«Բերգմանը գեղարվեստական կինոն հասցրել է վեպերի ու պիեսների մակարդակին»։ Վուդի Ալեն
Ինգմար Բերգմանը Վուդի Ալենի սիրելի ռեժիսորն էր, թեպետ շատերին դա տարօրինակ էր թվում․ ի՞նչ ընդհանրություն կարող է լինել շվեդ ողբերգուի ու ամերիկացի կատակերգակի միջև։ Այնուամենայնիվ, Բերգմանի մահից հետո Ալենը հայտարարել է, որ «մեծ դրամատուրգը գեղարվեստական կինոն հասցրել է վեպերի ու պիեսների մակարդակին»։
![]() |
Բերգմանը՝ Սվեն Նյուկվիստի հետ |
Այն մարդկանց, ովքեր ռոմանտիկ հայացքներ ունեն արվեստի վերաբերյալ և այն համարում են սրբություն, միշտ ասել եմ, որ վերջում արվեստը ոչ ոքի փրկություն չի շնորհում։ Որքան էլ փառահեղ լինեն ստեղծագործություններդ (իսկ Բերգմանի ֆիլմերն այլ բառով նկարագրելը դժվար է), դրանք քեզ չեն ազատի դռան այն թակոցից, որն ընդհատեց ասպետի ու իր ընկերների զրույցը «Յոթերորդ կնիքը» ֆիլմի վերջին տեսարանում։ Եվ ահա հուլիսյան մի սովորական օր անսովոր կյանքով ապրած Ինգմար Բերգմանը չկարողացավ խուսափել անխուսափելիից։ Կյանքից հեռացավ բոլոր ժամանակների լավագույն ռեժիսորը։
![]() |
Սվեն Նյուկվիստն ու Վուդի Ալենը |
![]() |
Վուդին՝ «Սեր և մահ» ֆիլմում |
![]() |
Բերգման․ Վուդի Ալենի կուռքը |
Բերգմանը թատերականության վարպետ էր (ի դեպ, նաև թատրոնի մեծ ռեժիսոր), սակայն նրա կինեմատոգրաֆը սնվել է ոչ միայն թատրոնից, այլ նաև գեղանկարչությունից, երաժշտությունից, գրականությունից ու փիլիսոփայությունից։ Իր խորաթափանց կինոպոեմների միջոցով նա հետազոտել է մարդու գոյության ամենախոր հարցերը՝ մահը, սերը, արվեստը, Աստծո լռությունը, մարդկային փոխհարաբերությունների բարդ բնույթը, կրոնական կասկածների հարուցած տառապանքները, անհաջող ամուսնությունը, մենությունը և այլն։
![]() |
Վուդին և աստղաբույլը՝ Կատրին Դընյով, Քրիսթոֆեր Լի, Ռաքել Ուելչ, Ուրսուլա Անդրես, Դիրկ Բոգարդ, Ջուլի Քրիսթի, 1966թ |
![]() |
Բերգմանը՝ Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» բեմադրելիս |
Իր բոլոր տարօրինակություններով ու կրոնափիլիսոփայական կպչուն մտքերով հանդերձ՝ Բերգմանն օժտված էր պատմողական բնատուր տաղանդով, նա չէր կարող հետաքրքրաշարժ չլինել նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջովին տարված էր Նիցշեի կամ Կիերկեգորի գաղափարների դրամատիկ պատկերմամբ։ Երբեմն երկարատև հեռախոսազրույցներ էինք ունենում։ Նա ապրում էր կղզում, և երբեք չէի համարձակվում ընդունել նրա հրավերները, քանի որ օդանավեր չեմ սիրում։ Միշտ ֆիլմերից էինք խոսում։ Բնականաբար, նրան էի հանձնում խոսակցությունը վարելու իրավունքը, քանի որ ինձ համար նրան միայն լսելն արդեն իսկ աննկարագրելի հաճույք էր։ Բերգմանն ամեն օր էր ֆիլմ դիտում, երբեք չէր հոգնում դրանից։ Դիտում էր ցանկացած տեսակի կինոնկարներ՝ և՛ համր, և՛ հնչյունային։ Քնելու համար սովորաբար միտքը չլարող ու անհանգստությունը ցրող ֆիլմ էր միացնում (նույնիսկ Ջեյմս Բոնդի մասին պատմող որևէ կինոնկար)։
Համաշխարհային կինոյի բոլոր մեծ «ոճաբանների» պես (Ֆելինի, Անտոնիոնի, Բունյուել) Բերգմանը ևս պարբերաբար արժանանում էր քննադատների բացասական արձագանքին։ Այնուամենայնիվ, անգամ եթե վերոնշյալ վարպետները սխալվում էին, նրանց ֆիլմերը միշտ խոր ազդեցություն էին թողնում աշխարհի ցանկացած հատվածում բնակվող կինոսերների սրտերում։ Իսկ այն մարդիկ, ովքեր ներսից են ճանաչում կինեմատոգրաֆը, օրինակ՝ ռեժիսորները, սցենարիստները, դերասանները, օպերատորները և այլք, է՛լ ավելի մեծ հարգանքով են լցված Բերգմանի ստեղծագործության հանդեպ։
Տասնամյակներ շարունակ նրան ինքնամոռաց գովերգել եմ։ Թերևս, դա էր պատճառը, որ նրա մահից հետո բազմաթիվ ամսագրեր ու թերթեր դիմեցին ինձ՝ խնդրելով արձագանքել այդ լուրին կամ հարցազրույց տալ։ Հազիվ թե կարողանամ ինչ-որ բան ավելացնել այս տխուր նորությանը։ Միայն կարող եմ ևս մեկ անգամ շեշտել Բերգմանի մեծությունը։ «Ի՞նչ ազդեցություն է ունեցել Բերգմանը Ձեզ վրա»,- մշտապես հարցնում էին ինձ։ «Նա ոչ մի կերպ չէր կարող ազդեցություն թողնել ինձ վրա»,- պատասխանում էի ես,- «Բերգմանը հանճար էր, իսկ ես ընդհանրապես չեմ կարող ինձ հանճար համարել, հանճար չեն դառնում, հանճարեղությունն անհնար է սովորել, ինչպես անհնար է սովորել ճշմարիտ մոգություն»։
Երբ նյույորքյան կինոթատրոններն առաջին անգամ սկսեցին ցուցադրել Բերգմանի ֆիլմերը, ես սկսնակ հումորիստ էի, ակումբներում էի ելույթներ ունենում։ Հնարավո՞ր է, արդյոք, միաժամանակ կրել Գրաուչո Մարքսի և Ինգմար Բերգմանի ազդեցությունը։ Այդուհանդերձ, ես կարողացա որոշ բաներ քաղել Բերգմանից, քաղել այն, ինչը կապ չունի ո՛չ հանճարեղության, ո՛չ էլ տաղանդի հետ, բայց այն, ինչն իսկապես կարելի է սովորել և գիտակցաբար զարգացնել ինքդ քո մեջ։ Դա սովորաբար բնորոշում են «վերաբերմունք աշխատանքի հանդեպ» լղոզված արտահայտությամբ, իսկ իրականում դա պարզապես ինքնակարգապահությունն է։
Բերգմանի օրինակով սովորեցի ձգտել ցուցաբերելու այն լավագույն արդյունքը, որին ընդունակ եմ այդ որոշակի պահին, սովորեցի չտրվել հաջողակ դառնալու մասին հիմար հորդորներին և «կինոյի վարպետի» գայթակղիչ կոչմանն արժանանալու փորձությանը։ Բայց այդ ամենի փոխարեն սովորեցի նկարահանել ու միայն նկարահանել՝ մի ֆիլմը մյուսի ետևից։ Իր կյանքի ընթացքում Բերգմանը ստեղծել է շուրջ 60 ֆիլմ, ես՝ դեռևս միայն 38-ը։ Դե ինչ, եթե չեմ կարող նրա հետ մրցակցել ֆիլմերի որակով, ապա կփորձեմ նրան մոտենալ գոնե ֆիլմերի քանակով։
թարգմանությունը՝ Արմինե Նազարյանի
«Նյու Յորք Թայմս»
օգոստոսի 12, 2007թ