Միխայիլ Բուլգակովի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերից հինգի մասին։
1․ «Ճակատագրական ձվեր» (1995)
ռեժ․՝ Սերգեյ Լոմկին
դերերում՝ Օլեգ Յանկովսկի, Նինա Ուսատովա, Սեմյոն Ֆարադա, Սերգեյ Գարմաշ, Անդրեյ Տոլուբեև
Այս ամենը խաղացվել, նկարահանվել և մոնտաժվել է այնպես, որ ավելի լավ կլիներ չկարդալ Բուլգակովի համանուն վիպակը, իսկ ամենալավը կլիներ նույնիսկ չիմանալ այդ վիպակի գոյության մասին, որպեսզի ափսոսանք չառաջանար ռուս դասականի նկատմամբ՝ սույն կոնցեպտուալ խայտառակության պատճառով։ Որովհետև մեր առաջ ռուսաստանյան կինոարտադրության՝ ոճային առումով ամենահստակ ցածրակարգ խոտանն է։ Ոչ այն իմաստով, որով մենք այդ բնորոշումն օգտագործում ենք «պերեստրոյկային» հաջորդած ժամանակաշրջանում նկարահանված մարտաֆիլմերի առնչությամբ, այլ հենց որպես ժանր՝ թեկուզ միայն դերասանական խաղի ոճի առումով։ Սրան գումարենք նաև մողեսների, դեմքերի և ձվերի անվերջանալի խոշոր պլանները, ինչն, ըստ երևույթին, բացատրվում է ֆիլմի բյուջեի սղությամբ։ Գործող անձինք լուսավորված են այնպես, ասես նեոնային ցուցանակներ լինեն։ Ինտերիերը ներկված է ծիածանի բոլոր գույներով՝ վայրի, ինչպես յուրատեսակ ԼՍԴ-մոդեռն։ Օձերը, որոնք ուտում են մարդկանց ուղեղները։ Վերջիվերջո, բուն սյուժեն այն մասին է, թե ինչպես է սատանա-սիոնիստը փորձում Մոսկվան ոչնչացնել հսկայական սողունների օգնությամբ։ Ի դեպ, այս ամենը հորինված է «Սերը և աղավնիները» ֆիլմի սցենարիստի կողմից, և լավագույն պահերին իր կրքոտությամբ գերազանցում է այդ ֆիլմը։ Ինչևէ, արդեն իսկ իր անվանման շնորհիվ տվյալ էկրանավորումն անվիճելիորեն կարող է նույն շարքում դրվել «Տոքսիկ վրիժառուի», «Արյունաքաշ հրեշների» և Troma ստուդիայի թողարկած այլ աղբի հետ։ Նշենք, որ այս ստուդիայի լավագույն ֆիլմերից մեկը նույնպես հանդիսանում է վարիացիա անգլիացի մեծն դասականի պիեսի թեմայով և կրում է «Տրոմեո և Ջուլյետ» անվանումը։
2․ «Շան սիրտը» (1975)
ռեժ․՝ Ալբերտո Լատուադա
դերերում՝ Մաքս ֆոն Սյուդով, Էլեոնորա Ջորջի, Մարիո Ադորֆ, Ջինա Ռովերե, Վադիմ Գլովնա
«Ի՞նչ են նրանք արել ինձ հետ»,- հայելուն նայելով՝ սարսափում է Բոբիկովը։ «Խե՛ղճ արարած, նա այս ամենը սովորել է մարդկանցից»,- սկզբում նրան խղճում է պրոֆեսորը։ Եվ այստեղ գոյություն չունի քրեական հանցագործ Կլիմ Չուգունկինը, ով կկարողանար հերոսին փոխանցել իր «վատ ժառանգականությունը»։ Չկա նաև բուլգակովյան ազնվական զզվողությունը (թեպետ հանդիսատեսը չի սիրում կիսել այդ զգացումը)։ Փոխարենը՝ կա զզվանք ազնվականի, վայ-գիտնականի հանդեպ, ով շանը մարդ էր դարձրել և թույլ չէր տալիս մարդ զգալ։ Թեպետ Բոբիկովն ի բնե օժտված է տաղանդներով, սակայն իր էության և խավի առումով նրան օտար է․ նա չի ընկալում առօրյա երևույթների նշանակությունը (հիանալի կատակերգական տեսարանն օծանելիքի և ածելիի հետ), կրծում է իր վրայի ոջիլներին, իսկ կնոջը չի կարողանում տարբերել պրոլետարիատի կնանման ներկայացուցչից, ինչի պատճառով Շվոնդերը նրան կասկածում է համասեռամոլության մեջ։ Հենց այս ամենը որպես հիմք ընդունելով էլ ազնվարյուն պրոֆեսորը նոր մարդուն համարում է կենդանի, և մենք, իհարկե, հասկանում ենք, որ իտալացի բեմադրիչը այդ միջոցով բնազդաբար արձագանքում է ոչ վաղ անցյալում տեղի ունեցած պատմությանը։ «Ապագա սերունդները կդատեն մեր սխալները»,- «սպանությունից» առաջ կասի ֆաշիստ բժիշկը կոմունիստ պացիենտին։ Իսկ հետպատերազմյան սերունդն՝ ի դեմս ռեժիսորի, առանց չարության կծիծաղի երկուսի վրա էլ։
3․ «Մորֆի» (2008)
ռեժ․՝ Ալեքսեյ Բալաբանով
դերերում՝ Ինգեբորգա Դապկունայտե, Անդրեյ Պանին, Սերգեյ Գարմաշ, Լեոնիդ Բիչևին, Ալեքսեյ Պոլույան
Մի ռեժիսորի համար, ով էկրանավորել է Բեքեթ, Կաֆկա, Ֆոլքներ և, օրինակ, «Այլանդակների ու մարդկանց մասին» ֆիլմը, դժվար է գտնել ավելի անհամապատասխան նյութ, քան բուլգակովյան «Երիտասարդ բժշկի գրառումները» ստեղծագործությունն է՝ պատմվածքների շարք երիտասարդ բժշկի մասին, ով, հաղթահարելով հանգամանքները, դառնում է գրեթե հանճար կյանքերի փրկության ասպարեզում։ Ընդհանուր շարքից առանձնանում է միայն այդ ցանկում ավանդաբար ներառվող (բայց ոչ հեղինակի կամքով) «Մորֆին»։ Սցենարիստ Սերգեյ Բոդրով-կրտսերը հենց այդ ստեղծագործությունն էլ դարձրել է սյուժեի հիմքը, որի վրա դասավորվել են մյուս բոլոր պատմվածքները՝ այդպիսով հեշտությամբ ներմուծվելով բալաբանովյան հերմետիկ աշխարհ։ Արդյունքում՝ հանճարի պատմության փոխարեն ստացվել է հիվանդության պատմություն՝ գլուխների բաժանված։
Ծանր ծննդաբերությունը, տրախեոտոմիան, անդամահատումը բժշկի համար դառնում են հզոր անեսթետիկին վարժվելու փուլեր։ Վերջաբանից առաջ այդ տրամաբանական շղթային ավելանում է Քաղաքացիական պատերազմը։ Բալաբանովի հերոսը, լինելով մասամբ ինքնակենսագրական այս պատմության բովում, ավելի շատ նման է մյուս «Բժշկի գրառումների», Վերեսաևի գրքի հերոսին, պարզապես՝ Բուլգակովի առաջադրած հանգամանքներում․ սեփական ուժերի նկատմամբ անվստահ վունդերկինդ՝ իր կամքին հակառակ քշված դեպի այն ժամանակները, երբ բոլորը զառանցում են հեղափոխությամբ։ Ոչ մի տաղանդ չի կարող փրկել պատմության կամքից։ «Արի երեկոյան մեռնենք ուրախ, խաղանք դեկադանս»,- ահա այն վերջինը և լավագույնը, որ անուղղելի մտավորականին մնում է դարաշրջանների բեկումնային կետում։ Հենց այս գաղափարն է անողոք ճշգրտությամբ արտացոլված հզոր, առանձին կարճամետրաժ լինելու հավակնություն ունեցող ֆիլմի ֆինալում։ Փորձիր ժխտել մահը, և նա ինքն էլ քեզ կժխտի հարբած կարմիրբանակայինի պես։
4․ «Պիղատոսը և մյուսները․ Ֆիլմ Չարչարանաց ուրբաթի համար» (1971)
ռեժ․՝ Անջեյ Վայդա
դերերում՝ Դանիել Օլբրիխսկի, Անջեյ Լապիցկի, Յան Կրեչմար, Վոյցեխ Պշոնյակ, Եժի Զելնիկ
«Վարպետը և Մարգարիտան» բացարձակ ռեկորդակիր է Բուլգակովի մյուս ստեղծագործությունների էկրանավորումների շարքում։ Բայց ով էլ ստանձներ հերթական էկրանավորման աշխատանքը, արդյունքը միշտ ստացվում էր տարօրինակ, եթե չասենք՝ վատ։ «Պիղատոսը և մյուսները» առաջինն է այդօրինակ փորձերի երկար շարքում։ 1971թ-ին լեհ ռեժիսոր Անջեյ Վայդան արևմտագերմանական մի հեռուստաընկերությունից ստացավ պատվեր՝ Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ֆիլմ նկարահանելու վերաբերյալ։ Հենց այդ պատճառով էլ ֆիլմը կոչվում է «Պիղատոսը և մյուսները․ Ֆիլմ Չարչարանաց ուրբաթի համար»։ Ռուս դասականների ստեղծագործություններին լեհ ռեժիսորն անդրադարձել է և՛ նախկինում, և՛ «Պիղատոսից» հետո․ 1961թ-ին նա զգուշորեն էկրանավորեց Լեսկովի գործը («Սիբիրյան լեդի Մակբեթը»), երկու անգամ էլ՝ 1987-ին և 1994-ին, արդեն պակաս զգուշավորությամբ և ավելի ազատ մեկնաբանությամբ, Դոստոևսկուն։
«Պիղատոսը և մյուսները» ֆիլմում Վայդան բավականին խնամքով է վարվել Բուլգակովի տեքստի հետ, բայց ասվածը վերաբերում է միայն աստվածաշնչյան հատվածին․ բուն ֆիլմում բացակայում են թե՛ Վարպետը, թե՛ Մարգարիտան, թե՛ կատուն, թե՛ պրիմուսը, թե՛ Աննուշկան։ 1,5 ժամվա ընթացքում Պիղատոսն ու Իեշուան հարաբերություններ են պարզում։ Փոխարենը՝ ֆիլմում կատարվող գործողությունները տեղափոխված են մեր օրեր՝ ժամանակակից դեկորացիաներով․ Ղևի Մատթեոսը վերածվել է հեռուստալրագրողի, Հուդան Իեշուային դավաճանում է տաքսոֆոնի օգնությամբ (որի միջից խոսակցության ավարտին դուրս են թռչում երեսուն արծաթները), իսկ պաղեստինյան հանցագործները դատավճռի իրականացմանը սպասում են ժամանակակից բանտային հագուստով։ Սա նոր հնարք չէր դեռևս 1971թ-ի համար, բացի այդ՝ Վայդայի կողմից իրագործվել էր ծուլորեն ու անփույթ, և զգացվում է, որ ռեժիսորը ցանկացել էր ինչ-որ բան ասել, բայց այդպես էլ չէր հասկացել, թե ինչ։ Զարմանալի չէ, որ «Պիղատոսը և մյուսները» ֆիլմը հետաքրքրություն է առաջացնում բացառապես Բուլգակովի երկրպագուների շրջանում, հիմնականում՝ ռուսների, և նույնիսկ ներառված չէ Վայդայի ֆիլմերի բազմաթիվ արտասահմանյան ցանկերում։
5․ «Երիտասարդ բժշկի գրառումները» (2012)
ռեժ․՝ Ալեքս Հարդքասլ, Ռոբերտ ՄըքՔիլոփ
դերերում՝ Դենիել Ռեդքլիֆ, Ջոն Հեմ, Ադամ Գոդլի, Ռոզի Կավալիերո, Թիմ Սթիդ
Ինչպես Բալաբանովի ֆիլմի պարագայում էր, այստեղ նույնպես խառնված է «Մորֆին», նորից շատ են տեքստից շեղումներն ու տեքստին հավելումները, նորից բոլշևիկներն են, ովքեր հեղինակի ստեղծագործության մեջ բացակայում են։ Բայց եթե Բալաբանովին հետաքրքրում էր հերոսը, բրիտանացիներին հետաքրքրում էր գլխավորապես Ռուսաստանը՝ այն տեսքով, ինչպիսին այդ երկիրը պատկերացնում են դրսից։ Սա մի առողջ, հասուն լոռամրգի է․ գեղեցիկ անգլերենով խոսող հարգելի ջենթլմենները (մերթ բրիտանական, մերթ ամերիկյան առոգանությամբ) անխոնջ բալալայկայի հնչյունների ներքո արտասանում են ռուսական այդ բոլոր անուններն ու անվանումները՝ Մուրևո, Լեոպոլդ Լեոպոլդովիչ, Պելագեյա։ Շուրջբոլորը ձյուն է, մորուքավոր կառապաններ, օղի, Բլոկի բանաստեղծությունները և հեղափոխությունը։ Ծաղրանկարայնությունը սերիալում շինծու է և անթաքույց, նույնիսկ ռուսերեն բառերը ֆիլմի ենթագրերում նշված են ռուսերեն-անգլերեն տառատեսակով։
աղբյուրը՝ Arzamas
COMMENTS