Վերջերս ռուսական կինովարձույթ դուրս եկավ ճանաչված ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը։
Ընդամենը վերջերս՝ նոյեմբերի 29-ին, ռուսական կինովարձույթ դուրս եկավ ճանաչված ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը, որը ավելի վաղ արդեն ցուցադրվել էր հայաստանյան կինոթատրոնների էկրաններին։ 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի իրադարձություններն արտացոլող այս ֆիլմը, որը Հայաստանի կողմից ներկայացվել է «Օսկարի», մրցանակների է արժանացել Մոսկվայի, Մոնրեալի և այլ միջազգային կինոփառատոներում։ «Սպիտակի» ստեղծումը ճիշտ ժամանակին էր՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ, և նրանք, ովքեր դիտել են ֆիլմը, վստահաբար կհավաստեն, որ մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը ներկայացնող հենց այսպիսի կինոստեղծագործություն արժեր նկարահանել․․․
Յուրաքանչյուր լուսանկար մի ինքնուրույն պատմություն է՝ ոչ միայն տվյալ ակնթարթի, այլև մարդկային ողջ կյանքի։ Հատկապես՝ եթե այդ լուսանկարն արված է երկրաշարժի ավերիչ ցնցումների հետ գրեթե նույն պահին։ Իրականություն, որը հաշված վայրկյանների ընթացքում անդառնալի ճեղքվածքով բաժանվում է սպիտակի ու սևի, ծիծաղի ու ողբի, կյանքի ու մահվան։ Մարդկային գիտակցությունն անկարող է ըմբռնել այդ իրականության փոխակերպման արագությունը, մի իրականության ավարտին հաջորդած մյուս իրականության սկիզբն ու շարունակությունը, որը ողջ մնացածների համար պակաս սարսափելի չէ, քան զոհվածների համար՝ իրենց մահվան պահը։ Իրականությունը ճեղքվում է, ինչպես հողն է ճեղքվում ընդերքից գոռացող ցնցումներից․․․
Ալեքսանդր Կոտտի ֆիլմը դիտելիս առաջին հերթին մտածում ես, թե որքան ճիշտ է ընտրված դիտանկյունը՝ աղետը և մարդկային բազմահազար ճակատագրերի վրա դրա անդրադարձը ցույց տվող։ Սովորական իրականության անդառնալի կորստի թեման կարմիր թելի պես անցնում է ամբողջ ֆիլմով՝ արտացոլվելով թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական հերոսների գործողություններում։ Ֆիլմի սկզբում ևեթ հեղինակները աղետի առաջին պահերը ցույց տալու համար որպես վայր ընտրում են ոչ թե դպրոցը, բնակելի շենքը, եկեղեցին կամ քաղաքն ամբողջությամբ, այլ լուսանկարչատունը, որտեղ տոնական ճերմակ զգեստներ հագած Գոհարն ու փոքրիկ Անուշը՝ մայր և դուստր (դերերում՝ Հերմինե Ստեփանյան և Ալեքսանդրա Պոլիտիկ), պատրաստվում են լուսանկարվել։ Ծերուկ լուսանկարիչը նրանց խնդրում է մի պահ չթարթել աչքերը, սակայն աղջնակը թարթում է՝ ասես վերջին անգամ կոպերի տակ պահելով այն իրականության պատկերը, որտեղ գտնվում են ինքն ու մայրը։ Կարճ ժամանակ անց նրանք հայտնվում են արդեն բոլորովին այլ իրականության մեջ՝ լուսանկարչատան փլատակների տակ թաղված, լուսանկարչի դիակի կողքին, խավարով պատված, անհեթեթ թվացող բեմական կեղծամներով, զգեստներով, հայելիներով շրջապատված։ Խորհրդանշական տարրերով լի, զուսպ և, միաժամանակ, ազդեցիկ մի նախաբան, որը հանդիսատեսին թույլ է տալիս հնարավորինս արագ և առանց հուզական գերլարման հաղթահարել բուն ցնցումների տեսարանը դիտելու ծանր պահերը, որոնք վերապրելը, նույնիսկ 30 տարի անց, թվում է մարդկային ուժից վեր։
Պատմությունը հյուսվում է պատառիկներից, գործող անձինք հայտնվում են, անհետանում, վերստին հայտնվում, և պատառիկները, ամբողջանալով, դառնում են ավերված քաղաքն ու այդ քաղաքում գտնվող մարդկանց պատկերող մի բազմաշերտ կտավ։ Գլխավոր հերոս Գոռը (Լեռնիկ Հարությունյանի դերակատարմամբ), ում նախկին կինը և դուստրը հայտնվել են լուսանկարչատան փլատակների տակ, Մոսկվայում թողնելով ռուս կնոջը՝ ակնթարթորեն որոշում է ընդմիշտ վերադառնալ Հայաստան, որտեղ իր ընտանիքն է։ Աղետին հաջորդած իրականությունը ֆիլմում արտացոլված է առանց կեղծ, չափազանցված ու անբնական նոտաների։ Առանց սարսափազդու հատուկ էֆեկտների, և հենց դրա շնորհիվ էլ՝ առավելագույնս ազդեցիկ։ Մարդկային սգի ու վշտի խորությունն արտացոլելու համար ավելորդ են «զարդարանքներն» ու տպավորություն գործելուն ծառայող էֆեկտները, բավարար է արտացոլել լոկ մարդկանց համակած համրությունը։ Դանդաղ, երկար կադրեր, որոնցում երևում է քաղաքի արդեն նոր իրականությունը, ճիչերից ավելի սարսափազդու մի լռություն, երբ, թվում է, ժամանակը կանգ է առել, իսկ այն, ինչ կատարվել է, ընդամենը վատ երազ է, որից հետո ամեն ինչ լինելու է նախկինի պես։
Ֆիլմի ստեղծագործական խմբին հաջողվել է հնարավորինս բարեխղճորեն ու ճշմարտացի պատկերել 1980-ականների իրականությունը՝ շինություններից մինչև ավտոմեքենաներ, հագուստ, կերպարներ, մթնոլորտ․․․ Դիտելիս վերհուշի պես իսկույն ճանաչում ես ժամանակաշրջանը, որը տեսել ես։ Դեպի քաղաք տանող ձյունածածկ ճանապարհները, որոնք անանցանելի են դարձել օգնության շտապող անծայրածիր ավտոշարասյան պատճառով, անհետ կորածներին որոնող մարդիկ՝ ամայությունն աչքերում, գտնված դիակներով մխիթարվող հարազատներ, փլատակների խորքից ձայներ որսացողներ, քարակույտերը սառած ու դողացող ձեռքերով քանդողներ․․․ Ֆիլմի սյուժեն հյուսված է իրական պատմություններից, սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայան ի մի է բերել այդ օրերին Սպիտակում եղած ականատեսների վկայությունները։ Գոռի ընտանիքի պատմությունը մի յուրատեսակ լույս ու լավատեսություն է հաղորդում ֆիլմին՝ հանդիսատեսին չթողնելով անհուսության ու անելանելիության հոգեվիճակում։ Նրանց փրկությունը գրեթե միստիկական է՝ հրաշքի պես, հրաշք, որի մարմնացումը հենց ինքը՝ փոքրիկ հերոսուհի Անուշն է։ Նրա ուժը, երևակայությունն ու հնարամտությունն ավելի զորեղ են գտնվում, քան տասնյակ փրկարարների և իր հոր ջանքերը։ Թերևս, հենց իրականության չընկալումն է, որ փրկում է նրան։
Մինչ Անուշն ու իր վիրավոր մայրը բանտված են փլատակների խորքում, վերևում աղետի գործած ավերը հետզհետե լրանում է նորանոր ծանր տեսարաններով։ Այդ տեսարաններից շատերը պարզապես անհնար է մոռանալ։ Ավերված քաղաքում գրքերի թափթփված, հսկայական կույտի վրա նստած տղան, որ ընթերցում է «Պատերազմ և խաղաղությունը»։ Ֆրանսիացի երիտասարդ լուսանկարչուհի Մադլենը (դեր․՝ Ժոզեֆին Ժապի), ով, չդիմանալով տեսածին ու զգացածին, լեթարգիական քուն է մտնում։ Գոռի ծնողները, որ փլատակների տակ մահը դիմավորել են միասին՝ մինչև վերջին շունչը միմյանցից անբաժան։ Դպրոցական տղան, որ ավերակներում նստած՝ դաս է սովորում, որովհետև հանձնարարել է մայրիկը, ում նա սպասում է՝ դեռևս չիմանալով, որ մայրն այլևս չի վերադառնալու։ Ֆրանսիացի փրկարարների օգնությամբ դպրոցի փլատակների տակ հայտնաբերված դասարանը՝ դասասեղանների առաջ արձանների պես հավերժ քարացած աշակերտներով լի։ Փրկարարական խմբի ղեկավարի հանկարծամահ լինելը՝ այդ պատկերը տեսնելուց րոպեներ անց։ Հերոսներից ոչ մեկը չի ուզում ընդունել իրականությունը, նրանք պատրաստ չեն ընդունել այդպիսի իրականություն։
Գլխավոր հերոս Գոռի համար աղետը դառնում է ոչ միայն ճակատագրական փորձություն, այլև մաքրագործման հնարավորություն։ Հայրենի տան փլատակներում գտնելով իր ընտանեկան լուսանկարը և ծնողների անշնչացած մարմինները՝ նա գիտակցում է, որ լքելով նրանց, ովքեր անսահման սիրել են իրեն, սխալ տեղում է փնտրել իր երջանկությունը, փնտրել է այն, ինչն արդեն ուներ։ Թեպետ կորստի գնով, սակայն նա վերարժևորում է իր ողջ կյանքը՝ մանկությունից մինչև այն պահը, երբ իր անցյալից մնացին լոկ փլատակներ։ Հիմա նա մտածում է միայն կնոջն ու դստերը գտնելու մասին, որպեսզի իր կյանքը կառուցի նորից, նորովի։
Իրականությունից փախուստի գաղափարը հոգեբանական խոր նրբերանգներով է արտացոլված փոքրիկ Անուշի կերպարում ու արարքներում։ Սկզբում նրան թվում է, թե ինքը քնած է, հետո նա իրականությունն անմիջապես վերածում է խաղի՝ մտովի ստեղծելով զուգահեռ իրականություններ, որտեղ ինքը հաջորդաբար փոխում է կերպարները։ Այդ իրականություններում նա մերթ բժշկուհի է, մերթ կապույտ, երկար վարսերով Մալվինան, մերթ քերոլյան Ալիսը, ով վազում է Ճագարի ետևից՝ երազելով լինել նրա պես փոքրամարմին ու սրընթաց, որպեսզի կարողանա խավարի նեղ անցքով դուրս թափանցել դեպի լույս աշխարհ։ Ի վերջո, հրաշքի ուժով, նրան հաջողվում է Ճագարի հետքերով գտնել ելքը, սողոսկել, հայտնվել բաց երկնքի տակ, հանդիպել հորը և վերականգնել կապը այն իրականության հետ, որտեղ իր ծնողները վերստին միասին են։ Ֆիլմում արտացոլված տրամադրությունները՝ անհուսությունից մինչև հույս, ուղեկցվում են Սերժ Թանկյանի հիասքանչ երաժշտությամբ։
Հետաքրքրական է, որ ռեժիսորն իր ֆիլմում աղետը ցույց է տալիս երեխաների աչքերով և մեծահասակների աչքերով։ Հենց այդ տարաբաժանման միջոցով էլ գիտակցում ես, թե որքան տարբեր են նրանց աշխարհներն ու ընկալումները։ Կան պատմություններ, որոնք թե՛ կինոյում, թե՛ կյանքում պատմելը չափազանց ծանր է։ Առավել ևս՝ երբ գիտես, որ խոսքն իրական պատմությունների մասին է։ «Սպիտակ» ֆիլմի հեղինակներին հաջողվել է պահպանել այն ճիշտ «չափաբաժինը», որը հանդիսատեսին հնարավորություն է տալիս զգալ իրադարձությունների ողջ ողբերգականությունը, բայցև կինոդահլիճից չհեռանալ խավարած սրտով։ Մեզ ասես հուշում են, որ կյանքը շարունակվում է, և ավերակներում մարդիկ ոչ միայն կորցնում, այլ նաև գտնում են իրար։
10 տարի առաջ գրված սցենարը, ի վերջո, կարողացավ գտնել իր ռեժիսորին, ով ֆիլմը ստեղծելիս հանդես եկավ ոչ միայն որպես սոսկ իր գործն անող պրոֆեսիոնալ, այլև որպես մարդ, ով ապրումակցում է իր հերոսներին, նրանց վշտին։ Հեռուստահարցազրույցներից մեկում Ալեքսանդր Կոտտը վերհիշել է դրվագներ իր դպրոցական տարիներից, երբ երեխաները միասնաբար մասնակցում էին Հայաստանում երկրաշարժից տուժածների համար օգնություն հավաքելուն՝ հագուստից ու խաղալիքներից մինչև դեղորայք և այլ իրեր։ Ֆիլմի նկարահանումները տևել են երեք տարի․ մինչ բուն նկարահանումները սկսելը կատարվել է մեծածավալ հետազոտական աշխատանք՝ արխիվային նյութերի, տեղանքի, ականատեսների հետ զրույցների։ «Անհնար է նկարահանել ֆիլմ ողջերի մասին և նկարահանել կեղծ»,- փաստում է ռեժիսորը՝ հավելելով, որ մեծ ողբերգությունները միավորում են մարդկանց՝ անկախ ազգությունից ու տարիքից։ Հենց այս ճշմարտության գիտակցումով էլ ընտրվել է ֆիլմի կարգախոսը՝ «Աղետ, որը հարվածեց յուրաքանչյուրին»։ Գոռի դերակատար Լեռնիկ Հարությունյանը, ով պիտի հանդես գար էպիզոդիկ դերերից մեկում, վերջին պահին ռեժիսորի կողմից նկատվում և հաստատվում է գլխավոր դերում, ինչը Կոտտը համարում է իր ամենաճիշտ որոշումներից մեկը։ Ռեժիսորի բնորոշմամբ՝ «Սպիտակը» ֆիլմ-ռեքվիեմ է, ֆիլմ-հիշատակ․ «Ես կցանկանայի, որ ֆիլմը, կինոփառատոներում և հեռուստատեսությամբ ցուցադրվելուց բացի, ցուցադրվեր առաջին հերթին դպրոցներում, որպեսզի երեխաները տեսնեին, թե ինչ է մարդասիրությունը, միմյանց օգնության ձեռք մեկնելը, ցավակցելը, երբեք անտարբեր չլինելը»։ Իրոք, «Սպիտակը» ֆիլմ է նախևառաջ գթասրտության մասին, սահմաններ չճանաչող գթասրտության, որը կյանքի նույնիսկ ամենադժվարին պահերին մարդկային կերպարներում անաղարտ է պահում այն ամենը, ինչն արժեքավոր է և հանուն ինչի արժե շարունակել ապրել։
Անուշ Բաբայան
աղբյուրը՝ Հրապարակ մշակութային հավելված
լուսանկարները՝ «Տելեստո» կինոընկերության կայքից
COMMENTS