«Դեռևս Կայենի ժամանակներից ոչ մի պատիժ աշխարհը չի փոխել դեպի լավը և ապահովագրել հաջորդող ոճիրներից»։ Պյոտր Բալիցկի
![]() |
Կշիշտոֆ Կեսլևսկին՝ ֆիլմը նկարահանելիս |
«Պատահականություն»
Պատահականությունը Կեսլևսկու շատ ֆիլմերում սյուժեի և հետագա իրադարձությունների հիմքն է, բացի այդ՝ նաև կինոգործչի սիրելի ֆենոմենն է։ Պատահականությունը հաճախ կարող է մի ամբողջ կյանք փոխել, և հենց փոքր, աննշան երևույթներն են պատասխանատու մարդկանց՝ այդքան հոգածությամբ գծագրած, պլանավորած ապագայի՝ այլ հունով ընթանալու համար: Պատահականության արդյունքում նույն վայրում են հայտնվում մարդասպանը, զոհը և իրավաբանը։
Ապրիլյան ցուրտ օրերից մեկն է։ Վարշավայի կենտրոնական փողոցներում աննպատակ թափառում է 21-ամյա Յացեկը՝ արտաքին աշխարհի նկատմամբ ունեցած խորն անտարբերությունը որպես միակ կենսակերպ ու ճշգրիտ դոգմա ընդունող երիտասարդը։ Բռնության հանդեպ լատենտ հակումներ ունեցող Յացեկի սիրելի զբաղմունքներից է՝ հետևել քաղաքի մութ անկյուններում խմբակային արյունոտ ծեծկռտուքներին, երբեմն էլ, իրեն փոքր-ինչ զբաղեցնելու պատրվակով և առօրյայում ինչ-որ ինտրիգ մտցնելու, աշխարհն իրեն գոնե չնչին չափով կապելու մղումով, սիրում է կամրջից փոքրիկ քարեր նետել ներքևում երթևեկող մեքենաների վրա և գրեթե միշտ ափսոսում է իր՝ ոչ այնքան դիպուկ լինելու համար։ Երիտասարդն առանձնահատուկ վերաբերմունք ունի երեխաների նկատմամբ և, չնայած իր տարիքին, կարծես պահպանել է մանուկներին բնորոշ որոշ հատկություններ։ Հետագայում դա նույնպես գտնում է իր բացատրությունը։ Նույն փողոցում իր մեքենայով կանգնած է միջին տարիքի մի տղամարդ՝ ցեխոտ քաղաքի պանելային շենքերի խորհրդանիշ, միզանտրոպ տաքսիստ Վալդեմարը։ Բավականին հանդուգն կլիներ կարծել, թե նա իր աշխատանքային օրերից երբևէ գոհ է եղել։ Մարդկանցից ապրած հիասթափության զգացումն արտացոլվում է նաև նրա հաճախորդների վրա։ Օրվա անբաժան մասն է կազմում նրանց վախեցնելն ու անպատվելը, և նրանք արագորեն դուրս են թռչում Վալդեմարի մաշված մեքենայից՝ այն այլևս երբեք չնստելու վերջնական ցանկությամբ:
Յացեկն իր ունեցած վերջին գումարով սուրճ է ըմպում և, պարանը ձեռքում, ինչ-որ քայլի պատրաստվում։ Նույն սրճարանում է նաև Պյոտրը, ով իրավաբանի պետական քննությունը գերազանց հանձնելուց հետո ընկերուհու հետ նշում է իր հաջողությունը և նոր աշխատանքը։ Պյոտրը տարբերվում է պատմության մյուս կերպարներից. նա ցանկանում է մարդկանց ճանաչել, փորձել հասկանալ նրանց, բացի այդ՝ լի է երկրի և իր ապագայի, մասնագիտության, հոգեպես և նյութապես ոչ այնքան լավ ժամանակներ ապրող մարդկանց հանդեպ լավատեսական սպասումներով։ Հաշված ժամեր անց բոլոր երեքի ճակատագրերը դրամատիկ կերպով միահյուսվում են իրար և դառնում մեկ ամբողջություն։ Յացեկը նստում է տաքսիստի մեքենան և վերջապես կյանքի է կոչում այդքան ժամանակ իր փափագած՝ մարդ սպանելու և ինքն իրեն ինչ-որ բան ապացուցելու, կայանալու երազանքը՝ ազատելով Վալդեմարին ատելի երկրային կյանքից և համաշխարհային կինոյի պատմությանը նվիրելով սպանության ամենադաժան ու ռեալիստական տեսարաններից մեկը։ Իսկ երիտասարդ իրավաբանին բաժին է հասնում գրեթե անհույս, ամենայն հավանականությամբ՝ կախաղանի դատապարտվելիք Յացեկի պաշտպանության գործը։
Մի՛ սպանիր
Ֆիլմի գույներն ու ընտրած ֆիլտրը պատմությունը դարձնում են ավելի համոզիչ։ Ռեժիսորն ի սկզբանե հանդիսատեսին բաց է թողնում մուգ կանաչ երանգներով ու կոնտրաստով հագեցված ոչ այնքան մաքուր Վարշավայում՝ թույլ չտալով ավելի պարզ տեսնել մարդկանց դեմքերն ու փողոցները՝ դրանով իսկ հնարավորինս վառ արտահայտելով վերջիններիս անհատկանիշ լինելը։ Քաղաքի արվարձաններից մեկի բակում կախված կատվի դիակը փոխանցում է տեղի մթնոլորտի նեխած լինելու անհերքելի փաստը և մարդկանց մեջ դեռևս փոքր տարիքում ի հայտ եկած արյան ու բռնության տենչը։ Ըստ ֆիլմի օպերատոր Սլավոմիր Իձյակի՝ հենց մուգ կանաչ, տեղ-տեղ մոխրագույն ֆիլտրը հնարավորություն է տալիս փոքր-ինչ ավելի ուռճացված «զզվանքով» և խտացված ներկայացնել պահի դրությունը, քան, ենթադրենք, կար պատմական տվյալ պահին։ Հետևողականորեն ու անխնա, ինչպես հազիվ թե ինչ-որ մեկը կկարողանա այլևս, Կեսլևսկին նպատակ էր դրել ցույց տալու, թե ինչ է ապրում մարդը ներքուստ, և ինչպիսի տեսք է ստանում նրա երևակայած արտաքին միջավայրը, երբ նա որոշում է սպանություն գործել՝ ունենալով հստակ գիտակցումը, որ դատապարտվելու է ամենախիստ պատժի՝ արդեն իսկ պետության իրավունքի գերակայությամբ։
Բացի գլխավոր հերոսի անձնական մոտիվներից՝ հեղինակն իր կինոնկարում ընդգծում և մեծ կարևորություն է տալիս հասարակության դերին՝ փաստացի վերջինիս հանձնելով երիտասարդի՝ մարդասպան դառնալու մեղքը։ Նա պատկերում է իր Լեհաստանի և այնտեղ ապրող հասարակության ակտուալ գորշ դիմանկարը․ վախեցնող իրականություն, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից քառասուն տարի անց էլ դժվարությամբ էր կարողանում դուրս գալ տնտեսական ճգնաժամից, երկրում տիրում էին աղքատությունը, բռնության և անօրինական կերպով ապրուստի միջոցներ ձեռք բերելու հանրության ձգտումը, աշխատողների՝ ամենուրեք գործադուլ հայտարարելը, ընդդիմության ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունները, գրաքննությունը, որն արվեստագետներին միայն արտագաղթելու հնարավորություն էր տալիս, ինչպես նաև երկրում դեռևս ուժի մեջ եղող մահապատժի գոյությունը։ Այս ամենը չէր կարող բացասաբար չանդրադառնալ առանձին անհատի վրա։
Արման Հարությունյան