FilmSchoolRejects-ը ներկայացնում է Ֆինչերի վարպետության դասը ռեժիսորների համար։
Պերֆեկցիոնիստ, խստապահանջ, անկախ՝ նրա հետ աշխատելը հեշտ չէ․ Դևիդ Ֆինչերը մի անհատ է, ով ինքն իր համար ստեղծել է հեղինակություն, սակայն հենց ինքն էլ ատում է այդ հեղինակությունը։ Նա իր հեղինակությունը ձեռք է բերել բարձր պրոֆեսիոնալիզմով նկարահանած ֆիլմերի միջոցով, սակայն այդ հեղինակությամբ նա պարտական է ոչ միայն իր ֆիլմերին, այլև իր ինտելեկտին, որը «հեղինակային» արագությամբ ընդունակ է աշխատել հոլիվուդյան կինոյի կոշտ համակարգի պայմաններում։ Ֆինչերն այն «մատչելի» կինոլեգենդներից է, ով երբեք անհասանելի չէ երկրպագուների ու երիտասարդ գործընկերների համար, նա միշտ պատրաստ է անկեղծանալ, շփվել և խորհուրդներ տալ՝ խոսելով նույնիսկ այն մասին, ինչի մասին այլոք գերադասում են լռել։ Այսպիսով՝ մի քանի խորհուրդ ամերիկացի հանրաճանաչ ռեժիսոր Դևիդ Ֆինչերից․․․
Պատասխանատվություն կրեք

Որպես մեկնաբանություն։ Ֆինչերը, ով որպես ռեժիսոր կայացել էր պրոֆեսիոնալներով համալրված թիմում, խոստովանում էր, որ թեպետ ստուդիան իրեն ապահովել է տաղանդավոր օպերատորներով, լուսավորողներով, այլ որակյալ մասնագետներով, սակայն դա կարող էր և տեղի չունենալ։ Եվ այդ հանգամանքը որևէ կերպ չէր կարող փոխել կամ նվազեցնել պատասխանատվության իր չափաբաժինը։ Վատագույն դեպքում նա կարող էր պարզապես չմերվել թիմի հետ, բայց պահանջվող արդյունքն ապահովել պարտավոր էր։
Տվեք այն ամենը, ինչ կարող եք, և հիշեք, որ դա բավարար չէ
«Ես երբեք ոչնչին չեմ սիրահարվել։ Ես չեմ կատակում, այլ ասում եմ ամենայն լրջությամբ։ «Արեք այն ամենը, ինչ կախված է ձեզնից, որպեսզի փրկեք իրավիճակը»․ ահա իմ նշանաբանը։ Տվեք բառացիորեն այն ամենը, ինչ ունեք, և իմացեք, որ արդյունքը ստացվելու է ոչ այնքան լավ, որքան պատկերացնում էիք։ Հետո բաց թողեք դա և հույս փայփայեք, որ այլևս չի վերադառնալու ձեզ մոտ։ Որովհետև դուք ուզում էիք անել ավելին, բայց դա տեղի չունեցավ։ Ես դրանում համոզված եմ 1000 տոկոսով։ Մինչ իմ ընկերներից մեկն ասում է՝ «բարեկա՛մս, աշխատանքային նյութը հիանալի է դիտվում․․․», ես իրականում մտածում եմ հետևյալ կերպ․ նա, ով համարում է, թե իր աշխատանքային նյութը գերազանց է, չի հասկանում կինոարվեստի ուժը, չի գիտակցում, թե ինչերի է ընդունակ կինեմատոգրաֆը»։
Որպես մեկնաբանություն։ Ֆինչերն իր գաղափարների հասունացմանը երկար ժամանակ է տրամադրում, և դա զգացվում է նրա ֆիլմերը դիտելիս։ Նրա մոտեցումները միշտ իմաստուն են։ Անթերի կինո ստեղծելն անհնարին է, եթե նույնիսկ հաշվի ես առել բոլոր մանրուքները։ Ֆիլմի ստեղծման գործընթացին մասնակցում են բազմաթիվ մարդիկ, և չես կարող բոլորին միայնակ կառավարել և ունենալ այն բացարձակ արդյունքը, որը մտահղացել էիր։ Սակայն կարող ես բոլոր ջանքերդ ուղղել այդ նպատակի իրականացմանը, որպեսզի հասնես հնարավորինս բարձր արդյունքի։
Ռեժիսուրան նման է բալետին
«Կինեմատոգրաֆի էությունն այն չէ, թե ինչպես է դերասանը հանդիսատեսին մատուցում իր խաղը։ Կինեմատոգրաֆը ոչ միայն դերասանն է, այլև հնչյունային ռեժիսորը, օպերատորը, լույսը, դեկորացիաները․․․ Ամեն ինչ կախված է այն որակից, որով կատարվել է ընդհանուր աշխատանքը։ Խնդիրը լոկ դերասանը չէ։ Դուք ուշադրության կենտրոնում պահում եք դերասանին, բայց իրականում կինոն նման է հսկայական քանակությամբ մարդկանց միասնական պարի։ Եվ իմ խնդիրն է՝ աշխատել այնպես, որ այդ «պարը» լինի բնական ու ներդաշնակ»։
Ամեն ինչին նայեք տարբեր տեսանկյուններից

Որսացեք ֆիլմերի և կինոյի տարբերությունը
«Կինոն ստեղծվում է հանդիսատեսի համար, իսկ ֆիլմերը ստեղծվում են և՛ հանդիսատեսի, և՛ ֆիլմեր նկարահանողների համար։ Ես կարծում եմ, որ «Խաղը» կինո է, իսկ «Մարտական ակումբը»՝ ֆիլմ։ Կարծում եմ նաև, որ «Մարտական ակումբը» ավելին է, քան սոսկ իր մասերի ամբողջությունը, մինչդեռ «Վախի սենյակը» պարզապես իր բոլոր մասերի ամբողջությունն է։ Երբ դիտում էի «Վախի սենյակը», չէի մտածում, թե այդ ֆիլմը կպայթեցնի աշխարհը։ Դրանք անցողիկ ֆիլմեր են, որոնք մեղավորության զգացում առաջացնող հաճույք են պատճառում։ Թրիլերները, տանը բանտարկված կանանց մասին ֆիլմերը․․․ Դրանք այնքան էլ կարևոր չեն»։
Որպես մեկնաբանություն։ Ֆինչերի կարծիքով՝ պետք չէ մտածել, թե այն ամենը, ինչ անում ես, հույժ կարևոր պետք է լինի։ Միշտ էլ ստեղծվել են անհաշվելի քանակությամբ «պոպկորնային» ֆիլմեր, որոնք հանդիսանում են Ֆինչերի ասած «պարզապես մասերի ամբողջությունը»։
Ոչնչից մի վախեցեք և կերեք կետ ձկանը
«Դուք ընդունակ եք ամեն ինչի։ Երբ ինձ հարցնում են, թե ինչպես է այս կամ այն ֆիլմս ներդաշնակվում իմ կինոարվեստի հետ, ես պատասխանում եմ․ «Չգիտեմ։ Ես չեմ մտածում այդօրինակ դասակարգումների մասին»։ Եթե մտածեի, ապա վախերիս պատճառով արդեն վաղուց դարձած կլինեի անաշխատունակ․․․ Ինչպե՞ս կուտեիք կետ ձկանը։ Կտոր առ կտոր։ Ինչպե՞ս կնկարահանեիք 150 օր տևողությամբ կինո։ Օր օրի ետևից»։
Որպես մեկնաբանություն։ Ֆինչերը բազմիցս նշել է, թե իրեն դուր չի գալիս սեփական անձը որպես բրենդ ընկալելը։ Նա գտել է լուծումը՝ երբեք չմտածել այդ մասին, երբ հերթը հասնում է նոր նախագիծ սկսելուն։ Նա ատում է «Ռեժիսոր Դևիդ Ֆինչերի կողմից» գրությունը, որը միշտ նշվում է գովազդային պաստառների վրա։ Նա ինքնամփոփ է ու կենտրոնացած, և փառքը նրան չի շեղում, քանի որ կարողանում է այդ փառքը վայելել կտոր առ կտոր։