Կինոյի տան Մեծ դահլիճում տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը։

Կինոփառատոնն այս տարի ստացել էր 742 հայտ աշխարհի 39 երկրից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա և այլն), մրցութային փուլ էր անցել 174 ֆիլմ։
Կինոփառատոնի ժյուրիի կազմում էին կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը (Հայաստան), կինոօպերատոր Աշոտ Մովսեսյանը (Հայաստան), դերասանուհի Զառա Անտոնյանը (Գերմանիա), ռեժիսոր և դերասան Սլավա Ստեփանյանը (ՌԴ), պրոդյուսեր և ռեժիսոր Արմինե Անդան (Հայաստան)։
Կինոփառատոնի մրցութային փուլ անցած ֆիլմերը ներկայացվել են հետևյալ անվանակարգերում՝ հիմնական մրցութային ծրագիր (15 խաղարկային լիամետրաժ, 63 խաղարկային կարճամետրաժ և 21 վավերագրական ֆիլմ), «Բովանդակությունը՝ կին» (27 ֆիլմ), «Ուսանողական» (48 ֆիլմ)։
Մրցութային ծրագիր անցած ֆիլմերից, ժյուրիի ընտրությամբ, յուրաքանչյուր անվանակարգից ներկայացվել է երեք ֆիլմ, հենց դրանցից էլ ընտրվել են լավագույնները։ Այսպիսով` 11 անվանակարգում ներկայացվել է 33 ֆիլմ։
Լավագույն սցենար. «Ուղիներ» (Վասիլիս Մազոմենոս, Հունաստան),
Լավագույն օպերատոր. «Ուղիներ» (Վասիլիս Մազոմենոս, Հունաստան),
Լավագույն երաժշտական ձևավորում. «Ագադահ» (Իտալիա),
Լավագույն դերասանուհի. «Ազատության ցանց» (Ասամթա Սերնա, Իսպանիա),
Լավագույն դերասան. «Ագադահ» (Նաուել Պերես Բիսկավարտ, Իտալիա),
Լավագույն ռեժիսոր. «Ազատության ցանց» (ռեժիսոր՝ Պաբլո Մորենո, Իսպանիա),
Լավագույն ֆիլմ. «Ազատության ցանց» (Պաբլո Մորենո, Իսպանիա),
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ. «Ընթացքում մոլորված» (Սենն Դեհանդչուտեր, Բելգիա),
Լավագույն վավերագրական ֆիլմ. «Կռիվը» (Վիոլետա Էյելա, Բոլիվիա),
«Բովանդակությունը՝ կին», լավագույն մեկնաբանում. «Բռնցքամարտիկը ստվերում» (Անդրեաս Բյոգիլգ Մոնիես, Դանիա),
Լավագույն ուսանողական ֆիլմ. «Դպրոցական դժվարություններ» (Մարիա Էրիքսոն-Հեշթ, Շվեդիա)։
Ուսանողական մրցութային ծրագրում տրվել է նաև խրախուսական դրամաշնորհ՝ 200.000-ական դրամ 3 հայ ուսանողի՝ Արամ Դովլաթյանին, Նարեկ Պետրոսյանին, Մարիամ Գրիգորյանին։
Հայ ժողովրդի արդարության պահանջը բարձրաձայնելու համար «Սոսե մայրիկի անվան մրցանակի» է արժանացել կինոփառատոնի արտամրցութային ծրագրում ներկայացված «Անապատի ագռավները. հերոսի ճանապարհորդությունը Հայոց ցեղասպանության միջով» ֆիլմը (ռեժիսոր՝ Մարթա Հաուզկի, ԱՄՆ) և «Անապատի ագռավներ» գիրքը (խմբագիրներ` Լևոն և Մարո Փարյաններ)։
Կարճամետրաժ ֆիլմերի համար ժյուրիի հատուկի մրցանակի է արժանացել «Նա ասաց «մայրիկ» ֆիլմը (Արսեն Աղաջանյան, ՌԴ)։ Սոցիալական թեմայով լավագույն կարճամետրաժ ֆիլմ է ճանաչվել ՌԴ-ում բնակվող երիտասարդ հայ ռեժիսոր Սուրո Կրտսերի «Հինգշաբթի» ֆիլմը։