«Նրա սցենարները նման են ճապոնական հայկուների»: Թոմ Ուեյթս
ԳԼՈՒԽ 3
Բլեյքը կարդում է «Հագակուրե», կամ Երկու ֆիլմ մահվան մասին
(Մաս 2)
Շուն-ուրվական․ Սամուրայի ճանապարհը։ 1999թ-ին Գյունտեր Գրասը ստացավ Նոբելյան մրցանակ, իսկ «Դարի մարդ» ճանաչվեց Ալբերտ Էյնշտեյնը: Հետմահու: Առաջին անգամ մրցանակը տրվեց հետմահու: 20-րդ դարը, կարծես, չի ուզում վերջանալ՝ կրկին վերադառնալով և ի ցույց դնելով իր լավագույն մեռյալներին:
Իսկ Ջարմուշն իր կինոպոետիկայով ավելի է հեռանում իր ժամանակից: Եթե նախորդ ֆիլմում նա վերադարձել էր 150 տարի ետ՝ դեպի անգլիացի գրող Ուիլյամ Բլեյքը, ապա այս անգամ նա ետ գնաց 250-300 տարի՝ դեպի «Հագակուրե» գիրքը, դեպի Ճապոնիա: Եթե անցյալ ֆիլմում նրա հերոսը, լինելով անգլիացի բանաստեղծ, խառնվել էր ամերիկյան մշակույթին՝ հայտնվելով Ամերիկայում, ապա այս անգամ Ջարմուշն իրար է կապում անցյալն ու ներկան: Ամերիկյան փողոցային պոեզիան՝ ռեփը՝ ճապոնական թանկաների հետ, սևամորթների մշակույթը՝ Սամուրայի ճանապարհի հետ: «Սամուրայի ճանապարհը ձեռք է բերվում մահվամբ: Երբ կա ընտրության երկու ճանապարհ, գոյություն ունի արագ և միակ ելքը՝ մահը: Դա հատկապես դժվար բան չէ» (1):
Մահվան ճանապարհը շարունակվում է «Շուն-ուրվական․ Սամուրայի ճանապարհը» ֆիլմում: Այդ ճանապարհը, որով անցել են բոլորը, և դեռ կանցնեն բոլորը, իր փիլիսոփայական գագաթնակետին է հասնում հենց այս ֆիլմում: Եթե նախկին ֆիլմերում Ջարմուշն ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադառնում էր գրականությանը, ապա այս ֆիլմը նա ամբողջապես կառուցել է գրքի նման՝ գլուխներով: Տեսարանների արանքում հայտնվում են տեքստեր, որոնք երբեմն մտնում են կադրի մեջ՝ ֆիլմը թողնելով իրենց ետևում: Այս ֆիլմը գիրք է, իսկ ֆիլմ դիտողը՝ ընթերցող:
Լրագրող.- Ե՞րբ եք Դուք առաջին անգամ իմացել «Հագակուրե» գրքի մասին: Եվ ինչպե՞ս է այն օգնել Ձեզ Շուն-ուրվականի կերպարի ստեղծման աշխատանքներում:
Ջարմուշ.- Մինչև ֆիլմի ստեղծման աշխատանքները սկսելը ես կարդացի մի քանի գիրք այդ թեմայով. ես չէի հավաքում նյութ ֆիլմի համար, պարզապես ինձ դա հետաքրքիր էր: Ես կարդացի «Սամուրայի վարքագիրքը», որը գրել էր իսկական սամուրայ, նաև՝ «Հինգ մատանիների գիրքը» և դրանց նման այլ գրքեր: Երբ ես սկսեցի գրել «Շուն-ուրվական․ Սամուրայի ճանապարհը» ֆիլմի սցենարը, ընկերս տվեց ինձ «Հագակուրեն», որն իր ձևով ինձ ավելի շատ դուր եկավ, քան մյուսները, քանի որ այն բաղկացած է ոչ մեծ աֆորիզմներից՝ իրարից բաժանված փոքրիկ նկարներով: Այս գրքի անգլերեն թարգմանությունը հազիվ թե համեմատվի բնօրինակի հետ. բնօրինակում 600 կամ միգուցե 800 էջ է: Գիրքն առանց բացառության վերաբերում է կյանքի բոլոր իրադրություններին, որոնց կարող է բախվել սամուրայը, այնտեղ կա ամեն ինչ՝ փիլիսոփայությունից մինչև կենցաղ՝ ինչպես պատրաստել կերակուր, ինչպես տուն կառուցել, որքան հաճախ մաքրել զենք ու զրահը: Հետաքրքիր է, որ այս գրքի տեքստի արտաքին ձևավորումն ազդեց իմ ֆիլմի կառուցվածքի վրա: Գրքում աֆորիզմներն առանձնացված են փոքրիկ նկարներով: Այս կերպ օգտագործում եմ մեջբերումներ «Հագակուրեից», որպեսզի ֆիլմի էպիզոդները բաժանեմ իրարից: Այնպես որ՝ նույնիսկ գրքի տեքստի արտաքին տեսքը որոշեց ֆիլմի կառուցվածքը (2):
Ամերիկյան նոր մշակույթի մեջ, եթե, իհարկե, դա կարելի է մշակույթ անվանել, այդ դատարկ մուլտիպլիկացիոն ֆիլմերում ապրում է արժեքներից դուրս մի սերունդ, որը չգիտի՝ ինչ է պատիվը, նվիրվածությունը, ընկերությունը։ Այդ արժեզրկված հասարակության մեջ ապրում է մի հերոս, ում կյանքն ամբողջությամբ հիմնված է ճապոնական հնագույն օրենքների վրա, ով վերադարձել է նախնիներին, և ով այդ իսկական արժեքների կրողն է այս նոր դարում: Ջարմուշը կշեռքի վրա է դնում ժամանակները և ուզում է հասկանալ՝ մարդ արարածը զարգանո՞ւմ է, թե՞ հակառակը՝ գնում դեպի անկում: Ճապոնական փիլիսոփայության վրա հիմնվելով՝ ավելի կոնկրետ՝ «Բուսիդոյի» «Հագակուրեի» միջոցով, նա տալիս է պատասխաններ նույնիսկ ամենաաննշան հարցերին:
Սկսելով 12-րդ դարից և վերջնականապես ձևավորվելով 16-17-րդ դարերում՝ «Բուսիդոն» հասնում է մինչև մեր օրերը: Սա ժամանակի քննություն անցած այն գիրքն է, որի օրենքներով ապրել են հազարավոր մարտիկներ: Սամուրայի համար ամենակարևորը մահն է և նվիրվածությունն իր տիրոջը, իսկ կյանքը նրա համար լոկ երազ է: Ջարմուշի համար ճանապարհի թեման անցնում է ավելի խոր ոլորտներ: Հերոսը չի ճանապարհորդում ֆիզիկապես, ինչպես նախորդ ֆիլմերի հերոսները: Այս անգամ ճանապարհը մարդու ներսում է: Գրքի էջերում: Մի մտքից դեպի մյուս միտքն ընկած է ամենաքիչը մեկ դար, ամենաշատը հինգ և ավելին: Գրքի միջոցով հերոսն անցնում է ամբողջ մարդկության ճանապարհով, սամուրայի ճանապարհով: Այս ներքին ճանապարհը երևում է գլխավոր հերոսի թե՛ շարժումներում, թե՛ խոսքում։ Նախորդ ֆիլմում հնդկացի Ոչոքը խոսում էր Բլեյքի պոեզիայի լեզվով, իսկ այս ֆիլմում մեջբերումները քիչ են, բայց ամբողջ ֆիլմը լի է մտքերով և հղումներով: Այս ֆիլմում գլխավոր հերոսը հանդես չի գալիս որպես մտքեր անգիր արած և տեղին ու անտեղի դրանք մեջբերող կերպար: Նրա գիրքը ներսում է թերթվում, կարդացվում լռության մեջ, և նրա պահվածքից հասկացվում է փիլիսոփայական խորքը:
Այս ֆիլմում էլ Ջարմուշը հեգնում է հոլիվուդյան կինոն: Հեգնում մաֆիան, ամերիկացի-իտալացի հանցագործների կերպարները, որոնք երբեմն ներկայանում են որպես ռոբինհուդներ և երբեմն նույնիսկ բանաստեղծականացված են: Իսկ «Շուն-ուրվական․ Սամուրայի ճանապարհը» ֆիլմում նրանք ներկայացված են նույնիսկ ծաղրանքով: Տգետ են և չունեն այն ներքին գեղեցկությունը, տղամարդկությունը, որը ստանում են հոլիվուդյան ֆիլմերում: Ջարմուշը այս ֆիլմով նույնիսկ կոտրում է սամուրայի՝ կինոյի աշխարհում ընդունված կարծրատիպը: Նրա հերոսը սևամորթ է, գեր և ծանրաշարժ, բայց նրա խորքում «Հագակուրեն» է, որը, անկախ ամեն ինչից, հարստացնում է մարդուն: Ներքին փիլիսոփայությունը կոտրում է արտաքին ձևը: Չէ՞ որ ֆիլմում ասվում է, որ մարդու մարմինը Ոչնչից է: Այսինքն՝ Ոչինչն ունի ձև: Հենց այդ ձևն է կոտրում, Ոչինչն է կոտրում նրա փիլիսոփայությունը:
«Ճանապարհը սրբակեցությունից ավելի բարձր ոլորտներում է: Դրանում շատ բարդ է համոզվելը, սակայն բարձրագույն իմաստնությունը հենց այդտեղ է» (3): Այս ֆիլմում ևս Ջարմուշն օգտագործում է խորհրդանիշներ: Շունը, որ ուրվականի պես հայտնվում ու անհետանում է՝ նմանվելով գլխավոր հերոսին, ով կրում է Ուրվական-Շուն մականունը, աղավնիները, որոնք նույնպես, ինչպես շունը, նվիրվածության խորհրդանիշներ են. Նոյ Նահապետի տապան միայն աղավնին վերադարձավ՝ լուր բերելով, արջը, որին նույնպես համեմատում են գլխավոր հերոսի հետ: Արջը, ինչպես կարդում էր պաղպաղակ վաճառողը, հզորության, ուժի, միևնույն ժամանակ՝ ներքին հանգստության և մենության խորհրդանիշն է: Եվ խոսուն է այն փաստը, որ ֆիլմի վերջում, մինչ հերոսը կմահանա, մենք տեսնում ենք որսորդների կողմից սպանված արջի մարմինը: Որսորդն ասում է, որ այդպիսի մեծ, սև արջ հազվագյուտ է հանդիպում այս անտառներում: Եվ դրա համար էլ որսորդները սպանում են նրան: Այսինքն՝ այն, ինչ հազվագյուտ է, պիտի ոչնչանա: Կրկին էքզիստենցիալ հարցադրումներ, անհատի մահ:
Հերոսը սպանում է որսորդներին, բայց մինչ սպանելը ասում, որ արջը հին ժամանակներում հավասար էր մարդուն: «Բայց հիմա հին ժամանակները չեն»,- ասում է վիրավորված որսորդը: «Երբեմն հին են» ասելով՝ սամուրայը սպանում է որսորդին: Արժեքների փոփոխության հետ ֆիլմի հերոսը չի համակերպվում, բայց նաև հավատում է գալիք սերնդին: Օրինակ՝ ֆիլմում կա փոքրիկ սևամորթ աղջիկ, ով կարդում է նույն գրքերը, ինչ ֆիլմի հերոսը: Ֆիլմի վերջում հերոսը նրան փոխանցում է «Հագակուրե» գիրքը: Ֆիլմում ասվում է, որ պետք չէ վերադառնալ ետ, պետք է կարողանալ տեսնել լավը նոր սերնդի մեջ և վերցնել այն: «Հագակուրեն» նախատեսված չէ միայն անցյալի համար: Այս գիրքը ապագայում ծնվող սամուրայի համար է գրված:
Բացի «Հագակուրեից»՝ կա ևս մի գիրք, որը ոգեշնչել է Ջարմուշին այս ֆիլմը ստեղծելիս. «Ոգեշնչման աղբյուր է եղել ինձ համար նաև «Դոն Կիխոտը»: Այդ գրքում նմանօրինակ իրավիճակ է: Գլխավոր հերոսը տարօրինակ մարդ է՝ պատվի հնացած օրենքներին հետևող, օրենքներ, որոնք այլևս ոչ ոք չի ընդունում» (4): Բացի վերոնշյալ գրքերից՝ ֆիլմում հնչում են այլ գրքերի անուններ, կամ նկատելի են ազդեցություններ: Իհարկե, չի կարելի չհիշատակել «Ռասյոմոնը» և, ընդհանուր առմամբ, սամուրայական մշակույթի պատկերումը Կուրոսավայի ֆիլմերում: Մերի Շելլիի «Ֆրանկենշտեյնը» ևս ունեցավ իր դերը»,- ասում է Ջարմուշը (5):
«Ռասյոմոն» ասելով՝ Ջարմուշը նկատի ունի ոչ միայն Կուրոսավայի ֆիլմը, այլ հենց Ռյունոսկե Ակուտագավայի պատմվածքը, որովհետև պատմվածքների այս շարքն է հերոսների միջև փոխանցվում ամբողջ ֆիլմի ընթացքում: Այս փոքրիկ գիրքը հենց այն հյուլեն է, որի վրա մեր ուշադրությունն է կենտրոնացնում ռեժիսորը:
Ջարմուշ․- Օսկար Ուայլդն ասել է․ «Կյանքը խիստ լուրջ է, որպեսզի այն լուրջ ընդունես»: Ինձ շատ է դուր գալիս այս արտահայտությունը: Այդ կերպ էլ ես եմ վերաբերվում ստեղծագործական ընթացքին: «Շուն-ուրվական․ Սամուրայի ճանապարհը» ֆիլմում կա մեջբերում «Հագակուրեից»՝ ճապոնական գրքից՝ գրված ծեր սամուրայի կողմից: Այդ մեջբերման իմաստն այն է, որ կարևորին պետք է վերաբերվել թեթևորեն, իսկ անկարևորներին՝ շատ լուրջ: Այս պարադոքսը ես շատ եմ հավանում, հատկապես՝ նմանատիպ փիլիսոփայության ենթատեքստում (6)»։
Եվ դրա համար Ջարմուշի ֆիլմերում առաջ է գալիս այն, ինչը մնացած բոլոր ֆիլմերում երկրորդական է: Եվ Ջարմուշի արվեստին ծանոթանալուց հետո սկսում է փոխվել մարդու արժեհամակարգը:
«Խառնակ ժամանակներում կարելի է մեկ բառով որոշել փոքրոգությունն ու ուժը:
Այդ միակ բառը դատարկ հնչյուն չէ՝ սրտի ծաղիկն է» (7):
Ֆիլմում հերոսը պատմում է, թե ինչպես Լուին փրկեց իր կյանքը: Լուին էլ իր հերթին է պատմում այդ պատմությունը: Մենք տեսնում ենք, որ, Լուիի պատմելով, հանցագործը՝ ֆիլմի գլխավոր հերոսին ծեծողը, ատրճանակն ուղղում է դեպի Լուին, իսկ հերոսի պատմելով՝ ատրճանակն ուղղվում է իր կողմը: Այս դրվագն իր հերթին մեզ հիշեցնում է Ակուտագավայի «Թավուտում» պատմվածքը: Ակուտագավան 1927թ-ի հուլիսի 24-ին ինքնասպանություն գործեց: Կարծես իր վրա կրելով սամուրայի օրենքները՝ նա որոշեց հրաժեշտ տալ կյանքին՝ դառնալով իր կյանքի տերը: Իսկ մահվանից մեկ տարի առաջ գրեց. «Այն ամենից, ինչ բնորոշ է աստվածներին, ամենաշատը կարեկցանք առաջացնում է այն, որ նրանք չեն կարող ինքնասպանություն գործել» (8):
Ջարմուշի հերոսն՝ ընտրելով մահվան ուղին, հավասարվեց Ակուտագավային և կարողացավ փախչել իր ամենավտանգավոր թշնամուց՝ ինքն իրենից: Մահվան գաղափարի և ինքն իրենից փախչելու մասին կարող են լինել բազում հակասական կարծիքներ: Ոմանց համար դա կլինի թուլության նշան, ոմանց համար՝ ուժի և կամքի դրսևորման: Եթե դիմենք «Հագակուրեին», այն կասի. «Մեզ համար անհասկանալի երևույթները կարելի է հասկանալ: Կան նաև միանգամից ըմբռնվող բաներ, և կան այնպիսիք, որ ինչքան էլ ուժգին ցանկանանք՝ չենք հասկանա: Դա հետաքրքիր է» (9): Եթե ուզում ենք իմանալ Ջարմուշի կարծիքը, ապա այն հետևյալն է. «Իսկ իմ ֆիլմում ինձ դուր է գալիս այն, որ հանդիսատեսին ընձեռվում է ազատ ընտրության հնարավորություն: Նրանք ինքնուրույն կարող են որոշել՝ ինչին ուշադրություն դարձնել, ինչին՝ ոչ» (10):
Ակուտագավայի վերաբերմունքն այս հարցի նկատմամբ ակնհայտ է: Մնացի ես: Ամեն մարդ թավուտից իր աչքերով է նայում աշխարհին: Իսկ մենք գիտենք, որ թավուտում տեղեր կան, որտեղ ծառերը խիտ են աճում, իսկ տեղեր էլ կան, որտեղ արդեն ճահիճն է թավուտ դարձել:
(շարունակելի)
1. Արտաշես
Տեր-Հովհաննիսյան, Բուսիդո, Սամուրայի
վարքագիրք, Երևան, 2014թ, էջ 7:
2. Д.
Джармуш, նշված
հրատարակություն,
էջ
312-313:
3. Արտաշես
Տեր-Հովհաննիսյան, նշված
հրատարակություն,
էջ 35:
4. Д.
Джармуш, նշված
հրատարակություն,
էջ
298:
5. Д.
Джармуш, նույն
տեղում,
էջ
298:
6. Д.
Джармуш, նշված
հրատարակություն,
էջ
280:
7. Ա.
Տեր-Հովհաննիսյան, նշված
հրատարակություն,
էջ 69:
8. Р.
Акутагава, Новеллы, Москва, 1974г, стр.
526:
9. Ա.Տեր-Հովհաննիսյան,
նշված
հրատարակություն,
էջ 84:
10. Д.
Джармуш, նշված
հրատարակություն,
էջ 83:
Արամ Ավետիս
COMMENTS