«Սերը արդարացում է նրանց համար, ովքեր քամում են այլոց հյութերը՝ սնելով իրենք իրենց»։ Ռոբերտ Էլլի
«Ես ինքնասպանների ցեղատեսակից չեմ, ես նրանցից եմ, ովքեր իրենք են սպանում»։Նրանք առաջին խոսքերը փոխանակում են վարձակալվող բնակարանի հնաոճ սենյակում, որտեղ Փոլը կուչ էր եկել մի անկյունում՝ աշխարհից մեկուսացած և միայն սեփական ապրումներով տարված, իսկ 20-ամյա Ժաննան (Մարիա Շնայդեր), ով նրան նկատել էր դեռևս փողոցում, փորձում է երկխոսության մղել նրան։ Նա երկխոսության այդ կոչն ընկալում է յուրովի և, գրկելով աղջկան, տանում է տան մյուս անկյունը, ուր առաջին կցկտուր խոսքերին առանց որևէ զարգացման հաջորդում է սեռական ակտը։ Փոլը այս դրվագում ի ցույց է դնում իր իր դոմինանտ կարգավիճակը, որոշակիորեն քողազերծում իր ներքին, թաքնված ագրեսիան, նրա վարքագիծը վկայում է այն մասին, որ բնազդային գործողությունների միջոցով իր մեջ փորձում է խեղդել տարերային ապրումներ։ Աղջկա հանդեպ նրա վերաբերմունքը սկզբում կոպտության աստիճան անտարբեր է, նույնիսկ՝ սադիստական, հուզական առումով՝ դատարկ։ Հարաբերություններում Փոլը հանդես է գալիս առնական տղամարդու կերպարում, ով ունի խաղի իր կանոնները, վարքագծի իր յուրահատուկ մոդելը։ Մոդել, որն ըստ իրավիճակի կարող է փոխվել:
«Վերջիվերջո, նրանք ընդամենը երկու մարմիններ էին, որոնք բախվել էին ժամանակակից աշխարհի քաոսում, որտեղ որևէ գործողություն ավելի դաժան ու անպարկեշտ չէր, քան ցանկացած ուրիշը»։Նրանց հարաբերություններում տիրում է գաղտնիության մթնոլորտը, որտեղ մեկը չգիտի մյուսի անունը, և սենյակից դուրս ոչինչ գոյություն չունի: Խաղի այդ կանոնը թելադրում է Փոլը, և Ժաննան համաձայնում է։ Նա՝ դեռատի, էքսցենտրիկ, նպատակասլաց, նույնիսկ չի էլ ենթադրում, թե Փոլի հայտնությունն ինչ փորձություններ է նախապատրաստել իր համար։ Սակայն Փոլն ինքն էլ փոխակերպվում է ֆիլմի ընթացքում։ Ժաննայի հետ հարաբերություններից դուրս նա կորցնում է առնական տղամարդու իր կեցվածքը, վերստին վերածվում հուսահատ ու հոռետես մի կերպարի, ով չունի կյանքը շարունակելու խթան։ Թվում է՝ նրա կենսական ուժը գործունակ է դառնում լոկ իրենց բնակարանում, լոկ իրենց հարաբերությունների ժամանակ։ Փոլն ամերիկացի է, ողջ կյանքն անցկացրել է մասնագիտություններ ու բնակավայրեր փոխելով՝ բռնցքամարտիկից մինչև դերասան, հեղափոխական Հարավային Ամերիկայում, լրագրող Ճապոնիայում․․․ Նրա նախընտրած մասնագիտությունները վկայում են նրա բնավորության և հակումների մասին՝ հայտնվել էստրեմալ իրավիճակներում, դրսևորել ագրեսիա, արագ կողմնորոշվել, նաև՝ լինել խիստ ու կարգապահ, ճարպիկ ու հետևողական․ բնորոշ գծեր, որոնք համապատասխանում են տղամարդու կերպարի ավանդական ընկալմանը։ Նրա թափառումները՝ մինչև Փարիզում հարուստ կնոջ հետ ամուսնանալու և կայուն հանգրվանի ձգտումը կյանքի կոչելու պահը, իրականում ձախողված տարիների մի պատմություն են, փախուստ սեփական անձից։
«Հանդիպումները նշանակում են հենց այն նպատակով, որ հետո չներկայանան»։Փոլը չի փորձում հուզական կապ հաստատել Ժաննայի հետ։ Ֆիլմի սկզբում նա առհասարակ անտարբեր է մարդկային ու էմոցիոնալ մտերմության այն փորձերի հանդեպ, որ կատարում է Ժաննան։ Թվում է՝ տղամարդը չի ցանկանում փոխել խաղի կանոնները։ Նա տարուբերվում է երկու իրականությունների միջև՝ ինքնասպան եղած կնոջ մահվան սարսափելի մանրամասները արյունով լի լոգարանում, Ժաննայի հետ կրքոտ հանդիպումների պարգևած ինքնամոռացությունը ռոմանտիկ շնչով լի սենյակում։ Ժաննայի և Փոլի աշխարհներն էլ տարբեր են, մեկը՝ բաց ու լուսավոր, մյուսը՝ փակ ու մռայլ։ Միմյանցից հեռու լինելիս նրանց կյանքն ընթանում է բոլորովին տարբեր իրականություններում, և այդ երկու իրականությունները մի օր անխուսափելիորեն պիտի ներխուժեն նրանց փոքրիկ, գաղտնի ու անանուն աշխարհը՝ կրքով լի մեկուսի սենյակի պատերում ամփոփված։
«Նրա դեմքն արտահայտում էր սահմանափակություն ու իմաստնություն՝ պարադոքսալ մի համադրություն»։Այնուամենայնիվ, Փոլը հետզհետե փոխում է խաղի կանոնները։ Նա պատմում է իր անցյալի մասին։ Ժաննային նրա աշխարհը թվում է խորհրդավոր, արկածներով լի, գրավիչ, ավելի հետաքրքիր, քան իր սեփական աշխարհն է, որտեղ առանձնապես ոչինչ չի կատարվել ու կատարվում՝ փեսացուի՝ ռեժիսոր Թոմի (Ժան-Պիեռ Լեո) հետ ունեցած թեթև ու ռոմանտիկ հարաբերություններից բացի։ Կիրք, ցավ, սադոմազոխիստական դրսևորումներ, սկզբում մեկի մերժված սերը, հետո՝ մյուսի, վանում, ձգողություն, կանչ, փախուստ ու վերադարձ՝ կախարդված մի շրջանակ, որից, թվում է, չկա ելք։ Նրանց հարաբերությունները դատապարտված էին ի սկզբանե, նրանք անցան բոլոր սահմանները, սակայն պահը բաց թողնվեց, հնարավոր միության կարճատև, չգիտակցված պահը։ Ժաննան ունի ելք, նրան իր երիտասարդության բերումով տրված է ընտրության հնարավորություն՝ Թոմը, ում հետ նա շարունակում է հանդիպել, և ում հետ նա որոշում է ամուսնանալ։ Փոլին տրված չէ ընտրության հնարավորություն․ նա միայնակ է, նրա «զրուցակիցն» իր մահացած կինն է։
«Տաճարը, որ մինչ այդ նրանց թաքցրել էր արտաքին աշխարհից, սկսել էր նմանվել մրցասպարեզի»։Նրանց վերջին տանգոն նույնքան խենթ էր, որքան նրանց հարաբերությունները։ Աղջկան այլևս պետք չէր Փոլի առաջարկը, նա արդեն կատարել էր իր ընտրությունը։ Նա փորձում է փախչել իրեն հետապնդող «որսորդից»։ Փոլի վազքը տղամարդու մասկուլինության ևս մեկ դրսևորումն է։ Փոլը ֆիլմի ողջ ընթացքում կրում էր իր իմաստազուրկ կյանքի ցավոտ բեռը՝ Ժաննայի նկատմամբ ստանձնելով իշխողի, պահանջկոտ վարժեցնողի դեր։ Գուցեև կարող էր լինել սեր, սակայն մնաց ինտրիգ՝ ողբերգական հանգուցալուծմամբ։ Ժաննայի համար չափից դուրս ծանր էր Փոլի աշխարհը, և նրա սկզբնական հետաքրքրությանը փոխարինել էր վախը պատասխանատվության ու ապագայի հանդեպ։ Փոլը նրա աչքերում այլևս այն առեղծվածային տղամարդը չէր, ով գրգռել էր նրա երևակայությունը, նա սոսկ ծերացող տղամարդ էր, ում հետ համատեղ կյանքը 20-ամյա աղջկա համար դառնալու էր ձանձրույթ ու բանտ։ Պատահական չէ, որ երիտասարդ Թոմի հետ հարաբերությունները ռեժիսորը պատկերել է կինոնկարահանումների տեսքով․ դրանք, իրոք, թվում են այնքան անիրական՝ կյանքի իրական ցավի համեմատ։ Թոմի համար Ժաննան կինոկերպար է, և այդ դերը խաղալը Ժաննայի համար ավելի հեշտ է, քան այն դերը, որն իր համար սահմանել է Փոլը։
«Ավելի հեշտ է սիրել այն, ինչը քեզ չի խոցում ուղղակիորեն, այն, ինչը գտնվում է քեզնից որոշակի հեռավորության վրա»։Հարաբերությունները շարունակություն ունեին այնքան ժամանակ, քանի դեռ երկուսն էլ ցանկություն ունեին վերադառնալ իրենց սեքսուալ արկածների բնակարանը։ Իսկ ցանկության տևողությունը պայմանավորված էր դիմացինին մինչև վերջ նվաճած, վարժեցրած ու հնազանդեցրած լինելու ձգտումով։ Ժաննան հնազանդ կատվի պես ամեն անգամ վերադառնում է՝ նախապես երբեք չիմանալով, թե այդ օրը Փոլն իր համար ի՛նչ նոր փորձություն է նախապատրաստել։ Նա նման է հետաքրքրասեր երեխայի, ով խաղում է կրակի հետ, ով կամավոր նետվում է այդ վտանգավոր կրակին ընդառաջ։ Թոմը Փոլի համեմատ թվում է կանխատեսելի ու անհետաքրքիր։ Փոլի վարքագծում առկա սադիզմը և Ժաննայի վարքագծում առկա մազոխիզմը դառնում են նրանց փոխադարձ ձգողության հիմքը։ Ժաննան, ով երկրպագում է իր զինվորական հորը, Փոլին պատմում է նրա մասին՝ ենթագիտակցորեն ասոցացնելով այդ երկու տղամարդկանց։ Փոլի հետ հարաբերությունների ազդեցությամբ փոխվում է նույնիսկ Ժաննայի արտաքին տեսքը՝ հագուստից մինչև կերպար․ նա եթերային աղջնակից վերածվում է հասուն ու սանձարձակ կնոջ։ Կին, ով ձեռք է բերել կենսափորձ, կին, ով ընդունակ է նույնիսկ սպանության։
«Եթե ամուսինն ապրի նույնիսկ 200 անիծված տարի, նա, միևնույն է, չի կարողանա հասկանալ, թե իրականում ինչպիսին է իր կինը։ Ես գուցեև կարողանամ ճանաչել Տիեզերքը, բայց քո մասին ճշմարտությունը երբեք չեմ բացահայտի, երբեք»։1972թ-ին նկարահանված «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմը հետազոտության անսպառ աղբյուր է ոչ միայն հոգեվերլուծաբանների, այլև տվյալ ժամանակաշրջանի կենսափիլիսոփայությունը, հասարակական ու սոցիալական հարաբերություններն ուսումնասիրողների համար, քանզի այստեղ արտացոլված են 1960-ականներին, ավելի որոշակի՝ 1968թ-ի մայիսյան դեպքերին հաջորդած էքզիստենցիալիստական ճգնաժամով լի իրականությունն ու տրամադրությունները։ Դժվար է հստակ արձանագրել, թե որքան մեծ էր և մեծ է այս ֆիլմի թողած ազդեցությունը տարբեր սերունդների պատկանող ռեժիսորների վրա, և թե որքան անգամ են տարբեր տասնամյակների ֆիլմերում ընդօրինակել Բերտոլուչիի ոճն ու կինեմատոգրաֆիական հնարքները։ Փաստն այն է, որ այս ֆիլմը միշտ էլ հակասական արձագանքի է արժանացել լայն հանդիսատեսի կողմից՝ մերժումից մինչև մեծարում, սակայն որևէ պրոֆեսիոնալ և կինոգիտակ չի կարողացել ժխտել Բերտոլուչիի փայլուն ռեժիսուրան, Բրանդոյի գերազանց խաղը, Ստորարոյի անգերազանցելի օպերատորական աշխատանքը, Բարբիերիի անմոռաց երաժշտության հիասքանչությունը։
«Դու միայնակ ես։ Բոլորովին միայնակ։ Եվ դու չես ազատվի միայնության զգացումից, քանի դեռ չես նայել մահվան աչքերին»։Ֆիլմի առավել սկանդալային դրվագը, որտեղ Փոլը բռնաբարում է աղջկան՝ լուբրիկանտի փոխարեն օգտագործելով կարագ, մինչ օրս էլ հանդիսանում է կինոյի պատմության ընթացքում երբևէ նկարահանված ամենաքննարկվող տեսարաններից մեկը, որը, ի դեպ, բացասաբար անդրադարձավ նաև ռեժիսորի ու գլխավոր դերակատարների անձնական փոխհարաբերությունների վրա։ Մարիա Շնայդերն իր հարցազրույցներում խոստովանում էր, որ նախազգուշացված չի եղել այդ տեսարանում նկարահանվելիք մանրամասների մասին, և իրեն զգացել է ստորացված ու նույնիսկ բռնաբարված, իսկ իր արցունքներն իրական են եղել։ Բերտոլուչին ևս իր հարցազրույցներում խոստովանել է, որ թեպետ չի զղջում այդ տեսարանը նկարահանելու համար (տեսարան, առանց որի, նրա խոսքերով, ֆիլմը չէր ստացվի այնպիսին, ինչպիսին կա), սակայն դերասանուհին, իրոք, տեղեկացված չի եղել մանրամասների մասին, ինչն արվել է միտումնավոր՝ նրա բնական ռեակցիան տեսնելու նպատակով։ Ինչ վերաբերում է Բրանդոյին, ապա նա նկարահանումներից հետո շուրջ երկու տասնամյակ ընդհանրապես չէր շփվում Բերտոլուչիի հետ։ Թե՛ Բրանդոն, թե՛ Շնայդերը հայտարարեցին, որ այլևս երբեք չեն նկարահանվի նմանօրինակ ֆիլմերում։
«Նրանց կյանքերը նույնքան աննպատակ էին, որքան իրենը, և նույնքան ողորմելի էին»։Այդուհանդերձ, Բրանդոյին նկարահանման հրապարակում տրված էր լիակատար ազատություն։ Նա, համաձայնելով խաղալ Փոլի դերը, ի սկզբանե հրաժարվել էր տեքստը սովորելուց, և Փոլի ռեպլիկների գերակշիռ մասը Բրանդոյի իմպրովիզի արդյունքն է։ Իր ռեպլիկների որոշ մասն էլ Բրանդոն գրում էր թղթի կտորների վրա և թողնում նկարահանման հրապարակի տարբեր կետերում, իսկ Բերտոլուչին, հարմարվելով իրավիճակին, կինոխցիկի համար ընտրում էր այնպիսի դիրքեր, որտեղից այդ թղթերը չէին երևա։ Հետաքրքրական է, որ Թոմի դերակատար, ֆրանսիական կինոյի աստղ Ժան-Պիեռ Լեոն այնքան էր վախենում Բրանդոյին նկարահանման հրապարակում հանդիպելուց, որ նրա մասնակցությամբ բոլոր տեսարանները նկարահանվում էին շաբաթ օրերին, երբ Բրանդոն չէր աշխատում: Արդյունքում՝ Լեոն այդպես էլ չծանոթացավ լեգենդար դերասանի հետ։ Բրանդո-Շնայդեր զույգի փոխարեն, ըստ Բերտոլուչիի սկզբնական որոշման, պիտի նկարահանվեին Ժան-Լուի Տրենտինյանն ու Դոմինիկ Սանդան, բայց Տրենտինյանը հրաժարվեց դերից, իսկ Սանդան այդ ժամանակ հղի էր։ Ֆիլմի սկզբնական տարբերակի տևողությունը գրեթե 4 ժամ էր, սակայն կինոթատրոնների սահմանած տևողությանը համապատասխանեցնելու համար այն կրճատվեց մինչև 129 րոպե, իսկ ռեժիսորական տարբերակի տևողությունը՝ 136 րոպե։
«Անցյալը հուզում է երևակայությունը»։
Հրայր Խաչատրյան
COMMENTS