«Իմ առաջին տպավորությունը «Լոլիտայից»՝ զայրույթ, ափսոսանք, հաճույք»։ Նաբոկովը՝ Կուբրիկին
1967թ-ին էկրաններին է հայտնվում Թրումեն Կապոտեի «Սառնարյուն սպանություն» վեպի հիման վրա ստեղծված ֆիլմը (ռեժիսոր՝ Ռիչարդ Բրուքս)։ Ամերիկյան գրականության ամենահայտնի ստեղծագործություններից մեկի էկրանավորումը ոչ միայն չորս անգամ նոմինացվում է «Օսկարի» և մեծ շահույթ ապահովում կինովարձույթում, այլև արժանանում է Կապոտեի գովասանքին, ով, ի դեպ, արդեն հասցրել էր ջախջախիչ քննադատության արժանացնել իր մեկ այլ՝ «Նախաճաշ Տիֆանիի մոտ» վեպի էկրանավորումը։ Ստորև կանդրադառնանք այլ հանրահայտ գրական ստեղծագործությունների էկրանավորումներին՝ բացահայտելով, թե ինչ կարծիքի են եղել հեղինակներն իրենց վեպերի հիման վրա ստեղծված ֆիլմերի մասին։
1․ «Նախաճաշ Տիֆանիի մոտ» (1961թ)
ռեժիսոր՝ Բլեյք Էդվարդսսցենարի հեղինակ՝ Ջորջ Ակսելրոդ
մրցանակներ՝ երկու «Օսկար», երկու «Ոսկե գլոբուս», մեկ «Գրեմմի»։ Ըստ Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի՝ կինոյի պատմության լավագույն ֆիլմերից մեկը։
Գրքի հեղինակ Թրումեն Կապոտեի՝ Էդվարդսի ֆիլմի հանդեպ տածած ատելությունը հեշտությամբ կարելի է բացատրել․ սցենարն անճանաչելիության աստիճան փոփոխված է, բավական է միայն հիշել, որ համասեռամոլ գլխավոր հերոսը ֆիլմում վերածվել է հերոսուհու ռոմանտիկ երազանքները մարմնավորող տղամարդու։ Ի դեպ, Կապոտեն իր հերոսուհու դերում ցանկացել է տեսնել Մերիլին Մոնրոյին։ Այնուամենայնիվ, ինչպես պնդում է Էդվարդսը, Կապոտեի գլխավոր մտահոգությունը վերոնշյալ փաստերը չէին, այլ այն, որ նա ինքն էր ցանկանում մարմնավորել գլխավոր հերոսին և այդպես էլ չկարողացավ ներել ռեժիսորին՝ իրեն կտրուկ մերժելու համար։
«Կինոյի պատմության մեջ դերասանական կազմի վատագույն ընտրությունը։ Սիրտս խառնում է այս ֆիլմից»։ Թրումեն Կապոտե
2․ «Ռազմադաշտային հոսպիտալ» (1969թ)
ռեժիսոր՝ Ռոբերտ Օլթմենսցենարի հեղինակ՝ Ռինգ Լարդներ-կրտսեր
մրցանակներ՝ «Ոսկե արմավենի» Կաննի կինոփառատոնում, «Օսկար»՝ լավագույն ադապտացված սցենարի համար։
Վիրաբույժ Ռիչարդ Հուքերի՝ Կորեական պատերազմի տարիներին ամերիկյան ռազմական հոսպիտալի կենցաղը նկարագրող հերոսական-հայրենասիրական հուշագրությունները աղբյուր դարձան կինոյի պատմության մեջ հակամիլիտարիստական լավագույն սև կատակերգություններից մեկի ստեղծման համար։ Ֆիլմի սցենարը կարդալուց հետո Հուքերը սարսափար է լինում և բազմաթիվ նամակներով դիմում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը՝ հայտարարելով, թե իր վեպն էկրանավորվում է «թմրամոլների ու հիպպիների» կողմից, և պահանջելով «համապատասխան միջոցների ձեռնարկում»։ Ի պատասխան՝ Օլթմենը վերջինիս հրապարակայնորեն «ֆաշիստ» է անվանում՝ ֆիլմում ընդհանրապես ոչ մի փոփոխություն չանելով։
«Ես պահպանողական հանրապետական եմ և ոչ մի առնչություն չունեմ այս պացիֆիստական զառանցանքի հետ»։ Ռիչարդ Հուքեր
3․ «Մերի Փոփինս» (1964թ)
ռեժիսոր՝ Ռոբերտ Սթիվենսոնսցենարի հեղինակներ՝ Բիլ Ուոլշ, Դոն ԴաԳրադի
մրցանակներ՝ հինգ «Օսկար», բյուջեն՝ 4 մլն դոլար, շահույթը՝ 100 մլն դոլար։
Ուոլթ Դիսնեյը ավելի քան 20 տարի փորձում էր գնել «Մերի Փոփինսն» էկրանավորելու իրավունքը։ Համանուն վիպաշարի հեղինակ Պամելա Տրևերսը հանձնվում է լոկ այն ժամանակ, երբ նրան խոստանում են լիակատար վերահսկողության իրավունք ապագա ֆիլմի սցենարի ու երաժշտության նկատմամբ։ Այնուամենայնիվ, այդ խոստումները չեն իրագործվում․ չնայած հեղինակի անհամաձայնությանը՝ ֆիլմում հայտնվում է անիմացիա, պատճաշ կերպով չեն ներկայացվում անգլիական կենցաղն ու վարքուբարքը, և, վերջապես, գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Տրևերսի կարծիքով «չափից դուրս գեղեցիկ» Ջուլի Էնդրյուսը։
«Ֆիլմը դիտելիս արտասվել եմ։ Այդ ի՞նչ էին արել, Աստվա՛ծ իմ»։ Պամելա Տրևերս
4․ «Լարովի նարինջ» (1971թ)
ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկսցենարի հեղինակ՝ Սթենլի Կուբրիկ
նոմինացիաներ՝ չորս «Օսկար», երեք «Ոսկե գլոբուս», բյուջեն՝ 2 մլն դոլար, շահույթը՝ 26 մլն դոլար։
Էնթոնի Բյորջեսն անհիմն բռնության մասին իր համանուն վեպը ստեղծել է սեփական ողբերգության հիման վրա․ 1944թ-ին, երբ Բյորջեսը ծառայում էր բանակում, Լոնդոնում ռմբակոծության ժամանակ մի խումբ երիտասարդներ բռնաբարում են նրա հղի կնոջը։ Հետագայում պարզ է դառնում, որ վերջիններս ամերիկացի դասալիք զինվորներ են եղել։ Այդ իսկ պատճառով, երբ Կուբրիկը փոխում է վեպի վերջաբանն ու «Լարովի նարինջը» վերածում է դաժանության երգիծական հիմնի, Բյորջեսը բարկանում է և արգելում իր ստեղծագործությունների հետագա էկրանավորումները։
«Իմ գիրքը հումք դարձավ սեքսն ու բռնությունը փառաբանող ֆիլմի համար։ Ֆիլմի պատճառով վեպիս ապագա ընթերցողներից շատերը զրկվեցին դրա իսկական իմաստը հասկանալու հնարավորությունից, և այդ սխալ ընկալումը մինչև կյանքիս վերջ հետապնդելու է ինձ»։ Էնթոնի Բյորջես
5․ «Փայլատակում» (1980թ)
ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկսցենարի հեղինակներ՝ Սթենլի Կուբրիկ, Դայան Ջոնսոն
մրցանակներ՝ «Սատուրն» մրցանակ՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար, Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի կողմից ընդգրկվել է «Ամենազարհուրելի սարսափ ֆիլմերի» ցանկում, Մարտին Սկորսեզեի և Թիմ Բարթոնի սիրելի կինոնկարներից մեկը։
Սթիվեն Քինգի ու Սթենլի Կուբրիկի տարաձայնությունները սկիզբ առան դերասանական կազմի ընտրության ժամանակ։ Ռեժիսորը փորձում էր ընտրություն կատարել Ռոբերտ դե Նիրոյի, Ռոբին Ուիլյամսի ու Ջեք Նիքոլսոնի միջև, իսկ գրքի հեղինակը պնդում էր, որ գլխավոր հերոսին պետք է մարմնավորի «հասարակ» Ջոն Վոյտը։ Քինգի կարծիքով՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմից հետո հանդիսատեսը Նիքոլսոնին արդեն իսկ ասոցացնում էր խելագարության հետ, ինչը փչացնելու էր սյուժեի ողջ ինտրիգը։ Պրեմիերայից առաջ նրանց բախումն ավելի է սրվում․ Քինգը հրաժարվում է մասնակցել ֆիլմի գովազդարշավին, իսկ ֆիլմը դիտելուց հետո հայտարարում է․ «Սա վատագույնն է իմ գործերի բոլոր էկրանավորումներից»։
«Կուբրիկը պարզապես չկարողացավ ընկալել բացարձակ անմարդկային չարիքը «Օվերլուք» հյուրանոցում։ Դրա փոխարեն նա չարը փնտրում էր հերոսների մեջ, ինչի արդյունքում նկարահանեց ընտանեկան բռնության մասին պատմող մի ֆիլմ՝ համեմված գերբնականի թեթև երանգով»։ Սթիվեն Քինգ
6․ «Իմ հիմար սիրտը» (1949թ)
ռեժիսոր՝ Մարկ Ռոբսոնսցենարի հեղինակներ՝ Ջուլիուս Ջ․ Էպշտեյն, Ֆիլիպ Ջ․ Էպշտեյն
նոմինացիաներ՝ երկու «Օսկար»՝ կանացի լավագույն դերակատարման և լավագույն երգի համար։ Ըստ ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհրդի՝ 1949թ-ի վատագույն ֆիլմերից մեկը։
Ջերոմ Դեյվիդ Սելինջերի պատմվածքի հիման վրա ստեղծված այս ֆիլմը նկարահանել է հիանալի թիմ․ սցենարը հեղինակել են Էպշտեյն եղբայրները («Կասաբլանկա»), ռեժիսորի պարտականությունը ստանձնել է Մարկ Ռոբսոնը («Չեմպիոն»), իսկ պրոդյուսերն անձամբ Սեմյուել Գոլդուինն էր՝ «Մետրո-Գոլդուին-Մայերի» հիմնադիրներից մեկը։ Այնուամենայնիվ, աստղային այս կազմը բավարար երաշխիք չէր ֆիլմի հաջողությունն ապահովելու համար։ «Ամերիկացի լավագույն գրողներից մեկի ստեղծագործությունը վերածել են սերիալի»,- ամփոփեցին կինոքննադատները։ Պրեմիերայից հետո Սելինջերն արգելեց իր ստեղծագործությունների հետագա էկրանավորումը։
«Հիշելով 50-ական թթ-ին նկարահանված սարսափելի ֆիլմը՝ նա այլևս երբեք իր ստեղծագործություններն էկրանավորելու իրավունքը չի վաճառելու»։ Դորոթի Օլդին (Սելինջերի գործակալը, 1962թ)։
7․ «Սպանել ծաղրասարյակին» (1962թ)
ռեժիսոր՝ Ռոբերտ Մալիգանսցենարի հեղինակ՝ Հորթոն Ֆութ
մրցանակներ՝ երեք «Օսկար»՝ «Լավագույն սցենար», «Տղամարդու լավագույն դերակատարում», «Լավագույն դեկորացիաներ» անվանակարգերում, Կաննի կինոփառատոնի «Գերի Քուփերի անվան մրցանակ»։
Հարփեր Լիի հանրահայտ վեպի էկրանավորման իրավունքը գնվեց գրքի լույս տեսնելուց ընդամենը մեկ տարի անց և նույնիսկ Պուլիցերյան մրցանակի արժանանալուց առաջ։ Ռոբերտ Մալիգանի կինոնկարը համարվում է դասական էկրանավորման օրինակելի նմուշ։ Հարփեր Լին և ֆիլմի գլխավոր դերակատար Գրեգորի Պեկն այս համագործակցությունից հետո ողջ կյանքում լավ ընկերներ մնացին։ Պեկը բազմիցս նշել է, որ Ատտիկուս Ֆինչի՝ սպիտակամորթ կնոջն իբր բռնաբարած աֆրոամերիկացուն դատարանում պաշտպանող փաստաբանի, կերպարն իր լավագույն դերակատարումն է։ 2003թ-ին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտը Գրեգորի Պեկի մարմնավորած Ֆինչի կերպարն անվանեց «20-րդ դարի մեծագույն կինոհերոս»։
«Եթե էկրանավորման որակը չափվում է հեղինակի գաղափարներին հավատարիմ մնալու աստիճանով, ապա պարոն Ֆութի սցենարը պետք է էտալոնային համարվի»։ Հարփեր Լի
8․ «Սայրի վրայով վազողը» (1982թ)
ռեժիսոր՝ Ռիդլի Սքոթսցենարի հեղինակներ՝ Հեմփթոն Ֆենչեր, Դևիդ Փիփլզ
մրցանակներ՝ Բրիտանական կինոակադեմիայի երեք մրցանակ՝ «Լավագույն օպերատորական աշխատանք», «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք», «Լավագույն հագուստի ձևավորում» անվանակարգերում։ Ֆիլմն ընդգրկված է Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի «Լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմերի» ցանկում, ըստ The Guardian բրիտանական հայտնի օրաթերթի՝ գիտնականների շրջանում անցկացրած հարցման արդյունքների՝ համարվում է բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմը։
Չնայած Ֆիլիպ Դիկի օրիգինալ տեքստից ֆիլմի սցենարում գրեթե ոչինչ չի մնացել՝ գրողն ակտիվորեն մասնակցել է իր ստեղծագործության էկրանավորման աշխատանքներին՝ մշտապես աջակցելով Սքոթին պրոդյուսերների հետ պայքարում։ Արդեն լինելով ծանր հիվանդ՝ Դիկն անձամբ խմբագրում էր սցենարը, այցելում էր նկարահանման հրապարակ և մասնակցում էր Warner Bros. Pictures-ի հետ բանակցություններին։ Ցավոք, նա չապրեց մինչև ֆիլմի պրեմիերան, սակայն հասցրեց դիտել ֆիլմի սևագիր տարբերակը՝ Սքոթի օրիգինալ վերջաբանով։ Գրողի և ռեժիսորի համատեղ աշխատանքին չխանգարեց նույնիսկ այն փաստը, որ Սքոթը չէր ընթերցել վեպը։
«Թե՛ կյանքիս, թե՛ աշխատանքիս ամփոփումը»։ Ֆիլիպ Դիկ
9․ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (1966թ)
ռեժիսոր՝ Ֆրանսուա Տրյուֆոսցենարի հեղինակներ՝ Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լուի Ռիշար
նոմինացիաներ՝ «Ոսկե առյուծ» Վենետիկի կինոփառատոնում, բյուջեն՝ 1,5 մլն դոլար, շահույթը՝ 1 մլն դոլար։
Ռեյ Բրեդբերիի հայտնի հակաուտոպիայի առաջին էկրանավորումը շատերը համարում են Ֆրանսուա Տրյուֆոյի ամենաչգնահատված աշխատանքը։ Ֆիլմը հաջողություն չունեցավ վարձույթում, իսկ կինոքննադատները դժգոհ մնացին ռեժիսորի՝ սյուժեի հետ «չափազանց ազատ վարվելու», ավելի որոշակի՝ վեպի վերջաբանը փոխելու պատճառով․ կինոնկարում գլխավոր հերոսուհին ողջ է մնում։ Ի տարբերություն հանդիսատեսի և կինոքննադատների՝ ինքը՝ Բրեդբերին, հիացած էր Տրյուֆոյի ֆիլմով։ 1979թ-ին, երբ ստեղծվեց վեպի հեղինակային ադապտացիան թատրոնի համար, Բրեդբերին օգտագործեց հենց Տրյուֆոյի վերջաբանը։
«Տրյուֆոն ինձ նվիրեց իմ սեփական վեպը։ Այն այլ կերպ էր ներկայացված, սակայն պահպանվել էր բնօրինակի ոգին։ Անսահման շնորհակալ եմ նրան»։ Ռեյ Բրեդբերի
10․ «Օրվա մնացորդը» (1993թ)
ռեժիսոր՝ Ջեյմս Այվորիսցենարի հեղինակ՝ Ռութ Ջաբվալա
նոմինացիաներ՝ ութ «Օսկար», հինգ «Ոսկե գլոբուս», ըստ ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհրդի՝ 1993թ-ի լավագույն ֆիլմերից մեկը։ Բյուջեն՝ 15 մլն դոլար, շահույթը՝ 64 մլն դոլար։
Կաձուո Իսիգուրոն, ով իր «Օրվա մնացորդի» համար արժանացել էր Բուքերյան մրցանակի, կտրականապես հրաժարվում է մասնակցել վեպի կինոադապտացիայի աշխատանքներին։ Այնուամենայնիվ, հենց նա է Columbia Pictures-ին առաջարկում դիմել դրամատուրգ Հարոլդ Փինթերին, ով, ի վերջո, հեղինակում է սցենարի առաջին տարբերակը։ Նախնական տվյալներով՝ ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Մայք Նիքոլսը, սակայն հետագայում վերջինս ստանձնում է պրոդյուսերի պարտականությունները։ Ռեժիսորի աթոռը զբաղեցնում է Ջեյմս Այվորին՝ ԱՄՆ-ում անգլիական գրականություն բեմադրող գլխավոր վարպետներից մեկը։ Նախագծի ղեկավարմանն անցնելուն պես՝ Այվորին փոփոխում է Փինթերի սցենարը՝ հարուցելով վերջինիս դժգոհությունը։ Հենց այդ պատճառով էլ Փինթերը պահանջում է իր անունը չնշել ֆիլմի ենթագրերում։
«Կարծում եմ՝ շատ լավ ֆիլմ է, բայց ֆիլմը հույզերը խեղդելու մասին է, մինչդեռ վեպը՝ ինքնազոհաբերման։ Միանգամայն տարբեր թեմաներ են»։ Կաձուո Իսիգուրո
11․ «Լրտե՛ս, դո՛ւրս կորիր» (2011թ)
ռեժիսոր՝ Թոմաս Ալֆրեդսոնսցենարի հեղինակներ՝ Բրիջիթ Օ’Քոնոր, Փիթեր Սթրոեն
մրցանակներ՝ Բրիտանական կինոակադեմիայի երկու մրցանակ, «Օսկարի» երեք նոմինացիա, 76 մրցանակ միջազգային տարբեր կինոփառատոներում։ Բյուջեն՝ 32 մլն դոլար, շահույթը՝ 80 մլն դոլար։
Սառը պատերազմի մասին կուռքային համանուն վեպն առաջին անգամ էկրանավորվել է 1979թ-ին։ Այդ ժամանակ էկրանավորման նախագիծը, կարելի է ասել, նեղ ընտանեկան բնույթ էր կրում․ նկարահանող ընկերությունը BBC-ն էր, սցենարը գրել էր վեպի հեղինակ Ջոն լե Կարեն, իսկ գլխավոր հերոսի՝ գործակալ Ջորջ Սմայլիի կերպարը մարմնավորել էր վերջինիս մտերիմ ընկերը՝ բրիտանացի լեգենդար դերասան Ալեք Գինեսը։ Ջոն լե Կարեն սկզբում հրաժարվում է դիտել նոր էկրանավորումը, որտեղ Սմայլիի դերը խաղում էր Գերի Օլդմենը, սակայն Ալֆրեդսոնի կինոնկարի շուրջ առաջացած սկանդալից հետո փոխում է իր որոշումը։ Բրիտանական մամուլում «ճիշտ էկրանավորմանը» սատարող մի իսկական ալիք էր բարձրացել։ Հետագայում ինքը՝ Ջոն լե Կարեն, Սմայլի-Գինեսի երկրպագուներին հանգստության կոչ է անում։
«Խոստովանեմ, որ խիստ կասկածանքով էի վերաբերվում այս ֆիլմին՝ որպես օրիգինալ էկրանավորման երկրպագու։ Ջորջ Սմայլին Ալեք Գինեսն է, Ալեքը Ջորջն է։ Վերջակետ։ Այնուամենայնիվ, իմ մտահոգություններն ապարդյուն էին։ Հիմա, երբ ինձ հարցնում են՝ «ինչպե՞ս կարող էիր այդպես վարվել խեղճ Ալեքի հետ», ես պատասխանում եմ, որ «խեղճ Ալեքն» առաջինը կծափահարեր Գերի Օլդմենի խաղին»։ Ջոն լե Կարե
12․ «Անմոռանալին» (1965թ)
ռեժիսոր՝ Թոնի Ռիչարդսոնսցենարի հեղինակներ՝ Թերի Սաուզերն, Քրիսթոֆեր Իշերվուդ
մրցանակների բացակայություն, ջախջախիչ քննադատություն, բյուջեն՝ 2,5 մլն դոլար, շահույթը՝ 2 մլն դոլար։
Համանուն վեպի հեղինակ Իվլին Վոն, ով, մեղմ ասած, թերահավատորեն էր վերաբերվում Հոլիվուդում իր ստեղծագործությունների էկրանավորման հնարավորությանը, «Անմոռանալին» մեծ էկրան բարձրացնելու իրավունքը վաճառում էր մի քանի պայմանով․ իրեն էր պատկանում սցենարի մշակման հետ կապված վերջին խոսքը, գլխավոր հերոսին պետք է մարմնավորեր Ալեք Գինեսը, իսկ առաջին էկրանավորման ռեժիսորը պետք է լիներ Լուիս Բունյուելը։ 1965թ-ին վերոնշյալ պայմաններից ոչ մեկը չիրագործվեց, և արդյունքում բոլորը դժգոհ մնացին։ Իվլին Վոն Ռիչարդսոնի ֆիլմը դիտեց մահվանից մեկ տարի առաջ՝ հասցնելով բուռն վիճաբանություն ունենալ իր անփոխարինելի գործակալ Ավգուստ Փիթերսի և սցենարի հեղինակներից մեկի՝ իր ընկեր ու գործընկեր Քրիսթոֆեր Իշերվուդի հետ։
«Այս ֆիլմը սարսափելի նյարդայնացնում է ինձ։ Նկարահանման իրավունքը շատ տարիներ առաջ խղճուկ գնով վաճառվել էր մի խելագար մեքսիկացու՝ այն համոզմամբ, որ նա երբեք չէր իրականացնելու էկրանավորման իր մտադրությունը, իսկ ես ու Ալեք Գինեսը մի լավ շրջելու էինք Մեխիկոյով։ Մի օր իմացա, որ մեքսիկացիներն իրենց հերթին նկարահանման իրավունքը վաճառել են Հոլիվուդում, որտեղ արդեն ինչ-որ խեղկատակություն էին արել։ Առանց մեկնաբանությունների»։ Իվլին Վո
13․ «Լոլիտա» (1962թ)
ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկսցենարի հեղինակներ՝ Սթենլի Կուբրիկ, Վլադիմիր Նաբոկով
նոմինացիաներ՝ «Օսկար» լավագույն ադապտացված սցենարի համար՝ Նաբոկովին, չորս «Ոսկե գլոբուս»։ Բյուջեն՝ 2 մլն դոլար, շահույթը՝ 9,5 մլն դոլար։
Սթենլի Կուբրիկի «Լոլիտայի» սցենարը հեղինակել է անձամբ Նաբոկովը։ Ֆիլմի նկարահանումներն իրականացնելու համար ռեժիսորը ԱՄՆ-ից տեղափոխվում է Անգլիա, քանի որ այդ ժամանակ նրա հայրենիքում դեռևս գործում էր գրաքննությունը՝ «Հեյսի կոդեքսը»։ Կուբրիկը համոզված էր, որ Անգլիայում 12-ամյա աղջկա ու 37-ամյա տղամարդու միջև ողբերգական սիրային կապին ավելի ըմբռնումով կվերաբերվեն։ Սակայն նրա սպասելիքները չարդարացան․ հասարակության ճնշմանը չդիմանալով՝ Լոուրենս Օլիվիեն հրաժարվեց գլխավոր դերից, սցենարում աղջկա տարիքը փոխվեց 14-ի, իսկ էրոտիկ տեսարանների մասին անգամ խոսք լինել չէր կարող։ Իր հետագա հարցազրույցներից մեկում Կուբրիկն այս ֆիլմը նույնիսկ «սխալմունք» է համարել։
«Այս ֆիլմից ստացած առաջին տպավորությունս կարելի է նկարագրել որպես զայրույթի, ափսոսանքի և, անսպասելիորեն, հաճույքի մի խառնուրդ»։ Վլադիմիր Նաբոկով
14․ «Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին» (1981թ)
ռեժիսոր՝ Կարել Ռեյշսցենարի հեղինակ՝ Հարոլդ Փինթեր
մրցանակներ՝ Բրիտանական կինոակադեմիայի երեք մրցանակ՝ լավագույն կանացի դերակատարման, լավագույն ձայնի և լավագույն երաժշտության համար, «Ոսկե գլոբուս» կանացի լավագույն դերակատարման համար՝ Մերիլ Սթրիփին։ Բյուջեն՝ 8 մլն դոլար, շահույթը՝ 26 մլն դոլար։
Ջոն Ֆաուլզի՝ «անբարո կնոջ» և «ջենթլմենի» սիրավեպի մասին պատմող հայտնի վեպի էկրանավորումը շուրջ տասը տարի մշակման փուլում է եղել․ պրոդյուսերներն ու սցենարի հեղինակները մեկը մյուսի ետևից հրաժարվում էին աշխատել կնոջ կերպարի վրա հիմնված այդ պատմական սյուժեի վրա։ Սակայն երբ նախագծին միացավ Հարոլդ Փինթերը, ամեն ինչ փոխվեց։ Նա գտավ լուծումը, թե ինչպես մեծ էկրան տեղափոխի Ֆաուլզի պոստմոդեռնիստական արձակը․ մեկուսացման անհրաժեշտ էֆեկտի ստեղծման համար գրվեց սյուժետային առանձին, օրիգինալ գիծ՝ Ֆաուլզի ներկայացրած դրաման խաղացող դերասան-գործող անձանց մասնակցությամբ։ Երբ «ֆիլմ ֆիլմի մեջ» տարբերակով լուծումը գտնվեց, իսկական պատերազմ սկսվեց ռեժիսորական աթոռը զբաղեցնելու համար։ «Պատերազմին» մասնակցեցին և պարտություն կրեցին Սիդնի Լյումետը, Միլոշ Ֆորմանն ու Ֆրեդ Ցինեմանը։
«Որպեսզի գիրք ստեղծես այն նյութից, որն անհնար է նկարահանել, իսկ հետո նորովի ստեղծես այն նյութից, որը կարող է նկարահանվել, պետք է լինես կա՛մ մազոխիստ, կա՛մ տառապես մեծամոլությամբ։ Այդ իսկ պատճառով ես չգրեցի սցենարը։ Իսկ հրաշալի Փինթերը գրեց։ Եվ գրեց գերազանց»։ Ջոն Ֆաուլզ
15․ «Ֆոտոխոշորացում» (1966թ)
ռեժիսոր՝ Միքելանջելո Անտոնիոնիսցենարի հեղինակներ՝ Տոնինո Գուերա, Միքելանջելո Անտոնիոնի
մրցանակներ՝ «Ոսկե արմավենի» Կաննի կինոփառատոնում։
Խուլիո Կորտասարն իր պատմվածքը գրել է կինոյի, իսկ ավելի որոշակի՝ Ալֆրեդ Հիչքոկի «Պատուհան դեպի բակ» ֆիլմի ազդեցության ներքո։ Արգենտինացի գրողի ստեղծագործությունը պատմում է մի լուսանկարչի մասին, ով բացահայտում է, որ ոչինչ այն չէ, ինչ թվում է, նույնիսկ՝ տեսախցիկի օբյեկտիվի միջով։ Երբ պատմվածքի էկրանավորումը պաշտոնապես թույլատրվեց, Կորտասարը ֆիլմը ստեղծողներին «քարտ-բլանշի» հնարավորություն ընձեռեց, ինչի շնորհիվ Անտոնիոնին և Գուերան հինդուիզմը փոխարինեցին հեդոնիզմով, գործողությունների վայրը Փարիզից տեղափոխեցին Լոնդոն, իսկ Կորտասարի այցեքարտը հանդիսացող միստիկային ընդամենը մեկ դրվագ հատկացրին։ Արդյունքում՝ բոլորը գոհ մնացին, բացի մոգական ռեալիզմի երկրպագուներից, ովքեր մինչ օրս այս ֆիլմը որակում են որպես «դավաճանություն»։
«Իմ կարծիքով՝ սա Անտոնիոնիի լավագույն ֆիլմն է։ Մենք ի սկզբանե պայմանավորվել էինք, որ նա վերցնելու էր միայն իմ սյուժեն, մնացածն՝ ըստ ցանկության։ Անտոնիոնին անտարբեր է ֆանտաստիկայի նկատմամբ․ պատմվածքին ավելի մոտ ադապտացիայի դեպքում իրեն կաշկանդված կզգար»։ Խուլիո Կորտասար
16․ «Թագավորական ողջ շքախումբը» (1949թ)
ռեժիսոր՝ Ռոբերտ Ռոսենսցենարի հեղինակ՝ Ռոբերտ Ռոսեն
մրցանակներ՝ երեք «Օսկար»՝ «Լավագույն ֆիլմ», «Տղամարդու լավագույն դերակատարում», «Երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարում» անվանակարգերում, հինգ «Ոսկե գլոբուս»։
Ռոբերտ Փեն Ուորենի՝ քաղաքական իշխանության մեխանիկայի մասին լեգենդար վեպի առաջին էկրանավորումը կրկնեց գրական ստեղծագործության հաջողությունը՝ մինչ օրս մնալով Պուլիցերյան մրցանակի արժանացած այս վեպի՝ «Օսկար» ստացած միակ և լավագույն կինոադապտացիան։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն էին ուրախ Ռոսենի ֆիլմի հաջողության համար։ Գլխավոր հերոսի՝ իդեալիստից ցինիկի վերածված քաղաքական գործիչ Վիլլի Սթարքի դերը առաջարկվում է դասական Հոլիվուդի նահապետներից մեկին՝ «վեսթեռնի արքա» Ջոն Ուեյնին։ Սակայն վերջինս՝ որպես ծայրահեղ հայրենասեր և հանրապետականների հետևորդ, հրաժարվում է դերից՝ ֆիլմի սցենարն անվանելով «հակահայրենասիրության ակտ»։ Ակնհայտորեն, այդ կարծիքին էր ոչ միայն Ուեյնը, որովհետև 1951թ-ին ռեժիսոր Ռոբերտ Ռոսենը դառնում է «վհուկների որսի» զոհ և հայտնվում է Հոլիվուդի «սև ցուցակում»։
«Ռոսենը հիանալի ֆիլմ է ստեղծել։ Նա խելացի և նրբանկատ մարդ է, միաժամանակ նաև՝ բավականին հաստատակամ»։ Ռոբերտ Փեն Ուորեն
17․ «Արևի կայսրությունը» (1987թ)
ռեժիսոր՝ Սթիվեն Սփիլբերգսցենարի հեղինակ՝ Թոմ Սթոփարդ
մրցանակներ՝ Բրիտանական կինոակադեմիայի երեք մրցանակ՝ «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ձայն» և «Լավագույն սաունդթրեք» անվանակարգերում։ Ամերիկյան կինոքննադատների ազգային խորհուրդը այս դերակատարումից հետո հատուկ Քրիստիան Բեյլի համար սահմանում է «Լավագույն պատանի դերասան» անվանակարգը։
Ջեյմս Բալարդի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ճապոնացիների կողմից օկուպացված Շանհայում անցկացրած մանկության մասին պատմող ինքնակենսագրական վեպը պետք է էկրանավորեր «Լոուրենս Արաբացի» ֆիլմի ռեժիսոր Դևիդ Լինը։ Հետագայում նա հրաժարվեց նախագծից՝ պատճառաբանելով, որ «Սթոփարդի սցենարն օրագիր է հիշեցնում»։ Այս որոշումը ծառայեց հօգուտ Սփիլբերգի, ով այդ տարիներին Երկրորդ համաշխարհայինի մասին սցենար էր փնտրում։ Գոհ էր նաև ինքը՝ Բալարդը, ով բարձր էր գնահատում Սփիլբերգի «ֆիրմային» սենտիմենտալ ոճը։
«Սփիլբերգի ֆիլմը տարիների ընթացքում դարձել է կյանքից էլ ավելի իրական։ Ահա Մալկովիչը, Բեյլը, ծնողներս ու ես՝ ձեռք ձեռքի տված, ահա ճապոնացի զինվորներն ու ամերիկացի օդաչուները, ահա ես․ վազում եմ խոտի վրայով՝ վրա հասնող պատերազմին ընդառաջ։ Բայց, հնարավոր է, սա ընդամենը կինո է»։ Ջեյմս Բալարդ
18․ «Սոլյարիս» (1972թ)
ռեժիսոր՝ Անդրեյ Տարկովսկիսցենարի հեղինակներ՝ Անդրեյ Տարկովսկի, Ֆրիդրիխ Գորենշտեյն
մրցանակներ՝ «Գրան-պրի» Կաննի կինոփառատոնում։
«Սոլյարիս» (2002թ)
ռեժիսոր՝ Սթիվեն Սոդերբերգսցենարի հեղինակ՝ Սթիվեն Սոդերբերգ
նոմինացիաներ՝ «Ոսկե արջ» Բեռլինի կինոփառատոնում։ Կինոքննադատների բացասական գնահատականներ, բյուջեն՝ 47 մլն դոլար, շահույթը՝ 30 մլն դոլար։
Ստանիսլավ Լեմը դժգոհ էր «Սոլյարիսի» երկու էկրանավորումներից էլ։ Տարկովսկու հետ գրողը վիճաբանություն և բախում ունեցավ նախագծի դեռևս նախապատրաստական փուլում՝ հետագայում հայտարարելով, թե նա «Սոլյարիսի» փոխարեն «Ոճիր և պատիժն» է էկրանավորել։ Ինչ վերաբերում է Սոդերբերգի ֆիլմին, ապա այստեղ կարծիքներն այնքան էլ տարատեսակ չեն․ գրականության պատմության գիտաֆանտաստիկ լավագույն վեպերից մեկը վերածվել է «տիեզերական մելոդրամայի»։
«Վեց ամիս մնացի Մոսկվայում, որպեսզի միասին քննարկեինք ապագա կինոնկարի մանրամասները։ Արդյունքում՝ նրան «հիմար» անվանեցի ու վերադարձա տուն։ Տարկովսկին այս ֆիլմում փորձում է ցույց տալ, թե որքան տհաճ երևույթ է տիեզերքը, իսկ Երկիր մոլորակի վրա ամեն ինչ հիասքանչ է։ Խնդիրն այն է, որ ես մտածել ու գրել եմ միանգամայն հակառակը»։ Ստանիսլավ Լեմը՝ Տարկովսկու ֆիլմի մասին
«Չէի կարող պատկերացնել, որ այդ հիմարը, ներեցե՛ք, ռեժիսորը, կարող էր սիրային պատմություն պատկերել։ Այդ միտքն ինձ նյարդայնացնում է։ Սերը տիեզերքում ինձ ամենաքիչն է մտահոգում։ Ի սեր Աստծո, դա ընդամենը ֆոն էր։ Ինչևէ, հեղինակն իրավունք չունի բարկանալու․ ընդունված չէ»։ Ստանիսլավ Լեմը՝ Սոդերբերգի ֆիլմի մասին
թարգմանությունը՝ Արմինե Նազարյանի
COMMENTS