Kinoversus-ի զրույցը կինոյի և թատրոնի դերասանուհի Տաթև Հովակիմյանի հետ
«Անավարտ թռիչք» ֆիլմում մարմնավորել եմ գլխավոր հերոսուհու՝ Արևիկի կերպարը։ Սա իմ առաջին աշխատանքն էր և այսօր էլ շարունակում է շատ կարևոր լինել ինձ համար։ Ինչ ֆիլմում էլ նկարահանվեմ, միևնույն է, առաջին ֆիլմն առաջնեկի պես է, միշտ հիշվում է։ Ուրախ եմ, որ ֆիլմում հանդես եմ եկել հենց այդ դերով, միանշանակ՝ չեմ դժգոհում։ Որքան էլ հետագայում նկարահանվես, հետաքրքիր կերպարներ կերտես, քննադատների կողմից գնահատվես, միևնույն է՝ առաջին դերը քեզ համար մնում է ամենակարևորը։
Կինոն իմ կյանքում առաջին անգամ․․․
Կլինեմ պարզ․ ինձ համար՝ «Տիտանիկը»։ Կինոյի մասին առաջին տպավորություններս քաղել եմ Ֆելինիի, Անտոնիոնիի, Բերգմանի ֆիլմերից։ Իհարկե, սրանք աշխարհայացք փոխող ֆիլմեր են, բայց այն ֆիլմը, որ ամեն անգամ սիրով եմ դիտում, «Տիտանիկն» է։ Ես սիրահարվել եմ այդ ֆիլմին, ցանկացել եմ այդ հերոսների հետ հայտնվել նույնպիսի իրավիճակներում, թեպետ «Տիտանիկը» չեմ համարում գլուխգործոց, ինչպիսիք են, օրինակ, վերոնշյալ ռեժիսորների ֆիլմերը։
Կուզենայի դառնալ հոլիվուդյան դերասանուհի․․․
Իհարկե՝ այո… Խաղալ Ռոբերտ դե Նիրոյի, Ալ Պաչինոյի, Էնթոնի Հոփքինսի և մյուսների հետ․․․
Դերասան, ում հետ սիրով կնկարահանվեի․․․
Ես հայ դերասանների հետ սիրով եմ նկարահանվում և կշարունակեմ նկարահանվել։ Շատ կուզենայի Մհեր Մկրտչյանի հետ նկարահանված լինել «Խոշոր շահում» ֆիլմում, մեծ սիրով կխաղայի «Մեր մանկության տանգոյում»։ Այդ ֆիլմերում կան այնպիսի տեսարաններ, որոնց ստեղծման ընթացքում կուզենայի ներկա լինել նկարահանման հրապարակում։ Եթե խոսենք արտասահմանյան կինոաստղերի մասին, ապա կուզենայի նկարահանվել Մայքլ Ֆասբենդերի, Ջեյմս ՄըքԷվոյի, Հոաքին Ֆենիքսի, Ջուդ Լոուի, Շոն Փենի, Դենիել Դեյ-Լյուիսի և այլոց հետ։
Մերկությունը կինոյում․․․
Եթե մերկություն, ապա՝ միայն էսթետիկ մերկություն: Էսթետիկ մերկությունը շատ եմ սիրում թե՛ ֆիլմերում, թե՛ կյանքում: «Անավարտ թռիչքում» այդ տեսարանները եղել են էսթետիկ: Ես չեմ փորձի համեստ ձևանալ, ես փոքրամարմին աղջիկ եմ, ով կարողանում է էսթետիկ մատուցել այդ ամենը: Թատրոնում էլ ես ունեմ այդպիսի դեր, և ես փորձում եմ առավելագույնս էսթետիկ ներկայանալ: Երբ մերկությունը գռեհիկ է, դա տհաճ է, անձամբ ինձ էլ տհաճ է դա դիտելը, ո՜ւր մնաց թե՝ ես ինքս էլ այդպես վարվեմ։
Դերասանները հաճախ բողոքում են անորակ ֆիլմերում նկարահանվելու առիթով, բայց իրենց երբեք մեղավոր չեն զգում անորակ ֆիլմերի ստեղծման համար․․․
Շատ ցավալի թեմա է… Դերասանները հաճախ դա պատճառաբանում են աշխատանք չլինելու հանգամանքով։ Ես ինքս չեմ դժգոհում այն ֆիլմերից, որտեղ հանդես եմ եկել: Ես հստակ գիտակցում եմ իմ ընտրությունը և գիտեմ, որ իմ մասնակցությամբ ֆիլմերը ո՛չ անձամբ ինձ համար, ո՛չ էլ ընդհանրապես անորակ չեն։ Ես որակի և ոչ թե քանակի կողմնակիցն եմ։ Հայաստանի պարագայում քանակի մասին կարող ենք չխոսել, իսկ այն ֆիլմերը, որտեղ նկարահանվել եմ, կարծում եմ՝ ունեն որակ։
5 ֆիլմ, որ իր ամենասիրելիների ցանկից առաջարկում է դիտել Տաթև Հովակիմյանը․
1․ Ալան Ջ․ Պակուլա, «Սոֆիի ընտրությունը»
2․ Լուի Մալ, «Վնաս»
3․ Բեռնարդո Բերտոլուչի, «Երկնքի ծածկի տակ»
4. Թոմ Թիքվեր, «Վազիր, Լոլա, վազիր»
5․ Բելա Տարր, «Թուրինյան ձին»
Հայ ռեժիսոր, ում հետ անպայման կցանկանայի համագործակցել․․․
Սա շատ ծավալուն թեմա է: Երբ կարդում ես գիրքը և հետագայում դիտում ես ֆիլմը, ապա «Լոլիտան», օրինակ, ֆանտաստիկ կինոնկար է, «Վարպետը և Մարգարիտան», իհարկե, չեմ համեմատի գրքի հետ, բայց ռուսական 4-մասանի էկրանավորումն ինձ դուր է գալիս, «Շան սիրտը» ևս բավականին հաջողված ֆիլմ է։ Չափազանց բարձր եմ գնահատում ֆրանսիական և իտալական կինոկատակերգությունները։ Ես նուրբ, ինտելեկտուալ հումորի սիրահար եմ, այդ ոճը համարում եմ իմը և կարողանում եմ այն ճիշտ մատուցել։
Ես ընթերցում եմ․․․
Ես գրեթե միշտ ընթերցում եմ ամենատարբեր գրքեր։ Կարդում էի Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», բայց մի քանի էջ կարդալուց հետո որոշեցի վերընթերցել Գյոթեի «Ֆաուստը», հետո նորից վերադարձա Միլլերին։ Օրինակ՝ ձեռքս եմ վերցնում Դանտեի «Աստվածային կատակերգությունը», փորձում եմ վերհիշել ինչ-որ դրվագներ, հետո նորից անցում եմ կատարում ժամանակակից գրողներին՝ զուգահեռաբար ընթերցելով նաև տարբեր պիեսներ։ Ես չեմ կարողանում վերցնել որևէ գիրք և օրեր շարունակ կարդալ այն՝ առանց այլ գրքերին անդրադառնալու։ Գուցեև դա վատ է, չեմ կարող ասել, բայց արդեն սովորույթ է դարձել։
5 գիրք, որ իր ամենասիրելի ստեղծագործությունների ցանկից առաջարկում է կարդալ Տաթև Հովակիմյանը․
1․ Գյոթե, «Ֆաուստ»
2․ Դանտե, «Աստվածային կատակերգություն»
2․ Դանտե, «Աստվածային կատակերգություն»
3․ Չեխով, պատմվածքներ
4․ Նաբոկով, «Լոլիտա»
Չեմ մարմնավորի ցանկացած կերպար, կամ հակառակը․․․
Վերջերս ինձ մի կերպար առաջարկեցին (չակերտները չեմ ուզում բացել), և փորձում եմ մտածել, թե դերասանն ինչու պետք է հրաժարվի որևէ կերպար մարմնավորելուց: Դա դու չես, դա այն կերպարն է, որը դու մատուցում ես, և շատ կարևոր է, որ ինքդ չմնաս այդ կերպարի ազդեցության տակ, չդառնաս այդ կերպարը: Ես, օրինակ, չեմ սիրում մեր դասական պիեսներում հաճախակի պատահող ավանդապաշտ հայ աղջկա կերպարը։ Շատերը գուցեև ինձ քննադատեն դրա համար, բայց չէի ցանկանա մարմնավորել նման կերպար։ Ապրելով այսօրվա ժամանակի մեջ՝ ես պատրաստ չեմ հետ գնալ դեպի այդպիսի կերպարները։ Եթե որպես օրինակ դիտարկենք «Ադելի կյանքը», «Դանիացի աղջիկը» կամ «Գնորդների դալասյան ակումբը», այսինքն՝ համասեռամոլների կերպարներն այդ ֆիլմերում, ապա սրանք իրական պատմությունների վրա հիմնված ֆիլմեր և կերպարներ են, որոնք ներկայացված են ֆանտաստիկ ճշմարտացիությամբ։ Այսպիսի ֆիլմերը ես չեմ համարում տվյալ երևույթի քարոզչություն։ Ես բարձր եմ գնահատել այս ֆիլմերը, սակայն դրանք ոչինչ չեն փոխել իմ կյանքում և աշխարհայացքում, քանի որ ունեմ իմ հստակ պատկերացումները արվեստի մասին և գիտակցում եմ, որ կերպարն ընդամենը կերպար է, իրական կյանքում ես չեմ կարող դառնալ այդպիսին։
Երկու ամենասիրելի մեջբերումները․
1․ Գրքից՝ «Վարպետը և Մարգարիտան»․ «Աննուշկան արդեն թափել է ձեթը»։
2․ Ֆիլմից՝ «Աշխարհը պատերազմի մեջ»․ «Այնտեղ, ուր այրում են գրքերը, կայրեն նաև մարդկանց»։
Այսօրվա համաշխարհային կինոն...
Մերօրյա հայկական կինոն, ցավոք, սարսափելի «կաղում է»։ Մենք ինքներս ենք մեզ խոչընդոտում, ֆինանսավորում ենք սխալ մարդկանց, պրոդյուսերական դպրոցը սխալ է աշխատում, մենք մեզ խանգարում ենք։ Ասես չենք հարգում ինքներս մեզ և դիմացինին, ասես անդադար ուզում ենք հավատացնել, թե միայն դրսինն է լավը։ Մենք չենք ուզում տեսնել մերը, մենք ուզում ենք տեսնել միանգամից հանճարեղ դերասաններ, մենք չենք տեսնում, որ տվյալ դերասանն ունի պոտենցիալ և կարող է աճել: Մենք միանգամից ուզում ենք նկարահանվել որևէ ֆիլմում և համարվել մեծություն: Դա է խնդիրը։ Մեզ պետք է պրոդյուսերական լավ դպրոց, որը, բացի ֆինանս ներդնելուց, կիմանա նաև, թե ինչ է արվեստը։ Մեզանում դա սխալ են ընկալում, մտածում են միայն շահույթ ունենալու մասին։
Ես կցանկանայի «Օսկար» ստանալ...
Եթե կա մեկը, ով ասում է, թե ինքը չի ցանկանում «Օսկար» ստանալ, ապա հաստատ ստում է: Իհարկե, ես էլ կուզենայի ստանալ։ Շնորհակալական խոսքիս մասին դեռևս չեմ մտածել, բայց գիտեմ, որ այդ մրցանակն էլ հարաբերական է, քանի որ կան այնպիսի դերասաններ, ովքեր չունեն «Օսկար»: Ինձ թվում է՝ ավանդական տեքստը կասեմ, ինչպես բոլորը, կասեմ, որ շնորհակալ եմ Աստծուն և ծնողներիս, ճիշտ է, մեր կարծիքով՝ դրանք ծեծված խոսքեր են, բայց իրականում ճշմարիտ են։
Արդյոք դերասանը պե՞տք է կապ ունենա քաղաքականության հետ, պետական խնդիրներին խառնվի, փորձի դրանք լուծել, լինի պաշտոնյաների համար համակրելի․․․
Քաղաքականության հետ՝ ոչ, բայց քաղաքացիների հետ՝ այո: Ես միշտ համաձայն եմ մասնակցել հավաքների, բայց քաղաքացիների հետ և ոչ թե քաղաքականության հետ: Ես երբեք չեմ խառնվի քաղաքականությանը, ինձ դա հետաքրքիր չէ։ Ես էլ եմ շարքային քաղաքացի և նրանց հետ կարող եմ պայքարել, օրինակ, թանկացման դեմ: Ես նպատակ ու ձգտում չունեմ համակրելի դառնալ ինչ-որ մեկի համար, և դա արդեն պարզ է դարձել շատ տեղերում: Երբևէ չեմ մոտեցել և ողջունել որևէ պաշտոնյայի, որպեսզի դրանով ինձ համար ընդարձակ հնարավորություններ ստեղծեմ։
5 ռեժիսոր, ում ֆիլմերը պետք է պարտադիր դիտել՝ ըստ Տաթև Հովակիմյանի
1․ Միքելանջերո Անտոնիոնի
2․ Սթիվեն Սփիլբերգ
3․ Բելա Տարր
4․ Ռոման Պոլանսկի
5․ Վուդի Ալեն
Հայկական կինոյում կան դեմքեր, որոնց մասին, ցավոք, շատերը չգիտեն․․․
Կուզենայի, որ հայկական կինոն…
Կան ֆիլմեր, որոնք հիմա այլևս չէինք կարողանա նկարահանել, ու, թերևս, պետք էլ չէ, որ դրանք նկարահանվեն այսօր, քանի որ այլևս չկան Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը և այլք։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իրենից ծնունդ առած ֆիլմերը, որոնք ոչ մի այլ ժամանակաշրջանում չէին կարող ծնունդ առնել։ Հիմա կարիք չկա նոր դերասանների շարքերում փնտրել հներին, նրանք այլևս չեն ծնվելու, նրանք իրենց դերակատարումն արդեն ունեցել են։ Սխալ է մտածել, թե նորը անպայման վատն է։ Այսօր յուրաքանչյուր հայ դերասանի երազանքն է, որ հայկական կինոն զարգանա, ճաշակ զարգացնի։ Բավական է աշխատել դրամարկղ լցնելու համար։ Եվ ո՞վ է ասել, որ ճաշակը չի կարող դրամարկղ լցնել։ Հանդիսատեսն ընդունում է այն, ինչն իրեն մատուցում են, հետևաբար՝ պետք չէ մեղադրել հանդիսատեսին։ Ի վերջո, ո՞վ է ասել, թե մեր հանդիսատեսը սերիալների հետ է մեծացել։ Եթե մատուցենք բարձրաճաշակ կինո, ապա հանդիսատեսը հենց դա էլ կընդունի և կսկսի պահանջել։
Ես Տաթև Հովակիմյան դերասանուհին եմ, ես այսպիսին եմ, որովհետև...
Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, ով է իմ հանդիսատեսը, և ինչ եմ խոստացել նրան։ Ես գիտեմ, թե ինչ պետք է տամ այն մարդկանց, ովքեր ինձ հավատում են, գիտեմ, որ չեմ կարող նրանց հիասթափեցնել։ Այդ մարդիկ ինձ համար շատ կարևոր են, շատ թանկ։
Հայ ժամանակակից գրողներից 5 ամենասիրելիները Տաթև Հովակիմյանի համար․
1․ Արամ Պաչյան
2․ Հովհաննես Թեքգյոզյան
3․ Էդգար Կոստանդյան
4․ Արամ Ավետիս
5․ Նարինե Աբգարյան
հարցազրույցը՝ Գայանե Թադևոսյանի
լուսանկարները՝ Կարեն Դավթյանի, Արտակ Սևադայի, Գրիգոր Իշխանյանի
COMMENTS