասցեով․ Թիֆլիս, Կոտե Մեսխի, 7, Բեժանովա Սիրան Դավիթովնային։ Հեռագրին կից նամակ դրեցի․
«Մայրիկ։ Մեր փողոցի սկզբում հաշմանդամների արտելն է, կոչվում է «Ձմոբա» (Եղբայրություն)։
Նրանց մոտ այսպիսի խորհրդանիշ է՝ ձախ ձեռքով են բարևում։ Այնտեղ աշխատում է քեռի Կոտեն։
Նա շատ էր ուզում Ստալինի դիմանկարն ունենալ, որպեսզի տոներին այն ցուցադրեր։ Խնդրում եմ, տուր նրան և շատ չէժանացնես»։
Անցավ մեկ ամսից ավելի։ Ես մորս հիշեցրի, թե ուր են փողերը դիմանկարի համար։
Չէ՞ որ դրա վրա Ստալինն է։
Նկարիչ Գանտմանի աշխատանքը։ 1 (Մոիսեյ Գանտման) ծնված 1922թ), նկարիչ։ Ավարտել է ՎԳԻԿ-ի գեղարվեստի ֆակուլտետը)։
Եվ ահա մայրս գրում է ինձ․
«Ես վաղուց լվացել եմ քո քաթանը, կեղտոտ ջուրը թափել և սավանը քեզ եմ ուղարկել։ Դու դրա վրա ես քնում»։
Թզուկի թաղումը
Իմ նովելները ես ինքս եմ ձևավորում, նկարում եմ, կոլաժային իմպրովիզացիաներ եմ անում չարչարանաց մասին․․․ Երբ ես ինչ-որ պատմություն եմ պատմում, ասենք՝ դպրոցականին կամ ընկերներիցս մեկին, ես վերջում հարցնում եմ՝ «Դու ի՞նչ ես կարծում, դա իրո՞ք տեղի է ունեցել, թե՞ ես եմ հորինել»։ Ամենից հաճախ պատասխանում են, որ դա հորինված պատմություն է, որ դա իմ հիվանդ երևակայությունն է․․․ Ֆանտազիա։ Հետո ես ապացուցում եմ, որ դա կյանքն է։ Բայց այդ կյանքին հավելվում են արվեստագետի աչքերն ու սիրտը։ Եվ դրանից այն զարմանալի է դառնում․․․ Զարմանալի․․․ Վերջերս մի երիտասարդ գրողի ես պատմեցի, որ տեսել եմ թզուկի թաղում։ Թզուկը մահացել էր, և նրա վերջին կտակն այն էր, որ իրեն թաղեն․․․ մեծ դագաղում․․․
Ես ինչ-որ մի անգամ էլ մասնակցել եմ մի թաղման, որտեղ թզուկները թաղում էին կրկեսում ելույթ ունեցող մի գաճաճի։ Նա մեծ սաքսոֆոն էր նվագում։ Ես այդ գրողին հարցրի, թե ի՞նչ է նա կարծում, արդյոք այդ պատմությունը հորինվա՞ծ է։ Նա ասաց՝ «Դա, իհարկե, հորինված պատմություն է»։ «Ոչ,- պատասխանեցի ես,- դա իրոք եղել է։ Դա պատահել է իրականության մեջ։ Դա իրականությունն է այն կրքոտ տենչի, որ մյուս աշխարհում մեծ աճի»։
Նուռ
Ինչու եմ ես նուռ սիրում։ Դե, հենց այն բանի համար, որ այն բնության երբևէ ստեղծած բոլոր պտուղներից ամենաներդաշնակն է։ Այն իր մեջ զուգակցում է միասնությունն ու բազմազանությունը։ Ճեղքելով այն՝ դուք տեսնում եք հատիկը հատիկին զուգադրվելու նրբագեղությունը։ Ընդ որում՝ յուրաքանչյուր հատիկ առանձին կյանք է բովանդակում։ Հանրագումարում նրանց զուգադրումը խենթանալիորեն գեղեցիկ է։ Նուռը հասել է մեզ՝ պահպանելով իր անտիկ գեղեցկությունը․․․ Առանց Միչուրինի մասնակցության․․․ Կար մեկը․․․ Միչուրին․․․ Նա ձմերուկից դդում էր սարքում, իսկ դդումից՝ խաղող․․․ Նա ասում էր․ «Պետք չէ բնությունից ողորմածություն սպասել։ Պետք է այն վերցնել»։ Մենք ամենքս վերցրինք, վերցրինք․․․ և ահա թե ինչ ունենք այսօր․․․
Ես վերակառուցման ցուցանմուշ եմ
Ես երկար ժամանակ բանտում էի, երեք հնգամյակ ֆիլմ չեմ նկարահանել, բայց կառավարությանը վերակառուցման ակնառու ցուցանմուշներ պետք եկան, և վեց տարվա ընթացքում այն ինձ չորս կապիտալիստական երկիր պարգևեց՝ Հոլանդիա, Մյունխեն, Փարիզ, և ահա հիմա ես Նյու Յորքում եմ․․․ Կարճ ասած․․․ «Արքունիքն ինձ շոյում է․․․»։ Ինձ մի ամբողջ 22 դոլար են հատկացրել։ Ի՞նչ պիտի անեմ։ Ամերիկայում ինձ ձրի են կերակրում․․․ Երբ ես Ռոտերդամում էի, ինձ հարցրին, թե կարո՞ղ եմ ես, արդյոք, ժամանակակից ֆիլմեր նկարահանել։
- Իհարկե, կարող եմ․․․
- Իսկ «Համլետը»։
- Կուզենայի բեմադրել․․․
- Հնաբանություն՝ գոչեցին դահլիճից։
Այդժամ ես ասացի․
- Համլետը Գորբաչովն է։ Կրեմլը՝ Էլսինորը․․․
․․․ Դադար․․․ Հետո բոլորը գոչեցին․
- Մոդեռն։ Ավանգարդ։
- Երբ Գորբաչովը դուրս կթռչի Կրեմլից ճչալով՝ «Կառք ինձ, կառք», ես նրան կառաջարկեմ այդ դերը։ Ես նրան կսպասեմ ԳՈւՄ-ի շենքի մոտ։ Ձեռքը կբռնեմ և կտանեմ նկարահանվելու իմ «Համլետում»։
- Գորբաչովը՝ Համլետ, Ռաիսան՝ Օֆելյա՞,- հարցրին տեղից։
- Ոչ,- պատասխանեցի ես,- Ռաիսա Մաքսիմովնան այլ պիեսից է։ Նա հրավիրված դերասանուհի է և տետրակը շփոթել է։ Տեքստը կարդում է մի այլ պիեսից։ Ընթանում է «Համլետը», իսկ նա եռանդուն կարդում է «Արքա Լիրից»։
թարգմանությունը՝ Վարդան Ֆերեշեթյանի