«Կին» միջազգային կինոփառատոնը նոյեմբերի 15-19-ը կնշանավորի իր ստեղծման 15-րդ հոբելյանը:
«Կին» միջազգային կինոփառատոնն այս տարի կմեկնարկի նոյեմբերի 15-ին և ամենամյա փառատոնային միջոցառումների անցկացմամբ կնշանավորի իր գործունեության 15-րդ հոբելյանը: Արդեն 15 տարի է, ինչ «Կին» միջազգային կինոփառատոնը հայ հանդիսատեսին ներկայացնում է հայ և արտասահմանյան կին կինոռեժիսորների աշխատանքներ՝ հավատարիմ մնալով հասարակության մեջ կնոջ և կին ստեղծագործողի դերը վերաիմաստավորելու իր նպատակին: Փառատոնը ստեղծագործողների համար յուրօրինակ հարթակ է, որը նպաստում է տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև փոխընկալմանը և փորձի փոխանակմանը:
Այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որից 52-ն (20 երկրից) ընդգրկվել է փառատոնային ծրագրում: Արդյունքում՝ կազմվել է փոքրաթիվ, բայց բազմազան և հետաքրքիր ծրագիր, որտեղ յուրաքանչյուր հանդիսատես կկարողանա դիտել որակյալ ֆիլմեր և դրանց շարքում առանձնացնել իր նախընտրածը:
«Կին» միջազգային կինոփառատոնն այս տարի ունի ուշագրավ նորություն կինոսերների համար: Փառատոնը հանդիսատեսին է ներկայացնում իր բջջային հավելվածը (նախատեսված է անդրոիդ համակարգով բջջային հեռախոսների համար), որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի փառատոնային ոլորտում: Հավելվածում ներառված է փառատոնի ամբողջական ծրագիրը՝ ֆիլմերի և իրադարձությունների մասին տեղեկություններով, և ներառում է այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են ֆիլմերի թրեյլերներ դիտելը և ընտրված ֆիլմի ցուցադրման օրվա ու ժամի մասին հիշեցում ստանալը: Հավելվածը պատասխանում է ժամանակակից հանդիսատեսի պահանջներին և հեշտացնում դիտման համար ֆիլմ ընտրելու և դրա մասին չմոռանալու գործընթացը:
Փառատոնի ծրագրերն են՝
- Կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր,
- Հյուրերի ծրագիր,
- «Չայխանա» միջազգային մուլտիմեդիա հարթակի ծրագիր,
- Ամերիկահայ դերասանուհի Ֆլորա Զաբելին նվիրված հետահայաց ցուցադրություն։
Հյուրերի ծրագրում կլինեն ինչպես միջազգային փառատոների մասնակցած հեղինակավոր ֆիլմեր, այնպես էլ հայ հեղինակների ֆիլմերի պրեմիերաներ:
Կցուցադրվեն արդեն հանրաճանաչ «Շքամուտք» (ռեժ.՝ Լուսինե Սարգսյան, Հայաստան), «Եվա» (ռեժ.՝ Անահիտ Աբադ, Հայաստան/Իրան), «Տարօրինակ գույներ» (ռեժ.՝ Ալյոնա Լոդկինա, Ավստրալիա) ֆիլմերը: Նոյեմբերի 18-ին տեղի կունենա «Գորիսյան պատկերներ» վավերագրական կինոալմանախի պրեմիերան։ Այն ստեղծվել է Երևանում՝ «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ Գորիսում կազմակերպված կինոաշխատարանի արդյունքում, որը վարել է հրավիրված օպերատոր Քոնի Բեյսլերը (Գերմանիա): Երկրորդ անգամ ֆիլմը կցուցադրվի Եվրոպական կինոփառատոնի շրջանակներում՝ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում` նոյեմբերի 20-ին, ժամը 15:00-ին: Ցուցադրությանը կհետևի նախագծի ներկայացումը և հանդիպումը Քոնի Բեյսլերի և հեղինակների հետ:
Երեկոներից մեկը նվիրված կլինի անիմացիոն կինոյին, կցուցադրվի Լորի Գորդոնի «Ռայանի վերածնունդը» վավերագրական ֆիլմը՝ անիմատոր Ռայան Լարկինի մասին, ինչին կհաջորդեն Լարկինի «Մանրը» անիմացիայի ցուցադրությունը և Հասմիկ Գասպարյանի «Նարարա և Կիկո» վավերագրական ֆիլմի պրեմիերան, այնուհետև կներկայացվի Նաիրա Մուրադյանի «Կիկո» անիմացիան:
«Չայխանա» միջազգային մուլտիմեդիա հարթակը, որի ուշադրության կենտրոնում Հարավային Կովկասն է, միավորում է երիտասարդ վավերագրական ռեժիսորների, լուսանկարիչների և լրագրողների՝ ստեղծելու մարդկային պատմություններ ամբողջ տարածաշրջանից: Ծրագրում կներկայացվեն «Եկել եմ, որ գնամ», (ռեժ.՝ Արուս Հակոբյան), «Շնորհակալ եմ, Աստվա´ծ, տվածդ թեյի համար», (ռեժ.՝ Մակա Գոգալաձե) և «Արգելված ընկերություն» վավերագրական ֆիլմերը:
Հիշեցնենք, որ բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է։
Ամերիկահայ դերասանուհի Ֆլորա Զաբելին նվիրված Արծվի Բախչինյանի հոդվածը հետահայացի շրջանակներում կտպագրվի փառոտոնի կատալոգում:
«Կին» 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (հասցե՝ Մելիք-Ադամյան, 2/2)։ Բացման արարողությանը կհետևի «Ժունո» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացնում է շվեյցարացի բժիշկ Մարսել Ժունոյի մարդասիրական գործունեությունը Ճապոնիայում (պրոդ.՝ Ցույա Շիզուկո, Ճապոնիա):
Նոյեմբերի 16-ին, 11:00-ին, կկայանա Քոնի Բեյսլերի (օպերատոր, Գերմանիա) «Տեսողական լեզուն կինոյում» թեմայով դասախոսությունը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Նոյեմբերի 17-ին, 11:00-ին, Եվրոպական կինոփառատոնի և «Կին» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, Գյոթեի կենտրոնի և Գերմանիայի դեսպանատան հետ համագործակցությամբ կկայանա կլոր սեղան-քննարկում «Կանայք ժամանակակից ֆիլմարտադրությունում» թեմայով՝ Թուֆենկյան հյուրանոցում (մուտքը՝ մասնակիցների և լրագրողների համար):
Նոյեմբերի 19-ին, 11:00-ին, կկայանա Հասմիկ Գասպարյանի (կինոռեժիսոր, Յորքի համալսարանի դոկտորանտ, Միացյալ Թագավորություն) «Սինեմատիկ լռության ստեղծումը» թեմայով դասախոսությունը՝ կրկին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ժամը 19:00-ին՝ ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (հասցե՝ Մելիք-Ադամյան, 2/2)։ Փակման արարողությանը կհետևի Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը:
Փառատոնի ավարտին, ավանդույթի համաձայն, կշնորհվեն հետևյալ մրցանակները՝
- Լավագույն ֆիլմ,
- Հատուկ մրցանակ,
- Դիպլոմներ,
- «Լավագույն ռուսական ֆիլմ» մրցանակ (տրվում է Ռուսաստանի
գիտության և մշակույթի կենտրոնի կողմից)։
Փառատոնի ժյուրիի անդամներն են`
Լորի Գորդոն (Մոնրեալի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն և MusiVision Films-ի հիմնադիր, Կանադա), Նվարդ Հովհաննիսյան («Չայխանա» միջազգային մուլտիմեդիա հարթակի մեդիա մենեջեր, Հայաստան), Քոնի Բեյսլեր (օպերատոր, Գերմանիա), Սիրանույշ Գալստյան (կինոգետ, արվեստագիտության թեկնածու, արձակագիր, Հայաստան), Անուշ Բաբայան («Կինովերսուս» օնլայն ամսագրի համահիմնադիր և գլխավոր խմբագիր, Հայաստան)։
Փառատոնի միջազգային հյուրերն են՝ Լադա Իսկանդերովա (Ռուսաստան), Սևդա Ուսանօղլու (Թուրքիա), Ցույա Շիզուկո (Ճապոնիա)։ Փառատոնի հովանավորներն են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, Կանադայի դեսպանատունը, Գյոթե կենտրոն Երևանը, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը Երևանում, Բրիտանական խորհուրդը և Օրիֆլեյմը: Ինֆորմացիոն հովանավորներ` Kinoversus.com, Magnis.am: Փառատոնի կայքը՝ kinfestival.com, ֆեյսբուքյան էջը՝ https://web.facebook.com/kinfilmfestival/։