«Մարդն այսօր բեքեթյան աբսուրդի հոգեվիճակում է և ծիծաղում է՝ արտասվելու փոխարեն»։ Վեյկո Իունպուու
![]() |
Վեյկո Իունպուուն նկարահանման հրապարակում |
Լուիս Բունյուելի, Անդրեյ Տարկովսկու, Ակիրա Կուրոսավայի, Բելա Տարրի արվեստի երկրպագու, 46-ամյա Վեյկոյի ֆիլմագրությունը մեծ չէ, սակայն նրա յուրաքանչյուր նոր աշխատանքն ուշադրության է արժանանում կինոքննադատների, հեղինակային կինոյի սիրահարների ու նաև հակառակորդների կողմից։ Հերթական կինոփառատոնի ժամանակ նրա ֆիլմերից մեկի ցուցադրությունն արժանանում է հակասական արձագանքի․ հանդիսատեսի մի մասը լքում է դահլիճը՝ չսպասելով ավարտին, մյուսները համառորեն «դիմանում են» մինչև ֆիլմի ավարտը, ոմանք՝ սուլելու, ոմանք էլ՝ ծափահարելու համար։ Կինոգետների ոչ պակաս հակասական կարծիքները բախվում են՝ այդպես էլ չգտնելով ընդհանուր եզրեր, սակայն ռեժիսորին այդ ամենը քիչ է մտահոգում․ նա հարցազրույցներում հայտարարում է, որ հոգնել է ստանդարտ նարատիվից, չի ցանկանում հորինել սյուժետային գծեր ու պատմություններ, այլ ցանկանում է իրեն հոգեհարազատ ոճում պատկերել մերօրյա իրավիճակը, կերպարներն ու մթնոլորտը։
2008թ-ին Վեյկո Իունպուուն սկսում է իր, թերևս, ամենանշանակալից ֆիլմի ստեղծման աշխատանքները։ «Սուրբ Տինուի փորձությունը» ֆիլմը հանդիսանում է մի հղում սուրբ Անտոնիոսի՝ անապատում կրած աներևակայելի փորձություններին, որոնք բազմիցս արտացոլվել են եվրոպական միջնադարյան արվեստում՝ կերպարվեստից մինչև գրականություն («Տինու» անունը Անտոնիոս անվան ձևափոխված տարբերակն է, որ տարածված է էստոնացիների շրջանում)։ Այս ֆիլմն իր առաջացրած զգացողություններով հիշեցնում է պլաստիլինի մի մեծ կտոր, որը առանց կողմնակի մասնակցության ամեն անգամ փոխակերպվում է դիտողի աչքերում՝ ստանալով այլ ձև ու տեսք, իսկ երբեմն էլ հիշեցնում է արյունոտ սթեյք, որը ոչ մի կերպ չի սպառվում։
Ֆիլմում, դասական պատկերացմամբ, բացակայում է հստակ սյուժեն, և հանդիսատեսին հնարավորություն է տրվում հետևել սակավախոս ու տարօրինակ հերոսների կյանքի ընդամենը մի քանի օրերին, որոնք և՛ արտասովոր են, և՛ սովորական։ Վեյկոն, ով ֆիլմի ոչ միայն ռեժիսորն է, այլև սցենարի հեղինակը, իր ստեղծագործությունը մտահղացել է այն գաղափարի հիման վրա, որ այժմյան հասարակության անխուսափելի մասը կազմող անհատին չափազանց դժվար է պահպանել իր էությունը։ Հենց այդ մտորումների արդյունքում էլ ծնվել է Տինուն՝ մի հերոս, ով փորձում է չկորցնել իր մարդկային նկարագիրն ու անշահախնդրությունը, ինչը, սակայն, հեշտ չէ, քանի որ նա բոլոր կողմերից շրջապատված է այլ արժեքներին տուրք տվող մարդկանցով կամ մարդանման արարածներով։ Ի վերջո, գլխավոր հերոսի կողքին գտնվող մյուս գործող անձինք էլ յուրովի հանդիսանում են ժամանակակից մարդուն բնորոշ ճգնաժամային հոգեվիճակի կրողը՝ այն տարբերությամբ, որ նրանք տանուլ են տալիս «բարոյական պատերազմը»։
Իրադարձությունները զարգանում են գլխավորապես գրասենյակային «պլանկտոնի» հարմարավետ դափնին պարանոցից կախած, միջին դասի մենեջեր, միապաղաղ ապրելակերպ վարող Տինուի շուրջ։ Խարմսյան աբսուրդի տարրեր պարունակող տարօրինակ դեպքերից հետո Տինուն սկսում է այլ հայացքով նայել իրեն շրջապատող մարդկանց և կյանքին։ Մինչ այդ նա, կարծես, առաջնորդվում էր հաջողակ մարդու ստանդարտ սկզբունքներով՝ կարիերայի աստիճանական վերելք, հոգեզուրկ առօրյա, զուտ ֆիզիկական պահանջմունքների բավարարում։ Տինուի կինն ու գործընկերները ևս չեն տարբերվում նրանից՝ իրենց ռոբոտացված կենցաղում մտածելով միայն նյութական արժեքների մասին։ Սակայն Տինուն, ի տարբերություն նրանց, արթնանում է և այլևս չի ցանկանում ապրել ընդունված կանոններով։ Չի ցանկանում բնակվել այն տանը, ուր չսիրած կինն է, ում հետ լոկ միայնակ չմնալու պահանջից է մահճակալը կիսում։ Չի ցանկանում ենթարկվել իր գործատուին, ում քմահաճույքի պատճառով տասնյակ մարդիկ զրկվում են աշխատանքից։ Տինուն փորձում է իրականությունից փախչել Նադեժդա խորհրդանշական անունը կրող աղջկա հետ, բայց միաժամանակ գիտակցում է, որ ինքն էլ է հանդիսանում անքակտելի ու ողբերգական օղակը այն շղթայի, որը բաղկացած է հարստության ձգտող աղքատներից, մաղձով լի գեղջուկներից, կյանքում կասկածելի հաջողության հասած ձանձրալի գրասենյակային աշխատողներից, իրականության հետ չհամակերպվող դերասանից, իր կնոջից, իր սիրուհուց և այլնից։
Արդյոք հնարավո՞ր է ազատվել այդ կախարդված շրջանակից։ Թվում է՝ ելք չկա։ Միակ լուծումը, թերևս, լիակատար մեկուսացումն է, բայց մարդկության դարավոր պատմության ընթացքում դա հատուկենտներին է հաջողվել, և այդպիսիք արդեն վաղուց ողջ չեն։ Արդի հասարակությունն ու աշխարհը անհատին չեն տալիս ընտրության որևէ հնարավորություն՝ ընտրությունը կատարելով վերջինիս փոխարեն։ Տինուի համար պարզ է դառնում, որ ինքն ընդամենը մի որդ է փտող խնձորի մեջ։ Վեյկո Իունպուուն իր ընտրած թեմատիկայով շարունակում է Ռայներ Վերներ Ֆասբինդերի, Միխայել Հանեկեի, Բելա Տարրի որդեգրած ուղին՝ կավիճի հաստ շերտով ևս մեկ անգամ ընդգծելով գետնին ընկած մարդկային աննշանությունը։ Ռեժիսորն օգտագործում է իր նկարչական ձիրքը՝ ստեղծելով մի մռայլ կոլաժ, որտեղ, ասես դիոնիսյան պարի դանդաղ ռիթմում, միահյուսվում են հեգնանքն ու ինքնաքննադատությունը, դիպուկ մեջբերումները Չեխովից ու Դանտեից, գլխավոր դերակատար Տաավի Էելմաայի հրաշալի դերասանական խաղը, ֆրանսիական կինոյի հանրաճանաչ ներկայացուցիչ Դենի Լավանի էպիզոդիկ, բայց հնչեղ դերը, փիլիսոփայական աբսուրդով լի երկխոսությունները, սև-սպիտակ խորիմաստ կադրերը, դարք էմբիենտ երաժշտությունը։ «Վազի՜ր, Տինո՛ւ, փրկվի՜ր, փոքրիկ բլոճ։ Գուցեև հասցնես փրկել անմահ հոգիդ»։
Արման Հարությունյան