«Երբ սպառվեն փամփուշտները, ասա ինձ, որ սկսեմ երգել»։ «Մայրամուտից մինչև լուսաբաց»
- Ճակատագիրն ինչպե՞ս ծանոթացրեց քեզ ու Ռոբերտ Ռոդրիգեսին։
- Մենք ծանոթացանք Տորոնտոյի կինոփառատոնում։ Ռոբերտ Ռոդրիգեսն այդ ժամանակ ներկայացնում էր «Երաժիշտը» ֆիլմը, իսկ ես՝ «Կատաղի շները»։ Մենք խենթերի պես սուրում էինք մամուլի համար նախատեսված սենյակի և լոբբի-բարի միջև գտնվող միջանցքով՝ «պատկերացրո՛ւ․․․ մենք ռեժիսորներ ենք․․․ մենք կտրիճ տղերք ենք․․․ այո՜» ոճի բացականչություններով։ Հետո ես վերադարձա Sony-ի ստուդիա, որպեսզի նկարահանեմ «Քրեական ընթերցվածքը», և իմացա, որ Ռոդրիգեսն աշխատում է հարևան սենյակում։
- Իսկ ինչպե՞ս ծնվեց ձեր այդ խենթ գաղափարը՝ կազմակերպել Գրայնդհաուսի կրկնակի կինոսեանսը։
- Ես ու Ռոբերտը հաճախ էինք գիշերներ լուսացնում իմ տանը․ ես հավաքում էի անցած տարիների լավագույն թրեյլերները, և մենք ամեն անգամ դիտում էինք 2-3 հին բարի ֆիլմ։ Մի անգամ ֆիլմ դիտելիս Ռոդրիգեսը հանկարծ գլխի ընկավ․ «Լսի՛ր, մենք պետք է մեր գիշերային հավաքույթների արդյունքը հասանելի դարձնենք ողջ աշխարհին»։ Եվ բառացիորեն մի վայրկյան անց․ «Մենք դա կանվանենք Գրայնդհաուս»։
- Ես էլ մտածում էի, թե դուք պատրաստվում եք վերադարձնել այն ժամանակները, երբ կինոթատրոն հաճախելն ավելին էր, քան սոսկ աթոռ վարձակալելը 1,5 ժամով։
- Ես չեմ սիրում ինձ երևակայել մի քավթառի պես, ով մշտապես բողոքում է, թե 10-20 տարի առաջ կյանքն ավելի լավն էր։ Բայց իրականում դու ճիշտ ես, տղա՛ս։ 70-ականներին կինոթատրոնները հանդիսանում էին մի բոլորովին այլ երևույթ․ դրանք հսկայական տներ էին՝ ահռելի ցուցապաստառներով, համարակալված հանդերձարաններով և եռուզեռի յուրահատուկ մթնոլորտով, որն ուղեկցում էր ամեն մի նոր ֆիլմի պրեմիերան։ Ո՛չ, հիմա մարդիկ նախընտրում են գնել այդ հիմար DVD-տարբերակները և առաջին կինոդիտման սրբազան խորհուրդը վերածել բազմոցի ու չստերի անվճար հավելվածի։
Տարանտինոն ու Ռոդրիգեսը 1990-ականների սկզբին |
- Հը՛մ, նայած, թե ինչ է ցուցադրվում։ Մեր հաղթաթուղթն այն է, որ Ռոբերտ Ռոդրիգեսն ու Քվենտին Տարանտինոն միմյանցից բոլորովին տարբեր ռեժիսորներ են, և մենք ստեղծում ենք բոլորովին տարբեր կինո։ Սա քեզ համար Մարքս եղբայրների կինոն չի, որ մտածես․ «Օ՜, Աստված իմ, իրար ետևից երկու Մարքս եղբայր՝ չէ՞ որ դա պարզապես անտանելի է»։ «Վախի մոլորակը» և «Մահվան ապացույցը» միմյանց շարունակող ֆիլմեր չեն, դրանք երկու ինքնուրույն և յուրովի հիասքանչ կինոնկարներ են, մեկը՝ հրեշների մասին, մյուսը՝ մոլագար տղայի։
- Կարծես թե՝ ձեր Գրայնդհաուսը հայտնվել է ճիշտ ժամանակին, երբ սարսափ-ֆիլմերի արտադրությունը զարթոնքի գագաթնակետին է։
- Ամեն ինչ սկսվել է ճապոնական արտադրության գերարյունալի սարսափ-ֆիլմերից, այնպիսի ռեժիսորներից, ինչպիսին է, օրինակ, Տակասի Միիկեն։ Բայց այն ժամանակ այսքան մեծ քանակությամբ բռնությունը հաջողության շանս չուներ և կարող էր հավակնել միայն «ուրիշ կինո» կարգավիճակին, ինչպես այժմյան ինտելեկտուալ վիդեոները։ Եթե դու հանկարծ, աստված մի՛ արասցե, կադրում ցուցադրել ես մարդկային մսի մի կտոր, քո շահույթը կրճատվում էր տասնյակ անգամ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ես ու Ռոբերտ Ռոդրիգեսը նկարահանում էինք «Մայրամուտից մինչև լուսաբաց» ֆիլմը, «սարսափ» բառը բարձրաձայն արտասանելը նշանակում էր՝ մնալ առանց ճաշի, և մենք, ընկճախտով տառապողների պես, այն անվանում էինք «թրիլեր» կամ «ռոլլա կոստա»։ Իսկ հիմա՞։ Միայն ամենածույլերն են, որ սարսափ-ֆիլմեր չեն նկարահանում, քանզի այդ ֆիլմերից յուրաքանչյուրը հիթ է դառնում վարձույթում հայտնվելու առաջին իսկ շաբաթվա ընթացքում։
- Այդուհանդերձ, դու քո ֆիլմերը նկարահանում ես 70-ականների քիթչային կինոյի ոճում։
- Օ՜, ես առհասարակ այդ բոլոր ցածրակարգ սարսափների մեծ երկրպագուն եմ։ Դրանց առավելությունը հենց այն է, որ չունեն մեծ բյուջե և չեն շահագործում «փչովի» աստղերին, ովքեր միայն իրենց ներկայությամբ հաջողեցնում են ամենալավ սարսափ-ֆիլմը վերածել կարմիր գորգի պես մի երևույթի։ Մինչդեռ ֆիլմում միայն սեքս ու բռնություն էր, ինչպես նաև մարդկային էության բոլոր մութ կողմերը։ Իհարկե, ձեր համեստ ծառան վերադիտել է այդ բոլոր գլուխգործոցները առնվազն 10 անգամ։
- Դու, հավանաբար, «Մահվան ապացույց» ֆիլմը նույնպես նկարահանել ես ինչ-որ յուրահատուկ ձևով․․․
- Դա այն խոսքը չէ։ Դա մի իսկական պանկ-ռոք էր։ Եթե, օրինակ, օպերատորը կինոխցիկով դիպչում էր դռան շրջանակին, և պատկերը կադրում ցնցվում էր, մենք չէինք խնդրում, որ էպիզոդը վերստին նկարահանի, այլ խմբովին գոչում էինք․ «Լա՛վ է։ Չէ՞ որ սա Գրայնդհաուս է»։
- Ասում են՝ դու նույնիսկ միտումնավոր փչացնում էիր կինոժապավենը․․․
- Այո՛, մի քիչ քերծել եմ ու կեղտ լցրել վրան։ Չէ՞ որ նախկինում պատկերի որակը «կաղում էր»․ միևնույն ժապավենը պտտեցնում էին միանգամից տասնյակ կինոթատրոններում, իսկ երբ այդ ժապավենները, երկրի կեսը անցնելով, հասնում էին հանրահայտ El Paso-ն բաց երկնքի տակ, միայն աստված գիտեր, թե ինչին էին նման լինում։ Դրանց վրա կային բծեր, քերծվածքներ, բացակայում էին որոշ դրվագներ։ Եվ երբ էկրանի վրա երևում էր «կտրված տեսարան» գրությունը, դու քեզ զգում էիր ապուշի պես, ով 10 րոպեով փակվել է լոգասենյակում և բաց թողել ապոկալիպսիսի գալստյան պահը։
- Ցանկություն չե՞ս ունեցել նկարահանելու որևէ ավելի լուրջ ֆիլմ, քան մոլագար մեքենավարի արկածներն են։
- Ի՞նչ է նշանակում՝ «ավելի լուրջ»։ Քո կարծիքով՝ ես զվարճանո՞ւմ եմ։ Ես գրում եմ գերազանց սցենարներ։ Ես նույնպիսի գրող եմ, ինչպիսին ոմն Ռեդյարդ Քիփլինգն էր կամ Մարկ Տվենը, և ես կինո եմ նկարահանում այն ժանրում, որը զգում եմ։ Թե՞ դու ուզում ես, որ Տարանտինոն նկարահանի ինչ-որ մի ձանձրալի կենսագրական կինոնկար։ Ո՛չ, ես դեռևս բավականաչափ ծեր չեմ դրա համար։
Ջասթին Թիմբերլեյքի հետ |
- Այբբենական կարգով։ 16 մմ-անոց ժապավենների համար ես սարքավորել եմ նկուղ, որը ունի համապատասխան ջերմաստիճան։ 35 մմ-անոց ժապավենները ես պահում եմ մեկ այլ նկուղում, մի մասն էլ իմ ավտոտնակում է։ Ավտոտնակն առհասարակ հրաշալի տեղ է կինոժապավենների համար։ Եվ եթե երբևէ գտնվեն Էրիխ ֆոն Շտրոհեյմի «Ագահություն» ֆիլմի պակասող դրվագները, ապա, գրազ եմ գալիս, դրանք կհայտնվեն որևէ մեկի ավտոտնակում։
- Գոյություն ունե՞ն ֆիլմեր, որոնք դու դեռևս չես դիտել։
- Իհարկե։ Դեռևս մնացել են մի քանիսը․․․ մոտավորապես չորսը։
- Ի՞նչ կանեիր, եթե քո «Մահվան ապացույց» ֆիլմը սուլոցներով դիմավորեին, իսկ Ռոդրիգեսի «Վախի մոլորակը» ստանար «Օսկար»։
- Կաշխատեմ որպես վերելակավար։ Իսկ եթե անկեղծ՝ ապա կասեմ․ «Շնորհակալությո՛ւն, Ռոբերտ Ռոդրիգես։ Իմ եղբոր ստացած արձանիկը նաև իմ արձանիկն է», և կգնամ «Օսկարը» վերցնելու։
«Գրայնդհաուսը» Քվենտին Տարանտինոյի և Ռոբերտ Ռոդրիգեսի համատեղ նախագիծն է, որը բաղկացած է երկու լիամետրաժ ֆիլմերից՝ «Վախի մոլորակն» ու «Մահվան ապացույցը», և չորս կեղծ թրեյլերներից, որոնցից երկուսի հիման վրա հետագայում նկարահանվել են ինքնուրույն ֆիլմեր։ Նախագծի գաղափարը 70-ականների մասսայական ու փոքրաբյուջե կինոյին վերադառնալն է, որ ցուցադրվում էր հատուկ այդ նպատակին ծառայող կինոթատրոններում՝ գրայնդհաուսներում։
COMMENTS