Kinoversus-ի հարցազրույցը կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի հետ
Տոմբեն բալետային տերմին է։ Ինստիտուտի տարիներին և հետո բալետի հետ կապ եմ ունեցել և եթե նույնիսկ բալետի մասին ֆիլմ չէի նկարահանում, միշտ մտածում էի, թե ինչպես անեմ, որ ֆիլմս ինչ-որ կերպ առնչվի բալետին։ Բացի այդ՝ այս պատմության մեջ ամեն ինչ բխում է գլխավոր հերոսուհու գեղեցկությունից, որովհետև նա կարծես բալետի պարուհի լինի, պարզապես սոցիալական պայմաններն են բոլորովին այլ։ Տոմբեն, ֆրանսերենից թարգմանաբար, «ընկնել» բառի հարակատար ձևն է՝ «ընկած», այսինքն՝ ֆիլմը մի հերոսուհու մասին է, ով անկում է ապրում, և հենց բալետում էլ Տոմբեն նշանակում է ընկնել, և հերոսուհուն էլ, այդպիսով, կապում եմ վերնագրի հետ։ Այս պատմությունն իմ մտքում վաղուց էր պտտվում, հատկապես՝ երեկոյան տուն վերադառնալիս, քանի որ Երևանում չեմ բնակվում, և պատահում են տաքսու վարորդներ, ովքեր հիմնականում լռակյաց են, ու դու երկար մտորելու ժամանակ ես ունենում։ Բայց մի անգամ նրանցից մեկը խոսեց, պատմեց մի դեպք հայ կնոջ և չորս իրանցիների մասին, ինչն ինձ վրա շատ վատ տպավորություն թողեց։ Երկար ժամանակ մտածում էի, հետո հանդիպեցի գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանին, և նրա հետ զրույցների միջոցով սցենարն ամբողջացրեցինք։ Ես այն հայ ռեժիսորների պես չեմ, ովքեր ֆիլմը ներկայացնում են փառատոների և դա համարում ձեռքբերում։ Ներկայացնել բոլորն էլ կարող են, բայց դա ոչինչ չի նշանակում․ եթե դու իսկապես շոշափելի արդյունք չունենաս փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվելու տեսքով, ապա մնացած խոսակցություններն ավելորդ են։ «Տոմբե» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում է։ Երևանյան պրեմիերայի օրը դեռևս հայտնի չէ, մի հարմար առիթով էլ դա կլինի։
«Դիալոգներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ |
Լիամետրաժ ֆիլմի սցենարը վաղուց արդեն պատրաստ է, և այդ ուղղությամբ աշխատում ենք։ Անկեղծ ասած՝ սցենարի առաջին սևագիր տարբերակը պատրաստ է 2009թ-ից, հետո բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, թե՛ այստեղ, թե՛ արտերկրում վորքշոփերի է մասնակցել, սակայն նկարահանելու հնարավորություն դեռևս չկա, թեպետ ես և իմ ֆիլմի պրոդյուսեր Անի Ոսկանյանը միասին աշխատում ենք և փորձում ենք ստեղծել այդ հնարավորությունը ֆիլմը նկարահանելու համար։ Հայաստանում, ինչպես գիտեք, դժվար են պայմանները՝ ոչ միայն այն պատճառով, որ չկա գումար, այլ նաև այն պատճառով, որ գումարը հաճախ ոչ խելամիտ է բաշխվում։
Որակյալ ֆիլմ նկարահանելն ի՞նչ բարդություններ է պարունակում ռեժիսորի համար, անձամբ Դուք զգացե՞լ եք այդ բարդությունների ու խնդիրների «բեռը» և ո՞ր խնդիրն եք համարում առաջնային։
Խնդիրն այն է, որ մեզանում չի գործում գումարների բաշխման հստակ ընտրակարգ, նոր-նոր սկսվում են որոշ փոփոխություններ համակարգում, և սա հանգեցնում է այն իրողությանը, որ տարիներ շարունակ միշտ նույն մարդիկ են գումար ստանում ֆիլմ նկարահանելու համար, իսկ դու հայտնվում ես աութսայդերի վիճակում, չնայած ոլորտում քեզ վաղուց ճանաչում են, գիտեն: Ընդհանուր առմամբ՝ երբ հարցը հասնում է գումարը բաշխելուն, տեսնում ես, որ նույն մարդը մեր երկրում կարող է 3-4 տարվա ընթացքում նկարահանել 2-3 լիամետրաժ ֆիլմ։ Բայց կա նաև երիտասարդ սերունդը (ինձ դասում եմ միջին տարիքային խմբում), և ստացվում է, որ դու ողջ կյանքում կարճամետրաժ ֆիլմեր ես նկարահանում, մինչդեռ որոշ մարդիկ այդ ընթացքում իրենց լիամետրաժ ֆիլմերն են նկարահանում և դնում պահարաններում։ Իհարկե, իդեալական կլիներ այն տարբերակը, որ նրանց տրված գումարները ծառայեին նպատակին, և նրանք իսկապես ունենային որոշակի հաջողություններ՝ փառատոնային և այլն, ինչը կարդարացներ ծախսված գումարները։ Այդ դեպքում ես կասեի՝ այո՛, շարունակեք ֆինանսավորել նրանց։ Բայց իրականում պատկերն այլ է․ գումարը ծախսվում է, ֆիլմը նկարահանվում է և դրվում է դարակում՝ 1-2 անգամ ցուցադրվելով ու մոռացվելով։ Կարճամետրաժ ֆիլմերի պարագայում՝ ցուցադրում ես, և դիստրիբյուցիայի ճանապարհ չկա, իսկ լիամետրաժ ֆիլմերի դեպքում հնարավորությունները լիովին այլ են, սակայն գրագետ մոտեցում չկա հարցին ոչ մի պարագայում։
5 ֆիլմ, որ խորհուրդ է տալիս դիտել Դիանա Կարդումյանը
1․ «32 պատմություն Գլեն Գուլդի մասին», ռեժ․՝ Ֆրանսուա Ժիրար
2․ «Մահը Վենետիկում», ռեժ․՝ Լուկինո Վիսկոնտի (Դիանայի ամենասիրելի ֆիլմը)
3․ «Ցավագարը», ռեժ․՝ Անջեյ Ժուլավսկի (Դիանային ամենաշատ վախեցրած ֆիլմը)
4․ «Բարև, ես եմ», ռեժ․՝ Ֆրունզե Դովլաթյան (Դիանայի ամենասիրելի հայկական ֆիլմը)
5․ «Զրույց», ռեժ․՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա
Ըստ Ձեզ՝ ֆիլմ նկարահանելու համար Հայաստանում գերխնդիրը հենց գումա՞րն է, թե՞, օրինակ, տվյալ ֆինանսավորողի չիմացությունը, սխալ մոտեցումը։Հայաստանում կա այսպես կոչված «թայֆայականության» գործոնը, և տեսնում ես, որ այս կամ այն «կռուգի տղերքը» ֆիլմ են նկարում, իսկ դու դուրս ես մնում, չնայած այդ դուրս մնալն էլ դուրս մնալ չէ, որովհետև ես ֆիլմեր եմ ստեղծում իմ ունեցած փոքր հնարավորություններով։ Ես չեմ բողոքում, չեմ ուզում ասել, որ ես չեմ նկարում ֆիլմեր, բայց ես հինգ տարին մեկ նկարում եմ 20-30 րոպեանոց ֆիլմ, իսկ ոմանք հինգ տարվա ընթացքում նկարում են 3-4 լիամետրաժ ֆիլմ։
Այսօր հայկական կինոյում կա ժանրի ու թեմատիկայի խնդիր․ եթե չես նկարահանում կատակերգություն, երկրաշարժ, պատերազմ, ցեղասպանություն, այլ նկարահանում ես ուրիշ ժանրում և ուրիշ թեմաներով, ապա քո ֆիլմը չի ունենում հանդիսատես կամ ունենում է փոքրաթիվ հանդիսատես։ Ո՞րն է խնդիրը, արդյոք չկա՞ պահանջարկ։
կադր «Տոմբե» ֆիլմից |
«Տոմբե» ֆիլմի նկարահանումների ժամանակ |
Ես այն մարդկանցից եմ, ով, անկախ իրավիճակից, իրեն լավ է զգում Հայաստանում։ Թեպետ անկեղծորեն կարող եմ ասել՝ աշխատանքիս համար չեմ վարձատրվում, եղած գումարն էլ միշտ ներդնում եմ ֆիլմերի ստեղծման նպատակով և այլ տարբերակներ եմ գտնում իմ ծախսերը հոգալու համար, բայց համարում եմ, որ մենք պետք է մնանք մեր երկրում, որովհետև երբ գնում ես ինչ-որ մի նոր երկիր, այնտեղ հարմարվելու, ճանաչելու և այլ հարցեր կան, իսկ դու տարիներով ապրել ես այս միջավայրում և եթե ինչ-որ բան հասկանում ես, ապա՝ հավանաբար, հենց քո միջավայրից ու քո շրջապատից։
Երբ վերհիշում եք Ձեր առաջին ֆիլմը և վերջինը, նկատո՞ւմ եք, արդյոք, փոփոխություն, զարգացում, թե՞ ոչ։
Իհարկե, կան բավականին շատ փոփոխություններ, բայց մի բան անփոփոխ է․ իմ առաջին ֆիլմում էլ էր գիշեր, երկրորդում էլ, երրորդում էլ, և միշտ հերոսուհին կին է, ով տուն է գնում։ Չգիտեմ՝ ինչու է այդպես ստացվել։ Միակ ֆիլմս «Աշնան արևն» է, որտեղ ցերեկ է, բայց հերոսն էլի կին է։ Ես մի կարճամետրաժ ֆիլմ ունեի՝ իմ ավարտական աշխատանքը՝ «Էքզերսիսը»․ անվանումը կրկին բալետային տերմին է, որ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «վարժություն»։ Պատմությունը կնոջ և տղամարդու մասին է, ովքեր փորձում են պար բեմադրել, սակայն տղամարդը չի կարողանում բավարարել կնոջ ստեղծագործական պահանջները, կինն էլ, ի վերջո, թողնում հեռանում է։ Կրկին առիթ կար ֆիլմը ցուցադրելու, հասկացա, որ այդ ֆիլմից հետո ինչ ֆիլմ նկարել եմ՝ այս մեկից մի քիչ կա։ Չնայած այսօրվա տեսանկյունից երկար է, ոճական առումով մինչև վերջ հղկված չէ, թերություններ կան, բայց դրա հետ մեկտեղ՝ անկեղծություն կա։ Շատերն այդ ֆիլմը չեն դիտել, պարզապես ես գիտեմ, որ ամեն ինչ այդտեղից է գալիս։
Ֆիլմ նկարահանելիս կարևոր է օպերատորի աշխատանքը, ինչպե՞ս եք ընտրում Ձեր ֆիլմերի օպերատորներին։
կադր «Տոմբե» ֆիլմից |
գրքերի ցանկ՝ Դիանա Կարդումյանից
Մարսել Պրուստ, «Կորուսյալ ժամանակի որոնումներում» վիպաշարը
Լև Տոլստոյ, «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա»
Վլադիմիր Նաբոկով, «Դասախոսություններ ռուսական գրականության մասին», «Դասախոսություններ արտասահմանյան գրականության մասին»
Լևոն Խեչոյան, «Սև գիրք, ծանր բզեզ»
Սիդնի Լյումետ, «Ֆիլմերի ստեղծումը»
Խոսենք նաև դերասանների մասին․ արդյոք ունենո՞ւմ եք դերասանի ընտրության խնդիր՝ տիպաժային առումով, քանի որ այսօր շատ է միանմանությունը թե՛ արտաքնապես, թե՛ խաղի տեսանկյունից։Ո՞րն է Ձեր՝ որպես ռեժիսորի, գերնպատակը։
Նկարել հասկանալու համար։ Օրինակ՝ իմ վերջին ֆիլմում իմ գերխնդիրն այն է, որ մեր երկրում ոչ թե հետևանքներին անդրադառնան, այլ պատճառներին։
Համաշխարհային ճանաչում ունեցող դերասան-դերասանուհիներից ո՞ւմ կուզենայիք նկարահանել Ձեր ֆիլմերում։
Երևի Անետ Բենինգին։
Ձեր սիրելի ռեժիսորները...
Քոեն եղբայրներ, Սիդնի Լյումետ, Մարտին Սկորսեզե, Ֆրանսուա Տրյուֆո և Ֆրունզե Դովլաթյան։
հարցազրույցը՝ Գայանե Թադևոսյանի
COMMENTS