«Չկա ավելի խոր միայնություն, քան սամուրայի միայնությունն է, բացի, թերևս, ջունգլիներում վագրի միայնությունից»։ Բուսիդո
Այս տարի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնը բացվեց ուկրաինացի ամերիկաբնակ ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու «Վահրիճը և սև քառակուսին» ֆիլմով, որը 2014թ-ից ի վեր ճանապարհորդում է փառատոնից փառատոն՝ ամենուր արժանանալով ջերմ արձագանքի ու բարձր գնահատականի։ Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ ֆիլմի հերոսն ու ֆիլմի հեղինակը լիովին ներդաշնակ են միմյանց՝ թե՛ աշխարհընկալմամբ, թե՛ ճակատագրով, թե՛ մտածողությամբ։ Ո՞վ էր Զագդանսկու հերոսը, ինչո՞ւ էր ընտրվել հենց այդ հերոսը, ի՞նչ էր կատարվել ֆիլմի նկարահանումների տասնմեկ տարիների ընթացքում․․․ Ինչո՞ւ և ինչպե՞ս է այս ամենը շաղկապվում Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսու» հետ։
Այս տարի հայազգի նշանավոր նկարիչ և գրող-կոնցեպտուալիստ Վահրիճ Բախչանյանը կդառնար 80 տարեկան։ Սակայն նա, ով խորհրդային շրջանի ամենատաղանդավոր ու ինքնատիպ այլախոհների հետ դասվում էր նույն շարքում, նախընտրեց ինքը սահմանել իր կյանքի տևողությունը՝ հոբելյաններ տոնելու փոխարեն թողնելով հիշատակը մոռացության չմատնելու տարբերակը։ Մյուս տարի կլրանա Վահրիճի մահվան 10-ամյակը։ Ինքնասպանություն։ Իր դավանանքին մինչև վերջ հավատարիմ այլախոհի էքզիստենցիալիստական ընտրություն։ 2003թ-ին, երբ Զագդանսկին Մ․ Նահանգներում սկսեց Վահրիճի մասին ֆիլմի նկարահանումները, նրա հերոսը դեռևս ողջ էր։ Ահա նա՝ փոքրամարմին, ճերմակած, իր կյանքի տասնամյակները կաղապարների դեմ պայքարներում անցկացրած, ինտելեկտ, հումոր ու կենսասիրություն ճառագող աչքերով, օտար երկրում, սակայն՝ իր սիրելի քաղաքային նստարանին նստած, տեսախցիկի առջև մինչև վերջ անկեղծ։ Նա պատմում է իր օրագրերի մասին, որոնք լրացնում է ամեն օր՝ մեկ տողանոց, հակիրճ գրառումներով, լրացնում է՝ տարիների գրակույտում կարևորելով յուրաքանչյուր օրը, քանզի կյանքը կարճ ու անկանխատեսելի է, և կենսասերի օրերից ոչ մեկն անդեմ ու անանուն չէ։
Նկարահանումներն ավարտվեցին 2014-ին՝ Վահրիճի մահից հինգ տարի անց։ Ողբերգական հանգամանքների բերումով՝ տեսախցիկը հերոսին ուղեկցեց կյանքի ընթացքում և կյանքի ավարտից հետո։ Ահա նույն տեսախցիկը մանհեթենյան սգո սրահներից մեկում է, անմոռանալի մի կադր, որում մեկտեղված են հանգուցյալի անվրդով կիսադեմը և օտար ափերում ճակատագիրը նրա հետ կիսած ընկերների հուզական կամ զուսպ ճառերը։ Ապրված կյանք, որի լույսի աղբյուրը հենց ինքն է, իսկ շուրջը՝ մալևիչյան սև քառակուսին, միշտ նույն սև քառակուսին։
«Չկա ավելի խոր միայնություն, քան սամուրայի միայնությունն է, բացի, թերևս, ջունգլիներում վագրի միայնությունից»։ Սամուրայների պատվո օրենսգրքից՝ Բուսիդոյից մեջբերված այս խոսքերը, որոնք Զագդանսկին ծառայեցրել է որպես բնաբան իր ֆիլմի համար, համահունչ են Վահրիճի կերպարին։ Կան կերպարներ, որոնք սիրվում են անմիջապես ու ընդմիշտ։ Վահրիճ Բախչանյանն այդպիսի կերպար էր։ 1974-ին, երբ նա խորհրդային իշխանություններից ստացավ կնոջ հետ միասին արտագաղթելու թույլտվություն, նրան ճանապարհելու էր եկել մոսկովյան գրեթե ողջ մտավորականությունը։ Մ․ Նահանգներում նա, Սերգեյ Դովլաթովի և Իոսիֆ Բրոդսկու հետ միասին, դառնում է ռուսաստանյան սփյուռքի ամենավառ դեմքերից մեկը։ Նրան համարում էին նոր ժամանակների վերջին ֆուտուրիստը։ Միաժամանակ խոստովանում էին, որ նրան դժվար է ընկալել որպես արվեստի որոշակի ուղղության հետևորդի։ Նրա մասին ասում էին, թե ի բնե զուրկ է փառասիրությունից։ Ավելացնում էին, թե, գուցեև, հենց փառասիրության պակասը կամ բացակայությունն էր, որ նրան հեռու էր պահում գեղանկարչական կտավներ ստեղծելուց։ Գուցեև՝ իր ժամանակից ու ժամանակակիցներից մարգարեաբար առաջ անցած մտածողությունը և մտավախությունը, թե բովանդակազուրկ դարձած գեղանկարչությունը սպառել է իրեն։
Նա Հայաստանում երբևէ չի եղել։ Ծնվել էր Խարկովում, այնուհետև տեղափոխվել էր Մոսկվա, ապա՝ կարճատև հանգրվան Ավստրիայում, և, ի վերջո, մշտական բնակություն Մ․ Նահանգներում։ Երբ չորս տարեկան էր, մայրը հեռացավ՝ որդուն թողնելով հոր խնամքին։ Հետագայում Վահրիճն ասում էր, թե ինքը հայ է 150 տոկոսով, որովհետև նույնիսկ իր խորթ մայրը հայ էր։ Իր տեսակով ու մտածողությամբ նա ամենևին «խորհրդային մարդ» չէր, նրա պարագայում ավելի կհամապատասխաներ «աշխարհի քաղաքացի» բնորոշումը։ Նա երբեք չէր ենթարկվում ընդունված կանոններին, թելադրված սցենարներին, հասարակական կարծիքին։ Յոթերորդ դասարանն ավարտելով՝ դադարեց հաճախել դպրոց։ Նկարչությունը նրա միակ կիրքն էր։ Ընդունվեց Խարկովի դեկորատիվ արվեստի ստուդիա, հրապուրվեց ավանգարդ արվեստով։ Զինծառայությունից հետո աշխատեց գործարաններում՝ որպես նկարիչ-ձևավորող։ Ամուսնացավ Իրինա անունով աղջկա հետ, ով մինչև վերջ մնաց նրա կողքին՝ հաղթահարելով այլախոհ ամուսնուն բաժին հասած փորձություններն ու դժվարությունները։ Նրա առաջին ամենամեծ երազանքը անհատական ցուցահանդես ունենալն էր։ Երազանքն իրականություն դարձավ, սակայն՝ ամենաանսովոր ձևով․ խարկովյան բնակելի շենքերից մեկի բակում, հենց շենքի պատին և գետնին, շարվեցին նրա նկարները՝ տարօրինակ, «հակախորհրդային», պրովոկացիոն աշխատանքներ, որոնք դիտելու հնարավորություն ուներ յուրաքանչյուր անցորդ։ Վահրիճը չէր թաքնվում։ Իհարկե, ամենատես գրաքննության արձագանքը չուշացավ։ Եղան քննադատական հրապարակումներ մամուլում, մեղադրանքներ աշխատավայրում, որտեղ ավանգարդ արվեստը, մեղմ ասած, անընդունելի էր բանվորների համար։ Ի վերջո, հասարակական կարծիքի ճնշման ներքո Վահրիճը կնոջ հետ միասին լքեց քաղաքը։ Նա տեղափոխվեց Մոսկվա՝ ակնկալելով, որ այնտեղ կկարողանա գտնել համախոհներ։
«Աշխարհին պետք է նայել այնպես, ասես տեսնում ես առաջին անգամ»,- իր ֆիլմում Կառլոս Կաստանեդայի հայտնի միտքն է հնչեցնում Անդրեյ Զագդանսկին։ Վահրիճը հենց այդպես էլ ընկալում էր աշխարհը, և այդ ընկալումն ավելին էր, քան սոսկ լավատեսությունը կամ վատատեսությունը։ Նա միշտ պատրաստ էր ամեն ինչ սկսելու նորից։ Մոսկվայում բնակվելու յոթ տարիների ընթացքում նա 12 անգամ տեղափոխվեց մի վարձակալված բնակարանից մյուսը, այդպես էլ չստացավ մոսկովյան գրանցում՝ շարունակաբար մերժվելով, ունեցավ ընդամենը մեկ անհատական ցուցահանդես, այն էլ՝ մոսկովյան սրճարաններից մեկում, տարածքը միայն մեկ երեկո զբաղեցնելու թույլտվությամբ, սակայն, փոխարենը, ձեռք բերեց հիանալի համախոհ ընկերներ, աշխատանք, որն ընձեռեց ազատ ստեղծագործելու հնարավորություն, և լայն ճանաչում։ «Արվեստում նա ուներ սեփական տարածությունը, որտեղ միանձնյա տիրակալ էր»,- արդարացիորեն փաստել է նկարչի ընկերներից մեկը։ Վահրիճի համար ինքնարտահայտման նոր և վաղուց սպասված ասպարեզ դարձավ «Լիտերատուրնայա գազետա» թերթը, որը մեծ հեղինակություն էր վայելում ընթերցողական շրջանակներում, ուներ պատկառելի տպաքանակ և զգալիորեն ավելի մեծ ազատություն՝ այլ պարբերականների համեմատ։
Թերթի վերջին՝ հումորային էջի ձևավորումը վստահված էր լավագույն ծաղրանկարիչներին, որոնցից մեկն էլ դարձավ Վահրիճը։ Շատերը թերթը գնում էին նախևառաջ նրա հումորային նոր գլուխգործոցները տեսնելու համար։ Երգիծական տեքստերի ճանաչված հեղինակները խոստովանում էին, որ Վահրիճի ծաղրանկարները ստվերում էին թողնում իրենց աշխատանքները։ Հետագայում, արդեն Մ․ Նահանգներում, այդ նույն միտքն արտահայտել է նաև իր անկրկնելի հումորով հայտնի Սերգեյ Դովլաթովը, ով, Բախչանյանին պաշտելով հանդերձ, չէր ցանկանում, որ նա ձևավորի իր գրքերի շապիկները՝ մտավախություն ունենալով, թե դրանք կարող են լինել շատ ավելի հիշարժան, քան իր գրական ստեղծագործություններն են։ 1983-ին, երբ Վահրիճը գրողներ Ալեքսանդր Գենիսի և Պյոտր Վայլի հետ միասին Նյու Յորքում սկսեց հրատարակել «Յոթ օր» ամսագիրը, երկու գործընկերներն էլ շատ շուտով միաբերան հայտարարեցին, թե ամսագրի հաջողությունը պայմանավորված է բացառապես Վահրիճի նկարազարդումներով ու ձևավորած շապիկներով։
Երբ Վահրիճը Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում իրականացրեց «Ռուսական քարոզչության արվեստ» ակցիան, նրան ոչ միայն չհասկացան, այլև, թանգարանի ղեկավարության պահանջով, քաղաքավարի խնդրեցին հեռանալ։ 2003-ին նա երկարամյա ընդմիջումից հետո ժամանեց Մոսկվա և ներկա գտնվեց իր աշխատանքների ցուցադրությանը։ Ժամանակները փոխվել էին, այլևս չկար երբեմնի գրաքննությունը, սակայն գիտակցումը, որ լավագույն տարիներն արդեն անցյալում են, չէր կարող չտխրեցնել։ Նա չէր կարող իմանալ, որ իր մահից հետո հետաքրքրության ու մեծարանքի մի նոր, աննախադեպ ալիք է բարձրանալու իր անձի ու ստեղծագործության շուրջ։ Ցուցահանդեսների շարք Մոսկվայում, Խարկովում, Կիևում, Նյու Ջերսիում։ Նրա գրքերի և նրա մասին գրքերի հրատարակում ու վերահրատարակում, հարցազրույցներ ու գրախոսականներ մամուլում։ Ցուցահանդես կազմակերպվեց նաև Երևանում՝ Վահրիճի այրու՝ Իրինա Բախչանյանի և ռեժիսոր Անդրեյ Զագդանսկու մասնակցությամբ։
Սրտի վիրահատությունից հետո Վահրիճը, ընկերների վկայությամբ, բողոքում էր ծանր գլխացավերից ու ականջներում լսվող աղմուկից։ Դեղամիջոցներն օգնում էին, սակայն, միաժամանակ, նաև անդառնալիորեն փոխում էին նրան։ Իսկ նա չէր ուզում փոխվել։ Եվ նա կատարեց իր՝ այլախոհի ընտրությունը․ հեռանալ՝ մնալով այնպիսին, ինչպիսին կա և եղել է։ Նա, ով երբևէ չէր եղել Հայաստանում, սակայն ասում էր, թե ինքը հայ է 150 տոկոսով, վերջին կամքը հայտնելիս ցանկացավ տեսնել իր նախնիների երկիրը։ Կինը կատարեց Վահրիճի վերջին կամքը՝ նրա աճյունափոշին սփռելով Գեղամա լեռներում։ Եվս մի անմոռանալի կադր։ Թերևս, այդ պահին, սարերի բարձունքի ու երկնքի միջև, նա գտավ իր երազած ազատությունը։
Անուշ Բաբայան
աղբյուրը՝ Հրապարակ մշակութային հավելված
COMMENTS