«Երբ պատերազմը դառնում է անվերջանալի, այն դադարում է լինել վտանգավոր»։ «1984», Ջորջ Օրուել
Գրականությունը միշտ եղել է ու կլինի կինեմատոգրաֆին սյուժե մատակարարող հիմնական աղբյուրներից մեկը։ Իհարկե, ոչ բոլոր գրական ստեղծագործություններն են մեծ պահանջարկ ունենում կինոյում, բայց կան այնպիսիք, որոնք մեծ էկրան բարձրանալու առաջին իսկ պահից մինչև մեր օրերը շարունակում են մնալ ակտուալ։ Ջորջ Օրուելի ամենահայտնի վեպը՝ «1984»-ը, անկասկած, այդ ստեղծագործությունների թվում է։
«1984» (1953թ, ԱՄՆ)
ռեժիսոր՝ Փոլ Նիքել
Ամերիկյան Studio One-ի կողմից նկարահանված հեռուստատեսային այս տարբերակը Օրուելի վեպի առաջին էկրանավորումն է։ Ուինսթոնին մարմնավորել է Էդդի Ալբերտը, Ջուլյային՝ Նորմա Քրեյնը։ Ֆիլմը դիտելիս անհնար է չնկատել գրքի մի քանի դասական արտահայտությունների բացակայությունը։ Պակասում է նույնիսկ պատմության վերջում Մեծ Եղբորն ուղղված սիրո խոստովանությունը։ Պետք է հաշվի առնել, սակայն, որ այս էկրանավորումը ստեղծվել է գրքի լույս ընծայումից ընդամենը 5 տարի անց, և միգուցե այդ ժամանակ վերոնշյալ արտահայտությունները դեռևս չէին հասցրել սիրվել ու քննարկվել այնքան, որքան մեր օրերում։
1953թ-ի ֆիլմի պատճառած գլխավոր հիասթափությունը, թերևս, Ուինսթոնի հարցաքննության ու տանջանքների տեսարանն է։ Անիմաստ է համեմատել վեպի ու ֆիլմի միևնույն տեսարանը՝ հաշվի առնելով, որ այս ֆիլմն Օրուելի ստեղծագործության էկրանավորման առաջին փորձն է։ Հենց այս փաստն է ստիպում փոքր-ինչ ներողամտաբար վերաբերվել Փոլ Նիքելի աշխատանքին։ Դերասանական կազմը բավականին լավ է ընտրված, սակայն նկատելիորեն բացակայում է խաղի բնական տարրը։ Կրքի բացակայության, երկխոսությունների պարզեցման ու նմանատիպ մի քանի պատճառներով կերպարները փոքր-ինչ արհեստական են թվում։
«1984» (1954թ, Մեծ Բրիտանիա, «Բի-Բի-Սի»)
ռեժիսոր՝ Ռուդոլֆ Կարտիեր
Օրուելի վեպի առաջին էկրանավորումից մեկ տարի անց թողարկվում է «1984»-ի մեկ այլ տարբերակ: Ուինսթոնի և Ջուլյայի դերերում հանդես են գալիս Փիթեր Քաշինգն ու Իվոն Միտչելը: Ֆիլմը միանգամից դառնում է իր ժամանակի ամենահակասական հեռուստատեսային աշխատանքներից մեկը՝ կարևոր անցումային դեր խաղալով բրիտանական հեռուստադրամայի պատմության մեջ: Օրուելն ընդամենը 6 տարի առաջ էր համարձակվել զգուշացնել տոտալիտար համակարգի ավերիչ ապագայի մասին. հանրությունն ու կինոքննադատները դեռևս պատրաստ չէին նման կոշտ իրականություն տեսնել էկրաններին: Ուինսթոնի անօգնական դրությունը չափից դուրս հուզախառն էր բրիտանացի անխռով հանդիսատեսի համար:
Ֆիլմի ամենատպավորիչ դրվագներից է Ուինսթոնի ու Ջուլյայի ձերբակալությունը։ Այնուամենայնիվ, տանջանքների հանգուցալուծման տեսարանը կարող էր ավելի լարված լինել։ Որպես ամփոփում՝ անհնար է չգնահատել այս ֆիլմը ստեղծողների՝ վեպին հնարավորինս հավատարիմ մնալու ջանքերը: 1954թ-ի էկրանավորումը, միանշանակ, լավագույններից է:
«1984» (1956թ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ)
ռեժիսոր՝ Մայքլ Անդերսոն
Ինչպես 1954թ-ի տարբերակը, այս ֆիլմը ևս բրիտանական արտադրության է (ԱՄՆ-ի հետ համատեղ): Այնուամենայնիվ, Մայքլ Անդերսոնի նկարահանած «1984»-ը չի կարելի չնմանեցնել 1953թ-ի ամերիկյան ֆիլմին: Այստեղից տրամաբանական է դառնում այն փաստը, որ այդ երկու ֆիլմերի սցենարների հեղինակների շարքում նույն Ուիլյամ Թեմփլթոնն է: Անդերսոնի ֆիլմը կապ ունի նաև 1954թ-ի տարբերակի հետ, որտեղ Սայմի կերպարը մարմնավորած Դոնալդ Փլեզենսը հայտնվում է նաև այս ֆիլմում՝ ի դեմս Փարսոնսի: Համեմատելով 1953թ-ի էկրանավորման հետ՝ Անդերսոնի ֆիլմը կարելի է համարել ավելի որակյալ, սակայն ապագայում նկարահանվելիք համանուն ֆիլմերը ստվեր էին գցելու այս տարբերակի վրա:
1956թ-ի ֆիլմը, թվում է, կենտրոնանում է հերոսների սիրային պատմության վրա, մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ Օրուելի գլուխգործոցում սիրային գիծը չի կարելի գաղափարական ու սյուժետային ամենակարևոր տարրերից մեկը համարել: Ձերբակալության ու տանջանքների տեսարանները լավագույնն են ֆիլմում: Գովելի է հանդիսատեսին Ուինսթոնի դիրքում «տեղավորելու» միտքը՝ մեզ ստիպելով մի քանի րոպեով հայտնվել հերոսի դերում: Օրուելի գրչի շնորհիվ վեպի ընթերցողն ամբողջովին տեղափոխվում է բանտախցիկ՝ իր մաշկի վրա զգալով այն ամենն, ինչ կատարվում է Ուիլսոնի հետ: Ֆիլմը ստեղծողները փորձել են հասնել այդ նույն զգացողությանը: Կարելի է ասել՝ այդ փորձը հաջողությամբ է պսակվել:
Ինչպես հաճախ է պատահում, ֆիլմում մի քանի փոքր փոփոխություններ են նկատվում: Էմանուել Գոլդսթեյնի անունը փոխված է: Օ’Բրայենը հանդես է գալիս «Օ’Քոննոր» ազգանվամբ: Պատճառը Ուինսթոնին մարմնավորած Էդմոնդ Օ’Բրայենի ազգանունն է եղել: 1953թ-ի ֆիլմի պես այստեղ ևս բացակայում են վեպի այցեքարտային արտահայտություններից մի քանիսը, սակայն բազմաթիվ կարևոր հատվածներ ներառված են: Ինչ վերաբերում է դերասանական կազմին, ապա նախևառաջ պետք է նշել Ջեն Սթերլինգի հիանալի ընտրությունը: Նա շատ մոտ է այն Ջուլյային, ում կարող է պատկերացնել Օրուելի ընթերցողը: Ցավոք, նույնը չի կարելի ասել Ուինսթոնի դերասանի ընտրության մասին: Էդմոնդ Օ’Բրայենը բավականին հաջող է մարմնավորում ֆիլմի գլխավոր հերոսին, այնուամենայնիվ, նա Օրուելի Ուինսթոնը չէ: Բնականաբար, կերպարներին վերաբերող ցանկացած կարծիք ավելի քան սուբյեկտիվ է:
Սա այն էկրանավորումներից է, որը պետք է դիտել վեպն ընթերցելուց հետո միայն, քանի որ ֆիլմում ծավալվող իրադարձություններն այդքան էլ հստակ չեն ներկայացվում: Անդերսոնի ֆիլմի մասին խոսելիս պետք է փաստել որակի նկատելի աճը: Պատահական չէ, որ 1956թ-ի ֆիլմն ավելի մեծ ֆինանսավորում է ստացել, քան նախորդ էկրանավորումները:
«Հազար ինը հարյուր ութսունչորս» (Nineteen Eighty-Four, 1984թ, Մեծ Բրիտանիա)
ռեժիսոր՝ Մայքլ Ռեդֆորդ
Մայքլ Ռեդֆորդի նկարահանած ֆիլմը, թերևս, Օրուելի վեպի էկրանավորումներից ամենահայտնին է։ Սյուժեն մոտ է վեպին այնքան, որքան 2 ժամ տևողությամբ ֆիլմը կարող է արտացոլել մի ամբողջ վեպի իրադարձություններն ու գաղափարները։ Այս առումով Ռեդֆորդը հնարավորինս հավատարիմ է մնացել օրիգինալ ստեղծագործությանն՝ ըստ արժանվույն փոխանցելով Օրուելի աշխարհայացքն ու ընթերցողին ուղղված հաղորդագրությունը։
Այս ֆիլմում տեսնում ենք մելանխոլիկ ու դեպրեսիվ մի աշխարհ՝ զուրկ գույներից ու հույզերից։ Ինչպես և գրքում, պատկերվող աշխարհի գոյությունը, չնայած իր տարօրինակ բնույթին, կասկած չի հարուցում։ Ընտրված գունային երանգներն ու, առհասարակ, տիրող մթնոլորտը լիովին համապատասխանում են վեպի տրամադրությանը։ Դերասանների ընտրությանն ու կերպարների մարմնավորմանը կարելի է դրական որակավորում տալ։ Ջոն Հարթը հիանալի է կերտում Ուինսթոնի կերպարը։ Սյուզաննա Համիլթոնը Ջուլյայի դերում նույնպես համոզիչ է, իսկ Ռիչարդ Բարթոնը Օ’Բրայենի կերպարով այս ֆիլմում կատարում է իր վերջին դերը։ Համեմատական եզրեր գծելով բոլոր էկրանավորումների միջև՝ վստահորեն կարելի է փաստել, որ Ռեդֆորդի ֆիլմը լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը։
Բացի բուն էկրանավորումներից՝ հարկ է հիշել նաև այն ֆիլմերը, որոնք ակնհայտորեն կրում են Օրուելի վեպի ազդեցությունը։
«Բրազիլիա» (Brazil, 1985թ, Մեծ Բրիտանիա)
ռեժիսոր՝ Թերի Գիլիամ
Թերի Գիլիամի նկարահանած այս «մղձավանջային երազը» ակնհայտորեն ոգեշնչվել է Լինդսեյ Անդերսոնի երգիծական ֆիլմերից, Ֆրանց Կաֆկայի աբսուրդային վեպերից և, իհարկե, Օրուելի «1984»-ից։ Հայտնի է, որ Օրուելն այս վերնագիրը ստեղծելիս փոքրիկ խաղի է դիմել՝ վեպի ստեղծման տարեթիվը (48թ-ը) դարձնելով «84» և հղում կատարելով դեպի ոչ հեռու ապագա։ «Բրազիլիան», դրան հակառակ, պատկերում է այսպես կոչված «ռետրո ֆուտուրիզմը», ինչպես նշել է ինքը՝ ռեժիսորը, «ծաղրանքի ենթարկելով ժամանակակից Բրիտանիան»։ «Բրազիլիայի» պետական ապարատը մեզ շատ ծանոթ է․ Ինֆորմացիայի նախարարությունն ամենազոր ու ամենատես է, սակայն երբեք անսխալական չէ։
«Քնածը» (Sleeper, 1973թ, ԱՄՆ)
ռեժիսոր՝ Վուդի Ալեն
Իրեն բնորոշ յուրատեսակ երգիծանքով Վուդի Ալենն այս ֆիլմում ներկայացնում է Մայլս Մորնոյի պատմությունը, ով 1973թ-ին պառկում է վիրահատական սեղանին ու արթնանում 200 տարի հետո միայն, այն էլ՝ միանգամայն տարբեր աշխարհում, որտեղ իշխում են բռնապետությունն ու ոստիկանական խմբերը, չկա սեր, չկան հարաբերություններ։ Միակ մարդը, ում այս եզակի նմուշ հանդիսացող «հրեշը» կարող է վստահել, գեղեցկուհի Լունան է, ում Ալենի հերոսն ինքնամոռաց սիրահարվում է։
«Ալֆավիլ» (Alphaville, 1965թ, Ֆրանսիա, Իտալիա)
ռեժիսոր՝ Ժան-Լյուկ Գոդար
Ժան-Լյուկ Գոդարի «Ալֆավիլ» հակաուտոպիան ներկայացնում է տոտալիտար մի հասարակություն, որը կառավարվում է էլեկտրոնային «Ալֆա-60» համակարգի կողմից։ Այն ստեղծել է Երկիր մոլորակից փախուստի դիմած պրոֆեսոր Նոսֆերատուն, ով Ալֆավիլում թաքնվում է ֆոն Բրաուն անվան տակ։ Ֆիլմը նկարահանվել է Փարիզում․ Գոդարի ու իր թիմի ջանքերով՝ մութն ընկնելուն պես սիրո քաղաքը վերածվում էր Ալֆավիլի։ Առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ այն փաստը, որ ֆրանսիական «Նոր ալիքի» վառ ներկայացուցիչը 1965թ-ին ֆուտուրիստական ֆիլմ է նկարահանում․ թե՛ Գոդարին, թե՛ «Նոր ալիքի» մնացած ներկայացուցիչներին միշտ հուզել է ներկան։ Սակայն ֆիլմը փոքր-ինչ ուշադիր դիտելուց ու վերլուծելուց հետո հասկանալի է դառնում, որ «Ալֆավիլի» միջոցով ևս Գոդարն իր անհանգստությունն է հայտնում ժամանակակից հասարակության համար։
THX 1138 (1971թ, ԱՄՆ)
ռեժիսոր՝ Ջորջ Լուկաս
Ջորջ Լուկասի այս ֆիլմում նույնպես չի կարելի չնկատել «1984»-ի ու հակաուտոպիական մյուս հայտնի վեպերի ազդեցությունը։ Ապագայի աշխարհն այնպիսի զարգացում է ապրել, որ ստեղծել է ստորգետնյա հասարակություններ, որոնք կառավարվում են համակարգիչների կողմից։ Մարդիկ անունների փոխարեն թվեր են ստանում։ Տիրող բռնապետական համակարգը մարդուն սահմանափակ թվով իրավունքներ է շնորհում՝ աշխատել, զվարճանալ, սպառել։ Ցանկացած տեսակի հույզերի ու զգացմունքների առաջացումը կանխարգելելու նպատակով բնակչությանը կանոնավոր կերպով տրվում են հատուկ դեղամիջոցներ։ Այնուամենայնիվ, օրերից մի օր թիվ THX 1138-ը (Ռոբերտ Դյուվալ) խախտում է լիազորությունների իր սահմանն ու սիրահարվում։
Արմինե Նազարյան
COMMENTS