Հանրահայտ ռեժիսորների կարծիքներն իրենց հանրահայտ գործընկերների մասին՝ ժամանակակից և ոչ միայն։
Ֆրից Լանգի մասին
Ֆրանսուա Տրյուֆոն համարում էր, որ գերմանացի հանճարեղ ռեժիսոր Ֆրից Լանգի ստեղծագործության ամերիկյան շրջանը քննադատների և կինոյի պատմաբանների կողմից բավականաչափ գնահատված չէ․ նրանք «մերժում էին Լանգի հանճարեղությունը, եթե նա նկարահանում էր լրտեսական, պատերազմական թեմաներով ֆիլմեր կամ պարզապես թրիլերներ»։ Տրյուֆոն գրել է․ «Զարգանալով՝ Ֆրից Լանգը ձևավորեց իր ոճը, ինչպես և Ռենուարը, Հիչքոկը, Հոուքսը։ Քնարականությունն ու հումորը փոխարինեցին մռայլ քննադատականությանը։ Այո՛, ես համարձակվում եմ գրել, որ այսօր Լանգն ավելի մեծ ու ավելի խորն է, նույնիսկ եթե մեզ ավելի քիչ է դուր գալիս»։
Լուիս Բունյուելը Լանգին միշտ համարել է իր սիրելի ռեժիսորը։ «Հոգնած մահը» ֆիլմի մասին նա ասել է․ «Ես Վիե Կոլոմբիե թատրոնից դուրս եկա լիովին կերպարանափոխված։ Կերպարներն ինձ համար դարձան արտահայտչականության հիմքը։ Ես որոշեցի ինձ նվիրել կինոյին»։ Ավելի ուշ նա կրկնել է․ «Երբ ես դիտեցի «Հոգնած մահը», հանկարծ հասկացա, որ ուզում եմ ֆիլմ նկարահանել։ Ինձ այդ քայլին դրդեցին ոչ թե ֆիլմի միանգամից բոլոր երեք պատմությունները, այլ գլխավոր էպիզոդը, երբ ֆլամանդական գյուղակ է ժամանում սև գլխարկով տղամարդը, ում կերպարում ես ճանաչեցի Մահը, ինչպես նաև գերեզմանատան էպիզոդը։ Այս ֆիլմում ինչ-որ բան խոցեց ինձ․ ես հասկացա իմ կյանքը և գտա իմ աշխարհայացքը։ Այդ զգացումը վերադառնում էր ամեն անգամ, երբ դիտում էի Լանգի ֆիլմերը, հատկապես՝ «Նիբելունգները» և «Մետրոպոլիսը»։
Ժան-Լյուկ Գոդարին հաջողվել է աշխատել այս ռեժիսորի հետ․ Լանգը կամեո է խաղացել Գոդարի «Արհամարհանք» ֆիլմում։ Բացի այդ՝ Գոդարը 1 ժամանոց հարցազրույց է անցկացրել Լանգի հետ․ դա կինոյի պատմության ընթացքում եղած ամենաարժեքավոր նյութերից է։ Այդ հարցազրույցում Գոդարն ասել է Լանգին, որ չնայած վերջինս պատկանում է ռեժիսորների ավագ սերնդին, բայց «մնում է ծայրահեղորեն երիտասարդ, արվեստի գործերի ստեղծմամբ և նոր երևույթներով միշտ հետաքրքրված»։
Ժան Ռենուարի մասին
Էրիկ Ռոմեր․ «Ռենուարը բոլորովին այլ հոսանքի ներկայացուցիչ է։ Նա այնքան էլ էքզիստենցիալիստ չէ։ Բայց ժամանակակից է։ Ավելի շուտ նա էքսպրեսիոնիստ է, քան իմպրեսիոնիստ։ Նրա արվեստում կան նաև բրեխտյան գծեր, որոշակի դիդակտիզմ, բայց ավելի խորքային բնույթի։ Ինձ կարելի էր որպես կինոքննադատի հակադրել Բրեխտին, բայց իրականում Բրեխտի գաղափարներից ոչ մեկը այդպես էլ չհասավ մինչև կինո, թերևս՝ դրանք հայտնվեցին միայն Ռենուարի արվեստում։ Պետք չէ Ռենուարի մոդեռնիզմն ընդհանրացնել այն մոդեռնիզմի հետ, որը բնորոշ է Անտոնիոնիին կամ Վենդերսին․ այն բոլորովին ուրիշ է, բացառիկ, անկրկնելի։ Ռենուարը ամենաքիչ թատերայինն է մյուս բոլոր ռեժիսորների շարքում, նա թատրոնի քննադատության հարցում բոլորից առաջ է անցել։ Միաժամանակ նա մյուսներից ավելի մոտ է թատրոնին։ Դա բացարձակ պարադոքս է։ Նրա կինոն այնպիսի կինո է, որը հանդիսանում է արվեստ՝ չլինելով արվեստ, խաղ՝ չլինելով խաղ, թատրոն՝ չլինելով թատրոն, իրականում մերժելով թատրոնը։ Այդ առումով Ռենուարն ինձ համար մեծագույնն է բոլոր ռեժիսորների շարքում։ Ես կարող եմ նրա ֆիլմերը դիտել կրկին ու կրկին և ամեն անգամ դրանցում գտնել որևէ նորություն։ Եվ այն փաստը, որ նրա նշանակությունը դեռևս ամբողջությամբ գիտակցված չէ, ինձ համար հանդիսանում է նրա մեծության ապացույցը»։
Սաթյաջիտ Ռայն ի դեմս Ռենուարի գտել է իր ուսուցչին․ նա եղել է Ռենուարի ասիստենտը «Գետը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Կալկաթայում։ Ռային ոգեշնչել են Ռենուարի մարդկային հատկանիշները․ «Անմիջականություն, խոր մարդասիրություն՝ խտացված երանգներով, յուրատեսակ չեխովյան հատկություններ, քնարականություն և կլիշեներից խուսափում,- Ռայը նրան նկարագրում է որպես մեծագույն անհատականության,- Ես լի էի նրա նկատմամբ հիացմունքով։ Երբեմն մենք հիասթափություն ենք զգում՝ հանդիպելով այն արվեստագետին, ով մեզ հիացմունք է պարգևել, որովհետև նա մեզ թույլ չի տվել մոտենալ իր անձին։ Բայց Ռենուարը հիասքանչ անհատականություն էր՝ խոր, նուրբ, հումորով լի»։
Ժան-Լյուկ Գոդարն ասում էր, որ կա ռեժիսորների երկու տեսակ՝ «մեկը նկարահանում է հանգուցանման ֆիլմեր, մյուսն՝ ուղղագիծ։ Եվ շարունակում է․ «Ռենուարն այն հազվագյուտներից է, ով անում է միաժամանակ թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Հենց դրանում է նրա հմայքը»։
Ռենուարի մահից հետո Օրսոն Ուելսը նրան անվանում էր «բոլոր ռեժիսորներից մեծագույնը»։
Ռոբերտ Օլթմենը, ում համարում են Ռենուարի ոճի հետևորդը, հիանում էր նրա ամենահայտնի՝ «Խաղի կանոնները» ֆիլմով և ասում էր․ «Այդ ֆիլմն ինձ սովորեցրեց խաղի կանոնները»։
Մարտին Սկորսեզեն ասում էր․ «Ես հիշում եմ, թե ինչպես էի մանուկ հասակում դիտում Ռենուարի ֆիլմերը։ Հենց այդ ժամանակ էլ զգացել եմ իմ կապը Ռենուարի հերոսների հետ՝ նրա՝ իր հերոսների հանդեպ տածած սիրո շնորհիվ»։
Մայք Լին, ում մասին խոսում են որպես Ռենուարին առավելագույնս մոտ կանգնած ժամանակակից ռեժիսորի, նշել է, թե նրան համարում է իր միակ ուսուցիչը։
Լուիս Բունյուելի մասին
Ֆրանսուա Տրյուֆո․ «Լուիս Բունյուելը, թերևս, իր տեղն ունի Ռենուարի ու Բերգմանի միջև։ Կարելի է ենթադրել, որ Բունյուելը մարդկությունը համարում է հիմար, իսկ կյանքը՝ զավեշտալի, ինչի մասին նա արտահայտվում է չափազանց մեղմ ու անուղղակի։ Մինչդեռ նրա բոլոր ֆիլմերը հենց այդ տպավորությունն են թողնում»։
Ուես Անդերսոնը, ով, ինչպես և Բունյուելը, չափազանց ուշադիր է դետալների նկատմամբ, նշում է․ «Մայք Նիքոլսն ասել է, որ Բունյուելի մասին մտածում է ամեն օր։ Ես նույնպես։ Կամ, առնվազն, երկու օրը մեկ անգամ»։
Ջեյն Քեմփիոն․ «Լուիս Բունյուելն իմ առաջին խոր սերն է կինոյում։ Նա այն ռեժիսորն է, ով փակեց մարդկային կեղծավորության թթվածինը։ Նա անողոքաբար տրորում է կեղծավորությունը, որն ապրում է մեր բուրժուական հասարակության սրտում, այն է՝ ոչ ոք սուրբ չէ, իդեալներ ու բարոյական աժեքներ չկան։ Նա գերժամանակակից է, համարձակ ու հստակ։ Նա հասկանում է մարդկային էությունը, բայց հրաժարվում է դրան սենտիմենտալ վերաբերվել»։
Պեդրու Կոշտա․ «Լուիս Բունյուելը միշտ հիշեցնում է մեզ, որ մենք անընդհատ կորուստներ ենք ունենում մեր փտած հասարակության մեջ»։
Պեդրո Ալմոդովար․ «Ես ինձ ճանաչում եմ նրա ֆիլմերում։ Ինձ համար նա իսկական վարպետ է»։
Ռոբեր Բրեսոնի մասին
Ժան-Լյուկ Գոդար․ «Բրեսոնը ֆրանսիական կինոյի համար նույնն է, ինչ Մոցարտը գերմանական երաժշտության և Դոստոևսկին ռուսական գրականության համար»։
Անդրեյ Տարկովսկի․ «Բրեսոնը հանճար է։ Արձանագրում եմ՝ նա հանճար է։ Եթե նրան դասենք առաջին տեղում, ապա նրան հաջորդող ռեժիսորը կլինի արդեն տասներորդ տեղում։ Այդ տարածությունն ինձ շատ է վշտացնում։ Երբ ես աշխատում եմ, ես միշտ մտածում եմ Բրեսոնի մասին։ Միայն նրա մասին եմ մտածում։ Որոշակի չեմ հիշում նրա ֆիլմերը, հիշում եմ միայն նրա վերին աստիճանի ասկետական ոճը։ Նրա պարզությունը։ Բրեսոնի մասին մտքերն ինձ օգնում են կենտրոնանալ ֆիլմի կենտրոնական գաղափարի վրա։ Նա ինձ համար հանդիսանում է իսկական, ճշմարիտ ռեժիսորի նմուշ։ Նա ենթարկվում է միայն Արվեստի բարձրագույն օրենքներին»։
Լուի Մալ․ «Այն աշխատաոճը, որով ստեղծագործում է Բրեսոնը, ինձ հիշեցնում է Ռասինից մեզ հասած ավանդույթը։ Չեմ կարծում, թե Բրեսոնն ինձ վրա ազդել է, բայց կցանկանայի, որ այդպես լիներ»։
Ռոբերտո Ռոսելինիի մասին
Ժան-Լյուկ Գոդար․ «Ռոսելինին Սոկրատեսն է, ով ստեղծել է փիլիսոփայությունը։ Ռոսելինին ոչ մեկին նման չէ։ Միայն նա է կարողանում հստակ տեսնել երևույթների ամբողջականությունը»։
Մարտին Սկորսեզե․ «Ռոսելինին կինոն հեղափոխել է երեք անգամ։ Առաջին անգամ՝ երբ նա և Վիտորիո դե Սիկան ստեղծեցին այն, ինչն անվանվեց «նեոռեալիզմ»։ Երկրորդ անգամ՝ երբ նա իր կնոջ՝ Ինգրիդ Բերգմանի հետ միասին ստեղծեց անձնական, գրեթե միստիկական պատմությունների մի ամբողջ շարք, այդ թվում՝ «Ստրոմբոլի, Աստծո երկիրը» և «Եվրոպա 51»-ը։ Երկրորդի շնորհիվ 1960-ականներին ծնունդ առավ «Նոր ալիքը»։ Երրորդ անգամ՝ երբ նա իր կարիերայի ավարտին նկարահանեց դիդակտիկ ֆիլմերի շարք իտալական հեռուստատեսության համար․ նա միշտ իր պարտքն էր համարում տեղեկատվություն հաղորդելը»։
Ֆեդերիկո Ֆելինի․ «Ինձ դուր էր գալիս, թե ինչպես է աշխատում Ռոսելինին, նա ասես հաճելի ճանապարհորդություն կատարեր իր ընկերական շրջապատի հետ միասին»։
Յասուձիրո Օձուի մասին
Ակիրա Կուրոսավա․ «Իրոք, նրա ֆիլմերից կարելի է շատ բան սովորել։ Հուսով եմ՝ երիտասարդ ճապոնացի ռեժիսորները որքան հնարավոր է շատ կդիտեն նրա ֆիլմերը»։
Վիմ Վենդերս․ «Եթե մեր դարաշրջանում դեռևս մնացել է որևէ սրբություն, եթե կինոյում կա որևէ արժեք, ապա ինձ համար դա ճապոնացի ռեժիսոր Յասուձիրո Օձուի արվեստն է։ Ըստ իս՝ թե՛ նրանից առաջ և թե՛ նրանից հետո կինոն դեռևս երբեք այդքան մոտ չի եղել իր էությանն ու նպատակին՝ ցուցադրել այս դարի մարդու կերպարը, ճշմարիտ ու իսկական կերպարը, որի միջոցով յուրաքանչյուրը ոչ միայն կճանաչի իրեն, այլև որի շնորհիվ առաջին հերթին կիմանա ինքն իր մասին»։
Գեթց Շպիլման․ «Օձուն ինձ համար ավագ եղբոր պես է, ով ժամանակ առ ժամանակ օգնում է վերհիշել իսկապես կարևոր ճշմարտություններ ռեժիսուրայի մասին, որն ընդհանուր ոչինչ չունի հանդիսատեսին մանիպուլյացիայի ենթարկելու կամ խելացի թվալու ձգտման հետ։ Այս ռեժիսորն աշխատում է ճշմարտության հետ»։
Սաթյաջիտ Ռայը, ում մարդասիրական կինոն ապշեցուցիչ նմանություն ունի Օձուի արվեստի հետ, ասել է․ «Ես բազմիցս դիտել եմ նրա ֆիլմերը և ամեն անգամ մտածել եմ՝ «Աստվա՛ծ իմ, նա չի հետևում հոլիվուդյան մոդելին ու կանոններին»։ Օձուի մոտեցումն այլ է, և դա կարելի է բնորոշել որպես հավատարմություն դերասանների գոյությանն իրենց շրջակա միջավայրում»։
Վիտորիո դե Սիկայի մասին
Լուիս Բունյուելը, ով հեռու էր նեոռեալիզմից, ասում էր, որ իրեն առանձնահատուկ դուր են գալիս «Շուշա», «Ումբերտո Դ․» և «Հեծանիվներ գողացողները» ֆիլմերը, և որ այս վերջին ֆիլմում ռեժիսորին հաջողվել է մեքենան դարձնել կինոնկարի հերոս։
Օրսոն Ուելս․ «Կինոխցիկի հետ աշխատանքում ես հավասարը չունեմ։ Բայց դե Սիկային հաջողվել է անել այն, ինչն իմ ուժերից վեր է։ Ես վերջերս դիտեցի «Շուշա» ֆիլմը, և կինոխցիկն ասես անհետացել էր, էկրանն անհետացել էր, դա իրական կյանքն էր․․․»։
Ռոյ Անդերսոն․ «Երբ ես 12 տարեկան էի, դիտեցի «Հեծանիվներ գողացողները» ֆիլմը։ Կարծում եմ՝ դա ամենանուրբ, մարդկային և ինտելիգենտ ֆիլմն է ամբողջ աշխարհում։ Ես չափազանց հուզվել էի այն փաստից, որ այդքան մեծ քանակությամբ մարդիկ հանձն են առել մասնակցել այս ֆիլմի ստեղծմանը։ Պատմությունը շարադրված է մարդկության, սոցիալական առումով աննշան կերպարների հանդեպ այնպիսի՜ մեծ ջերմությամբ ու սիրով․․․ Հենց այդպիսին է ընտանիքի հայրը, ում հեծանիվը գողանում են»։
Կենձի Միձոգուտիի մասին
Անդրեյ Տարկովսկի․ «Նա ամենավսեմ անհատականություններից է՝ երկրի վերևում թևածող․․․ Այսպիսի արվեստագետն ընդունակ է ցույց տալու կեցության բանաստեղծական մտահղացումը։ Նա ընդունակ է դուրս գալու տրամաբանության հաջորդականության սահմանափակող եզրերից և փոխանցելու անշոշափելի կապերի ու կյանքի գաղտնի երևույթների խոր բարդությունն ու ճշմարտացիությունը»։
Օրսոն Ուելսն ասում էր, որ «Միձոգուտիին ուղղված ոչ մի գովեստ չի կարող լինել չափազանցված»։
Մարտին Սկորսեզե․ «Միձոգուտին կինոյի ասպարեզում երբևէ աշխատած մեծագույն վարպետներից է։ Նա Ռենուարի, Մուրնաուի և Ֆորդի հետ կանգնած է նույն շարքում։ Պատերազմից հետո նա նկարահանեց երեք ֆիլմ՝ «Կուրտիզանուհի Օհարուի կյանքը», «Մշուշոտ լուսնի հեքիաթներն անձրևից հետո», «Կառավարիչ Սանսյոն», որոնք հանդիսանում են կինեմատոգրաֆի գագաթներ։ Նրա ողջ արվեստը ներծծված է արտասովոր պարզությամբ»։
Ակիրա Կուրոսավա․ «Միձոգուտիի վախճանից հետո ճապոնական կինոն կորցրեց իր ամենաճշմարիտ արվեստագետին։ Բացի նրանից՝ գրեթե ոչ ոք չի կարողացել անցյալի պատկերները ներկայացնել այդչափ հստակ ու ռեալիստորեն»։
COMMENTS