«Հեղափոխությունն ինտելեկտուալների հաշիշն է»:

ռեժիսոր՝ Լինդսեյ Անդերսոն
սցենարի հեղինակներ՝ Դևիդ Շերվին, Մալքոլմ ՄըքԴաուել
օպերատոր՝ Միրոսլավ Օնդրժիչեկ
կոմպոզիտոր՝ Ալան Փրայս
դերերում՝ Մալքոլմ ՄըքԴաուել, Ռալֆ Ռիչարդսոն, Ռեյչել Ռոբերթս, Արթուր Լոու, Հելեն Միրեն, Փիթեր Ջեֆրի, Դենդի Նիքոլս, Ֆիլիպ Սթոուն
արտադրությունը՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 1973թ
տևողությունը՝ 2ժ 58ր
Հմայիչ և անհավատալիորեն կենսախինդ երիտասարդը՝ Մայքլ Թրևիս անունով, իր կարիերան սկսում է որպես հեղինակավոր ընկերության կոմիվոյաժոր, ով մասնագիտացած է սուրճի վաճառքի գործում։ Ընկերության հանձնարարությամբ՝ նա ուղևորվում է Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող հեռավոր կոմսություններից մեկը, որպեսզի փոխարինի իր գործընկերոջը։ Ճանապարհին մոլորվելով՝ Թրևիսը պատահաբար մուտք է գործում մի գաղտնի ձեռնարկությանը պատկանող փակ, արգելված տարածք, իսկ ձեռնարկության անվտանգությունն ապահովող աշխատակիցները նրան սխալմամբ համարում են օտարերկրյա լրտես ու կալանավորում։ Երիտասարդին կաշեգոտիներով կապում են կիսամութ սենյակներից մեկում գտնվող բազկաթոռին և սկսում հարցաքննել՝ ընթացքում ենթարկելով ավելի ու ավելի դաժան կտտանքների։ Հարցաքննության ժամանակ գաղտնի ձեռնարկությունում անսպասելիորեն տեղի է ունենում վթար, և Թրևիսին հաջողվում է փախչել՝ օգտվելով համընդհանուր խառնաշփոթից։ Հենց այդ պահից էլ սկիզբ է առնում նրա՝ զարմանալի արկածներով լի ճանապարհորդությունը ամբողջ երկրով մեկ․․․
Օրիգինալ անվանումը` O Lucky Man!
Ժանրը՝ սոցիալ-փիլիսոփայական սատիրա՝ մյուզիքլի և հակաուտոպիայի տարրերով
Ժանրը՝ սոցիալ-փիլիսոփայական սատիրա՝ մյուզիքլի և հակաուտոպիայի տարրերով
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Սա Մայքլ Թրևիսի մասին պատմող եռագրության երկրորդ ֆիլմն է, եռագրություն, որի մասն են կազմում նաև «Եթե...» (1968թ) և «Բրիտանիա հոսպիտալը» (1982թ) կինոնկարները:
- Ֆիլմում հնչող երգերի հեղինակը և կատարողը The Animals խմբի նախկին ստեղնահար Ալան Փրայսն է: Երգերի հեգնական, երբեմն նույնիսկ ցինիկ խոսքերը կարծես փիլիսոփայական մեկնաբանությունը հանդիսանան այն ամենի, ինչ տեղի է ունենում գլխավոր հերոսի հետ:
- Դերասանական կազմից գրեթե յուրաքանչյուրը միաժամանակ մի քանի դեր է կատարում, ինչն ավելի է ուժգնացնում գոյության ցիկլայնության, ավելի ճիշտ՝ գալարաձև կրկնվողականության տպավորությունը:
- Տեսարանը, որտեղ ռեժիսորը, ում դերը կատարում է ինքը՝ Լինդսեյ Անդերսոնը, սցենարով հարվածում է Մալքոլմ ՄըքԴաուելի դեմքին, նկարահանվել է շուրջ 30 դուբլից:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Բրիտանական կինոակադեմիայի 2 մրցանակ՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման (Արթուր Լոու) և ֆիլմի երաժշտության ստեղծման գործում արժեքավոր ձեռքբերումների համար։
ԴԻՏԵՔ ԱՅՍ ՖԻԼՄԸ