«Ապրել՝ նշանակում է միշտ դատապարտված լինել ազատության»։
«Պատահականությունների ժամանակագրության 71 հատված» ֆիլմը եզրափակում է Միխայել Հանեկեի «Սառեցման եռագրությունը» («Յոթերորդ մայրցամաք» և «Բեննիի վիդեոն» ֆիլմերի հետ միասին)։ Ի տարբերություն նախորդ երկուսի, որտեղ ավստրիացի ռեժիսորի սուր քննադատական խոշորացույցի տակ իմաստազրկվում էր բուրժուական, ավանդական, ընտանեկան, պահպանողական՝ արդեն իսկ կեղծ դարձած արժեքների քարոզը, այս ֆիլմի գլխավոր լեյտմոտիվը հասարակությունն է և անհատի դերը, նշանակությունը, վարքագիծն ու այդ վարքագծից բխող հետևանքները։
Դեռահաս ռումինացի փախստականը, էքզիստենցիալ ճգնաժամի հոգեվիճակում գտնվող ուսանողը, հույզերից զուրկ, ռոբոտացված բանկային աշխատողը, արդեն պատկառելի տարիքի տեր ծերունին՝ նրանք, կարծես, հաղթահարել են մահը։ Զարմանալի չէ, որ պատահականությունների ժամանակագրության 71 հատվածի ամբողջ ընթացքում հենց վերոնշյալ անձինք են մարմնավորում ավստրիական հասարակությանը բնորոշ կերպարները, և նրանց անհերքելի պատկանելությունը գերմանախոս սոցիումին չի վիճարկվում արդեն տասնամյակներ շարունակ։ Չնայած հերոսների միջև առկա նյութական ու բարոյական արժեքների տարբերությանը՝ նրանք, այնուամենայնիվ, միմյանցից անկախ միաձուլվում են դարեր ի վեր ցանկացած անհատականության ոխերիմ թշնամին համարվող երևույթի՝ ամբոխի մեջ։
Հանեկեն ֆիլմի խրոնոմետրաժը բաժանել է 71 մասի՝ նպատակ ունենալով առօրյա կյանքը ցույց տալ առավելագույնս պարզ ու ռեալիստական, բացի այդ՝ շարադրել մեթոդաբանությունը, թե ինչպես է առօրեականությունը հպատակեցնում և կուլ տալիս անհատներին։ Մարդիկ չեն ապրում, նրանք օրվա ընթացքում պարզապես զբաղվում են դժգույն գործերով՝ ամեն անգամ կրկնելով նույն գործողությունները։ Նրանց ողջ կյանքի հանրագումարը կազմում են անվերջ կրկնվող գործողությունները, և չի փոխվում կրկնվող իրադարձությունների հերթականությունն անգամ։ Օրվա կարևոր ու անբաժան բաղկացուցիչը կազմում են հեռուստացույցի ու ռադիոյի հիպնոսացնող ձայները, դեղին մամուլի բոցաշունչ ընթերցումը։ Արտաքին աշխարհում տեղի ունեցող անարդարությունների և սահմռկեցուցիչ դեպքերի մասին պատմող հրատապ լրատվությունը ասես «շնորհավորում է» խաղաղ քաղաքի բնակիչներին՝ ենթատեքստում հուշելով, թե, կարևորը, նրանց կյանքում ամեն ինչ կարգին է, այսօր ևս նրանք կարող են հանգիստ քուն մտնել։ Ամբոխին մշտապես պահելով քաղաքական ու ակտուալ նորություններին իրազեկ՝ հեռուստատեսությունը ջախջախում է նրանց ինքնազարգացման ու ինքնաճանաչման նույնիսկ ամենաչնչին ձգտումները։
Հանեկեի ստեղծած հիպերռեալիստական կերպարները ենթագիտակցորեն փորձում են զգալ, թե ինչպես է փլուզվում իրենց պատկերացրած միջավայրը՝ նույնքան միօրինակ ու ստատիկ, ինչպիսին իրենց առօրյան է։ Կրկնօրինակ-մարդը աշխատում է անդադար, նրա օրվա միակ ռիթմը ստեղծվում է գրասենյակային համակարգչի ստեղնաշարի ձայնից, երբ մատներն ինքնաբերաբար հարվածում են գործիքին՝ Բադդի Ռիչի երաժշտական վիրտուոզությամբ։ Կրկնօրինակ-մարդը պարտադրված շփվում է ատելի գործընկերների հետ, վերադառնում է տուն, կեցությունը կիսում է իր համար տհաճ կնոջ հետ, ապրում է այնպես, ինչպես բոլորը, և բոլորին իրեն հավասար է համարում։ Պարբերաբար նա հանդիպում է ընկերների հետ՝ ժամանակ սպանելու համար անցկացվող անիմաստ հավաքույթներում, որտեղ քաղաքականության և կրոնի մասին մտքերի փոխանակումները միշտ թեժ են լինում, և բանավեճի մասնակիցներն իրենց մտքերն արտահայտում են անկաշկանդ ու ոգևորված։
Մաքս անունով մի ուսանող՝ ընդդիմադիր ու ազատատենչ, ինչպես Ռոբերտ Մուզիլի դեռահաս հերոս Թյորլեսը, փորձում է դուրս պրծնել ամբոխից։ Ամեն անգամ քաղաքի կենտրոնում, տարբեր միջոցառումներում կամ հանրահավաքներում կուտակված մարդկային զանգվածներ տեսնելիս նրա գլխում ծագած հախուռն ու չարդարացված մտքերից առավել հետաքրքիր է եղել մեկը՝ կարո՞ղ է, արդյոք, մերօրյա 21-ամյա երիտասարդը կյանքի իր սեփական ծրագիրը ստեղծել և բոլորից անկախ որոշումներ կայացնել։ Արդյոք նա բավականին արագ չի՞ համոզվի, որ իր ծրագրածը եթե ոչ անհնարին, ապա առնվազն քիչ հավանական է լիարժեքորեն կյանքի կոչվելու համար։ Չկա տարածություն, չկա ազատ գործելու իրավունք։ Ոչ մի տեղում։ Ամբոխն ատում է տարբերվող մարդկանց և չի ցանկանում նրանց ինտեգրել սեփական շարքերում։
Մեծ է գայթակղությունը՝ ենթադրելու, թե Մաքսից, այնուամենայնիվ, երկար ժամանակ չի պահանջվի՝ համոզվելու համար, որ իր կողմից ծրագրված ներկան և ապագան բախվում են դիմացինի ճարպոտ եսասիրությանն ու քիմքին, և դիմացինի կյանքը սովորական դեսպոտիզմով ճնշում է իր սեփականը։ Երիտասարդներին բնորոշ հատկանիշներից մեկը՝ ցանկացած իրավիճակին հեշտությամբ հարմարվելը նրան կստիպի ոչ միայն հրաժարվել սեփական արարքներից ու կյանքից, այլև այլախոհական մտքեր ունենալուց։ Նա կրկին կգործի ամենադյուրին ու փորձված տարբերակով՝ կսուզվի ստանդարտ կյանքի ջրերում, կապրի այնպես, ինչպես հարմար է ուրիշներին։ Սակայն հարմարվելու գաղափարը նրան սարսափելի թվաց ի սկզբանե։ Հանեկեի ֆիլմերի նույնիսկ ոչ երդվյալ երկրպագուները չեն կարող առարկել այն փաստի դեմ, որ ռեժիսորը թուլություն ունի սովորական պատմություններին ոչ սովորական կոնտեքստ և անսպասելի, ռադիկալ ֆինալային լուծումներ տալու հանդեպ։ Երիտասարդ Մաքսը կայացնում է իր փիլիսոփայական համոզմունքների հիմքի վրա կառուցված որոշում, որը հավակնում է դիտարկվել որպես փախուստ դեպի բացարձակ ազատություն։
Ich bin auch ein Mensch, kannst du mich verstehen?
Արման Հարությունյան