հատված Արմեն Հովհաննիսյանի «Ես ձեզ սիրում եմ, մարդիկ» գրքից
Այդ օրը՝ ժամը տասներկուսին մոտ, անցուդարձը կանգ առավ քաղաքի կենտրոնում։ Տասնյակ հազարավոր մարդիկ էին եկել հրաժեշտ տալու ամենասիրելի փարիզցուն․ 1963թ-ի հոկտեմբերի 11-ին մահացել էր Էդիտ Պիաֆը։
Երգչուհու տնից մինչև Պեր-Լաշեզ ծաղիկներ էին, գլխահակ ու գլխաբաց մարդիկ, Փարիզն այդպիսի հուղարկավորություն չէր տեսել։ Ամբողջ ճանապարհին մի մարդ աշխատում էր ազգային եռագույն դրոշն այնպես պահել, որ միշտ հանգուցյալի գլխավերևում լինի։ Յուրաքանչյուրը զգում էր, թերևս, որ ինքը ներկա է մի մեծ կյանքի վերջին րոպեին։ Հետաքրքրասիրությունը չէր այստեղ խմբել նրանց, մեծ սիրո ու երախտագիտության վերջին տուրքն էր դա։ «Օլիմպիա» համերգասրահի կամարներն այս անգամ ընդարձակվել, Փարիզի գորշ երկինք էին դարձել, ու երգչուհուն աստվածացնող Ֆրանսիան ունկնդրում էր Պիաֆի մեծ լռությունը։
Միայն երգի ու երգելու համար չէին սիրում նրան, ճիշտ այնպես, ինչպես միայն դերասան չէր մեզ համար Հրաչյա Ներսիսյանը։ Նրա հարուստ ու տառապալի կյանքը, որ պարզված էր բոլորին, նրա շռայլ ու մեծ սիրտը, որ բաց էր ամենքի առջև, կարեկցանքի և օգնության առասպելական պատրաստակամությունը, որին այնպես կարոտ էր ինքը հաճախ․․․ Այդ կնոջը սիրում էին նրա երգի ու այդ ամենի համար, ներում նրա բոլոր թուլություններն ու չափազանցումները, որովհետև Պիաֆը բոլորինն էր ու ապրում էր բոլորի համար, բոլորի փոխարեն։
Ազգային դրոշը պահող մարդը մեկն էր այն հարյուր քսան տարաբախտներից, ում ազատել էր Պիաֆը պատերազմի տարիներին համակենտրոնացման ճամբարից։
Թույլտվություն ստանալով երգել ֆրանսիացի ռազմագերիների համար՝ նա ճամբարից վերադարձավ՝ իր հետ բերելով մի մեծ լուսանկար, ուր ինքը պատկերված էր ռազմագերիների հետ։ Յուրաքանչյուրի լուսանկարը հետագայում կեղծ անձնագրերի վրա փակցվեց, և երկրորդ անգամ իր հետ նա հարյուր քսան անձնագիր տարավ ճամբար։
Որ անհաջողության դեպքում անհապաղ կգնդակահարվեր, նա գիտեր, բայց այդ մասին չէր մտածում, կարծես պատրաստվում էր ավելի լավ երգել այն երգը, որ շուտով նրա համար պիտի գրեին բանաստեղծ Բուկեն և կոմպոզիտոր Շովինյին։
․․․ Ես գիտեմ՝ ինչպես են ծռում երկաթե ճաղը, ինչպես են խորտակում պարիսպն ու կոտրում փականքը։ Ես գիտեմ՝ ինչպես են գտնում երջանկության ճանապարհը, արևի ու ծաղկի ճանապարհը։ Ինչո՞ւ ես լռում, չե՞ս հավատում․․․ Սիրտն, ախր, շղթայի տակ պահել չի լինի, ես գիտեմ՝ ինչպես են փշրում փակերը, դռներն ու կողպեքները, գիտեմ։ («Ես գիտեմ՝ ինչպես․․․»)․․․ Ահա կանգնած է նա ընդարձակ բեմում մեն-մենակ, լույսի խուրձերից կկոցած աչքերով, որոնք ավելի շատ խոր խոռոչների են նման, մոմեղեն դեմքով, բոնապարտյան ճակատով այդ հոգնած ու տանջահար, հիվանդ ու ցավագար կինը։ Կանգնած է փոքրամարմին, տգեղ, ծուռտիկ ոտքերով երգչուհին, որ առաջին իսկ հնչյունով գերելու է դահլիճն ու լիցք առնելու նրանից։ Հիմա նա բարձրացնելու է ձեռքը, տխուր ժպտալու է իր սիրելիներին, խռպոտ ձայնով հայտարարելու է համարն ու սկսելու է երգել։ Հազարավոր մարդկանց ներկայությամբ հրաշք պիտի կատարվի, ինչպես անդերսենյան հեքիաթներում, կերպարանափոխվելու է նա՝ գեղեցկանալու է, հասակ առնելու։ Այդ նիհարիկ, փխրուն կազմվածքը մի հուժկու ձայն է արձակելու, արտասովոր ուժ է սփռելու շուրջը․․․
Երգելիս նա մեծ մասամբ հարցնում է կամ հաստատում։ Նա թմբկազարկ է պահանջում «հանուն նրանց, ովքեր մեռնում, ովքեր լալիս են ամենուր» և հարցնում, թե թմբուկներ կզարկե՞ն աշխարհով մեկ հանուն սիրո։ Նա թմբկազարկ է պահանջում «հանուն նրանց, ովքեր ծնվում, ովքեր ծիծաղում են ամեն օր» և զգուշացնում, թե Հիրոսիմա է եղել աշխարհում, զգո՜ն եղեք։
Կլինի՞, արդյոք, ճշմարիտ սեր աշխարհում, երջանկությունն ինչո՞ւ է անցողիկ, ինչո՞ւ են մեռնում մարդիկ, երբ կյանքը հիանալի է, ինչո՞ւ են թախծում մարդիկ, երբ մեկ ժամը հոյակապ բան է, իսկ մեկ օրը՝ քսանչորս հոյակապ ժամ, ինչպե՞ս են ուրախանում մարդիկ, երբ աշխարհում ցավ, զրկանք, խաբեութուն ու նենգություն կա։
Հազար հարց, հազար երգ արձակեց նա պրկված աղեղից ու սպառվեց երգելով։
Նրա կյանքը նման էր անընդմեջ մի երգի, որ թափառել էր Սենայի ափերին ու զմայլվել գրկախառնված սիրահարներով, որ Պիգալ թաղամասի մարդասպանների, մարմնավաճառների ու անբարոյականների հեղձուկում նշմարել էր հոգու մեծ ու փոքր կրակներ և լիաթոք ծիծաղել Ելիսեյան դաշտերում զբոսնող փքված բուրժուայի վրա։ Իր երգի հետ Պիաֆը սիրեց օտարերկրացուն, փոքրիկ կապրալին, մոտոցիկլ քշող պատանուն, բռնցքամարտիկին, լեգիոներին, ակորդեոն նվագողին, շատ-շատերի․․․ Իր երգի պես նա էլ է քնքուշ ու ամեհի, սիրատոչոր ու դաժան, մեղմ ու բուռն, ներող ու անողոք․․․
Պիաֆը սիրահարված էր կյանքին մի դիվական սիրով։ Քանի՜-քանի անգամ նրան վերջացած են համարել, երբ ավտոմոբիլային աղետների է ենթարկվել, երբ քանիցս ճնշող հուսալքումը նրան ողբերգության, հիվանդանոցային անելանելիության դուռն է հասցրել, բայց ամեն անգամ նա հարություն է առել, որպեսզի երգի։
․․․ Ո՛չ, ոչի՜նչ, ես ոչնչի համար չեմ զղջում, ոչ լավի, ոչ վատի։ Անտարբեր եմ, ամեն ինչ վճարել եմ, սպառել եմ, հատուցել։ Անցյալի կամ հուշերի կարիքը չունեմ, եթե զգացմունքներս արթնացնել ցանկանամ։ Անցյալս ավլել, դեն եմ շպրտել։ Ես նորից եմ սկսում, զրոյից, ոչնչի համար չեմ զղջում, որովհետև կյանքս ու բերկրանքս քեզնով է սկսվում։ («Ոչ, ես ոչնչի համար չեմ զղջում»)Էդիտ Պիաֆի մասին շատ է գրվել։ Տարիներ առաջ լույս տեսած ինքնակենսագրական երկու գրքերից, թերևս, շատերին լավ հայտնի է նրա ապրած բուռն, սրընթաց, հետաքրքիր մարդկանցով ու դեպքերով հագեցած կյանքը, որ ոդիսականի է նման։
Ծնվել է 1915-ի դեկտեմբերին, Փարիզում։ Երեք տարեկանում կուրացել, ապա առողջացել է։ Մայրը մեկն էր այն դժբախտներից, ովքեր ոչ ժամանակ, ոչ տրամադրություն, ոչ էլ զգացմունք են ունենում զավակի համար, ովքեր տառապում են նաև դրանից և դառնում ավելի անտանելի։ Մայր չտեսավ նա, և ութ տարին հազիվ լրացած՝ հոր՝ մարզիկ և աճպարար Լուի Գասիոնի հետ ելավ փողոց, հաց վաստակելու։ Տասնվեց տարեկանում հեռացավ հորից ու սկսեց երգել էժանագին պանդոկներում, փողոցներում՝ ուր պատահի, ինչ պատահի։ Առաջին սերը և առաջին հուսախաբությունը։ Առաջին խոշոր հարվածը՝ մահացավ դուստրը։ Պիգալ թաղամասը պատրաստ էր խժռել իր հերթական զոհին։ Բայց ահա և առաջին մեծ հաջողությունը՝ հանդիպումը բարի և մեծ հոգու տեր մի մարդու հետ, ով նրա հոգևոր հայրն ու դաստիարակը դարձավ․ «Ժերնիս» կաբարեի տնօրեն Լուի Լեպլեն նրա առջև բացեց մեծ երգի ու համաշխարհային հռչակի ճամփան։
Ծնողները նրան կյանք տվեցին միայն և ազգանուն։ Փարիզը նրանից վերցրեց կյանքը և ամեն ինչ տվեց՝ սեր, հմայք, փայլ, խելք ու խոհ, նաև նոր ազգանուն՝ Էդիտ Գասիոնը դարձավ Էդիտ Պիաֆ (որ նշանակում է «փոքրիկ ճնճղուկ»)։ Ֆրանսիան, Չապլինի խոսքերով՝ քնքշության և ազատության այդ երկիրը, նրան ներարկեց բուռն զգացմունքայնություն, հրեղեն պոռթկում։
Ինքը լիովին վարձահատույց եղավ հայրենիքին։ Թրուայան խուլ փողոցից ելավ աննշմար մի աղջիկ ու քայլեց աշխարհում՝ որպես ֆրանսիական շանսոնի Մեծ տիկին։
Պիաֆն ասպարեզ ելավ ժամանակակից երգի ամենավառ ու ցայտուն արտահայտություններից մեկի՝ շանսոնի բնօրրանում՝ Փարիզում։ Իրենց փառքի գագաթնակետին էին Մորիս Շևալիեն և Իվոն Վալեն, Միստենգետը, Անետ Լաժոնը։ Ֆրանսիան այլ աստղեր չէր պատկերացնում, դժվար էր պատկերացնում։ Յուրաքանչյուր սկսնակ պետք է որ սարսափ զգար այն դահլիճում, ուր երգում էր Շևալիեն՝ նախահայրը։ Ամեն անգամ, երբ նա երևում էր իր անփոխարինելի ձեռնափայտով ու կանոտյեով, երբ շլացուցիչ ժպտում էր ու սկսում երգել, ունկնդիրներն ասես անձնական վիրավորանք էին համարում նրա կողքին տեղ փնտրելու թեկուզ փորձն իսկ։
Եվ Պիաֆի համար ճամփա հարթելը Գողգոթա դարձավ։ Մի առիթով նրան լսեց ինքը՝ Շևալիեն, ու հավանեց նորելուկին։ Ապա օգնեցին բարեկամները, ովքեր շատ-շատ էին ու հետզհետե շատանում էին՝ բանաստեղծներ, երաժիշտներ, դերասաններ․․․
Իսկ ինքը երգին սիրահարված էր անվերադարձ։
«Երգելն ամենահիանալի մասնագիտությունն է աշխարհում,- գրել է նա։- Ես չգիտեմ՝ կա՞ ավելի ուժեղ ու առավել հագեցած բերկրանք, քան այն, որը զգում է արտիստը, երբ գիտակցում է, որ երգի օգնությամբ կարող է մարդկանց փոխանցել իր ներքին հարստության մասնիկը»։
Իսկ ինքը ներքին մեծ հարստություն ուներ և մարդկանց մասնիկ-մասնիկ փոխանցելով՝ վերջացավ։
Արտակարգ աշխատասեր, ընկալող, սպունգի պես նա ներքաշում էր ամեն ինչ՝ լրացնելով կրթության ու դաստիարակության թերին։ Նոտային գրագիտությունից զուրկ, երաժշտական որևիցե պատրաստականություն չունեցող, բայց փառավոր լսողության ու երաժշտականության տեր այդ կինը երաժշտություն էր հորինում, մեկ մատով տնկտնկացնում էր դաշնամուրին և համոզում պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին, որ իր ընտրած մեղեդին ավելի լավն է, որ մեղեդու զարգացման իր տարբերակն առավել ճիշտ է ու պատճառաբանված։ Ուղղագրական երբեմն ահավոր սխալներով՝ նա իր երգերի ցնցող տեքստերն էր գրում և երիտասարդ տարիքում մեկ օրվա ընթացքում երգում էր երեք լրիվ ծրագիր։ Առանց որևէ զիջողականության, առանց խնայելու իրեն։
Նա բարձրացավ կյանքի հատակից։ Տեսավ զրկանք, կրեց սով, վիրավորանք, ծեծ, արհամարհանք։ Դրանից չկոպտացավ, չչարացավ։ Հետո արդեն, երբ հռչակված երգչուհի էր, ամեն քայլափոխի սեփական նկարներն էր տեսնում, ինքնագրեր ու միլիոններ էր քամուն տալիս, երբ մարմարյա լոգասենյակ էր կառուցել տալիս՝ մեկ-երկու անգամ այնտեղ լողանալու համար, մնաց նույնը՝ հասարակ, պարզ, արտասովոր շռայլ և հյուրասեր, կարեկից ու մարդամոտ։ Ամենից շատ նա մենակությունից էր վախենում և իր հսկայական առանձնատունը համարյա հյուրանոց էր դարձրել, ուր օրերով, շաբաթներով ապրում, սնվում էին նույնիսկ ոչ շատ մտերիմ մարդիկ, իսկ տանտիրուհուն այդ ընթացքում տեսնելը պարտադիր էլ չէր։ Պիաֆը սիրում էր եռուզեռ, վեճ ու կռիվ, բազմություն, նա սիրում ու կարողանում էր փողոցը տուն սարքել, իսկ տունը՝ փողոց։
Որովհետև երգում էր փողոցի համար, բազմության համար, ամբոխի մեջ խարխափող, միմյանց քնքշաբար սիրող մարդկանց համար։
․․․ Ես կրկին տեսնում եմ արևով, կրակով հագեցած կյանքը։ Երգիս մեջ պայթող, արձագանք տվող ճիչ ու ծիծաղ եմ լսում։ Հրմշտվող ու մոլոր մարդկանց մեջ հանդիպեցինք, և երջանկությունը ծառս եղավ իմ մեջ։ Ընդհանուր քրքիջի մեջ անզոր բղավեցի, երբ ամբոխը նրան ձեռքիցս խլեց։ Ու ինձ տանում են, ինձ հեռացնում են ու խլում հենց այն, ինչն էլ չեմ գտնի․․․(«Ամբոխը»)Էդիտ Պիաֆը դժվարությամբ մուտք գործեց երգի ասպարեզ, բայց ճիշտ ուղի էր ընտրել և քառորդ դար դիմացավ բոլոր մրցակցություններին ու իր ձեռքում պահեց Առաջինը կոչվելու պատիվը, իրավունքը։
Նա հենց սկզբից հասկացավ, որ կործանարար է թույլ դիմադրության ճամփով գնալը, որ ճաշակը, ճիշտ է, քմահաճ բան է, բայց գոյություն ունեն անկեղծության, ճշմարտացիության և անհատականության պես հավիտենական հասկացություններ։
Ու հաստատեց իրենը, միայն իրենը։
Երբ առաջին անգամ լսում ես նրան, թվում է, թե արտակարգ ու մեծ ոչինչ չկա։ Նույնիսկ տհաճ ու վանող է նրա՝ պղնձի պես զնգացող կամ հողմի պես վայող ձայնը, նրա անսպասելի թռիչքներն ու խռպոտ բղավոցները։ Ինչպես հաճախ՝ իսկական արվեստի հետ առաջին հանդիպման ժամանակ անհաղորդ ես մնում։
Հետզհետե քեզ կլանում է մի մեծ ապրում, եռացող մի կիրք, ոչ թե կոկորդից, այլ հոգուց ելնող խոստովանանք, փոթորկի շառաչ կամ զեփյուռի հպում ես զգում, և գծագրվում, ամբողջականանում է երգը սրտի հետ քեզ պարզած մի կին, ով լավ գիտե աշխարհի չարն ու բարին, իր երգի գինը, իր ունկնդիրների գինը։ Նա նահանջել չգիտեր և, իրոք, արժեքավորել էր իր երգը։ Երբ առաջին անգամ երգեց «Կյանքը՝ վարդագույն լույսով» երգը, սառն ընդունելություն գտավ։ Սակայն երգչուհին համառեց ու տեղ հասցրեց հիանալի այդ մեղեդին։ Շուտով դա երգում էին Ճապոնիայում։ Նրանից երգն անցավ անդրօվկիանոսյան այնպիսի հսկաների, ինչպիսիք էին Բինգ Քրոսբին և Լուի Արմսթրոնգը։ Երեք միլիոն ձայնասկավառակ վաճառվեց, և Բրոդվեյում գիշերապանդոկ բացվեց՝ «Կյանքը՝ վարդագույն լույսով» ցուցանակը ճակատին։ Աշխարհի, թերևս, միակ հաստատությունը, որ երգի վերնագիր է կրում որպես անվանում։
Ամենից առաջ Պիաֆը սիրո երգիչ է, անբաժան, տառապագին, կոխկրտված, բայց մեծ ու վեհ սիրո երգիչ։
Անձնակա՞նն էր պատճառը, թե՞ աշխարհայացքը, ապրած կյա՞նքն էր լի հուսախաբություններով ու տանջանքով, թե՞ սիրո իմաստը և հմայքը նա ցավի մեջ էր տեսնում, այնուամենայնիվ, հարյուրներ կազմող նրա երգացանկում գերակշռողը բալլադներն են, նովելներն ու պատմությունները դժբախտ սիրո, մենության մասին։ Եվ երգչուհին դրանք երգում է մի առանձին կրակով․ նա պատմում է, քմծիծաղ տալիս, լաց է լինում, հրճվում կամ մռնչում․․․
«․․․ Նա երգում է կամ, ավելի ճիշտ, ապրիլյան սոխակի պես փորձում է երգել իր սիրերգը,- գրել է Ժան Կոկտոն՝ երգչուհու մեծ բարեկամը։- Լսե՞լ եք երբևէ, թե նման դեպքերում ինչպես է ջանում սոխակը։ Նա աշխատում է։ Նա մտածում է։ Նա հղկում է։ Նա շնչահեղձ է լինում։ Առաջ է մղվում, նահանջում։ Եվ հանկարծ, գտնելով փնտրածը, սկսում է երգել։ Ու ցնցում է մեզ։ Չնայած Էդիտ Պիաֆը մշտապես ուսումնասիրել է իրեն և իր ունկնդիրներին՝ նա արագ գտավ իր երգը։ Եվ ահա արդեն թավ, կրծքային ձայնն իր թավշյա ինտոնացիաներով հմայում է մեզ։ Նրա ջերմ ալիքները վրա են գալիս, պարուրում մեզ ու ներթափանցում։ Աննկատ մնացած սոխակի պես՝ Էդիտ Պիաֆն էլ է անտեսանելի դառնում։ Միայն նրա հայացքը, նրա գունատ ձեռքերն ու ահագնացող, անընդհատ վեր ձգվող ձայնն է մնում, որ աստիճանաբար քողարկում է նրան, ու մեծանալով, ինչպես իր իսկ ստվերը պատի վրա, փոխարինում է փոքրիկ կնոջը։ Այդ իսկ րոպեից Պիաֆի հանճարեղությունն աներկբա է, յուրաքանչյուրը կարող է համոզվել։ Նա գերազանցում է իրեն։ Նա գերազանցում է իր իսկ երգերը, դրանց երաժշտությունն ու խոսքերը։ Նա գերազանցում է մեզ բոլորիս։ Փողոցի ոգին թափանցում է քաղաքի բոլոր անկյունները։ Եվ ահա արդեն ոչ թե Էդիտ Պիաֆն է երգում, այլ անձրև է գալիս, քամին է սուլում, կամ իր հովանին է պարզում լուսնի լույսը»։
Պիաֆի մտերիմները շատ էին սիրում նրան։ Ինքը նրանց՝ առավել ևս։ Ու նրա անձնական հափշտակություններին, մի քանի ամուսնություններին չպետք է նայել չռած աչքերով, պետք չէ նրա պայծառ կերպարին խառնել ինչ-ինչ «մանրամասներ»։ Դյուրահավատ էր, լարի պես զգայուն և յուրաքանչյուր հպումից կարող էր ու պետք է ղողանջեր։ Մարդիկ նրա համար երգ էին, իսկ նա երգելու համար ծնվեց։
Միայն մի տարբերությամբ՝ երգի նկատմամբ անչափ բծախնդիր էր, և գործն ընտրում էր մարգարիտ որոնողի պես։ Ապա նվիրվում դարձյալ գլխովին, ամբողջությամբ։ Նրա համար խոսքեր էին գրում Ռայմոն Ասսոն, Միշել Վոկերը, Անրի Կոնտեն, Մուստակին։ Նրա համար շատ կոմպոզիտորներ են աշխատել, բայց բոլորից ավելի՝ նրա սիրելի Մարգերիտ Մոննոն և Շառլ Դյումոնը։ Ականատեսների հուշերով փորձենք վերակենդանացնել Պիաֆի տան համար սովորական դարձած երեկոներից մեկը, երեկո, որ կարող էր սկսվել կեսգիշերից, լարված ու որոտալից համերգից, աղմկալի ընթրիքից հետո և ավարտվել առավոտյան։
․․․ Հյուրասենյակ, կից սենյակներ, բազկաթոռներ, սեղանիկներ, աթոռներ, դաշնամուր․․․ Նստած, կանգնած, վիճող, լուռ, խմող, քնած, կատակող մարդկանց բազմություն։ Եթե տանտիրուհու տրամադրությունը տեղը չէ, ապա նա կծկված նստած է իր տեղում՝ շալն ուսերին, և գործում է, ասես այդ սոդոմ-գոմորն իրեն չի վերաբերում։ Միայն շյուղերն են շարժվում։ Հակառակ դեպքում՝ նա ներկա է ամենուր, իսկ եթե ուղեղը մի միտք է մտել, ապա չի հանգստանա, մինչև չիրականացնի։ Հեռու գնալ պետք չէ, այդտեղ են և՛ բանաստեղծներ, և կոմպոզիտորներ, բոլորն էլ՝ առաջնակարգ։ Երգչուհին հայտնում է իր նպատակը, այն, ինչ կուզենար ասել, այնպես, ինչպես կկամենար երգել։ Քթի տակ դնդնում է կամ բաց թողնում ձայնը։ Եվ արդեն երգը կախվում է առաստաղից։ Դաշնամուրի մոտ մերթ նա է, մերթ մեկ ուրիշը, մի տողը մեկն է լրացնում, հաջորդը՝ մյուսը, երրորդն ու չորրորդն՝ ինքը։ Ապա փոխվում է ամեն ինչ․ պարզվում է, որ երգն այդ վիճակում պիտի վերջանա արցունքոտ ժպիտով կամ հիացումով։ Լավ կլիներ կեսից երգչախումբ մտցնել և տրամադրությունն ու ռիթմը փոխել հիմնովին։ Ամեն ինչ սկսվում է նորից։ Երգով զբաղվածներն իրենց գործին են, մնացածներն՝ իրենց․ վիճում են, զրուցում, լուռ են, խմում են, ուտում, կատակում կամ քնում են փչովի ներքնակների վրա, որոնցից շատ կար Պիաֆի տանը։ Բոլորն ուժասպառ են, բորբոքված աչքերով, ձայները խռպոտել են, միայն նա է, որ լի է եռանդով, մտահղացումներով․․․ Լուսադեմին երգը պատրաստ է, բոլորը ցրվում են։ Մի քանի օր հետո Փարիզը, ապա և շատ քաղաքներ, կրկնելու է հենց այն մեղեդին, որ նման արտակարգ երկունք ունեցավ։
Նա ուշանում է։ Ժամը ութն է արդեն, և դռանը նայելն անիմաստ է։ Ավելի լավ է բիլիարդ խաղալ՝ ժամանակ սպանել։ Պանդոկապանը՝ բարի մի մարդ, ասում է․ «Դու դեռ փոքր ես, տղա՛ս, մի բարկացիր։ Նա հո չի մահացել։ Է՛, ասենք, թե մեկն էլ կորավ նրա համար, տասը կգտնի»։ Ժամը ինն է, էլ ոչ մի հույս չկա, ֆրանկներ են ընկնում՝ բիլիարդի մեջ զրնգալով, իսկ տղան գնում է՝ չգիտես, թե ուր․․․ («Էլեկտրական բիլիարդ»)Բազմաթիվ լուսանկարներ ունի երգչուհին․ ավելի լավ ճանաչելու միակ հնարավորությունը՝ նրան տեսնելու բախտը չունեցած մարդկանց համար։
Նա՝ փոքր-մոքր, գեղեցկադեմ ու փարթամ տղամարդկանցով ու կանանցով շրջապատված։ Ամենագեղեցիկն ինքն է։ Նա երգում է Էյֆելյան աշտարակի վրա։ Միայն նա կարող էր։ Նա՝ միկրոֆոնի մոտ։ Քունքի և վզի երակներն ասես հենց հիմա կպայթեն։ Նա՝ ոսկրոտ ձեռքերը պարզած։ Սավառնում է թեթև-թեթև։ Նա՝ զույգ բռունցքը ծնոտի մոտ։ Ահավոր ուժ ես զգում․․․
Այս ամենը նրա երգի պատրանքն է, նրա ձայնի «․․․ ջերմ ալիքներն են վրա գալիս, պարուրում մեզ ու ներթափանցում»։
Դրամատիկ դերասանուհու հրաշալի տվյալներ ուներ և մեկ-երկու անգամ ցնցեց բոլորին իր խաղով, թեև մինչև վերջ էլ համոզված մնաց, որ թատրոնն ընտրյալների ասպարեզն է, ուր մուտք գործել չի կարելի պատահական հաջողությամբ։
Գերադասեց բոլորի համար մնալ այն, ինչին կոչված էր, ինչի համար իրեն սիրում էին միլիոնները։
Դե, եկեք, միլորդ, նստեք իմ սեղանին։ Կարող եք մեկնել Ձեր ոտքերը, ես թույլ եմ տալիս․․․ Դուք ինձ երբեք չեք տեսել, փողոցի աղջիկ եմ ես, փողոցի ստվեր։ Երեկ Դուք հաղթական, թագավորի նման ճեմում էիք մի կնոջ հետ․․․ Աստված իմ, որքան գեղեցիկ էր նա․․․ Ա՜, նա Ձեզ չի հասկացել և փշրել է Ձեր կյանքը․․․ Սերն արցունք է բերում, բայց հույս էլ է ներշնչում, հը՞․․․ Նայեցե՛ք ինձ, ես Ձեր զղջումը կերգեմ, բայց Դուք լալի՞ս եք, միլո՛րդ, հավատալս չի գալիս։ Ժպտացե՛ք, միլո՛րդ, այ այդպես, հիմա ծիծաղեք, դե՛, երգեք, միլորդ, դե՛, պարեք, բռա՛վո, միլորդ, հոյակապ է, միլորդ․․․(«Միլորդ»)Էդիտ Պիաֆին շատ է պարտական ֆրանսիական երգի արդի դպրոցը։
Ծայրաստիճան հոգատար սկսնակ տաղանդների նկատմամբ՝ նա, կարծես, ուզում էր վարձահատույց լինել բոլոր նրանց, ովքեր իրեն բարձրացրին հատակից։
Եվ դժվար է ասել՝ առանց Պիաֆի հովանավորության և, ըստ ամենայնի, աջակցության, կլինեի՞ն այսօր Ազնավուրն ու Մոնտանը, Էդդի Կոնստանտենը և Ժիլբեր Բեկոն, իր փառքը կունենա՞ր, արդյոք, «Կոմպանյոն դը լա շանսոն» խումբը։
Հատկապես շատ բան է արել երգչուհին Շառլ Ազնավուրի և Իվ Մոնտանի համար։ Բոլորից մերժված, բայցևայնպես օրական տասնչորս-տասնհինգ ժամ աշխատող Ազնավուրը գրավեց հռչակավոր երգչուհու ուշադրությունը, և վերջինիս հոգածության մեջ ո՛չ ներողամտություն կար, ո՛չ էլ հովանավորողի փքվածություն։ Պարզապես բոլորից առաջ նա զգաց, թե ինչ մեծ սիրտ է բաբախում իր պես վտիտ այդ հայորդու կրծքի տակ, և ինչեր կարող է անել նա իր համառությամբ, տաղանդով ու աշխատանքով։ Ազնավուրի վրայից առաջին անգամ նա սրբեց անհայտության փառը և շողշողացող երգչին հրապարակ հանեց։ Սկզբում աշակերտն իր շնորհակալությունը հնարավորին չափ հայտնեց՝ նրա վարորդն էր, բեմի լուսավորողը։ Հետո արդեն, երբ փառաբանված երգիչ էր, իր մեծ բարեկամին նվիրեց բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը՝ «Դու այնքան գեղեցիկ էիր»։
Երգի և դժբախության, երգի և հրճվանքի, երգի և հուսալքման, երգի և սիրո, երգի և անգամ մահվան արանքում Էդիտ Պիաֆը դադար չունեցավ։ Կյանքի վերջին տարիներին այլևս նախկին ձայնը չուներ՝ թմրադեղերը, ալկոհոլը, ապրածն ու զգացածը վերցրել էին վերցնելիքը, բայց նրա մահառաջի համերգն «Օլիմպիայում» անցավ աննման հաջողությամբ, և համերգավարը սովորականի պես ներկայացրեց նրան․ «Միայն մի անուն, և դրա մեջ է երգն ամբողջությամբ՝ Էդիտ Պիաֆ»։
Տարիներ են անցել երգչուհու վախճանից։ Տասնյակ անուններ են փայլատակել, համաշխարհային բեմը նորանոր տաղանդներ է որդեգրել, այնուամենայնիվ, մեծ երգչուհին այսօր էլ հնչեցնում է իր հուժկու ձայնը, իր ցնցող պատմությունը կյանքի, սիրո, երջանկության և տառապանքի մասին։ Թվում է, թե հենց երեկ Թրուայան խուլ փողոցից եկավ աննշմար մի աղջիկ, որ քայլի աշխարհով մեկ՝ որպես ֆրանսիական շանսոնի Մեծ տիկին։
COMMENTS