Քենթ Ջոնսի ֆիլմը, 2015թ
1962թ-ին տեղի ունեցավ մի հանդիպում, որը շրջադարձային դեր ունեցավ կինեմատոգրաֆի պատմության էջերում։ Այն ժամանակ դեռևս երիտասարդ կինոքննադատ և ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն հարցազրույցների շարք անցկացրեց իր կուռքի՝ Ալֆրեդ Հիչքոկի հետ։ Տրյուֆոն նպատակադրվել էր բոլորին ապացուցել, որ Հիչքոկը, ով շատերին թվում էր սոսկ «ցածր ժանրի» ֆիլմեր ստեղծող «կինոյի արհեստավոր», իրականում մեծագույն կինոգործիչ էր ու նորարար, իսկ նրա ֆիլմերն ընդմիշտ փոխել էին կինեմատոգրաֆի զարգացման ընթացքը։ Հետևելով Տրյուֆոյի օրինակին՝ սասփենսի արքայի խճճված աշխարհ են ուղևորվում նաև ռեժիսորներ Ուես Անդերսոնը, Մարտին Սկորսեզեն, Ռիչարդ Լինքլեյթերը և այլք։ Հիչքոկի հանճարի առջև մեծարանքով լի՝ նրանք փորձում են պատասխանել այն հարցին, թե որն է այս ռեժիսորի ֆիլմերի բացառիկության գաղտնիքը․ գաղտնիք, որը հավերժ դիտարժանություն է պարգևել նրա ստեղծագործություններին և մինչ օրս էլ ապշեցնում է հանդիսատեսին․․․