Կուրոսավայի գործընկեր Տերուո Նոգամիի հուշերից:
«1981թ-ի հոկտեմբերի 9-ին Ամերիկայի ռեժիսորների գիլդիան Նյու Յորքում ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ Ակիրա Կուրոսավայի: Ցերեկույթին ներկա էին բազմաթիվ հանրահայտ ռեժիսորներ. հրաշալի օր էր, երկնքում պսպղում էր արևը:
Ուիլյամ Ուայլերը, Ջորջ Կյուկորը, Սեմյուել Ֆուլերը, Ռուբեն Մամուլյանը և կինոաշխարհի շատ այլ նշանավոր դեմքեր հավաքվել էին Կուրոսավային պատվելու, և, բնականաբար, նա հուզված էր: Երբ ես նշեցի, որ չգիտեմ, թե ով է Ռուբեն Մամուլյանը, Կուրոսավան ասաց. «Օ՜, նա այն մարդն է, ով ստեղծել է կինոյի գլուխգործոց «Ծափահարություններ» (1929թ) ֆիլմը»: Նա արագորեն մոտեցավ Մամուլյանին և ողջունեց:
Այդ օրը Կուրոսավան չափազանց հիացած էր, կարծես երիտասարդ կինոսեր լիներ: Այդ օրվա հիացմունքը մի անմոռանալի, ցմահ հիշողություն դարձավ: Իր կյանքի վերջին տարիներին նա հաճախ էր հիշում. «Հրաշալի միջոցառում էր: Նրանք բոլորն այդտեղ էին հավաքվել ինձ համար, բոլոր այդ հրաշալի ռեժիսորները: Ճապոնացի կինոռեժիսորները նույնպես պետք է լինեն այդպիսին: Հավաքվեն իրենց գործընկերների հետ և խոսեն ֆիլմերի մասին: Եթե մենք նախկինում այդպես անեինք, ավելի շատ լավ ֆիլմեր կստեղծվեին»: