«Կինոն ամենաայլասերված արվեստն է։ Այն ձեզ չի տալիս ձեր ցանկացածը, այն ասում է ձեզ, թե ինչպես ցանկանաք»։
«Այլասերվածի կինոուղեցույց», 2006թ
Առաջին կինոնկարը հանդիսանում է ֆիլմերի հոգեվերլուծական հետազոտության մի նմուշ, որը բաղկացած է երեք մասից։ Սյուժե, որպես այդպիսին, չկա, կինոնկարը բաղկացած է համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմերի հիման վրա կառուցված տեսաշարից, որն ուղեկցվում է Ժիժեկի մեկնաբանություններով, ընդ որում՝ ռեժիսոր Սոֆի Ֆայնսը նույնությամբ վերարտադրում է այս կամ այն ֆիլմի դեկորները՝ Ժիժեկին նկարահանելով դրանց կողքին։ Դա տպավորություն է ստեղծում, թե փիլիսոփան ֆիլմերի կոնցեպցիան ու սյուժեն տեսնում է ներսից՝ քննարկելով դրանց սկզբնական գաղափարը։ Ժիժեկը փորձում է պատասխաններ գտնելիս դիտարկել թե՛ ոչ հեղինակային և թե՛ հեղինակային կինոն՝ նպատակ ունենալով ապացուցել, որ ցանկացած ստեղծագործություն կարող է դառնալ հոգեվերլուծության նյութ։ Նրա վերլուծությունների առանցքում այն է, որ պատրանքն իրականությունից ավելի իրական է, և պատրանքներից հրաժարվելը նշանակում է հրաժարվել իրականությունից։ Մենք ծանր իրականությունից փախչում ենք դեպի ֆանտազիաներ, բայց չդիմանալով ֆանտազիաներին՝ վերստին վազում ենք դեպի իրականություն։
«Այլասերվածի կինոուղեցույց. Գաղափարախոսություն», 2012թ
Երկրորդ ֆիլմը հանդիսանում է արդի մշակութաբանության և ֆրեյդամարքսիստական ուսմունքի վետերան Սլավոյ Ժիժեկի մեկնաբանությունների յուրատեսակ ինտելեկտուալ-հեգնական ատրակցիոն։ Օգտագործելով զանգվածային արվեստի խորհրդանիշների և պատմական իրադարձությունների մեկնաբանության իր մեթոդը՝ Ժիժեկը կառուցում է մի բոլորովին նոր աշխարհայացք այն մասին, թե ինչպես է կառուցված մեր համոզմունքներն ու գործողությունները ձևավորող գաղափարախոսությունը։ Նա պատմում է, թե որքան դժվար է գեդոնիստ լինելը, նա, ակնարկելով Ջեյմս Քեմերոնին, հեգնում է կեղծ «հոլիվուդյան մարքսիզմը», նա չի մոռանում նույնիսկ Ստալինին և այդօրինակ շատ շատերին՝ հասնելով մինչև նացիզմ և սեքսուալ ֆետիշներ գտնելով ամեն ինչում ու ամենուր։ Ժամանակակից մշակութաբանությամբ հետաքրքրվողների համար այս ֆիլմի դիտումը, անկասկած, պարտադիր է։