«Կյանքը բաղկացած է դրվագներից, որոնցից յուրաքանչյուրն էլ շրջադարձային է»։ Օմար Շարիֆ
Եգիպտոսն իրավամբ հպարտանում է ոչ միայն իր հնագույն պատմությամբ, ճարտարապետությամբ ու պատմամշակութային հարուստ արժեքներով, այլև համաշխարհային կինոյի ամենավառ ու սիրված աստղերից մեկով՝ Օմար Շարիֆով։ Նրա դերասանական կարիերայի պատմությունն ինքնին աննախադեպ էր, քանի որ շատերն են կարողանում հաջողության հասնել հայրենիքում, բայց քչերին է հաջողվում նույնպիսի հռչակ ձեռք բերել նաև Եվրոպայում ու Հոլիվուդում․․․ Օմար Շարիֆն իր կերպարով ու գործունեությամբ կարողացավ միավորել Արևելքն ու Արևմուտքը։

Միշել Դեմիտրի Շալհուբը՝ մեզ հայտնի Օմար Շարիֆը, ծնվել է 1932թ-ին Ալեքսանդրիայում, քրիստոնյա մեծահարուստ լիբանանցի ներգաղթյալ Ջոզեֆ Շալհուբի և պաղեստինական արմատներով եգիպտուհի Կլարա Շալհուբի ընտանիքում։ Ալեքսանդրիայում ավարտելով անգլիական հեղինակավոր «Վիկտորիա» քոլեջը՝ նա ընդունվում է Կահիրեի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատում է հոր հետ, ով զբաղվում էր անտառանյութի վաճառքով, սակայն մի քանի ձախողված ներդրումներից հետո լքում է բիզնեսը։ Կինոյում նրա դեբյուտը տեղի է ունենում 1953թ-ին, երբ նկարահանվում է «Պայքար հովտում» ֆիլմում։ Հենց այդ ժամանակ էլ Շարիֆը ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Ֆաթեն Համամայի հետ, ով արդեն իսկ ճանաչված դերասանուհի էր։ Հանուն այդ ամուսնության Շարիֆը 1955թ-ին ընդունում է մահմեդականություն և փոխում իր անունը՝ Օմար Էլ-Շարիֆ։
 |
Շարիֆը կնոջ և որդու հետ |
Նա միջազգային ճանաչում է ձեռք բերում 30 տարեկան հասակում, երբ 1962թ-ին մեծ էկրան է բարձրանում Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացի» լեգենդար ֆիլմը։ «Լոուրենս Արաբացին» արժանանում է յոթ «Օսկարի» և համաշխարհային ճանաչման դռները բացում է ևս մեկ դերասանի համար՝ Փիթեր Օ'Թուլի, ով ֆիլմում հանդես է գալիս գլխավոր դերում՝ մարմնավորելով Թոմաս Էդվարդ Լոուրենսի կերպարը։ Շարիֆն ու Օ'Թուլը ներկայացվում են «Օսկարի», որպես խոստումնալից դերասան՝ Շարիֆն արժանանում է «Ոսկե գլոբուսի»։ Այնուհետև Շարիֆն ավելի է ամրապնդում իր հաջողությունը՝ 1965թ-ին նկարահանվելով Դևիդ Լինի մեկ այլ հանրահայտ ֆիլմում՝ Բորիս Պաստեռնակի լեգենդար վեպի հիման վրա ստեղծված «Դոկտոր Ժիվագոյում»։ Յուրի Ժիվագոյի դերը նրան պարգևում է ևս մեկ «Ոսկե գլոբուս»։ Երեք տարի անց նա վերստին արձանագրում է մեծ հաջողություն՝ նկարահանվելով «Ծիծաղելի աղջիկը» մյուզիքլում, որտեղ նրա խաղընկերուհին անկրկնելի Բարբարա Սթրեյզանդն էր։ 1975թ-ին նա Սթրեյզանդի հետ նկարահանվում է այդ ֆիլմի սիքվելում՝ «Ծիծաղելի լեդին» մյուզիքլում։
 |
Փիթեր Օ'Թուլի հետ |
Միայն 1960-70-ական թթ-ին, երբ նրա հանրաճանաչությունը բարձրակետին էր հասել, նա նկարահանվում է շուրջ 3 տասնյակ ֆիլմերում, որոնք հիմնականում պատմական ու արկածային բովանդակություն ունեին՝ «Մայերլինգ», «Խորհրդավոր կղզին», «Չե՛», «Մակենայի ոսկին» և այլն։ Շարիֆը, ով ազատ տիրապետում էր հինգ օտար լեզվի, նկարահանվում էր հիմնականում այլազգիների դերերում։ Նա ասում էր․ «Ես ո՛չ իսպանացի եմ, ո՛չ իտալացի, ո՛չ ֆրանսիացի։ Ես ամենուր օտարազգի եմ, այդ իսկ պատճառով ինձ հրավիրում են նկարահանվելու և՛ գերմանացի սպաների, և՛ ռուս բանաստեղծների, և՛ նյույորքցի հրեաների դերերում»։ Շարիֆի ֆիլմագրությունը ներառում է ավելի քան 100 կինոնկար։
 |
Շարիֆը «Դոկտոր Ժիվագո» ֆիլմում |
1974թ-ին տեղի է ունենում նրա և Ֆաթեն Համամայի ամուսնալուծությունը, որի նախաձեռնողը Շարիֆն էր։ Վերջինս իր քայլը հիմնավորում է այն փաստարկով, թե իր կյանքում հայտնվել են բազմաթիվ գայթակղություններ, և ինքը նախընտրում է ամուսնալուծվել, քան դավաճանել կնոջը։ Այդ մասին Շարիֆն ասել է․ «Ես իմ կնոջը երբեք չեմ ստել և չեմ ցանկանում դա անել հետագայում։ Ես նրան սիրել եմ։ Ես նրան հարգել եմ։ Բայց շուրջս հայտնվել էին բազմաթիվ կանայք, ովքեր պատրաստ են բառացիորեն նետվել ինձ վրա։ Ես մի երիտասարդ եգիպտացի էի, ով նախկինում երբեք չէր տեսել կնոջ բաց դաստակ կամ ոտք, այդ իսկ պատճառով մեծ էր վտանգը, որ ես կսիրահարվեմ այդ հիասքանչ տիկնիկներից որևէ մեկին»։ Համաձայն մահմեդական օրենքի՝ որդին մնաց Շարիֆի հետ, իսկ նախկին կինը շուտով նորից ամուսնացավ, և դա երջանիկ ամուսնություն էր։ Ինքը՝ Շարիֆը, այլևս երբեք չամուսնացավ, թեպետ նրան վերագրում էին բազմաթիվ սիրավեպեր մեծ էկրանի ամենագայթակղիչ գեղեցկուհիների հետ։ Ասում էին, թե նա իր երկրպագուհիներից ստանում է օրական հազար ամուսնության առաջարկ։ Նրա անձնական կյանքի շուրջ լեգենդներ էին հյուսվում, բայց նա միշտ պնդում էր, թե իր կյանքի միակ ու ճշմարիտ սերը եղել և մնացել է իր կինը։
Մի քանի փաստ Շարիֆի մասին
1․ «Դոկտոր Ժիվագո» ֆիլմում փոքրիկ Յուրի Ժիվագոյի դերում նկարահանվել է Շարիֆի որդի Թարեքը։
2․ Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում նկարահանվելու համար թուրքական իշխանությունները Շարիֆին արգելեցին ոտք դնել իրենց երկիր։
 |
Բարբարա Սթրեյզանդի հետ |
3․ «Ծիծաղելի աղջիկը» ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ 1967թ-ին, սկսվեցին արաբա-իսրայելական բախումները՝ Եգիպտոսի մասնակցությամբ, և Columbia Pictures ընկերությունը, վախենալով ամենուր քաղաքական ենթատեքստ տեսնող հասարակական մեղադրանքներից, որոշեց եգիպտացի Շարիֆի փոխարեն նկարահանել այլ դերասանի։ Սակայն ֆիլմի պրոդյուսեր Ռեյ Սթարքը և գլխավոր դերակատարուհի Բարբարա Սթրեյզանդը սպառնացին, թե կլքեն նախագիծը։ Շարիֆը շարունակեց աշխատել։ Այդուհանդերձ, ֆիլմը Եգիպտոսում ընդունվեց մեծ վրդովմունքով, քանի որ Շարիֆը ֆիլմում համբուրվում էր ազգությամբ հրեա Սթրեյզանդի հետ։ Հանրության մի ստվար զանգված նույնիսկ պահանջում էր Շարիֆին զրկել Եգիպտոսի քաղաքացիությունից։
4․ 1982թ-ին թողարկվեց համակարգչային խաղ՝ Omar Sharif Bridge անվանմամբ։
 |
Ջուլի Էնդրյուսի հետ |
5․ 1992թ-ին Շարիֆը ենթարկվեց սրտի ծանր վիրահատության, և բժիշկները նրան արգելեցին ծխել։ Բոլորին ապշեցրեց Շարիֆի կամքի ուժը․ նա առհասարակ դադարեց ծխել, թեպետ մինչ այդ տարիներ շարունակ ծխում էր օրական հարյուր սիգարետ։
6․ «Սուրբ Պետրոսի կայսրությունը» ֆիլմում նկարահանվելու համար Շարիֆն արժանացավ Հռոմի պապի բարձր գնահատականին, մինչդեռ Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպությունը նրան դատապարտեց մահապատժի՝ քրիստոնեությունը գովերգելու մեղադրանքով։
7․ Շարիֆը համարվում էր աշխարհում լավագույն բրիջ խաղացողներից մեկը։ Նա ասում էր․ «Եթե կինոն իմ աշխատանքն է, ապա բրիջն իմ կիրքն է»։ Նա մասնակցում էր այդ խաղի բոլոր հեղինակավոր առաջնություններին, իսկ խաղատներից, ընդհակառակը, հեռու էր մնում, քանի որ վաղ երիտասարդության տարիներին մեծ գումարներ էր տանուլ տվել այնտեղ և ինքն իրեն խոստացել էր այլևս ոտք չդնել խաղատուն։
8․ Չնայած Շարիֆի արևելյան ծագմանը՝ Արևմուտքը նրան համարում էր իրենը և բնորոշում որպես ջենթլմենի, ասպետի, ազնվականի, ով օժտված էր անթերի շարժուձևով, անկրկնելի արտիստիզմով, ստացել էր փայլուն կրթություն և ուներ բազմակողմանի զարգացած միտք։