«Ձեզ համար ես աթեիստ եմ, Աստծո համար` կառուցողական ընդդիմություն»: Վուդի Ալեն
– Ի՞նչ կարող եմ անել քեզ համար, փոքրի՛կ։
– Դուք կորածների փնտրտուքով զբաղվո՞ւմ եք։
– Չլինի՞ ինչ-որ մեկը կորել է։ Ոստիկանություն դիմե՞լ եք։
– Ոչ այնքան կորել է․․․ Գիտե՞ք, պարոն Լյուբոշից․․․
– Ուղղակի Կայզեր, անուշի՛կս։ Դե, ո՞ւմ ենք փնտրում։
– Աստծուն։
– Աստծո՞ւն։
– Աստծուն։ Բարձրյալին։ Տիեզերքի արարչին։ Ամեն ինչի սկզբնապատճառին, գոյության բարձրագույն սկզբունքին։ Խնդրում եմ, Կայզեր, նրան գտնել է պետք։
Ցնորվածների պակաս իմ գրասենյակում չի եղել, բայց երբ նրանք այսպիսի կազմվածք ունեն, առանց աչք թարթելու լսում ես նրանց։
– Ինչի՞ համար:
– Կարևոր չէ։ Ձեր գործը նրա որոնմամբ զբաղվելն է։
– Կներես, փոքրիկ, բայց դու սխալ հասցեով ես եկել։
– Բայց ինչո՞ւ։
– Ինձ փաստեր են պետք։
Ես ոտքի կանգնեցի։
– Սպասեք: Լավ, բարի։
Նա կծեց ստորին շրթունքը, այնուհետև սկսեց հարթեցնել զուգագուլպայի խորշոմը։ Ես գնահատեցի ներկայացումը, սակայն խայծը կուլ չտվեցի։
– Արի պարզ խոսենք, պստիկ։
– Լավ։ Բանն այն է, որ ես բնորդուհի չեմ։
– Չէ՞։
– Չէ։ Եվ անունս էլ Հիզեր Բաթքիս չէ, այլ Քլեր Ռոզենցվեյք, ես ուսանողուհի եմ, Վասսարում փիլիսոփայություն եմ ուսանում։ Ուսումնասիրում եմ արևելյան մտքի պատմությունն ու նման բաներ։ Հունվարին պետք է դիպլոմային աշխատանքս հանձնեմ։ Թեման՝ Արևմուտքի կրոնը։ Բոլորն, իհարկե, բավարարվում են ընդհանուր դատողություններով, բայց ես ցանկանում եմ տալ ճշգրիտ պատասխան։ Պրոֆեսոր Հերբանյեն ասաց՝ ով ճշգրիտ պատասխանը տա, դիպլոմը գրպանում է։ Իսկ հայրս «Մերսեդես» է խոստացել, եթե միայն «հինգեր» ստանամ։
Ես բացեցի «Լաքիի», այնուհետև ծամոնի տուփերը և յուրաքանչյուրից մեկական հատիկ վերցրեցի։ Այս պատմությունն սկսում է ինձ դուր գալ։ Փորձված աղջնակ է։ Ե՛վ IQ-ն է բարձր, և՛ կազմվածքն է ընտիր․ վերջին կետի հետ արժեր ավելի մոտիկից ծանոթանալ։
– Իսկ ինչպիսի՞ տեսք ունի այդ քո Աստվածը։
– Գաղափար անգամ չունեմ, երբևիցե չեմ տեսել նրան։
– Այդ դեպքում ինչի՞ց ես ենթադրել, որ նա գոյություն ունի։
– Հենց դա էլ պետք է պարզենք։
– Վատ չէ։ Առանց արտաքինն ու գտնվելու վայրն իմանալու։
– Անկեղծ ասած՝ այո։ Ավելի ճիշտ, ես, իհարկե, կասկածում եմ, որ նա ամենուր է։
– Հը՜մ․․․
Պարզ է․ պանթեիստ է։ Նկատի կունենամ։ Ասացի, որ պատրաստ եմ գործի անցնել։ Օրական հարյուր դոլար՝ գումարած լրացուցիչ ծախսերն ու ընկերական ընթրիքը հաճախորդուհի հետ։ Նա ժպտաց և համաձայնեց։ Երկուսս էլ վերելակով ներքև իջանք։ Իրիկնանում էր։ «Կա Աստված, թե չկա, – մտածեցի, – Նյու Յորքում քիչ չեն այն տղերքը, ովքեր ամեն գնով կփորձեն ինձ խանգարել դա պարզել»։
Ռեբե Իցհակ Վայսմանը՝ տեղի ռաբբին, ինձ պարտական էր․ մի անգամ ես օգնել էի գտնել, թե ով է նրա գլխարկին խոզի ճարպ քսում, – և հիմա իմ մտքով անցավ, որ նա կարող է, ըստ երևույթին, ինձ ուղղություն ցույց տալ։ Բայց հազիվ էր ռաբբին լսել, թե ինչի մասին է խոսքը, ես հասկացա․ մութ գործ է։ Ռաբբին վախեցավ։ Լրջորեն վախեցավ։
– Իհարկե, իհարկե։ Նա, ում մասին հարցնում ես, գոյություն ունի։ Բայց ես նույնիսկ իրավունք չունեմ ասելու, թե ինչ է Նրա անունը։ Նա ինձ պարզապես կոչնչացնի։ Չնայած՝ ես երբեք չեմ կարողացել ընկալել, թե ինչու են ոմանք այդքան պահանջկոտ, որ իրենց անունով դիմեն։
– Դու երբևէ նրան տեսե՞լ ես։
– Ե՞ս։ Ձե՞ռք ես առնում։ Լավ է, որ ես սեփական թոռներիս եմ տեսել։
– Այդ դեպքում որտեղի՞ց գիտես, որ նա գոյություն ունի։
– Որտեղի՞ց։ Լա՛վ հարց է։ Ու ինչպե՞ս էի ես գնելու այսպիսի կոստյում տասնչորս դոլարով, եթե այնտեղ ոչ ոք չլիներ։ Հապա մի ձեռք տուր, տես՝ ի՛նչ կտոր է, գաբարդի՛ն։ Այլ ապացույցներ պե՞տք են։
– Սա միա՞կն էր։
– Մի րոպե՛, մի րոպե՛։ Բա Հին Կտակարա՞նը։ Դա քեզ համար երեկվա կերածդ ֆորշմակը չէ։ Ու ինչպե՞ս, քո կարծիքով, Մովսեսը հրեաներին Եգիպտոսից դուրս բերեց։ Թե՞ երևակայում ես, որ նա փարավոնի համար չեչոտկա պարեց ու թովչանքով ժպտաց։ Հանգիստ եղիր, Կարմիր ծովը ավտոմեքենայի ամբարձիչով չես բաժանի։ Այստեղ իրական ուժ է պետք։
– Ստացվում է՝ նա հզոր է, հա՞։
– Իհարկե։ Շատ հզոր է։ Մի ուրիշ անգամ կմտածեի, թե Նրա իրավիճակում գտնվողը կարող էր և մի փոքր ավելի մեղմ լինել։
– Որտեղի՞ց այդքան բան գիտես Նրա մասին։
– Մենք ընտրյալ ազգ ենք։ Նա մեզ ընտրել է այլ ցեղերի միջից և շրջապատել հատուկ հոգատարությամբ։ Այս թեմայով առիթի դեպքում կզրուցեի Նրա հետ, երես առ երես։
– Ընտրյալ ա՞զգ։ Ու ինչքա՞ն եք դրա համար մուծվում։
– Մի հարցրու։
Ահա թե ինչ։ Ստացում է՝ հրեաները վաղուց են Նրա հետ կապված։ Աշխարհի չափ հին մի երևույթ` ռեկետ․ Նա ապահովում է տանիքը, սրանք մուծվում են։
Ես տաքսի վերցրեցի և ուղևորվեցի Իններորդ ավենյու՝ Դենիի բիլիարդանոց։ Ողորմելի դռնապանը միանգամից ինձ դուր չեկավ։
– Ֆիլ Չիկագոն այստե՞ղ է։
– Իսկ ո՞վ է հարցնում։
Ես հավաքեցի նրա դարձածալերից՝ փոքր-ինչ ճանկելով նրա քոսոտ կաշին։
– Ի՞նչ-ի՞նչ, լակո՛տ։
– Նա հետևի սենյակում է, սըր։
Միանգամից հասկացավ, թե ում հետ գործ ունի։
Լեգենդար Ֆիլ Չիկագոն: Կողոպտիչ, դրամանենգ։ Ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ։ Անուղղելի աթեիստ։
– Ոչ մի Շեֆ էլ չկա, Կայզեր։ Այդ ամենը փչոցներ են։ Հեքիաթներ մանչուկների համար։ Ու երբեք էլ գոյություն չի ունեցել։ Գոյություն ունի սինդիկատ, միջազգային սինդիկատ։ Հիմնականում սիցիլիացիներ։ Բայց ոչ մի վերադաս էլ այնտեղ չկա։ Դե, բացի, երևի թե, Պապից։
– Միայն թե տեսնեի նրան․․․
– Կմտածենք։ – Ֆիլն աչքով արեց։
– Ինչ-որ բան լսե՞լ ես Քլեր Ռոզենցվեյգի մասին։
– Երբեք։
– Իսկ Հիզեր Բիթքիսի՞։
– Սպասիր, սպասիր․․․ Լսել եմ։ Այն պերօքսիդային փիսիկը Ռեդքլիֆի՞ց, ա՜յ այսպիսի լանջերով։
– Ռեդքլիֆի՞ց։ Բայց ասում էր՝ Վասսարից է։
– Հա՞։ Ստում է։ Նա պրոֆեսոր է Ռեդքլիֆում։ Մի ժամանակ ֆռֆռում էր մի փիլիսոփայի հետ։
– Պանթեիստի՞։
– Չէ։ Ինձ ասացին՝ էմպիրիկ է։ Վտանգավոր տիպ է։
– Հասկանալի է։
– Հենց դա է։ Սկզբում իր երկու ընկերների հետ ջազ էր նվագում, թմբուկներն էր ջարդուխուրդ անում։ Հետո «նստեց» տրամաբանական պոզիտիվիզմի վրա։ Դա էլ քիչ թվաց, փորձեց պրագմատիզմը։ Վերջին անգամ նրա մասին ընկերներից եմ լսել․ մի կույտ փող էր «գցել» նրանցից, որպեսզի կարողանար Կոլումբիայում Շոպենհաուերին նվիրված դասախոսություններին մասնակցել։
– Շնորհակալ եմ, Ֆիլ։
– Խնդիր չկա, Կայզեր։ Խնդիր չկա։ Ոչինչ էլ չկա այնտեղ։ Լոկ ամայություն։ Մի՞թե դու կարծում ես, որ եթե ես նույնիսկ չնչին կասկածներ ունենայի գոյության լիակատար անիմաստության վերաբերյալ, ես կեղծ անդորրագրեր կնկարեի ու կհիմարացնեի համաքաղաքացիներիս այնպես, ինչպես հիմա եմ անում։ Տիեզերքը լիովին ֆենոմենալ է։ Բացարձակ ոչինչ գոյություն չունի։ Եվ ոչ մի իմաստ գոյություն չունի։
– Ո՞վ հաղթեց Ակվեդուկի հինգերորդ վազքը։
– Սանտա Բեյբին։
Ես մտա «Օ'Ռուրքի» մոտ, գարեջուր վերցրեցի և փորձեցի ամեն ինչ ի մի բերել։ Բայց ոչինչ չէր ստացվում։ Սոկրատեսն ինքնասպան եղավ – ամեն դեպքում այդպես ասում են։ Քրիստոսին սպանեցին։ Նիցշեն խելագարվեց։ Գրո՛ղը տանի, եթե Նա գոյություն ունի, ապա ակնհայտորեն չի ուզում, որ այդ մասին իմանան։ Բայց ինչո՞ւ էր Քլեր Ռոզենցվեյգը ստում Վասսարի մասին։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Դեկարտը ճիշտ է Տիեզերքի դուալիզմի վերաբերյալ։ Իսկ միգուցե նշակետին խփել է հենց Կա՞նտը, երբ կանխադրել է Աստծո գոյությունը բարոյական իմպերատիվի միջոցով։
Երեկոյան ես ընթրում էի Քլերի հետ։ Աղանդերից հինգ րոպե էլ չէր անցել, երբ մենք արդեն անկողնում էինք, և գիտես ինչ, բարեկամս․ թող քո արևմտյան միտքն ինքը լրացնի բաց թողնվածը։ Նա ինձ այնպիսի ակրոբատիզմ ցույց տվեց, որ դու միայն օլիմպիադայում ես տեսել։ Հետո մենք պառկեցինք քունք քունքի, նրա շեկ մազերը ցիրուցան եղան, և մեր մարմիններն այդպես էլ իրարից պոկ չեկան։ Ես ծխում էի ու նայում առաստաղին։
– Լսիր, Քլեր․ իսկ եթե Կիերկեգորը ճի՞շտ է։
– Այսի՞նքն։
– Իսկ եթե իմանալ հնարավոր չէ՞։ Կարելի է միայն հավատալ։
– Կատարյալ աբսուրդ է։
– Պետք չէ այդ աստիճան ռացիոնալիստ լինել։
– Դե չէ, ես բնավ ռացիոնալիստ չեմ։ – Նա ծխեց։ – Ուղղակի ինձ գոյաբանություն պետք չէ։ Ոչ հիմա։ Եթե դու սկսես պնդել, ես․․․ ես պարզապես չեմ կարողանա։
Քլերը հուզվեց։ Ես թեքվեցի և համբուրեցի նրան։ Հեռախոսը զանգեց, նա բարձրացրեց լսափողը։
– Քեզ են ուզում.
Դա սերժանտ Ռիդն էր` սպանությունների հետաքննչական բաժնից. ձայնից ճանաչեցի։
– Դե ինչ, գտա՞ր Աստծուն։
– Դեռ ոչ։
– Ամենակարող Արարիչ։ Նույն ինքը՝ դեմիուրգ, աբսոլյուտ, բոլոր սկզբունքների սկզբունք և տիեզերքի արարչագործ։ Այդպե՞ս էր։
– Ամեն ինչ ճիշտ է։
– Հենց նոր մի դի բերեցին դիարան։ Բոլոր նշանները համընկնում են։ Լավ կանես՝ շուտ գաս։
․․․Այո, այդ Նա էր, անկասկած։ Եվ Նրա տեսքից դատելով՝ իսկական պրոֆեսիոնալ է գործել․․․
– Երբ բերեցին, արդեն շունչը փչել էր։
– Որտե՞ղ գտաք։
– Դելանսի-սթրիթի պահեստում։
– Եվ ի՞նչ մտքեր կան։ Հանցանշաններ գտել ե՞ք։
– Էքզիստենցիալիստի ձեռագիր է։ Հարյուր տոկոսով։
– Կարծո՞ւմ ես։
– Ամեն ինչից է երևում, գործել է առանց որևէ ծրագրի։
– Սպանություն աֆեկտի վիճակո՞ւմ։
– Այդպես է, որ կա։ Այնպես որ, բոլոր կասկածները քեզ վրա են ընկնում, Կայզեր։
– Ինձ վրա՞։
– Վարչությունում ո՞վ չգիտի, թե ինչպես ես դու վերաբերվում Յասպերսին։
– Դրանից հետևում է, որ ես մարդասպա՞ն եմ։
– Դեռ ոչ։ Առայժմ կասկածյալ ես։
Դուրս գալով փողոց՝ ես թթվածին կուլ տվեցի և փորձեցի մաքրել ուղեղս։ Հետո մեքենա բռնեցի, իջա Նյուարքում և ոտքով մի թաղամասի չափ քայլեցի, մինչև հասա Ջորջինոյի իտալական ռեստորան։ Այնտեղ մեկուսի սեղանի մոտ նստած էր Նորին Սրբությունը։ Պապը մնում է Պապ, ի՛նչ խոսք։ Նրա հարևանությամբ երկու անտաշ էին նստած, ում ես ճանաչեցի մի դյուժին ֆոտոռոբոտներից։
– Նստիր, – ասաց քահանան՝ չկտրվելով մակարոնից, և մատանին խոթեց քթիս տակ։ Ես մինչև ականջներս ժպտացի, բայց ձեռքը չլիզեցի։ Դա նրան ակնհայտորեն կոտրեց, իսկ ես ոգևորվեցի։ Մեկ-զրո։
– Մակարոնից փորձե՞ս։
– Չէ, շնորհակալ եմ, Սրբազան։ Կերեք։
– Ընդհանրապես ոչինչ չե՞ս ցանկանում։ Իսկ աղցա՞ն։
– Սեղանից եմ գալիս։
– Տես, քո կամքն է։ Այստեղ ռոքֆորով մի այնպիսի համաշխարհային սոուս են սարքում։ Ոչ թե Վատիկանի պես, ուր մի արժանավայել տեղ չես գտնի սնվելու համար։
– Լսիր, Վեհափառ, արի գործից խոսենք։ Աստծուն եմ փնտրում։
– Ճիշտ հասցեով ես եկել։
– Ստացվում է՝ նա գոյություն ունի՞։
Չգիտես, թե ինչու, հարցս նրանց շատ ծիծաղելի թվաց, երեքն էլ հռհռացին։ Կողքիս սրիկան նետեց․ «Վատ չէ՛։ Փոքրիկ Պինոքիոն շտապում է իմանալ՝ կա՞ արդյոք Աստված»։
Ես շրջվեցի աթոռիս հետ, որպեսզի ավելի ձեռնտու դիրք զբաղեցնեմ, և ոտքս իջեցրի նրա ճկույթի վրա։ «Կներեք»։ Սաստիկ կատաղությունից սրիկայի արյունը խփեց գլխին։
– Իհարկե, Նա գոյություն ունի, Լյուբոշից։ Բայց Նրա հետ կապնվել կարելի է միայն իմ միջոցով։ Ես միակն եմ, ում հետ Նա շփվում է։
– Ինչի՞ համար է այդ պատիվը, տեր հայր։
– Նրա համար, որ ես կարմիր փարաջա ունեմ։
– Այս գիշերանո՞ցը։
– Վերջացրու։ Ամեն առավոտ ես վեր եմ կենում, հագնում եմ այս կարմիր փարաջան, և, – բոն ջորնո, հետևեք ձեռքիս, – կերպարանափոխվում եմ երևելի մարդու։ Կարևորն այն է, թե ինչպես ես հագնված։ Ինքդ մտածիր․ եթե ես սպորտային համազգեստով լինեի, ինձ վրա գոնե մեկ կաթոլիկ ուշադրություն կդարձնե՞ր։
– Ուրեմն ամեն ինչ սի՞ն է։ Ոչ մի Աստված էլ չկա՞։
– Չգիտեմ։ Ի՞նչ տարբերություն։ Պատշաճ կերպով վճարում են։
– Իսկ քո մտքով չի՞ անցել, որ մի օր քիմմաքրումը կուշացնի կարմիր խալաթդ, և կդառնաս բոլորիս նման։
– Ես շտապ լվացման եմ տալիս, մեկ օրով։ Կարծում եմ, որ վստահության համար արժե մի քանի ցենտ ավելի վճարել։
– Քլեր Ռոզենցվեյգ անունը քեզ ինչ-որ բան ասո՞ւմ է։
– Այն էլ ինչպե՜ս։ Քլեր Ռոզենցվեյգը Բրին-Մորի բնական գիտությունների ֆակուլտետից է։
– Բնական գիտությունների՞, ասում ես։ Դե, շնորհակալ եմ։
– Ինչի՞ համար։
– Օգնության, հայր սուրբ։
Մեքենա կանչեցի ու սլացա՝ կտրելով Վաշինգտոնյան կամուրջը, ճանապարհին մտա իմ գրասենյակ, մի փաստ ստուգեցի ու շարունակեցի ճամփաս։ Ես Քլեր Ռոզենցվեյգի տուն էի գնում և գլխումս նորից ու նորից դասավորում էի փասիանսը։ Եվ այս անգամ այն դասավորվեց։
Քլերն ինձ դիմավորեց թափանցիկ խալաթով։ Ես միանգամից նկատեցի, որ նա հուզված է։
– Աստված մեռած է։ Ոստիկանությունից էին եկել։ Քեզ էին փնտրում։ Ասացին՝ դա էքզիստենցիալիստի ձեռքի գործ է։
– Ոչ, փոքրիկ։ Դու ես դա արել։
– Ի՞նչ։ Հիմա կատակելու ժամանակը չէ, Կայզեր։
– Այդ դու ես Նրան սպանել։
– Չեմ հասկանում։
– Դու, պստիկ։ Ո՛չ Հիզեր Բաթքիսը, ո՛չ էլ Քլեր Ռոզենցվեյգը, այլ դոկտոր Էլեն Շեփարդը։
– Որտեղի՞ց գիտես իմ անունը։
– Բրին-Մորի իգական քոլեջում ֆիզիկայի պրոֆեսոր։ Համալսարանի պատմության ամենաերիտասարդ դեկանը։ Մի գեղեցիկ ձմեռային օր դու հանդիպեցիր մի երաժշտի։ Նա ջազային թմբկահար էր։ Նա ամուսնացած էր, բայց դա քեզ չկանգնեցրեց։ Մեկ-երկու խելահեղ գիշեր, և ահա արդեն երիտասարդ դեկանուհուն թվում է, թե գտել է իր սերը։ Միայն թե կա մի խոչընդոտ։ Աստված։ Նա կանգնած է ձեր միջև։ Պարզվում է, որ թմբկահարը հավատում է Աստծուն։ Կամ, առնվազն, կուզենար հավատալ։ Բայց դու՝ քո սիրունիկ, կրթված գլխիկով, անորոշություն չես կարող թույլ տալ։
– Դե չէ, էլի, Կայզեր, երդվո՛ւմ եմ։
– Եվ դու որոշում ես ձևացնել, թե տարվել ես փիլիսոփայությամբ։ Քեզ համար պարզ է, որ դա միակ ձևն է բոլոր խոչընդոտների վերջը տալու։ Սոկրատեսից ազատվելը դժվար չէր։ Բայց նրան փոխարինում է Դեկարտը։ Այդ ժամանակ դու դիմում ես Սպինոզայի օգնությանը, որպեսզի վերացնես Դեկարտին։ Այնուամենայնիվ, քո ճանապարհին է կանգնում Կանտը, և չի մնում ոչ մի տարբերակ՝ բացի նրանից ազատվելուց։
– Ինչե՞ր ես դուրս տալիս։
– Լայբնիցից դու լանգետ սարքեցիր, բայց դա քեզ քիչ թվաց։ Չէ՞ որ դու հասկանում էիր, եթե որևէ մեկը հավատա Պասկալին, քո վերջը կգա։ Ուրեմն պետք էր այնպես անել, որ Պասկալը գոյություն չունենար։ Եվ այստեղ, պստիկ, դու սխալվեցիր։ Դու վստահեցիր Մարտին Բուբերին։ Բայց նա չափազանց թույլ դուրս եկավ։ Նա վերադարձրեց Աստծուն։ Եվ այդ ժամանակ դու որոշեցիր Աստծուց ազատվել սեփական ձեռքերով։
– Կայզեր, դու ցնորվե՛լ ես։
– Ոչ, փոքրիկ։ Դու պանթեիստ ձևացար, որ հասնես Նրան, եթե, իհարկե, Նա գոյություն ունենար։ Իսկ Նա գոյություն ուներ։ Դուք միասին գնացիք Շելբիի մոտ՝ երեկույթի, և երբ Ջեյսոնը սենյակից դուրս էր եկել, դու սպանեցիր Նրան։
– Գրո՛ղը տանի, ի՞նչ Շելբի։ Ի՞նչ Ջեյսոն։
– Կարևոր չէ։ Ի՞նչ տարբերություն։ Չէ՞ որ այդ երեկոյից հետո կյանքը վերածվեց աբսուրդի։
– Կայզեր, – նրա ձայնը հանկարծ դողաց, – դու ինձ չե՞ս մատնի։
– Այն էլ ինչպե՛ս կմատնեմ, փոքրիկ։ Երբ վերացնում են Բարձրյալին, ինչ-որ մեկը պետք է պատասխան տա։
– Կներես, փոքրիկ, բայց դա անհնար է:
Արցունքներն աչքերին՝ նա դանդաղորեն քանդեց իր խալաթի ձգակապերը, և ես իմ առջև տեսա սիրո մերկ աստվածուհուն: Թվում էր` նրա ողջ մարմինը շշնջում էր. «Վերցրու ինձ, ես քոնն եմ»: Վեներայի աջ ձեռքը գզգզում էր իմ մազերը, իսկ ձախը «քառասունհինգերորդը» պահել էր մեջքիս հետևում: Բայց իմ «երեսունութերորդի» ձգանն ավելի լավը դուրս եկավ: Եվ Վեներան գցեց իր ատրճանակը, զարմանքով նայեց ինձ ու տրոհվեց երկու կեսի:
– Ինչպե՞ս կարող էիր, Կայզեր:
Գիտակցությունն արագորեն լքում էր նրան, այնպես որ ես ստիպված էի շտապել.
– Տիեզերքի` որպես բարդ ինքնաբավ գաղափարի մանիֆեստացիան՝ իբրև հակադարձում իրական Գոյության ներսում կամ դրանից դուրս գոյություն ունենալուն, իրենից ներկայացնում է կոնցեպտուալ Ոչինչ կամ Ոչինչ` գոյության ցանկացած վերացական ձևին հարաբերված – անցյալ, ապագա կամ շարունակվող – ու չի ենթարկվում ֆիզիկայի և դինամիկայի օրենքներին, ինչպես նաև չի կարող նկարագրվել Չգոյությանը, ոչ լրիվ Գոյությանը կամ Այլագոյությանը վերաբերող կատեգորիաներով:
Բարդ է, համաձայն եմ: Բայց, կարծում եմ, նախքան հոգին ավանդելը, նա, այնուամենայնիվ, հասկացավ:
թարգմ.` Արամ Հակոբյան
գլխավոր լուսանկարում` Վուդի Ալենը և Միա Սորվինոն` Ալենի «Մեծն Աֆրոդիտեն» (1995թ) ֆիլմում
COMMENTS