Կինոցուցադրությունները նպատակ ունեն մայրաքաղաքում կենտրոնացած մշակույթը տեղափոխել մարզեր։
«Սոսե» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, ինչպես և խոստացել էին, սկսել են կինոդիտումներ անցկացնել մարզերի՝ մոռացության մատնված կինոթատրոններում։ Կինոփառատոնի կազմակերպիչները մտադիր են իրենց այդ նախաձեռնությամբ պատասխանատուների ուշադրությունը սևեռել չգործող կինոթատրոնների խնդրին և բարձրացնել դրանք գործարկելու հարցը։ Մյուս կողմից՝ փառատոնի կինոցուցադրությունները նպատակ ունեն մայրաքաղաքում կենտրոնացած մշակույթը տեղափոխել մարզեր։
Օրեր առաջ Դիլիջան քաղաքի «Դիլիջան» կինոթատրոնում տեղի ունեցավ հերթական ցուցադրությունը, որն ընթացավ բազմամարդ դահլիճում։ Այստեղ շուրջ 20 տարի կինոցուցադրություն չէր եղել, թեև, որքան էլ զարմանալի է, չգործող կինոթատրոնն ունի լավ պահպանված դահլիճ և կինոէկրան, ինչի մասին մայրաքաղաքի մի շարք չգործող կինոթատրոններ կարող են միայն երազել։ Կինոփառատոնի շրջանակներում «Դիլիջան» կինոթատրոնում ցուցադրվել են Ռոման Ժիգալովի (ՌԴ) «Անտառը» լիամետրաժ ֆիլմը և «Միգուցե վաղը» (Մարտին Իլիև, Բուլղարիա), «Դանիէլ» (Կարօ Պէրպէրեան, Մեծ Բրիտանիա), «Բարի օր» (Դաշա Չարուսա, ՌԴ), «Թևեր» (Զուրաբ Ժիժիլավա, ՌԴ), «Մայիսյան օր» (Օլիվիե Մեգիս, Ֆեդրիկ դը Բոլ, Բելգիա) կարճամետրաժ ֆիլմերը։
Եղեգնաձորի «Արագիլ» կինոթատրոնում պատկերն այլ է․ այստեղ հնարավոր չէ ներսում կազմակերպել կինոցուցադրություն, այդ իսկ պատճառով կինոփառատոնի կազմակերպիչները ցուցադրությունները տեղափոխել են կինոթատրոնի հարակից հրապարակ։ Բացօթյա կինոցուցադրությունները ևս անցկացվում են մոռացված ու կիսաքանդ «Արագիլ» կինոթատրոնի մասին հիշեցնելու նպատակով։ Այստեղ հոկտեմբերի 2-ին ցուցադրվել են «Մշուշոտ պաստելային նկարչություն» (Սևադա Ուսանoղլու, Թուրքիա), «Կավ. սեր» (Այգուլ Ախամբիևա, Ղազախստան), «Ընտրության խնդիր» (Ալեքսանդր Դրոզդով-Տիխոմիրով, ՌԴ), «Ռուսական մահ» (Վլադիմիր Միրզոև, ՌԴ), «Հինգշաբթի» (Սուրո կրտսեր, ՌԴ) կարճամետրաժ ֆիլմերը։
Եղեգնաձորի կինոցուցադրությանը ներկա է եղել նաև Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանը։ Նրա կարծիքով` «Սոսեի»՝ մարզերում կինոցուցադրություններ կազմակերպելու նախաձեռնությունը հրաշալի հնարավորություն է ոչ միայն չգործող կինոթատրոնների վրա ուշադրություն սևեռելու, այլև ընդհանրապես մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու ուղղությամբ. «Եթե մենք ուզում ենք, որ երկիրը հավասարաչափ զարգանա, պետք հավասար իրավունքներ ունենան բոլոր մարզերի, քաղաքների ու համայնքների բնակիչները, այդ թվում՝ նրանց համար հասանելի դարձնենք մշակութային միջոցառումները։ «Արագիլ» կինոթատրոնը մշտապես եղել է հանդիպումների խորհրդանշական վայր, ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ՝ կինոթատրոնի դիմաց տեղի ունեցավ «Սոսե» կինոփառատոնի, հանդիսատեսի ու կինոյի հանդիպումը։