«Մենք միշտ ինչ-որ բան հորինում ենք, որպեսզի ձևացնենք, թե ապրում ենք»։ Սեմուել Բեքեթ, «Գոդոյին սպասելիս»
«Որքան ավելի շատ մարդկանց եմ հանդիպում, այնքան ավելի երջանիկ եմ դառնում»։ «Գոդոյին սպասելիս»Սեմուել Բեքեթը ծնվել է 1906թ-ի ապրիլի 13-ին Դուբլինի արվարձաններից մեկում։ Նրա ծննդյան օրը համընկել էր Չարչարանաց ուրբաթի հետ։ Այդ զուգադիպության մասին Բեքեթը երբեք չէր մոռանում և մի անգամ գրել է․ «Դու լույս աշխարհ ես եկել իններորդ ժամի խավարում, դու առաջին ճիչդ արձակել ես այն ժամին, երբ բարձր ձայնով բացականչել և հոգին ավանդել է Փրկիչը»։ Բեքեթն առանձնանում էր չափազանց ինքնամփոփ բնավորությամբ։ Դեռևս մանկուց նա խնդիրներ ուներ շփման հետ, թեպետ մեծանում էր որպես բավականին հաջողակ տղա թե՛ ուսման և թե՛ սպորտով զբաղվելու առումով, իսկ հասակակիցների շրջանում նա նույնիսկ հեղինակություն էր։ Այդուհանդերձ, այդ ամենը նրան չէր օգնում հաղթահարել անձնական բարդույթները։ Դեռևս տարրական դասարաններում նա նախընտրում էր մեկուսացած շփումը գրքերի հետ, կուտակում էր ինտելեկտուալ փորձ, որը հետագայում արտացոլվելու էր նրա արվեստում։ Ժամանակի ընթացքում նրա ինքնամփոփությունը ձեռք բերեց առավել սուր գծեր։ Մի կողմից՝ որովհետև նրա հանրաճանաչությունն աճում էր, և իրականությունը նրանից պահանջում էր, որ ընկղմվի աղմկոտ ունայնության մեջ, շփվի բազմաթիվ մարդկանց հետ, ինչը ծայրահեղ ճնշում էր նրան, մյուս կողմից՝ որովհետև ավելի խորն էր գիտակցում լեզվի ողբերգականությունը, խոցելիությունը մարդու և կեցության, որի սահմաններում գտնվում էր։ Բացի այդ՝ որոշ հետազոտողներ ենթադրում են, որ նրա մեկուսի կյանքի պատճառն ինքն իրեն և իր տեքստերը բացատրելու տանջալից անկարողությունն էր։ Այս սկեպտիկ վերաբերմունքը լեզվի և ճանաչողության հանդեպ բնորոշ էր ողջ 20-րդ դարին։ Լեզվի թերարժեքության գիտակցումը հետզհետե աճում էր, իսկ երկրորդ դարակեսին ձեռք բերեց ֆանտաստիկ դրսևորումներ՝ արտացոլվելով հենց նույն աբսուրդիստների արվեստում, Վիտգենշտեյնի փիլիսոփայության մեջ։
«Աշխարհի արցունքները հաստատուն մեծություն են։ Ամեն մեկի դիմաց, ով սկսում է լաց լինել, մի ուրիշ տեղում մյուսը դադարում է։ Նույնը ճիշտ է ծիծաղի մասին»։ «Գոդոյին սպասելիս»
«․․․ Բեքեթի խորքային վատատեսությունն իր մեջ պարունակում է մարդկության հանդեպ այնպիսի սեր, որը միայն աճում է նողկանքի ու հուսահատության անդունդն ընկղմվելուն զուգահեռ, և երբ հուսահատությունը թվում է անսահման, պարզվում է, որ գթասրտությունը սահման չունի»։ Ինչպես բոլոր պարադոքսալ արտահայտությունները, Նոբելյան հանձնաժողովի այս ձևակերպումը ևս գեղեցիկ է։ Բեքեթի ստեղծագործություններն ընթերցելիս մենք նրա հետ միասին հասնում ենք հուսահատության այնպիսի խորության, որի սահմաններից այն կողմ թաքնված են պայծառացումն ու խաղաղությունը։ ՈՉՆՉԻ մասին գրող Բեքեթը մեզ առաջարկում է հասկանալ դա և վարժվել դրան, ձուլվել դրա անիմաստությանը, սովորել մտորել Բացակայության մասին, հանգստանալ միապաղաղության մեջ և ապաքինվել։ Բեքեթի՝ դատարկություն արտաշնչող շարադրանքը յուրաքանչյուրին պարգևում է չգոյության դրական փորձառություն։ Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը Բեքեթը չներկայացավ․ նա այդ գործը վստահեց իր հրատարակչին։
«Ամենապարզ արարածից անգամ մարդ բաժանվում է իմաստնացած, ավելի հարուստ, ավելի գիտակցելով իր արժանիքները»։ «Գոդոյին սպասելիս»
«Քնա՞ծ էի ես, երբ մյուսները տառապում էին։ Քնա՞ծ եմ ես հիմա։ Վաղը, երբ ես արթնանամ, կամ կարծեմ, թե արթնացած եմ, ի՞նչ կասեմ այսօրվա մասին»։ «Գոդոյին սպասելիս»
Քոլեջն ավարտելուց հետո ստանալով բակալավրի աստիճան՝ Բեքեթն ուղևորվեց Փարիզ, որտեղ մտերմացավ Ջեյմս Ջոյսի հետ։ Նա Ջոյսի համար դարձավ ոչ միայն ընկեր, այլև ինչ-որ առումով սկսեց կատարել նրա քարտուղարի դերը, մասնակցեց Ջոյսի «Ֆինեգանի հոգեհացը» վեպի հատվածների ֆրանսերեն թարգմանությանը և նյութերի որոնմանը։ Այդ իրադարձությունը վստահ կարելի է համարել Բեքեթի ստեղծագործական ճակատագրի սկիզբը։ 1920-30-ական թթ-ին նա գրում է պատմվածքներ, քննադատական էսսեներ՝ նվիրված Դանտեին, Պրուստին, Ջոյսին (և պետք է ասել՝ գրում է մեծ տաղանդով, բացահայտելով այդ հեղինակների արվեստի նոր, անշարժ գիտակցության համար թաքնված եզրերը), շարունակում է զբաղվել բանաստեղծական գործունեությամբ։ Այդ շրջանում նա իր սիրելի փիլիսոփա Ռենե Դեկարտի անունից գրում է պոեմ-մենախոսություն։ Իր ստեղծագործական աշխատանքի դեռևս սկզբնական շրջանում Բեքեթը կարիք է զգում իրեն ամբողջությամբ նվիրելու գրական գործունեությանը, դառնալու պրոֆեսիոնալ գրող։ Նա որոշում է թողնել համալսարանական դասախոսի կարիերան, ինչով չափազանց վշտացնում է իր ծնողներին։ Ակներև է, որ դասախոսական աշխատանքն ու մանկավարժությունը ձանձրալի և անտանելիորեն ծանր էին ինքնամփոփ, հիվանդագին աստիճանի ամաչկոտ Բեքեթի համար։ Բայց տեքստերը, որ նա գրում էր իր կայացման շրջանում, ոճի մշակումն ու սեփական խոսքի որոնումը չկարողացան հետաքրքրել հրատարակիչներին․ այդ տեքստերն աչքի էին ընկնում շինծու բարդությամբ, իմաստային ծանրաբեռնվածությամբ, անպարկեշտության առատությամբ։ Ոչ ոք քաջություն չէր դրսևորում դրանք հրատարակելու։
«Ամեն օր չէ, որ մեր կարիքը զգացվում է։ Իհարկե, անձամբ մեր կարիքը չէ, որ զգացվում է։ Ուրիշները նույն բանը կարող էին անել նույն հաջողությամբ, եթե ոչ ավելի լավ։ Ամբողջ մարդկությանն են ուղղված օգնության այս կանչերը, որ դեռ հնչում են մեր ականջներում»։ «Գոդոյին սպասելիս»Սկսվում են ստեղծագործական ընկճախտի հաջորդական փուլերը, նևրոզների և անհամար բարդույթների պատճառով սրված հիվանդությունները, ծնողների հետ սկանդալները, հարազատների կորուստները։ 1933թ-ին մահանում է Բեքեթի հայրը՝ թերևս, միակ մարդը, ում հետ նա իսկապես մտերիմ էր։ Չունենալով կանոնավոր եկամուտ՝ Բեքեթը ապառիկով գնում է էքսպրեսիոնիստների կտավներ, որոնք խորապես ազդել էին իր վրա, և դա ավելի է ապշեցնում նրա ազգականներին՝ փոխհարաբերությունները դարձնելով առավել լարված, հատկապես՝ մոր հետ։ Չնայած այդ ամենին՝ Բեքեթը շարունակում է գրել։ Հրատարակչությունները նրան խնդրում են կրճատել տեքստերը․ սկսվում են առաջին քայլերը «նսեմացման» ուղիով։ Բացի այս՝ հենց այդ նույն ժամանակ նա հայտնվում է հիվանդանոցում․ պատահական անցորդը նրան դանակով հարված է հասցնում Փարիզի փողոցներից մեկում։ Այն հարցին, թե ինչու, ինչ պատճառով ինքն այդպես վարվեց, դանակահարողը տալիս է աբսուրդ պատասխան․ «Ես չգիտեմ»։ Իսկ Բեքեթն այդ ժամանակ հիվանդանոցում վերջին ուղղումներն էր անում իր «Մերֆի» վեպում, որը փարիզյան հրատարակչություններից մեկը վերջապես համաձայնել էր ընդունել՝ նախկին 42 մերժումներից հետո։ «Մերֆին» Բեքեթին հասցնում է ստեղծագործական ճանապարհի մի նոր ոլորան, թեպետ քննադատները չափազանց սառն են ընդունում վեպը, ինչը մշտական ընկճախտի վիճակում գտնվող գրողին ավելի է վշտացնում։
«Եկեք վատ չխոսենք մեր սերնդի մասին, այն ավելի դժբախտ չէ, քան իր նախորդները։ Եկեք լավն էլ չխոսենք։ Եկեք դրա մասին ընդհանրապես չխոսենք»։ «Գոդոյին սպասելիս»
«Մի բան հաստատ է՝ ժամերը երկար են թվում այս վիճակում և ստիպում են մեզ դրանք լցնել արարքներով, որոնք, ինչպես ասեմ, կարող են առաջին հայացքից խելամիտ երևալ, մինչև չդառնան սովորույթ»։ «Գոդոյին սպասելիս»Միաժամանակ, չնայած հսկայական հաջողությանն ու ճանաչմանը, սկսվում է ամենաբարդ շրջանը Բեքեթի կյանքում։ Նա ավելի է ներփակվում ինքն իր մեջ, նոր ստեղծագործություններ գրեթե չի գրում, խոստովանում է, որ հայտնվել է ստեղծագործական փակուղում, և որ գրելու թեմա չկա, ազդակ չկա, նյութ չկա։ Նրան տանջում է այն հոգեմաշ զգացողությունը, թե արդեն ասել է այն ամենը, ինչ ցանկացել է, և հիմա իրեն մնում է միայն սպասել սեփական վախճանին։ Այնպիսի տպավորություն էր, ասես հանրաճանաչությունը նրա մեջ ավելի էր բորբոքել նրան բնորոշ ինքնաքննադատության հակումը, իր՝ որպես ստեղծագործողի, հանդեպ խստապահանջությունը։ Բացի այդ՝ նրա գրական հաջողության շրջանը կրկին համընկել էր հարազատ մարդու մահվան հետ․ վախճանվել էր նրա ավագ եղբայրը։ Ընկճախտը հասնում է գագաթնակետին, երբ Բեքեթը կորցնում է իր իռլանդացի ամենամտերիմ ընկերներից մի քանիսին։ Դա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ նրան շնորհվում է գրականության դոկտորի կոչում՝ նրա առաջին պաշտոնական մեծարանքը հայրենի երկրում։ 1950թ-ին մահանում է գրողի մայրը։ Իսկ մրցանակների շնորհումը շարունակվում է, նրա արվեստի հանդեպ ահռելի հետաքրքրությունը չի մարում․ նրա մասին գրում են Բատայը, Ռոբ-Գրիյեն, Մարսելը, Բարտը, իսկ Միշել Ֆուկոն իր դասախոսություններն ամեն անգամ ավարտում է Բեքեթի պիեսներից վերցված մեջբերումներով։ 1960-80-ականներին Բեքեթին վերստին շարունակում են հետապնդել մտերիմների կորուստները, տխուր արարողությունները դառնում են նրա կյանքի մշտական ուղեկիցը։
«Բայց փոխանակ նրան քշելու, ինչը ես կարող էի անել, իմ բարեսրտության շնորհիվ նրան տանում եմ տոնավաճառ, որտեղ հույս ունեմ նրա համար լավ գին ստանալ։ Ճշմարտությունն այն է, որ այսպիսի էակներին հնարավոր չէ քշել։ Ամենից լավը նրանց սպանելն է»։ «Գոդոյին սպասելիս»Չնայած ճակատագրի հարվածներին և սեփական աշխատանքի հանդեպ իր վերաբերմունքին՝ Բեքեթը այդ շրջանում ստեղծում է անկրկնելի գլուխգործոցների մի ամբողջ շարք։ Դրանք, իհարկե, ավելի քան տարօրինակ գործեր էին։ Դրանցից մի քանիսը դժվար է նույնիսկ «մռայլ» անվանել։ Այդ ժամանակ նա արդեն գրեթե լիովին ազատվել էր սյուժեի ավանդական տարրեր օգտագործելու սովորույթից, նրա կերպարները վերածվել էին սխեմաների, շարադրանքում միշտ զգացվում էր ցավը, որը բխում էր ենթատեքստից՝ նենգորեն խայթելով ընթերցողին։ Նրա համաշխարհային ճանաչումը մնայուն էր․ Մ․ Նահանգներում տեղի է ունենում նրա արվեստին նվիրված միջազգային գիտաժողով, բացվում է նրա անունը կրող թատրոն, նրա բեմադրած հեռուստապիեսի գերմանական պրեմիերան դիտում է երկու միլիոն մարդ․․․ 1980-ականների կեսերին մնալով լիովին միայնակ՝ առանց ընկերների ու հարազատների, Բեքեթն իր 80-ամյակի նախօրեին ասում է․
«Նրանք խոսում են իրենց կյանքի մասին։ Ապրած լինելը բավական չէ նրանց համար։ Նրանք պետք է խոսեն դրա մասին։ Մեռած լինելը բավական չէ նրանց համար»։ «Գոդոյին սպասելիս»
1965թ-ին նկարահանվում է «Ֆիլմ» անվանմամբ կարճամետրաժ, սև-սպիտակ համր կինոնկարը, որի ռեժիսորն Ալան Շնեյդերն էր։ Սա միակ ֆիլմն է, որ նկարահանվել է հենց իր՝ Բեքեթի սցենարի հիման վրա։ Գլխավոր դերում հանդես էր գալիս հանճարեղ Բասթեր Կիտոնը․ «Ֆիլմը» դարձավ նրա նախավերջին աշխատանքը կինոյում։ Պրեմիերան տեղի ունեցավ Վենետիկի կինոփառատոնում։ Ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժիլ Դելյոզը այս ստեղծագործությունը համարեց բոլոր ժամանակների լավագույն իռլանդական ֆիլմը։
COMMENTS