«Լավագույն խորհուրդը որևէ մեկի խորհրդին չհետևելն է»։ Ջիմ Ջարմուշ
«Հանճար» հյուրանոց
Խորհրդավոր գնացք: 1989 թվական: Համաձայն Times ամսագրի՝ «Տարվա մարդ» կոչմանն արժանացավ Միխայիլ Գորբաչովը: Շարունակվում է սառը և աֆղանական պատերազմը: Չեխ գրող, դրամատուրգ, այլախոհ Վացլավ Հավելը դարձավ Չեխոսլովակիայի նախագահ: Հունվարի 23-ին մահացավ սյուրռեալիզմի հայր Սալվադոր Դալին:
«Խորհրդավոր գնացք» ֆիլմը Ջարմուշը նկարահանեց 1989թ-ին: Այս ֆիլմում առաջին անգամ Ջարմուշն օգտագործեց փոքրիկ նովելներ, որոնք ֆիլմի ընթացքում միաձուլվում են և կապվում իրար: «Ավելի տարօրինակ, քան դրախտում» ֆիլմում Ջարմուշը արդեն բաժանել էր ֆիլմը երեք մասի, բայց այնտեղ ամեն մասում էլ նույն հերոսներն էին, իսկ այս ֆիլմի երեք հատվածներում հանդես են գալիս տարբեր հերոսներ: Այս հնարքը նա հետագայում կօգտագործի «Գիշերը Երկրի վրա» և «Սուրճ ու ծխախոտ» ֆիլմերում: Ընդհանրապես, Ջարմուշի բոլոր ֆիլմերում էլ կարելի է տեսնել այս բաժանումները: Դրանք փոքրիկ նովելներ են, որ որպես ժանր ձևավորվել են գրականության մեջ: Եվ հետաքրքիր է, որ այս ֆիլմի մասին խոսելիս Ջարմուշը հատկապես նշում է Ջեֆրի Չոսերի «Քենթրբերյան պատմվածքներ» գիրքը և դրա ազդեցությունն իր վրա, հատկապես՝ այս ֆիլմի ստեղծման ժամանակ: Ֆիլմի առաջին նովելում՝ «Յոկոհամայից հեռու», մենք տեսնում ենք երկու ճապոնացի զբոսաշրջիկի, ովքեր անցնում են ամերիկյան մի թաղամասով, որի փողոցներից մեկը կրում է անգլիացի պոետ, «անգլիական պոեզիայի հայր» Ջեֆրի Չոսերի անունը:
Լրագրող.- Մեմֆիսում իսկապե՞ս գոյություն ունի Չոսերի անունով փողոց:
Ջարմուշ.- Ոչ: Մենք հատուկ ենք պատվիրել ցուցատախտակ այդ անվամբ:
Լրագրող.- Ես դա ընկալեցի որպես համալսարանական մասնագիտության արձագանք. Դուք ուսումնասիրել եք անգլիական գրականություն: Ես գիտեմ՝ Դուք ուզում էիք, որ ֆիլմը հիշեցներ «Քենթրբերյան պատմվածքները»:
Ջարմուշ.- Այո, ֆիլմի ձևաչափն ինչ-որ առումով նման է «Քենթրբերյան պատմվածքներին»: Բայց իրականում Մեմֆիսում շատ կան փողոցներ, որոնք անվանում են ստացել ի պատիվ մեծ պոետների: Շատ կան: Չնայած նրանց թվում Չոսերը չկար:
Հետաքրքիր է, որ այս ֆիլմից 17 տարի առաջ իտալացի ռեժիսոր, արձակագիր և պոետ Պիեռ Պաոլո Պազոլինին նկարահանեց «Քենթրբերյան պատմվածքներ» ֆիլմը՝ նույնպես հիմնվելով Չոսերի գրքի վրա: Բայց, ի տարբերություն Ջարմուշի, Պազոլինին ուղղակիորեն էկրանավորեց Չոսերի գրական երկը: Այս ֆիլմը Պազոլինիի երկրորդ ֆիլմն էր «Կյանքի եռագրություն» ֆիլմաշարում: Առաջինը «Դեկամերոնն» էր, երրորդը՝ «Հազար ու մի գիշերվա ծաղիկը»: Պազոլինին էլ այն հազվագյուտ ռեժիսորներից է, ում ամբողջ արվեստը, կարելի է ասել, հիմնված է գրականության վրա: Այս ֆիլմերից բացի՝ Պազոլինին նկարահանել է մի շարք ֆիլմեր ևս, որոնց հիմքում գրականությունն է՝ «Մեդեա», «Էդիպ արքա», «Սալո, կամ Սոդոմի հարյուր քսան օրը» և այլն: Եվ պատահական չէ, որ Պազոլինին մեծ ազդեցություն է ունեցել Ջարմուշի արվեստի վրա: Ջարմուշը վերցրել է ոչ թե Չոսերի գրական երկը, այլ այն ոգին, որով Չոսերը ստեղծել է «Քենթրբերյան պատմվածքներ» երկը:
Случилось мне ту пору завернуть
В харчевню «Табард», в Соуерке, свой путь
Свершая в Кентербери по обету;
Здесь ненароком повстречал я эту
Компанию. Их двадцать девять было (1, 2).
Ջարմուշի մոտ հերոսների հավաքատեղին «Արկադիա» հյուրանոցն է, որտեղ հանգրվանել են Էլվիս Փրեսլիին կուռքացնող ճապոնացիները, իտալացի աղջիկը, ով եկել է Ամերիկա՝ իր մահացած ամուսնու դիակը Հռոմ տանելու համար, երեք տղամարդ, ովքեր մի գիշերվա ընթացքում հայտնվում են խառն իրավիճակներում: Այս բոլոր հերոսների կյանքերը կապակցված են միմյանց: Նրանց ուղիների խաչմերուկն են հանդիսանում այդ հյուրանոցն ու գնացքը: Գնացքը այն կապն է, որ միավորում է տարբեր մշակույթ ունեցող մարդկանց՝ իտալացի, ճապոնացի, ամերիկացի, անգլիացի և այլն: Ֆիլմի երեք մասերն էլ ամփոփում են իրենց մեջ տարբեր գրական ժանրեր:
Ջարմուշ.- Երբ ես գրում էի «Խորհրդավոր գնացք» ֆիլմի սցենարը, բնավ չէի մտածում կինեմատոգրաֆիական ժանրերի մասին: Ես ավելի շուտ մտածում էի գրական ձևերի մասին: Այդ ժամանակ ինձ շատ էին դուր գալիս Չոսերը և ընդհանրապես մեծածավալ ստեղծագործությունները՝ բաղկացած առանձին փոքրիկ պատմվածքներից (3)։
Այս ֆիլմը Չոսերի գրքի հետ ընդհանրություն ունի նաև այն պատճառով, որ և՛ գրքում, և՛ ֆիլմում հերոսներն անընդհատ պատմություններ են պատմում իրար: Պատմությունների թեմաները բազմազան են՝ չկայացած սիրո, Էլվիս Փրեսլիի ուրվականի և այլնի մասին:
Ջարմուշ.- Դե, իհարկե, ես չէի փորձում նմանակել այդօրինակ կառուցվածքը: Պարզապես հենց այդ գիրքն էր, որ ոգեշնչեց ինձ՝ ստեղծելու ֆիլմը: «Քենթրբերյան պատմվածքները» հրաշալի է կառուցված՝ մարդիկ ճանապարհորդում են և ճանապարհին պատմություններ պատմում իրար: Բայց կա նաև Բոկաչչոյի «Դեկամերոնը», որտեղ հերոսները սպասում են ժանտախտի ավարտին, զվարճանում են, միմյանց պատմություններ պատմում, որոնց սյուժեները երբեմն հիշեցնում են «Քենթրբերյան պատմվածքները» (4)։
Ջարմուշի հերոսները կրկին գտնվում են սովորական մարդկային առօրյայում, որտեղ ոչ մի արտառոց դեպք տեղի չի ունենում, բայց հանկարծ ֆիլմի երկրորդ մասում իտալուհին՝ ազդված իր լսած պատմվածքից, գիշերն արթնանում է և տեսնում ռոքնռոլի արքա Փրեսլիի ուրվականը: Սա ինչ-որ հեքիաթային սյուրռեալիստական անցում է, որը մի պահ մեզ տանում է դեպի իռացիոնալ աշխարհ: Սյուրռեալիզմը չէր կարող իր ազդեցությունը չունենալ Ջարմուշի վրա: Այդ պսիխոդելիկ սյուրռեալիզմը, որը փոխում է աշխարհընկալումը․․․
Ջարմուշ.- Ի սկզբանե սյուրռեալիզմն առաջացել է գրականության մեջ: Այստեղ կարևորագույն դեր ունեն երազները, նաև ամենահասարակ, պարզ իրերը, որոնք մենք հանկարծ տեսնում ենք այլ անկյունից: Սյուրռեալիզմը, հատկապես՝ գրականության մեջ, մեծ ներգործություն ունեցավ ինձ վրա, բայց այդ ոճը մնաց անցյալում (5):
Նա, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Լոտրեամոնին, ով մեծ ազդեցություն է ունեցել իր վրա՝ սկսած առաջին ֆիլմից, այնուհետև՝ Բրետոնը, Էլյուարը, Դալին, Մագրիտը, Արաբալը, Տոպորը, Խոդորովսկին և այլք: Ճիշտ է, վերջինիս «Խլուրդը» ֆիլմի մասին Ջարմուշը այնքան էլ հիացմունքով չէր արտահայտվում։
Ջարմուշի կինոն վերցնում է գրականությունից հոգեվիճակը և տեղափոխում ժամանակակից կյանք, դրանով իսկ կոտրում սահմանները այսօրվա և երեկվա արվեստի միջև։ Ֆիլմում կա ևս երկու հղում համաշխարհային գրականությանը: Առաջինը Ռոբինզոն Կրուզոն է, ում անունը հնչում է ֆիլմի երրորդ մասում, երկրորդը՝ Վերածննդի իտալացի բանաստեղծ Լյուդովիկո Արիոստոյի «Մոլեգնած Օռլանդո» պոեմն է, որն իտալուհին մշտապես պահում է իր ձեռքում։ Ջարմուշի կինոն ամբողջովին ներծծված է գրականությամբ: Սա այն կինոն է, որը հավակնում է լինել գրականություն: Եվ, ըստ իս, դա ամենամեծ ձեռքբերումն է կինոյի համար: Կինոլեզու, որը գալիս է ոչ թե Լյումիեր եղբայրներից, կինոլեզու, որը գալիս է Հոմերոսից, կինոլեզու, որն ունի հազարամյակների պատմություն:
Ֆիլմի ավարտին բոլոր հերոսները, ինչպես նախորդ ֆիլմում, գնում են յուրաքանչյուրն իր ճանապարհով: Դա այն ճանապարհն է, որը պիտի անցնես մենակ: Հերոսները մենակ են մնում իրենք իրենց հետ, և դա միշտ այդպես է: Մարդ միայնակ է, անգամ եթե իր հետ է ինքը, ինչն է՛լ ավելի է կրկնապատկում մենության զգացողությունը: Ոչինչ պատահական չէ, նույնիսկ երբ ֆիլմում հպանցիկ հնչում է Ռոբինզոն Կրուզոյի անունը, որը հենց մենության խորհրդանիշն է:
Վերադառնալով սյուրռեալիզմին, մենությանը և արվեստին՝ հիշեցի ազգությամբ չեխ գրող Միլան Կունդերայի հետևյալ միտքը, որն ամբողջացնում է վերևում գրվածը. «Ես մտաբերում եմ Ֆելինիի հուղարկավորությունը: Այդ պահին նրա արվեստը արդեն 15 տարուց ոչ պակաս թաղվել էր կիլոմետրանոց խորության մեջ՝ առանց հուղարկավորության թաղված գալիք ջահակիրների կողմից: Նա գնաց չարակամ գիշերում, որտեղ Բարեհիմարության թագուհին երկնակամարից կախել էր Դիսնեյի կեղծ աստղերը: Օ՜, Դուք Վերջինը Վերջիններից, գեթ մի ակնթարթ էլ մնացեք Ձեր երևակայության դղյակում, քանզի գիշերը պարուրում է մեզ՝ որբացած գիշերը, որտեղից անգթորեն դուրս են նետված Պիկասոյի, Դալիի, Բունյուելի, Ֆելինիի հետքերը, գիշեր, որտեղ արտիստներին, երևակայության մարշալներին, կայծ որսացողներին, որոնց ընդունում են միայն երկու խուլ ու համր թափառական, յոթ ճպուռ, հա, մեկ էլ էգ խավարասերը հոգեվարքի մեջ» (7):
Գնացքը՝ բեռնված իր խորհրդավոր մենությամբ, 1991 թվականին ներխուժեց գիշերվա մեջ:
1. Д.Чосер, Кентерберийские рассказы, Москва, 1973г, стр. 34:
2. Բառացի
թարգմանությունը մերն է. Պատահեց ինձ այդ
անգամ մտնել / «Տաբարտ» պանդոկ Սոուերկում
/ Իմ ուխտի ճամփան անցնում էր Քենթրբերիով
/ Այստեղ պատահմամբ հանդիպեցի այդ խմբին
/ Նրանք քսանինն էին:
3. Д.
Джармуш, նշված
հրատարակչություն,
էջ
287:
4. Д.
Джармуш, նույն
տեղում,
էջ
209-210:
5. Д.
Джармуш, նշված
հրատարակչություն,
էջ 95:
6. Д.
Джармуш, նույն
տեղում,
էջ
178:
7. Ф.Аррабаль,
Убивица из Зимнего Сада, Москва, 2006г,
стр. 8:
(շարունակելի)
(շարունակելի)
Արամ Ավետիս
COMMENTS