«Իմ ֆիլմերն ամբողջությամբ ստեղծված են իմ անձնական ապրումների հիման վրա»։ Անդրեյ Տարկովսկի
Այդ ժամանակ Անդրեյ Տարկովսկին աշխատում էր Գրիգորի Չուխրայի փորձարարական միավորումում, որտեղ հնարավոր էր արագ գործի լծվել և արագ նկարահանել ֆիլմ։ Ստուդիայում նրան աջակցում էին, բայց Կինեմատոգրաֆի հարցերով կոմիտեում սցենարը մերժվեց Պետկինոյի նախագահ Ռոմանովի կողմից․․․ Սկիզբ առավ ծանր փուլը․ աշխատանքի հեռանկար չկար, և Տարկովսկին սկսեց նկարահանել «Սոլյարիսը»։ Երբ նա ավարտեց այդ ֆիլմը, արդեն Կինեմատոգրաֆի կոմիտե էր եկել Երմաշը, ով բավականին դեմոկրատական մոտեցում ցուցաբերեց։ Նա Տարկովսկուն ասաց․ «Դուք կարող եք նկարահանել այն, ինչ ցանկանում եք»։ Եվ ռեժիսորը որոշեց վերադառնալ մի կողմ դրված սցենարին, որը հիմնավորապես վերամշակվելու էր։ «Սպիտակ, սպիտակ օր» («Հայելի») ֆիլմի սցենարը կառուցված էր Տարկովսկու մանկության, ընտանիքի, նրա հասուն կյանքի որոշ հանգամանքների մասին հուշերի հիման վրա։ Բարդ էր մտածված ապագա ֆիլմի կերպարային կառույցը․ խաղարկային դրվագները պիտի ընդմիջվեին քրոնիկայով։ Արսենի Տարկովսկու բանաստեղծությունները դառնալու էին ստեղծագործության քնարական լեյտմոտիվը։ Ինքը՝ Անդրեյը ուզում էր նկարահանվել Հեղինակի դերում։ Նախատեսվում էր ֆիլմում ընդգրկել վավերագրական հարցազրույց Մարիա Իվանովնա Վիշնյակովայի հետ՝ թաքնված կինոխցիկով նկարահանված։ Նա ողջ կյանքում աշխատել էր որպես սրբագրիչ Առաջին նմուշային տպագրատանը։ Ի դեպ, անմոռանալի դրվագը «Հայելի» ֆիլմում, որտեղ Մարիան անձրևի տակ վազում է դեպի տպարան՝ վախենալով, որ վրիպակ է թույլ տվել, արտացոլում է իրական իրավիճակ։
«Սպիտակ, սպիտակ օր» ռեժիսորական սցենարի քննարկումը ստուդիայի գեղարվեստական խորհրդում տեղի ունեցավ 1973թ-ի ապրիլի 17-ին։ Ընդհանուր մթնոլորտը հուզախառն էր, նյարդային, բայց, խոշոր հաշվով, բարյացակամ։ Միխայիլ Շվեյցերը նշեց, որ սա խորհրդային ժամանակակից արվեստում առաջին փորձն է՝ ստեղծելու խոստովանանքի յուրատեսակ ժանր, մասնավորապես՝ արվեստագետի խոստովանանքի, և ամեն առումով ցանկալի է, որ այս ժանրը կայանա։ Բոլոր ելույթները նրբանկատ էին, զգուշավոր։ Տարկովսկին ծայրահեղ զգայուն մարդ էր և բուռն էր արձագանքում, երբ իր հետ գեթ մի հարցում չէին համաձայնում, անմիջապես խոսում էր նյութի ամբողջական չհասկացվածության մասին։ Առավել, քան որևէ այլ ֆիլմ, «Հայելին» կարելի է համարել Տարկովսկիների ընտանեկան ֆիլմ։ Կադրից դուրս հնչում էր սեփական բանաստեղծություններն ընթերցող հոր ձայնը, տարեց մոր դերում նկարահանվել էր Մարիա Իվանովնա Վիշնյակովան, տղայի առաջին սիրեցյալի դերը խաղացել էր Տարկովսկու խորթ դուստր Օլյան՝ Լարիսա Տարկովսկայայի աղջիկը։ «Հայելիում» խաղացել է նաև ինքը՝ Լարիսան․ բժշկի հարուստ կնոջ էպիզոդիկ դերը, երբ Մարիան ու Ալյոշան գալիս են ականջօղերը վաճառելու։ Վերջապես կադրում հայտնվում է նաև Անդրեյ Արսենևիչը․ ճիշտ է՝ նրա դեմքը չէր երևում, միայն ձեռքերը, մահացող Հեղինակի հյուծված ձեռքերը՝ անկողնու վրա տարածված։ Մարգարիտա Տերեխովան «Հայելիում» կատարում է երկու դեր՝ հերոսի մոր և կնոջ։ Ինչպես վերհիշում էր Տերեխովան, սցենարը ոչ ոքի թույլ չէին տալիս կարդալ, և երբ ինքը եկել է փորձերի, գաղափար չի ունեցել, թե ո՛ր դերն է գլխավորը։ Ռեժիսորը դերասանուհուն առաջադրել է դժվարին խնդիր՝ կանացի միևնույն տիպաժը մարմնավորել երկու տարբեր ժամանակային հարթություններում՝ նախապատերազմյան կնոջը և հետպատերազմյան «էմանսիպացված» կնոջը։ Եվ Տերեխովան հաղթահարում է խնդիրը։
Վերստին Տարկովսկու ֆիլմում նկարահանվում էին դերասաններ Նիկոլայ Գրինկոն, Անատոլի Սոլոնիցինը, Յուրի Նազարովը։ Օլեգ Յանկովսկին «Հայելիի» կարճ, բայց չափազանց կարևոր դրվագում խաղում է զինվորական հոր դերը, իսկ նրա 5-ամյա որդին՝ Ֆիլիպը, ֆիլմի հերոսին՝ վաղ մանկական տարիքում։ Օլեգ Յանկովսկուն փորձերի չէին հրավիրել, կար ընդհանուր համոզմունք, որ նա համապատասխանում է, և որ ընտրությունը ճշգրիտ է։ Սցենարի համահեղինակ Ալեքսանդր Միշարինի խոսքերով՝ «Յանկովսկու դեմքը՝ այն ժամանակ դեռևս ոչ բավականաչափ ծանոթ, ճառագում էր կյանքի էներգիա և ուրախություն, ռոմանտիկ հոգեվիճակը նա փոխանցում էր հեշտությամբ և, միաժամանակ, կենտրոնացվածությամբ»։ Ռեժիսորի ասիստենտ Մարիա Չուգունովան, գտնելով Անդրեյ Տարկովսկու մանկական լուսանկարը, որոնում էր թեկնածու՝ Ալեքսեյի դերը կատարելու համար։ Եվ դպրոցներից մեկում գտավ Իգնատ Դանիլցևին։ Փորձերից հետո նրան անմիջապես հաստատեցին այդ դերում։ Իգնատը նկարահանումների ժամանակ հաճախ վիրավորանքից արտասվում էր՝ պատճառաբանելով, թե Անդրեյ Արսենևիչն իր հետ գրեթե չի խոսում։ Տերեխովային ամեն ինչ մանրակրկիտ բացատրում է, իսկ իրեն՝ ոչ։ Մինչդեռ պատճառն այն էր, որ Իգնատն անմիջապես հասկանում էր ռեժիսորի ցանկությունը, բավարար էր միայն ուղղություն ցույց տալը․ «Դու նստած ես այստեղ, զգում ես այս կամ այն, քո զգացողությունն այսպիսին է կամ այնպիսին է»․․․ Տարկովսկին նրա հետ նույնիսկ փորձեր չէր անում։ Իգնատ Դանիլցևը նույնպես մեծանում էր առանց հոր, ապրում էր մոր հետ․․․
Ամառը խոնավ ու ցուրտ էր։ Տարկովսկին վարձակալել էր գյուղական տուն, որտեղ բնակություն էր հաստատել Լարիսայի, Տյապայի, Լյալյայի և Աննա Սեմյոնովնայի հետ (Տյապան Անդրեյ և Լարիսա Տարկովսկիների որդին էր, Լյալյան՝ Լարիսայի դուստրը, Աննա Սեմյոնովնան՝ նրա մայրը)։ Նկարահանումներն ընթանում էին ծայրահեղ դանդաղ։ 10 օրվա ընթացքում Տուչկովոյում նկարահանել էին ընդամենը երկու կադր, այսինքն՝ մեկ անցում։ Աշնանը խումբը եկավ Մոսկվա, սկսվեց աշխատանքը նկարահանման տաղավարներում։ Այստեղ են, օրինակ, նկարահանել տղայի երազի տեսարանը, որտեղ առաստաղից հորդում է ջուրը և թրջում ծեփը։ Ապշեցնում էին դեկորների ընդհանուր չափսերը, հատկապես՝ տաղավարում կառուցված բակը, որտեղ հրարվեստավորները շարել ու վառել էին խարույկ։ Դա զարմանալի էր, քանի որ դեկորներում կտրականապես արգելվում էր վառել բաց կրակ։ Ըստ երևույթին՝ «Հայելի» ֆիլմի վարչական կազմը ձեռք էր բերել հատուկ թույլտվություն։ Նկարահանումների ընթացքին զուգահեռ՝ Տարկովսկին մոնտաժում էր վավերագրական նյութը։ Իսկական բացահայտում դարձան Սիվաշի ջրերի վրա թափառող զինվորները։
Հետագայում գրող Գեորգի Վլադիմովը ֆիլմի այդ դրվագի մասին գրել է․ «Եվ հաջորդում էին ռազմաճակատային քրոնիկայի սև-սպիտակ կադրերը՝ լիիրավ և լիովին հեղինակային, չէ՞ որ Տարկովսկուց առաջ ոչ ոք դրանք չէր ընտրել՝ այդ յուրովի դաժան կադրերը, թեպետև դրանցում չկա ո՛չ հրաձգություն, ո՛չ պայթյուններ, ո՛չ ընկնող մարմիններ, այլ կան տուգանակիր զինվորներ՝ Սիվաշով անցնող, դանդաղ, տարուբերվող, ճահճային ցեխի մեջ թափառող, փթանոց կոշիկները փաթաթաններով ձգող։ Եվ աչքդ միանգամից չի նկատում ամենասարսափելին՝ այն, որ նրանք, ըստ էության, անզեն են, թեպետ յուրաքանչյուրն ինչ-որ մի իր տանում է՝ կրծքին սեղմած, մեկը՝ ականանետի ական, մյուսը՝ արկ։ Այսինքն՝ նրանք ընդամենը «մատուցողնե՞ր» են, և նրանց այդ նպատակո՞վ են քշել դեպի փտած Սիվաշ։ Եվ նրանցից յուրաքանչյուրի համար իր կրած բեռը հենց իր իսկ գինն է, աներևակայելի տառապանքների գինը․․․»։
1974թ-ի փետրվարի 12-ին նկարահանվում էր «Հայելի» ֆիլմի այն տեսարանը, որտեղ հերոսուհուն ստիպում են մորթել աքաղաղին, այսինքն՝ Մարիայի ու Լեբեդևայի տեսարանը, որում նկարահանվում էին Տերեխովան ու Լարիսա Տարկովսկայան։ Նկարահանման հրապարակում իրավիճակը լարված էր․ ընթանում էր կանացի փառասիրությունների գաղտնի պայքար։ Իսկ տվյալ դեպքում իրավիճակն ավելի էր լարվում նաև այն պատճառով, որ Լարիսան ինքն էր ցանկանում խաղալ Մոր դերը։ Տերեխովան հրաժարվում էր մորթել աքաղաղին։ Նրան չհաջողվեց համոզել։ Էպիզոդը նկարահանեցին հնարավորինս պարզ։ Ձայնագրեցին աքաղաղի մահառաջի ճիչը, փետուրները փչեցին տանտիրուհու դեմքին․ սպանությունը, իբր, տեղի ունեցավ։ Եվ դրանից հետո՝ Տերեխովայի դեմքը խոշոր պլանով, հանցանք գործած մարդու դեմքը։
Ֆիլմը նկարահանելու ընթացքում Տարկովսկին ասել է․ «Միակը, ինչի մասին հիմա կարող եմ վստահ պնդել, այն է, որ մեր կողմից այժմ նկարահանվող ֆիլմն ընդհանուր ոչինչ չի ունենալու ավանդական կինեմատոգրաֆի հետ՝ սյուժեի շարադրանքի և պատմության հիմքի վրա կառուցված։ Իրադարձությունների հաջորդականությունն ինքնին չի ունենալու ոչ մի նշանակություն։ Ամեն ինչի իմաստը պետք է ի հայտ գա անցյալի էպիզոդները հեղինակի՝ այդ անցյալի հանդեպ ունեցած վերաբերմունքի և ինքնին կյանքի հետ համադրելիս։ Այս ֆիլմը պիտի նման լինի երազի, որտեղ մարդն իրեն զգում է ծեր, հստակ գիտակցում է, որ կյանքն անցել է, և ամենակարևոր ջրբաժանն ինքն արդեն անցել է․․․ Ֆիլմում շատ կարևոր են լինելու խոսքերը, հեղինակային մենախոսությունները՝ հեղինակի միտքը, հեղինակի մտորումներն ուղղակիորեն արտահայտող։ Ինչ վերաբերում է խաղարկային տեսարաններին, ապա դրանցում չպիտի լինի երկիմաստ ոչինչ, ամեն ինչ պիտի լինի պարզ, ինչպես կյանքում է, առանց որևէ սիմվոլացման։ Ֆիլմի մի քանի գործող անձինք պարզապես սովորական մարդիկ են՝ իրականության մեջ գոյություն ունեցող և մեծ էկրանին իրենք իրենց խաղացող․․․ Գործող անձինք պիտի խառնվեն, և պիտի լինեն պահեր, երբ այնքան էլ հասկանալի չէ, թե ով ով է․․․»։
1974թ-ի մարտին նկարահանումներն ավարտվեցին, և սկսվեց առավել, քան երբևէ տանջալից մոնտաժային աշխատանքը։ Դրությունը բարդ էր, քանի որ ամեն ինչ նկարահանված էր, ժամկետները խախտված էին, խումբը չէր ստացել պարգևատրում, իսկ ֆիլմը ոչ մի կերպ չէր ամբողջանում։ «Մոսֆիլմի» մոնտաժային սենյակում Տարկովսկին արդեն որերորդ անգամ տեղափոխում էր ֆիլմի ամբողջական էպիզոդներ և առանձին դրվագներ։ Անդրեյ Արսենևիչը պատրաստեց բացիկներ՝ 32 էպիզոդների անվանումներով՝ «տպագրատուն», «ականջօղերի վաճառք», «իսպանացիներ», «հիպնոսի սեանս» և այլն։ Վերջապես նա պայծառացավ։ «Իսկ գիտե՞ս, թե ինչ կանեմ»,- ասաց նա Միխալկով-Կոնչալովսկուն,- «Ես ընդհանրապես ամեն ինչ կխառնեմ, որպեսզի ոչ ոք ոչինչ չհասկանա։ Վերջը կբերեմ սկիզբ, միջին մասը՝ վերջ»։ Նա փորձեց վերախմբավորել կառուցվածքը՝ դարձնելով բացարձակապես աբստրակտ կոլաժ։ Եվ նրան հաջողվեց։ Միխալկով-Կոնչալովսկու խոսքերով՝ «նա քանդեց պատմվածքի կապակցվածությունը, և ոչ ոք ոչինչ չէր հասկանում։ Բայց կար չափազանց նշանակալից մի ասելիքի զգացողություն, չէ՞ որ աղյուսները ոսկուց էին»։
1968թ-ի սցենարի տարբերակի համեմատ՝ ֆիլմում չկային «Ձիարշավարանի», «Կուլիկովյան ճակատամարտի» հիանալի մտածված էպիզոդները, մոր նկարահանումը թաքնված կինոխցիկով, նրա հետ հարցազրույցը, չկային տղայի երազները՝ ջրի տակ նկարահանված։ «Հայելին» արվում էր Վեցերորդ ստեղծագործական միավորումում, որը պաշտոնապես կոչվում էր Գրողների և կինոաշխատողների ստեղծագործական միավորում, և որի երկարամյա գեղարվեստական ղեկավարներն էին ռեժիսորներ Ալեքսանդր Ալովն ու Վլադիմիր Նաումովը։ Գեղարվեստական խորհրդի անդամներն ըմբռնումով էին վերաբերվում ֆիլմին, որի տարբերակներն արդեն մի քանի անգամ դիտել էին։ Որոշ տեսարանների առնչությամբ կային տարբեր կարծիքներ, նաև՝ նախազգուշացումներ, թե ղեկավար անձանց շրջանում այդ տեսարանները կարող են կտրականապես չընդունվել։ «Մեր դիտողությունները Ձեզ համար պարտադիր պայման չեն»,- նրբանկատորեն ասում էր Ալեքսանդր Ալովը,- բայց մենք պարտավոր ենք դրանք արտահայտել»։ Տարկովսկին գանգատվում էր, թե նյութերում զգացվում է մի շարք աղմուկների, խաղարկային ռեպլիկների, երաժշտության բացակայությունը, այդ իսկ պատճառով խնդրում էր իրեն բացառության կարգով թույլ տալ կատարելու այդ բոլոր հնչյունների վերաձայնագրում, կազմակերպելու աշխատանքի հերթական փուլը՝ նպատակ ունենալով այդ պակասող բաղադրիչների լրացմամբ հստակություն բերել նյութի ընկալման մեջ։
Միավորումում նրան ընդառաջեցին՝ չնայած ֆիլմի հանձնման ժամկետների հետաձգմանը և լրացուցիչ ծախսերին։ Կինոնկարի այդ տարբերակը ցուցադրեցին Պետկինոյում։ Ինչպես վերհիշում է Ալեքսանդր Միշարինը, Երմաշը դժգոհ էր կինոնկարից․ «Դուք ունեք ստեղծագործելու ազատություն, բայց, ախր, ոչ այդ աստիճան․․․»։ «Հայելին» հինգ անգամ հանձնել են Պետկինո։ Յուրաքանչյուր հանձնումից հետո ստանում էին անհրաժեշտ ուղղումների ցանկը։ Ֆիլմերը դասակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ բռնկվեցին կոշտ բանավեճեր։ Անկյունաքարը դարձավ ֆիլմի հանրամատչելիության մասին հին ու ծեծված հարցը։ Նախնական քննարկումներից մեկի ժամանակ ինքը՝ Տարկովսկին իր դիրքորոշումը ձևակերպեց հետևյալ կերպ․ «Քանի որ կինոն, այնուամենայնիվ, արվեստ է, այն չի կարող լինել ավելի հասկանալի, քան արվեստի մյուս տեսակները․․․ Ես մասսայականության մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում․․․»։ Քվեարկության արդյունքները հետևյալն էին․ առաջին կատեգորիայի համար՝ 11 ձայն, երկրորդ կատեգորիայի համար՝ 12 ձայն։
Ֆիլմի վարձույթը սահմանափակ էր, օրինակ՝ Մոսկվայում «Հայելին» ցուցադրվել է ընդամենը երեք կինոթատրոնում։ Միայն 1990-ականների սկզբին, արդեն Տարկովսկու մահվանից հետո, ֆիլմին շնորհվեց առաջին կատեգորիա։ «Հայելին» ինքնակենսագրական ֆիլմ է։ Ահա թե ինչու են այս ֆիլմը հասկանալու համար այդքան կարևոր կենսագրական փաստերը, ընտանեկան հանգամանքները, ազգակցությունը։ Ինքը՝ Տարկովսկին ասում էր, որ իր կյանքում չի եղել մի ուրիշ այսպիսի ֆիլմ, որն իր գործընկեր ռեժիսորները կընդունեին այդքան իրարամերժ՝ վրդովմունքով կամ հիացմունքով։ Օթար Իոսելիանին, օրինակ, հայրաբար ասել է Անդրեյին․ «Իմ կարծիքով՝ խառն է, երկար»։ Հեղինակները «Հայելին» ցույց տվեցին Վիկտոր Շկլովսկուն, Պյոտր Կապիցային, Պավել Նիլինին, Չինգիզ Այթմատովին և, վերջապես, Դմիտրի Շոստակովիչին։ Նա արդեն չէր կարողանում քայլել, այդ պատճառով ցուցադրությունը կազմակերպեցին այնպիսի դահլիճում, որտեղ կարելի էր գրեթե ներս խուժել մեքենայով և հետո անել ընդամենը մի քանի քայլ։ Կինոնկարը նրանց դուր եկավ։
Մոսկվա ժամանեց Կաննի կինոփառատոնի ներկայացուցիչը և հարցրեց «Հայելու» մասին։ Երմաշն ասաց, որ կինոնկարը պատրաստ չէ, թեպետ սևագիր մոնտաժը կարող էին ցուցադրել։ Տարկովսկին հյուրի համար գաղտնի ցուցադրություն կազմակերպեց՝ զարտուղի ճանապարհներով սողոսկելով նրա ընդունարան։ Ռուսական կինոյի դասականն անձամբ մատուցեց կինոժապավեններով տուփերը՝ այդ ընթացքում դողալով «հանցանքի» վայրում բռնվելու վախից․․․ Կաննի կինոփառատոնում ֆիլմն այդպես էլ չհայտնվեց։ Բայց լայնածավալ ցուցադրություն ունեցավ արևմտյան կինոթատրոնների էկրաններին։ Երբ Տարկովսկին ժամանել էր Ֆրանսիա, ապշած էր մնացել՝ տեսնելով իր ֆիլմի դիտման համար գոյացած հերթերը Ելիսեյան դաշտերում․․․ «Հայելին» ստացավ Իտալիայի ազգային մրցանակ՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ։
Իգոր Մուսսկի
«100 հայրենական մեծագույն ֆիլմերը» գրքից
COMMENTS