հատված «Վլադիմիր կամ Ընդհատված թռիչք» գրքից
Մենք հաճախ էինք նույնպիսի պուրակներով այցելում Կենտրոնական շուկա․ մեզ շատ էին դուր գալիս տեղի մթնոլորտը, աղմուկներն ու սուր հոտերը։ Այստեղ կարելի է կարմրաթուշ կանանցից գնել գույնզգույն սնկեր, թարմ կաթնաշոռ, հավկիթներ, երբեմն նույնիսկ տնական կարագ, մեղր և տարբեր գունավորմամբ փայտե խաղալիքներ։ Ձմռանը՝ խնձորներ՝ դրանք վաճառող պառավների պես կնճռոտված, բայց այնքան համեղ, որ դրանք կարելի էր ջեռոցում տապակել խոզամսի կտորի կամ բադի հետ։ Քաղաքի այդ մասում կան նաև լավ ռեստորաններ՝ «Արմենիան», «Ուզբեկստանը», «Արագվին», «Պեկինը», որտեղ մենք կազմակերպում ենք մեծ խնջույքներ, իսկ հետո ոտքով վերադառնում ենք տուն՝ կուշտ ու գոհ։ Երբեմն մենք գնում ենք Կարմիր հրապարակ, հատկապես՝ ձմռան թեժ պահին, երբ ձյան ֆոնի վրա երևում է Վասիլի Երանելիի տաճարը, որի գմբեթները նման են մեծ գույնզգույն սառնաշաքարների։ 1889թ-ին այստեղ մկրտել են իմ հորը։ Մենք սիրում ենք այցելել գազանանոց։ Այն ինձ թվում է աշխարհի ամենագեղեցիկ վայրը, որովհետև ես այն լավ գիտեմ՝ մենք ապրում ենք ոչ հեռու։ Երբ մենք ունենում ենք մի քիչ ժամանակ, և մատղաշ կենդանիների հրապարակը բաց է լինում, մենք չենք կարողանում կտրվել այդ գազաններից՝ միմյանց հետ անմեղորեն խաղացող, այստեղ կան և՛ գայլի ձագեր, և՛ գառնուկներ, և՛ վագրիկներ, և՛ արջուկներ։ Դրանց նայելով՝ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ դրախտը, եթե այն գոյություն ունենար։
Բայց մեր ամենասիրելի, տարիների ընթացքում չփոխվող երթուղին անցնում է քաղաքից դուրս գտնվող մի քանի տան կողքով։ Մենք գնում ենք ողջունելու ծեր ֆիզիկոսին, արվեստների հովանավորին՝ ակադեմիկոս Կապիցային։ Նրա շնորհիվ բազմիցս հաջողվել է ամենածայրահեղ իրավիճակում փրկել ներկայացումը։ Նրա հայացքը մնում է իմ հիշողության մեջ՝ զարմանալիորեն քնքուշ ու շողարձակող։ Երբեմն մենք այցելում ենք Պաստեռնակի ամառանոց։ Այստեղ մեզ դիմավորում է Բրիջիտ Անժերերը՝ երիտասարդ ֆրանսիացի դաշնակահարուհին, տանտիրոջ՝ Ստանիսլավ Նեյհաուզի աշակերտուհին, Նեյհաուզի, ով ինքնաոչնչացման առումով քո եղբայրակիցն էր։ Այս տունն իր մեջ պահպանում է 1920-30-ականների շլացուցիչ ու ողբերգական դարաշրջանի գանձերը։ Մենք միասին գնում ենք Պերեդելկինոյի գերեզմանոց՝ Պաստեռնակի գերեզմանին խոնարհվելու։ Նա այդպես էլ չհանձնվեց, հարթաքանդակի վրա պատկերված նրա կիսադեմն արտահայտում է հպարտություն ու վճռականություն, որ նրան բնորոշ էին ողջ կյանքում։ Հետո մենք շրջանցում ենք կատարում դեպի Բելլա Ախմադուլինայի՝ ամեն տեսակ հնոտիով լի, բայց հարմարավետ ամառանոցը։ Եթե Բելլան տանն է, ամեն ինչ լռում է և միայն լսում է։ Հնչում է նրա անկրկնելի ձայնը, գունատ ողբերգական դեմքը բարձրացած է դեպի երկինք, պարանոցը ձգված է, կոպերն ասես պատրաստ են պայթելու՝ դա և՛ ցավ է, և՛ ցասում, և՛ սեր։
Մենք հրաժեշտ ենք տալիս և իջնում գետի մոտ։ Դու գրկում ես իմ ուսերը, և մենք երկար նստում ենք՝ դեմքով դեպի մայրամուտը։ Գետի վարսերում արտացոլվում է վարդագույն երկինքը, երեկոյան հնչյունները տարածվում են մաքուր օդում, դու փնտրում ես իմ ձեռքը։ Դա հանգստություն է։ Երկար հարթավայրի վերջնագծում՝ հենց հորիզոնի մոտ, ուղիղ մեր աչքի առաջ երևում է սահմանը։ Ես թաքուն հետևում եմ քեզ, դու նստած ես շատ զգաստ՝ նստատեղի թիկնակին չհենված, և անթարթ հայացքով նայում ես առաջ։ Իմ գլխում պտտվում են բոլոր հնարավոր սցենարները․ քեզ դուրս չեն թողնում, կալանավորում են կամ նույնիսկ փակի տակ են առնում հենց սահմանի վրա, իսկ ես արդեն պատկերացնում եմ իմ գործողությունները․ ես վերադառնում եմ Մոսկվա, ո՛չ, Ֆրանսիա, ո՛չ, ես մնում եմ բանտի մոտ և հայտարարում եմ հացադուլ․ ինչ ասես չեմ հորինում։ Մենք ծխում ենք մի սիգարետը մյուսի ետևից, մեքենայի մեջ շնչելու օդ չկա։ Ես նվազեցնում եմ արագությունը, մենք հասել ենք։ Ես պայուսակից հանում եմ անձնագիրը, ապահովագրական թուղթը, մեքենայի փաստաթղթերը, և այդ ամենը տալիս եմ քեզ։ Դու ամուր սեղմում ես իմ ձեռքը, և ահա մենք կանգ ենք առնում սահմանապահի մոտ։ Այդ շատ երիտասարդ տղամարդը մեզ սպասելու նշան է անում և անհետանում է ինչ-որ մի շինությունում։ Մենք նայում ենք միմյանց, ես փորձում եմ ժպտալ, բայց ինչ-որ բան խանգարում է։ Մի քանի րոպե անց մենք հայտնվում ենք շինության ներսում, մեզ թեյ են հյուրասիրում, բոլորը խոսում են առանց միմյանց հերթ տալու։ Հետո բոլորը մեզ հետ հաջորդաբար լուսանկարվում են մեքենայի առաջ։ Դա նման է մի մեծ ընտանեկան հավաքույթի։ Ուրախությամբ լցված՝ մենք շարունակում ենք ճանապարհը։ Մենք գրկախառնվում ու ծիծաղում ենք՝ հատելով չեզոք գոտին։ Հենց այն չեզոք գոտին․․․
Ճանաչված լեհ դերասան Դանիել Օլբրիխսկին մի անգամ լուսամուտից ներս է թափանցում Տագանկայի թատրոն, որպեսզի տեսնի քեզ «Համլետում»։ Նա, իհարկե, տոմս չուներ, իսկ ներկայացումն արդեն սկսվել էր, և դռները փակել էին։ Նա այն ժամանակ ապշած էր քո վարպետությամբ, իսկ հետո քո երգերը թարգմանեց և կատարում էր լեհ ունկնդրի համար։ Քո բոլոր լեհ ընկերները եկել էին քեզ գրկելու՝ Վայդան, Հոֆմանը, Զանուսին և շատ ուրիշները, ովքեր առաջվա պես գիտեին և սիրում էին քեզ։ Երեկույթը շատ ուշ է վերջանում։ Մենք էլի մի քանի անգամ կլինենք Վարշավայում, և յուրաքանչյուր այցելությունն էլ կլինի զարմանալի, ինչպես և բոլոր այս մարդիկ՝ իրենց արժանապատվությունը վերագտնել փորձող․․․ Ինչ վերաբերում է Լեհաստանում տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես մինչ այդ Հունգարիայում էր և Չեխոսլովակիայում, ապա այստեղ կային և՛ վեճեր, և՛ դառը քննադատություն, և՛ դատապարտություն։ Բայց Աֆղանստանի իրադարձությունները քո մեջ նողկանք էին առաջացնում։ Եվ այնպիսի ցավ, ասես դու վերջապես գիտակցել էիր բաժին հասած սարսափի սահմանը։ Ո՛չ, 1980թ-ին կեղտոտ պատերազմն այլևս չուներ մարդկային դեմք։ Դա քո վերջին դառնությունն էր։
Մեծ բարձերի վրա հատակին նստած՝ մենք դիտում ենք «Թիմոն Աթենացին» Փիթեր Բրուքի դերասանների վարպետ կատարմամբ։ Քեզ ակնթարթորեն գրավում է ողբերգական գեղեցկությունն այն շինության, որտեղ ընթանում է ներկայացումը։ Մի քանի տարի առաջ թատրոնն այրվել էր, և հրդեհից հետո մնացել էին միայն մերկ պատերը։ Շինությունը չէին վերականգնել, միայն հատակն էին վերանորոգել, և ամբողջ տարածությունը վերածվել էր մի հսկայական բեմի, որտեղ դերասաններն ասես խառնված էին հանդիսատեսի հետ, ինչի պատճառով հանդիսականները հիշեցնում էին երեխաների, որ շրջան էին կազմել, որպեսզի հեքիաթ լսեն։ Այդպիսի դասավորությունն ավելի քան համապատասխան է շեքսպիրյան պիեսները ներկայացնելու համար։ Դու հիացմունքի մեջ ես, դու գոռում ես՝ «բռավո՛», և երբ դահլիճը դատարկվում է, մի ոչ բարձրահասակ մարդ՝ կապույտ աչքերով և գզգզված ալեհեր մազերով, բեմով ուղղվում է մեր կողմը, դու նետվում ես նրան գրկելու։ Փիթեր Բրուքն իսկական անգլիացի է՝ չնայած իր ռուսական ծագմանը, և քո պոռթկումը նրան լրջորեն վախեցնում է։ Ապշանքը հաղթահարելով՝ նա ներկայացնում է իր դերասաններին, որոնց դու նույնպես երկար շնորհավորում ես։ Հետո Փիթերը քեզ խնդրում է երգել։ Դու վազում ես դեպի մեքենան՝ կիթառը բերելու, բոլոր դերասանները տեղավորվում են պատերի երկայնքով դրված նստարանների վրա և հատակին։ Դատարկված թատրոնում, որտեղ թևածում է փոշու ոսկեգույն ամպիկը, քո ձայնն ավելի բարձր է հնչում՝ տարածությունը լցնելով ռուսերեն բառերի խուլ դղրդյունով։ Դերասանները մեկ մարդու պես քարացել են, լարված դիրքով, առաջ են եկել՝ ձգտելով բաց չթողնել երգի ոչ մի բառը, ոչ մի հնչյունը։ Բայց եթե ինչ-որ մեկն ինձ բառացիորեն ցնցում է, ապա դա Փիթերն է․ համերգի ընթացքում նա անթարթ նայում է քեզ արցունքով լի աչքերով և հիացած ժպտում է։ Եվ երբ մեկ ժամ անց մենք դուրս ենք գալիս թատրոնից, դու ինձ ասում ես․
- Ես առաջին անգամ երգեցի Արևմուտքում։ Տեսնո՞ւմ ես, դա լիովին հնարավոր է։ Ինձ սիրով էին ունկնդրում։
COMMENTS