«Ուզում եմ, որ իմ հանդիսատեսը չլինի շարքային սպառող»։ Միխայել Հանեկե
«Սպիտակ ժապավենը» ավստրիացի փառահեղ մտավորական, ռեժիսոր և սցենարիստ Միխայել Հանեկեի՝ ոչ հեռուստատեսության համար նկարահանած ֆիլմերի շարքում տասնմեկերորդն է։ 2009թ-ին «Սպիտակ ժապավենի», իսկ 2012թ-ին «Սեր» ֆիլմի շնորհիվ նա դարձավ միակ ռեժիսորը, ում առայսօր հաջողվել է երկու անգամ անընդմեջ արժանանալ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենուն»։ Մերօրյա կինեմատոգրաֆում հազվագյուտ երևույթ են այն ռեժիսորները, ովքեր դեռևս ուսումնասիրում ու բացահայտում են մարդուն, նրա հեշտ կառավարելի լինելը և, թերևս, կենդանական էությունը։ Հանեկեն անհերքելիորեն գլխավորում է այսօրինակ թեմաները որպես ստեղծագործության փիլիսոփայական հիմք ընդունած ռեժիսորների ոչ երկար ցանկը։ Նրա հանդուգն, հանդիսատեսի կողմից հաճախ չընդունվող դիտարկումներն ու համառ հետազոտությունները միջավայրի ու մարդկանց, դեմքերի ու կեցվածքների, բուրժուական կենսակերպում անհույս խեղդված հասարակության մասին փաստացի հանդիսանում են լիարժեք գիտական աշխատություններ՝ հարստացնելով և հղկելով ոճական ու լեզվական նոր դրսևորումների անխափան փնտրտուքների մեջ գտնվող եվրոպական կինոն:
Բռնությունը՝ հոգեկան թե ֆիզիկական, Հանեկեն իր ֆիլմերում օգտագործում է որպես յուրատեսակ զենք և քավության գործիք՝ հանդիսատեսին խորասուզելով գաղտնի վախերի ու փորձությունների միջավայրը և, ի տարբերություն հոլիվուդյան ֆիլմերի, բավականին մեծ ու լիարժեք տարածք թողնելով մտածելու և սեփական կարծիք կազմելու համար:
«Սպիտակ ժապավենը»
Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկից որոշ ժամանակ առաջ Գերմանիայի հյուսիսում տեղակայված ֆեոդալական գյուղերից մեկում իշխում էին տնտեսական ճգնաժամը և բնակիչների՝ կենցաղային հողի վրա ծնված փոխադարձ ստորացումները։ Ավտորիտար ռեժիմը գորժում էր անխափան, բնակիչներն էլ, ինչպես տարիներով վարժեցված կենդանիներ, գործում և գոյատևում էին միանման՝ լոկ բնազդաբար իմանալով, թե որտեղ է սկսվում և ավարտվում իրենց գործունեության սահմանը։ Խիստ և բարդ փոխհարաբերություններն իշխում էին ոչ միայն գյուղի բնակիչների և բարոնի միջև, այլև ընտանիքներում՝ ծնողների և երեխաների միջև։ Գերմանական այդ գյուղի՝ դարերով չփոփոխվող առօրյան մի օր ցնցում է ոչ սովորական ու միստիկական դեպքերի շարքը, երբ իրար ետևից բռնության զոհ են դառնում մի քանի գյուղացիներ, այդ թվում՝ բժիշկը, բարոնն ու նրա անչափահաս երեխաները։ Բացահայտման ոչ ենթակա անկարգություններով հետաքրքրվում է տեղի դպրոցի ուսուցիչը՝ ֆիլմի ընթացքում իր ենթադրություններով ջանալով պարզաբանումներ գտնել և գոնե ինչ-որ տրամաբանական բացատրություններ տալ միստիցիզմի քողով սքողված հանցագործությունների առնչությամբ։
Մինչ այսօր շատերի համար շարունակում է մնալ անհայտ ու անբացատրելի, թե Ադոլֆ Հիտլերին ինչպես հաջողվեց տարբեր մասնագիտություններ ունեցող հասարակ քաղաքացիների մի ահռելի զանգված կարճ ժամանակահատվածում վերափոխել առաջնակարգ մարդասպանների, մոլորեցնել հանրությանը և նրանց գիտակցված տանել դեպի կործանում։ Կոշկակարները, իրավաբանները, արվեստագետները, պարզամիտ հացթուխները և տնտեսագետները հաճույքով, մեծ հրճվանքով ծառայում էին մեկ գաղափարի՝ ոչնչացնել երկրի համար սպառնալիք հանդիսացող նշանավոր և աննշան երևույթները։ Հանեկեն առաջարկում է վայր դնել այդ շրջանի դեպքերի մասին բոլոր պիտակավորված ու ոչ խորապես ուսումնասիրված դատողությունները և, ժամանակը 25 տարով ետ շրջելով, փորձել մարդկանց այդչափ դյուրին կառավարելի և փոփոխելի լինելու պատճառների հիմնական հոգեբանական արմատները գտնել փոքրիկ գյուղի բողոքական հովիվի և իր նրա երեխաների փոխհարաբերություններում։
Հովիվը դաստիարակում էր իր՝ դեռևս անչափահաս երեխաներին՝ կիրառելով, իհարկե, ոչ ամենանուրբ մեթոդները, հաճախ նաև բռնությունը որպես պատժի միակ միջոց գործադրելով։ Երեխաները ձեռքին կրում են սպիտակ ժապավեններ՝ որպես մաքրության և անմեղության խորհրդանիշ, որի առկայությունն, ըստ իրենց հոր խորին համոզման, կստիպի հեռու մնալ անպարկեշտ արարքներ գործելուց և կազատի մարդկային վատ հատկանիշներից՝ նախանձից, ինքնասիրահարվածությունից, ստից և ալարկոտությունից։ Մինչդեռ իդեալականացնելով մաքրությունը, ազնվությունը, հավատարմությունը, մշտապես մեղքի զգացում ունենալու անհրաժեշտությունը՝ բողոքական հովիվը անուշադրության է մատնում այն փաստը, որ երեխաներին հեռու պահելով մարդկային բնությունը չմերժող գայթակղություններից ու արարքներից՝ նրանց մեջ զարգացնում է բռնության հանդեպ թաքնված մոլուցքը, վատ արարքներ գործելու տենչը, նախանձը, ընչաքաղցությունը։ Բացի այդ՝ երեխաները հասակ են առնում իրենց տարիքին ոչ բնորոշ արագությամբ, բավականին վաղ դուրս են գալիս մանկությունից և վերածվում չոր, դաժան, հաշվենկատ արարածների։
Տարիների ընթացքում ապրելով մեծ ճնշման տակ՝ նրանք կորցնում են դիմադրելու ունակությունը, ինչը հետագայում մեծ ոճրագործություններ է խթանելու։ Իր ֆիլմերում ռեժիսորը երեխայի կերպարը հաճախ որպես չարի խորհրդանիշ է ներկայացնում։ Սույն պատմության մեջ երեխաների այդ խումբը մարմնավորո՞ւմ է, արդյոք, նացիստական Գերմանիայի հիպնոսացված զինվորներին՝ դժվար է ասել։ Միգուցե, ոմանք՝ այո, ոմանք էլ՝ ոչ։ Հանեկեն նկարահանել է ոչ միայն ֆաշիզմի առաջացման և խնդիրների մասին։ Նա քննադատության է ենթարկում կոնկրետ դաստիարակչական համակարգը, որը դարեդար, սերնդեսերունդ փոխանցվելով՝ աղավաղում է իդեալները և կրում է միայն անհատին վնասող հատկություններ։ Հովիվի երեխաների օրինակով նաև արտացոլվում է, թե ինչ պայմաններից դրդված է մարդը պատրաստ որևէ գաղափարախոսության հետևել և ծառայել դրան։ Դա տեղի է ունենում մշտապես, երբ կա հուսահատություն, խստագույն ճնշում, կասկած և անհարմարավետություն։ Ավստրիացի Հանեկեն դեմ է արտահայտվում ցանկացած գաղափարախոսության, ևս մեկ անգամ լույս նետում դրա չար, ահաբեկող ուժի և ամեն վայրկյան պայթելու պատրաստականության վրա։
Արման Հարությունյան