«Պոետներն ինձ համար մարգարեներ են, ովքեր միշտ կանգնած են օրենքից դուրս»։ Ջիմ Ջարմուշ
ԳԼՈՒԽ 1
ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ ԵՌԱՊԱՏՈՒՄ
(Մաս 3)
Օրենքից դուրս։ 1986 թվական: Անդրեյ Տարկովսկու վերջին՝ «Զոհաբերություն» ֆիլմի պրեմիերան: Մեխիկոյում սկսվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Դեսմոնդ Տուտուն դարձավ Հարավաֆրիկյան հանրապետությունում առաջին սևամորթ եպիսկոպոսը անգլիական եկեղեցում: Հունիսի 14-ին մահացավ արգենտինացի հանճարեղ գրող Խորխե Լուիս Բորխեսը:
կադր «Օրենքից դուրս» ֆիլմից |
Նախորդ ֆիլմին անդրադառնալիս մեջբերեցի օտար լեզվով Մալարմե և Աստվածաշունչ կարդալու մասին հատվածը: Ըստ Ջարմուշի՝ օտար լեզուն երևակայությունը զարգացնելու հնարավորություն է տալիս՝ տեսնել նոր գույներ պոեզիայի և բառերի աշխարհում, ուստի իտալացի Բոբը ֆիլմում բառարան է պահում իր գրպանում և մեծ հպարտությամբ ու իտալերեն շեշտադրությամբ արտաբերում անգլերեն բառեր, ինչի շնորհիվ էլ դրանք առավել հետաքրքիր ու հարուստ են հնչում:
Ես լավ գիտեմ, թե ում անտառն է սա:
Անտառապահը գյուղում է հիմա
Ու չի կասկածում, որ այստեղ կանգնած
Դիտում եմ ձյունոտ անտառը նրա (1):
Լրագրող.- «Օրենքից դուրս» ֆիլմում Ռոբերտո Բենինիի մարմնավորած հերոսը հաճախ է մեջբերում Ֆրոստին, իսկ «Մեռյալը» ֆիլմում քիչ չեն մեջբերումները Բլեյքից: Դուք հետաքրքրվո՞ւմ եք պոեզիայով: Կինոյում հաճախ չես հանդիպի կերպարների, որոնք անընդհատ մեջբերումներ են անում բանաստեղծություններից (2):
Զարմանում է իմ ձիուկը թմրած՝
Ինչո՞ւ կանգնեցինք դաշտերում այս բաց,
Անտառի ու այս լճակի միջև,
Այն էլ գիշերվա ժամին մթամած (3):
Ջարմուշ․- Դա ճիշտ է: Եթե Դուք մտնեք բար ամերիկյան որևէ թաղամասում և զրույցի ընթացքում հանկարծակի արտաբերեք «պոեզիա» բառը, հավանաբար, ծեծ կուտեք: Բայց ես կարծում եմ, որ պոեզիան արվեստի ամուր, գեղեցիկ տեսակ է: Լեզուն շատ հարցերում փոփոխվում է շնորհիվ պոեզիայի: Դանտեն իր ժամանակի հիփ-հոփ մշակույթի ներկայացուցիչն է, քանի որ նա գրել է դյուրընկալելի իտալերենով: Իսկ այդ ժամանակ դա չլսված բան էր: Այդ ժամանակաշրջանում գրում էին լատիներեն. Պետրարկան գրում էր բարձր ոճով, իսկ Դանտեն գործածում էր փողոցի լեզուն: Պոետները, այսպես թե այնպես, միշտ էլ իրենց ժամանակից առաջ են ընկնում՝ շնորհիվ լեզվական հոտառության և յուրահատուկ աշխարհընկալման (4):Ջարմուշը խոսում է պոեզիայի մասին, պոետի լեզվով: Նրա խոսքը, ինչպես և իր արվեստը, գտնվում է օրենքից դուրս։ Ֆիլմում կա նաև հղում ամերիկացի գրող Ուոլթ Ուիթմենին, ով նույնպես գտնվում էր պոեզիայի ավանդական օրենքներից դուրս՝ բերելով իր հետ խոսակցական լեզու, անհանգ պոեզիա: Եվ, իհարկե, ֆիլմում նշվում է Մարկ Տվենի անունը, ով պետք է շոգենավով գա և փրկի իտալացի Բոբին խեղդվելուց: Անշուշտ, Ջեքն այս նախադասությունն ասում է հեգնանքով, բայց այդ հեգնանքի մեջ դրված է արվեստի այն ուժը, որը պիտի գա և փրկի: Փրկի առաջին հերթին արվեստը՝ լինի գրականություն, թե կինո: Լինելով հեղինակային կինոյի վառ ներկայացուցիչ՝ Ջարմուշը զգում էր, որ անհատականությունը նման է այն նավակին, որ ֆիլմում սուզվում է ճահճի մեջ: Շատ կարևոր է նշել, որ Ջարմուշի ֆիլմերում մեծ տեղ է տրվում երաժշտությանը, որը ես անվանում եմ հնչյունային գրականություն:
Զանգուլակներն են ցնցվում հևիհև՝
Ինչո՞ւ ենք կանգնել դաշտերում այս սև:
Լսվում է միայն մեղմիկ մի հառաչ,
Փաթիլներ իջնող ու քամի թեթև (5):
«Ոչ մի գրողի ստեղծագործություններում այնքան բլյուզ ու նաև ջազ չի հնչում, որքան Սարոյանի պատմվածքներում, և ոչ մի գրողի պարզունակությունը այնքան թվացյալ չէ, որքան հենց լավագույն բլյուզների խաբուսիկ միապաղաղությունը, որոնց ներքո ծաղկում է նախնական և անկորնչելի սարսուռը» (6):
Անտառը այնպես խորն է ու մթին,
Բայց խոստում ունեմ ես տված մեկին,
Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ,
Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ (7):
Ճամփա, որ հերոսներին ոչ մի տեղ չի տանելու, բայց ուրախացնում է այն, որ Ջարմուշը գոնե իր հերոսներին ճանապարհ է տալիս: Իտալացին ֆիլմում գտնում է իր տունը, իր սիրած էակին, ով նույնպես իտալուհի է և ապրում է Ամերիկայում: Բայց ամերիկացի հերոսներն իրենց իսկ երկրում չեն գտնում ներքին խաղաղություն: Ճանապարհ դեպի արևմուտք, ճանապարհ դեպի արևելք:Գրականությունը, ինչպես նաև բլյուզը և ջազը, ծնվում է կարոտից, ծնվում սպասումից ու ինչ-որ աշխարհներ փնտրելուց: Ջարմուշի ֆիլմերում գրականություն է դառնում կյանքի ամեն մի մանրուք: Այդ առօրյա կյանքն իրականում այնքան էլ հասանելի չէ մեզ, չնայած մեզ թվում է, թե մենք տերերն ենք այսօրվա: Այս կյանքի մեջ միշտ գոյություն ունի մեկ այլ կյանք, որը չի երևում: Չի երևում, որովհետև մեր ներքին մեծամտությունը թույլ չի տալիս կարդալ պոեզիա ատամի խոզանակի մեջ:
Բորխեսն ասում է. «Երբ ես ջազ եմ լսում, ինձ ամենից շատ գրավում է այն, որ լսում եմ ձայներ, որոնք ես չեմ լսում ոչ մի այլ երաժշտության մեջ» (8): Երբ հերոսները փախչում են բանտից և մտնում անտառ, այնտեղ մի տուն են տեսնում, որտեղ մնում են մեկ օր: Ջեքը ասում է, որ այդ տան կահավորանքը շատ ծանոթ է՝ նկատի ունենալով բանտի խուցը: Հերոսները ազատության մեջ են, բայց բանտը գտնվում է ոչ միայն ճաղերի ետևում, այլ նաև ճաղերից դուրս՝ ազատության մեջ: Այսինքն՝ ազատությունը կամ ձգտումը դեպի ազատություն նույնպես սահմանափակում է: Եթե չլինի ազատություն, չի լինի բանտ, ուրեմն՝ ազատությունն է մեղավոր մեր անազատության մեջ: Եվ դրա համար ֆիլմի հերոսները պիտի շարունակեն որոնել իրենց ելքը: Ջարմուշը մեր առջև դնում է, իհարկե՝ այս անգամ ավելի հումորով, ավելի լուսավոր էքզիստենցիալ հարցեր: Առանց ավելորդ փայլի, առանց կեղծ հույսի, հիմնվելով գրականության վրա՝ Ջարմուշը բացում է մեր առաջ մեր էությունը՝ որպես հավերժ ճամփորդների: Եվ ո՞րն է մեզ տրված միակ ընտրությունը՝ գնալ արևմուտք կամ արևելք: Ո՛չ ավելին:
«Մարդկության պատմության ու փիլիսոփայության պատմության ողջ ընթացքում առաջարկվել են տարբեր լուծումներ, բայց ոչ ոք դրանք չի կարողացել կիրառել իրականում: Ուստի, ես դարձա ցինիկ և կարծում եմ, որ այս աշխարհում ամենագեղեցիկը կենսական մանրուքներն են... Դրանք խիստ կարևոր երևույթներ են»,- ասում է Ջարմուշը (9): Եվ կարելի է երջանիկ լինել միայն նրանով, որ մենք, ի տարբերություն ֆիլմի հերոսների, գոնե գիտենք՝ որտեղ է գտնվում արևելքը, որտեղ՝ արևմուտքը:
1.Թարգմանությունը՝
Ս. Մկրտչյանի, Թարգմանություններ, գիրք
Ա, 2009թ
Երևան, էջ 366:
2.Д.
Джармуш, նշված
հրատարակչություն,
էջ
283:
3.Թարգմանությունը՝
Ս. Մկրտչյանի, նշված
հրատարակչություն,
էջ 366:
4.Д.
Джармуш, նշված
հրատարակչություն,
էջ
283:
5.Թարգմանությունը՝
Ս. Մկրտչյանի, նշված
հրատարակչություն,
էջ 367:
6.Վ.
Ֆերեշեթյան, Գրահավաքը, Երևան, 2013թ, էջ
217:
7.Թարգմանությունը՝
Ս. Մկրտչյանի, նշված
հրատարակչություն, էջ
367:
8.Վ.
Ֆերեշեթյան, նշված
հրատարակչություն,
էջ 217:
9.Д.
Джармуш, նշված
հրատարակչություն,
էջ
140:
(շարունակելի)
Արամ Ավետիս
COMMENTS