հատվածներ «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից
Գլուխ 37
Ծնողներս հպարտանում են ինձնով։ Ռադիոն միացրած՝ անվերջ լսում են ինձ ու չեն հոգնում։ Երբեմն մայրս ասում է հորս․
- Գնանք մի քիչ շրջենք։
Հայրս գիտե, թե ինչ է նշանակում դա։ Գնում ու հանդարտ նայում են աֆիշներին, որ ողողել են Փարիզը։ Մի հսկա աֆիշ դրված էր մեր տնից ոչ հեռու՝ «Մուլեն Ռուժի» մոտ։ Գնում, երկար կանգնում են դրա տակ, նայում, նայում ու կշտացած տուն վերադառնում՝ հույսով, որ ազատ վայրկյան կգտնեմ՝ իրենց մոտ անցնելու համար։
Երբ այցելում եմ նրանց, պետք է ամենայն մանրամասնությամբ պատմեմ բոլոր այն լավ բաները, որ տեղի են ունենում իմ կյանքում։ Նրանք ջերմորեն միանում են իմ ուրախություններին, քանի որ իրենք էլ ինձ նման երկար սպասեցին իմ վատ օրերի ավարտին։
Պատրիցիան մեծանում է առանց զրկանքների։ Նա ունի իր էլեկտրոֆոնն ու ձայնապնակների հավաքածուն։ Այդ թվականներին դրանք երեխայի քաշով մեկ ոսկի արժեին։ Երբեմն նստում եմ դաշնամուրի առաջ ու նրան սովորեցնում ջազի վերածած «Լուսնի լույսի տակ» երգը։ Մայրս իր մոտ է պահում իմ լուսանկարների փաթեթը, որ նվիրում է մսավաճառին, հացագործին, նպարավաճառին, ընկերուհու աղջկան, ընկերոջ տղային ու տանտիրոջը, որ միշտ բարի է՝ անգամ այն ժամանակ, երբ ուշացնում ենք տան վարձը։
Ապագան պայծառ է երևում։ Հեղինակային իրավունքներս բարեկեցիկ կյանք են խոստանում։ Երբ հորս ասում են՝ «պարոն Ազնավուր», նրանց տեղն է նստեցնում՝ ասելով․
- Ազնավուրը տղաս է, ես Ազնավուրյան եմ։
Իմ փառքով տարված՝ հայրս ավելի ու ավելի արքայական թեյափողեր է բաժանում՝ բացատրելով․
- Հասկանո՞ւմ ես, տղա՛ս, չեմ ուզում, որ ասեն, թե դու մեծ փողեր ես վաստակում ու ծնողներիդ թողնում չքավորության մեջ։
Հայ դերասաններն ինձ հանդիպելիս ասում են․
- Բարև՛, Վարպե՛տ։ Ո՞նց ես, Վարպե՛տ։
Մեր ամենադժգոհ հարևանները կարծես մոռացել են, որ տարիներ շարունակ, գիշեր-ցերեկ, ցավեցրել եմ նրանց գլուխները՝ խուլի նման խփելով դաշնամուրի ստեղներին։
Ֆրանսիայում սկսում եմ անուն հանել։ Փարիզում արդեն ճանաչված եմ։ Ու մեր թաղում, հատկապես՝ մեր փողոցում, մեծ, հռչակավոր արտիստ եմ։
- Սա նոր կոստյո՞ւմդ է։
- Հա։
- Լսի՛ր, բարեկա՛մս, զահլեդ չի՞ գնում։
Անհարմար եմ զգում։ Փորձելով արդարացնել շքեղ հանդերձանքս՝ ասում եմ․
- Գիտե՞ք, մեր արհեստում ապրելակերպը կարևոր դեր է խաղում․․․
- Մի՛ արդարացիր, փոքրի՛կ, հո չե՞ս գողացել։ Վաստակել ես։
Առաջին կոստյումներս կարում էր Թեդ Լապիդուսը։ Արդեն սկսում եմ մերժել այն պայմանագրերը, որոնց փողը քիչ է, կամ գովազդը պատշաճ բարձրության վրա չէ։ Ժան-Լուիին, ով սկսեց կարճամետրաժ ֆիլմերով զբաղվել, որպես իմպրեսարիո փոխարինեց Ժակ Վերնոնը։ Ժակն իր պարի դասընթացներից հետո ամեն երեկո թափառում էր նորաձև կաբարեներում, թաղի կինոդահլիճներում ու բոլոր այն վայրերում, որտեղ կարելի էր պայմանագիր կնքել ինձ համար։ Սկսում եմ ոչ միայն պայմանագրեր ձեռք բերել, այլև՝ բարեկամներ ու կապեր արվեստի ասպարեզում։
Էվելինը հրճվանքի մեջ է։ Ապագայի ծրագրեր է կազմում։ Արդեն վայելում է ուսերին գցած ապագա թանկարժեք մուշտակի ջերմությունը։ Իրեն տեսնում է շքեղ զգեստով, ինձ թևանցուկ արած, Կաննի կինոփառատոնի երկար սանդուղքներով իջնելիս։
Նա պատրաստ է։ Պատրաստ՝ ընդունելու պրեմիերաների, շնորհավորանքների իր բաժինը։ Պատրաստ՝ իմ փոխարեն պատասխանելու լրագրողների հարցերին։ Նա արդեն գիտե, թե ինչ պրոֆիլով պետք է կանգնի ինձ, ներողություն, իրեն նկարելու եկած լուսանկարիչների առաջ։
Սեն Ռուստիկ փողոցի՝ իրար վրա դարսած անկողիններով երեք մետր լայնք ու երեք մետր երկարություն ունեցող մեր փոքրիկ սենյակին շուտով փոխարինեց գեղեցիկ թաղամասում գտնվող մի շքեղ բնակարան։ Նա իրեն տեսնում էր նաև անտիկվարների մոտ ու պատկերասրահներում։
«Օլիմպիայում» երեք շաբաթ տևող փառավոր ելույթս ավարտված է։ Կատարում եմ Ռանզուլլիի հետ կնքած պայմանագիրս։ Արվարձանի հանդիսատեսն էլ իր հերթին ծանոթացավ Փարիզի նորելուկ արտիստի հետ։ Գործերս լավ են ընթանում։ Նույնիսկ շատ լավ։ Ուսիս են խփում, ժպտում․․․ Բոլորի համար ես «այդ զիլ Շառլն» եմ։ Ժան Ռանզուլլին ձեռքերն է շփում ու ասում․
- Գրողը տանի, ի՜նչ հոտառություն ունեմ․․․
Կաննում ենք։ Տեղավորվեցի շքեղ հյուրանոցի ընդարձակ մի սենյակում։ Անհանգստություններս սկսվեցին․ ի՞նչ թեյադրամ պետք է տալ ինձ ուղեկցող տղային։ Եթե քիչ տամ, ժլատ կկարծեն։ Շատ տամ՝ չտես նորելուկ։ Աչքերս կկոցեցի, ձեռքս անփույթ մտցրի գրպանս, ու ինչ ընկավ ափիս մեջ՝ տվեցի։ Խոր ընդգծված ռևերանսն ու ներողամիտ հայացքն ինձ ասացին, որ դեռ շատ բան ունեմ սովորելու։
Վերջապես սենյակում մենակ եմ։ Մոտեցա պատուհանին։ Ծովի վրա բացվող տեսարանը հիանալի է, բայց և տվածս փողն էլ վատ չէ։ Գուցե, ինչպես առաջ, պետք է բավարարվեի բակ դուրս եկող պատուհանով։ Դե լավ, գրողի ծոցը կորչի ժլատությունը։ Ուսումնասիրեցի լոգասենյակը․ գրեթե երկու անգամ ավելի ընդարձակ է Փարիզի այն սենյակից, ուր ապրում ենք Էվելինի հետ։ Ընկալուչը վերցրի ու մի ձայնով, որ կուզենայի՝ վստահ ու թեթև հնչեր, խնդրեցի ճամպրուկներս վերև բերել։ Հետո տեղավորվեցի բազկաթոռին և, սիգարետը շուրթերիս, սպասեցի։ Ճամպրուկներս բերեցին։ Նորից թեյադրամ տվեցի։ Տղայի հայացքն այս անգամ դժգոհություն, գրեթե արհամարհանք էր արտահայտում․ քիչ եմ տվել․․․ Պետք է անպայման սովորել ընդունված չափը։ Ոչինչ, դա էլ կլինի։
«Ուրեմն այսպես՝ միլիոնատիրոջ նման բազմել եմ պալատում ու ձանձրանում եմ»։ Պետք է զբաղվել ինչ-որ բանով։ Ծովափ գնալու մասին խոսք անգամ լինել չի կարող, հատկապես՝ մենակ։ Մեծ կյանքն առանց գեղեցիկ աղջկա՝ մեծ չէ։ Ինձ պետք է տեսնեն նրա հետ ու հարցնեն․ «Ո՞վ է այդ գեղեցկուհին, որ Ազնավուրի հետ է»։ Ինչպես Ռոշն էր ասում, «պետք է միացնել օգտակարն ու հաճելին»։ Նա ինձ կերջանկացնի, մյուս կողմից էլ՝ գովազդ կանի։
Ուրեմն։ Դե լա՜վ․․․ Նստեցի սեղանի առաջ ու արեցի այն, ինչ միշտ արել եմ․ աշխատեցի։ Հանեցի թղթերս, հանգերի բառարանը դրեցի կողքիս, ուտելն ու խմելը մոռացած՝ անդադար ծխեցի ու աշխատեցի։
Երբ գլուխս բարձրացրի, արդեն գիշեր էր։
․․․ Հյուրախաղերը շարունակվում են։ Զգում եմ, որ արդեն «աստղ» եմ դառնում։ Փողոցում տղամարդիկ շուռ են գալիս, նայում ինձ։ Կանայք ինքնագրեր են խնդրում, մյուսներն ինձ հանդիպելիս երգերիցս մեկն ու մեկն են քթի տակ երգում՝ հասկացնելով, որ ճանաչել են ինձ։ Բայց ոչ մի բան հենց այնպես չի տրվում։ Ռեստորաններում հաշիվ փակելիս հերս անիծում են, խանութներում բարձրացնում են ապրանքների գինը։
Սկսում եմ նամակներ ստանալ անծանոթ մարդկանցից, ովքեր փող են խնդրում։ Սրանք «աստղ» դառնալու նախանշաններ են։
- Հենց որ սկսեն քեզնից փող ուզել կամ գողանալ,- զգուշացրել էր ինձ Էդիտը,- նշանակում է՝ դու ճիշտ ճանապարհի վրա ես։
Կամաց-կամաց վրա են տալիս շողոքորթ տզրուկները, իմ հաշվին ուտող-խմողները, նրանք, ովքեր ճանաչում են Փարիզի ամենագեղեցիկ աղջիկներին և պատրաստ են որպես միջնորդ ծառայել, բոլոր սնանկները, ձախողակները, ծույլերը, անշնորհքները․․․ Մի խոսքով՝ բոլոր մակաբույծները։
Աստիճանաբար, շոյված ու վարակված փաշայի նման, բազմում եմ նրանց մեջ։ Ես աքլոր եմ, սիրամարգ, «պիժոն», միամիտ, հիմար։ Մոռացած շատ անկեղծ, շատ փափկանկատ իսկական բարեկամներիս՝ հրճվում եմ, փքվում կուրտիզանների շրջապատում։
Եվ որպես բարիք
Հայտնում էի կարծիքս,
Որը ճիշտ էի գտնում՝
Անբռնազբոս կերպով աշխարհը դատելիս։
Տասնչորս հոգի են նրանք, ովքեր զարթնելուն պես ինձ իրենց գիրկն են առնում և բաց թողնում միայն անկողնում տեղավորելուց հետո։ Չեմ չափազանցնում, հաշվել եմ․ տասնչորս հոգի են նրանք, ովքեր պատ են կազմում և իմ հանգիստն ապահովելու պատրվակի տակ չեն թողնում որևէ մեկը մոտենա ինձ։
Նամակներս կարդում են ինձնից շուտ և դիտմամբ տեղյակ չեն պահում, որ մի բարեկամ, մի հին բարեկամ, իսկական բարեկամ փորձել է զանգ տալ կամ դուռս թակել։
Ես արդեն սեփական կարծիք չունեմ․ իրենք են հուշում պատասխաններս։ Էլ երկչոտ չեմ, ոչ էլ վայրենի կամ միայնակ։ Նրանց ներկայությունը վստահություն է տալիս ինձ։ Բռնակալ եմ դառնում։ Այդ բոլորը տևեց մի քանի ամիս՝ մինչև այն օրը, երբ «Վիլլա դ'Էստեի» ելույթից հետո նրանց հետ նստած կաբարեի հյուրանոցում՝ գարեջուր էի խմում։ Այդ սովորությունը ժառանգել էի Էդիտից։
Այդ գիշեր, մինչ նրանք զրուցում էին, մի լրագիր ընկավ ձեռքս, որտեղ ինձ վերաբերող հոդված կար։ Հոդվածը չար չէր, բայց նրբորեն հասկացնում էր ինձ, որ երես եմ առել։ Դա ինձ տակնուվրա արեց․ վճռեցի մենակ տուն վերադառնալ։
Տասնչորսը միանգամից ոտքի կանգնեցին․
- Ի՞նչ պատահեց, Շա՛ռլ։ Հիվա՞նդ ես։
- Վիրավորեցի՞ն քեզ։
- Ի սեր աստծո, ասա՛․ մենք քո բարեկամներն ենք․․․
- Գիտես, որ մեզ հետ վախենալու բան չունես։
Կանգնած եմ դռան շեմին։
- Բան չկա, տղանե՛ր, ձեզ մի տանջեք։ Հոգնածության նոպա է․․․ Բարի գիշեր, լավ զվարճացեք։
Արագ դուրս եկա, քանի դեռ չէին առաջարկել ուղեկցել ինձ։ Նետվեցի տաքսիի մեջ ու ահա տանն եմ։ Երկար ժամանակ է, ինչ միայնակ չեմ մնացել։ Ու ես, որ հազվադեպ եմ զննում ինձ, նստեցի հայելու առաջ, երկար նայեցի ինձ ու եկա այն եզրակացության, որ փայլուն չեմ։ Սկսեցի ինքս ինձ խոսել՝ մի բան, որ հաճախ էր պատահում։ Ինքս ինձ հարցեր տվեցի ու պատասխանեցի։
Ա՜յ քեզ բան․․․ Գրիչ վերցրեցի, որ ուրիշներին դատեմ, ի վերջո՝ ինքս ինձ դատապարտեցի։
- Ի՜նչ հիմարն եմ։
Գլուխ 43
Կդիմանա՞ ձայնս։
Այն օրվանից, ինչ սկսել եմ երգել, ձեռք են առնում ինձ։ Համարում են, որ ձայնս շղարշով է ծածկված, խռպոտ է։ Ոմանք էլ այն կարծիքին են, որ ընդհանրապես ձայն չունեմ։ Բայց եթե իմ ձայնը ծիծաղ է առաջացնում նրանց մոտ, ովքեր չեն կարողանում լսել ինձ (իսկ նրանք շատ են), ապա ինձ անհանգստացնում է։
Երբեմն ձայնս ուժեղ է լինում, բայց հաճախ հենց համերգի կեսին լքում է ինձ։
«Ալհամբրայի» ելույթից մի քանի օր առաջ, ինչին անհամբեր սպասում եմ ու վախենում, քանի որ գիտեմ՝ այդ երեկո կվճռվի իմ ողջ կարիերայի ճակատագիրը, որոշեցի դիմել բժշկի։
Շոշափեց կոկորդս, խոշորացույցով զննեց ու, նստելով գրասեղանի առաջ, ափսոսանքով ասաց․
- Ձեր ձայնալարերը գրեթե չեն գործում։ Դրանք չեն թրթռում, որովհետև մկանոտ չեն, թույլ են։ Ձեր բոլոր դժվարությունների աղբյուրը դա է։
- Իսկ ի՞նչ կարող եմ անել։
- Ոչինչ, սիրելի պարոն, ոչինչ։
- Իսկ վիրահատությո՞ւն։
- Ծիծաղելի կլիներ, քանի որ առանձնապես աննորմալ բան չկա։ Շատերն են Ձեր վիճակում։
- Ի՞նչ են անում նրանք։
- Չեն երգում։
Վճարեցի ու դիմեցի երգի դասատուի։ Երեք դասից հետո նա ասաց․
- Ես Ձեզ սովորեցրի այնպես շնչել, որ ձայնալարերը քիչ հոգնեն։ Ուրիշ ոչինչ անել չեմ կարող։ Ձեր տեղը որ լինեի, մասնագիտությունս կփոխեի։
Վճարեցի ու տուն վերադարձա։ Ճաշի ժամանակ մերոնց հայտնեցի երգի դասատուի ու բժշկի կարծիքները։ Հայրս, որ ուժեղ, հստակ, ամուր ձայն ուներ և երգում էր լավ ուտելուց ու խմելուց հետո, հառաչեց․
- Ա՜հ, ինչեր չէի տա, որ իմ ձայնը քոնը լիներ․․․
Իսկ ես մտածում եմ, որ վերջին հաշվով իմ ձայնը մեր սերնդի ձայնն է։ Իհարկե, նվազ գեղեցիկ, բայց՝ կոչված այլ բան ասելու, կոչված կիսաձայն երգելու սիրո գիշերները։ Մի ձայն, որ համապատասխանում է իմ գրած երգերին։ Լա՜վ, կտեսնենք։
Որոշեցի էլ չզբաղվել դրանով։ Կերգեմ իմ ձայնով։ Եթե դիմանա՝ լա՛վ, իսկ եթե խզվի, այնպես կանեմ, թե, իբր, այդպես էլ պետք է։
Բացի այդ՝ նկատեցի, որ վերջերս որքան ավելի շատ արհամարհում եմ, չեմ հետևում ձայնիս, այնքան ուժեղանում ու ծավալ է ստանում։
Մեկ ուրիշ մանրուք ևս․ նկատեցի, որ երբ նվագախումբը խլացնում է ձայնս, և ինքս ինձ չեմ լսում, ավելի եմ հոգնում։ Ու որոշեցի այլևս գործիքների մոտ միկրոֆոններ չդնել։
- Բայց ոչ ոք նման բան չի անում,- ասաց Դենին։
- Ավելի լավ, ես առաջինը կլինեմ։
«Ալհամբրայի» ելույթի համար գնեցի անհրաժեշտ սարքավորումներն ու տեղադրեցի։ Ինքս ինձ լավ լսելու ու մի քիչ հոգնելու համար երկու «վկա» բարձրախոսներ դրեցի բեմում՝ իմ ետևում։ Փորձեցի, լսեցի ինձ։ Լա՛վ է։
Մեծ երեկոյի օրն եկավ։ Նյարդայնացած, տագնապահար՝ վերջին փորձն եմ ղեկավարում և շտկում լուսավորությունը։ Գոռում եմ․
- Ո՛չ։ Միացրեք վերևի կարմիր լույսն ու սպիտակ լուսարձակը։
- Բայց, Շա՛ռլ, սպիտակ լույսը սխալ է։
- Ինձ սպիտակն է պետք․ իմ երգերը առողջ երգչի համար չեն, այլ դժգույն սիրահարի։
- Այդ կապույտ լույսը շատ բաց է։ Տվե՛ք ինձ մուգ կապույտը։ Ես սիրո մտերմիկ խոստովանություն եմ երգում․ լույսը պետք է թույլ լինի։
- Չունենք, Շա՛ռլ։ Ախր դա այնքան էլ կարևոր չէ։
- Գտե՛ք։ Ընդհակառակը՝ շատ կարևոր է։ Ինչ է, դու լույսի տա՞կ ես սիրում։
Փորձն ավարտված է։ Ամեն ինչ կարգին է։ Գնում, պատրաստվում եմ․ հարդասենյակն ինձ համար կարևոր վայր է, այստեղ է, որ պիտի շատ երեկոներ անցկացնեմ։ Ուրեմն անհրաժեշտ է, որ ես ինձ լավ զգամ այստեղ։ Բազկաթոռներից մեկը տեղափոխում եմ ու տեղավորում իրերս։
- Մի վարագույր բերեք։ Չեմ ուզում, որ տեսնեն լվացարանը, սոսկալի է։
Կուլուարներում ինչ-որ մեկը փարիզյան առոգանությամբ ատամների արանքից ասում է․
- Զզվեցրեց այդ հիմարը։ Պատկերացնում եմ՝ ինչե՜ր կանի, եթե մի օր հայտնի արտիստ դառնա․․․
Վարագույրը բերեցին։ Տեղավորեցի։ Հարդասենյակում ետուառաջ եմ անում։ Ինչ-որ բան պետք է անել, ինչ ուզում է լինի, միայն թե մոռանամ սարսափս։ Խուճապի եմ մատնված և մահու չափ վախենում եմ։
Ինձ ստիպում եմ հանգիստ ձևանալ, բայց անդադար ծխում եմ։ Մտածում եմ՝ հո չե՞մ մոռացել բեմական զգեստս, շապիկս, կոշիկներս, գուլպաներս․․․ Աստված իմ, ճարմանդներս չկան։ Գժի նման դուրս թռա և թատրոնով մեկ բղավեցի․
- Տղե՛րք, ո՞վ կարող է ինձ ճարմանդներ տալ։
Ետ դարձա ու տեսա, որ դրանք թևքիս են․ արդեն անց էի կացրել՝ վախենալով կորցնել։ Նորից դուրս եկա հարդասենյակից և տղաներին զգուշացրի․
- Գնում եմ մի կտոր սենդվիչ ուտելու։ Եթե ինձ հարցնեն, ասեք, որ շուտով կվերադառնամ։
Նյարդեր հո չեն, զսպանակներ են։ Վազքով գնացի անկյունի գինետունը։ Առաջ, երբ ժամանակ ունեի հանգիստ ճաշելու, միջոցներ չունեի, իսկ հիմա, երբ սկսում եմ միջոցներ ձեռք բերել, ժամանակ չունեմ։ Սկսեցի հուպ տալ սենդվիչը, ուտելու ոչ մի ցանկություն․ շատ եմ պրկված, շատ եմ հուզված։ Յուրաքանչյուր կուլ տված պատառը արճիճի մի գունդ է դառնում ու գնում թաղվում է ստամոքսիս մեջ։
- Չի՞ գնում,- հարցրեց մատուցող տղան, ով ինձ ճանաչել էր։
- Վաղն ավելի լավ կգնա։
Այո՛, վաղը տագնապը կանցնի։ Վաղը կամ հայտնի արտիստ կդառնամ, կամ այլևս ոչինչ։ Նայում եմ պատի ժամացույցին՝ 17-ն է։ Դեռ չորս ժամ կա։ Ահագին ժամանակ ունեմ նյարդերս սղոցելու համար։ «Ալհամբրայի» տղաներից մեկն եկավ ու ասաց, որ այն երկու լուսանկարիչները, որոնց ժամադրել էի, եկել են։ Վազքով գնացի․ մամուլին չեմ սպասեցնում։ Պատճառը ոչ թե ժողովրդականություն ձեռք բերելու ծարավն էր, այլ այն, որ անցյալում ամեն ինչ կտայի, միայն թե լրագրում մի տող գրեին իմ մասին, մի լուսանկար տպեին։
Լուսանկարիչներին մի լրագրող է ընկերակցում։ Նրան առաջին անգամն եմ տեսնում։ Բայց նա ինձ «Շառլ» է անվանում․ կարծես հին ընկերներ լինենք։ Մտածում եմ, որ այդ մտերմությունը երկակի իմաստ ունի՝ կա՛մ ես բավականին մեծ չեմ, որպեսզի հարգալիր վերաբերվեն ինձ, կա՛մ սկսում եմ հայտնի դառնալ, ու ինքնասիրությունը շոյված լրագրողը մի օր կասի՝ «Ազնան ընկերս է»։
- Այնպես պահեք ձեզ, կարծես մենք այստեղ չենք, որպեսզի նկարները բնական ստացվեն,- ասաց լուսանկարիչներից մեկը։
Նա մի կողմ քաշեց վարագույրը և մագլցեց լվացարանի վրա, որն սկսեց ճռռալ՝ պատրաստ փուլ գալու։ Նրա գործընկերը պառկեց գետնին՝ ոտքով մի ակամա հարված հասցնելով կիթառին, և բացատրեց․
- Այսպես երկուսով նույն անկյուններից ու նույն արտահայտությունները նկարելու ռիսկից զերծ կլինենք։
- Արեք ինչ ուզում եք, տղաներ, բայց դուք ինձ այնքան էլ բնական չեք թվում։
Բոլորը ծիծաղեցին։ Հետո լուսանկարիչները ցանկություն հայտնեցին ինձ փողոցում նկարել՝ «Ալհամբրայի» աֆիշի առաջ, ուր առաջին անգամ թագավորում էր իմ անունը։ Դուրս եկանք։
- Միայն մի հարց, Շա՛ռլ, և Ձեզ հանգիստ կթողնեմ։
- Համաձայն եմ։
- Ահա՛, ասում են, որ Դուք աշխատում եք ստրուկի նման։
- Ինձ թվում է՝ ոմանք ծնվում են հանգիստ կյանք վարելու համար։ Բայց երբ մի օր կյանքը նրանց ստիպում է աշխատել, սոսկալի դժվարությունների են հանդիպում։ Ուրիշները ծնվում են աշխատելու համար․ սրանք երբեք չգիտեն՝ ինչ բան են հանգիստն ու արձակուրդը։ Ես այս վերջիններից եմ։ Ես պետք է հանգստանալ սովորեմ․ ինձ համար նույնքան դժվար է և հոգնեցուցիչ ոչինչ չանելը, ինչ՝ ոմանց համար աշխատելը։
- Ինչո՞ւ եք այդքան շատ աշխատում։
- Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Ինձ մոտ դա ֆիզիկական ու հոգեկան պահանջ է։ Ես կարծում եմ, որ աշխատանքն ապացուցում է իմ՝ ողջ լինելը։ Եվ հետո՝ գիտեմ նաև, որ մի օր (հուսով եմ, որ շատ հեռու է այդ օրը) հանգստանալու շատ ժամանակ կունենամ։
- Այդ որտե՞ղ, Շա՛ռլ։
- Հավիտենական հանգստում։
Տառապեցի, սակայն ի՜նչ փույթ,
Երբ վշտերս մեռան ամեն․
Գիտեմ՝ ինձ քո դուռն է տանում
Ճանապարհը հավերժության։
Ահա արտիստական մուտքի մոտ ենք։ Հրաժեշտից առաջ լրագրողը հարցրեց․
- Ի՞նչն է կյանքում Ձեզ աջակցել։
- Այն, որ բախտ չեմ ունեցել․ իմ ուժն անշուք արտաքինս է եղել, յուրահատուկ ձայնս, սովորական դեմքս, որի մեջ ուզածդ մարդը կարող է գտնել իրեն։ Ասում են, որ ես նման եմ հազարավոր այլ մարդկանց։ Դա ինձ չի վիրավորում, ընդհակառակը՝ ուրախացնում է։
- Շնորհակալ եմ, Շա՛ռլ։ Հաջողություն եմ ցանկանում այս երեկոյի համար։
Նորից մտա հարդասենյակս և նյարդերս հանդարտեցնելու համար վերցրի շախմատը, շարեցի ֆիգուրներն ու ինքս ինձ հետ մի պարտիա խաղացի։
COMMENTS