Լարս ֆոն Թրիերի հերթական սկանդալային ֆիլմը, ինչպես և սպասվում էր, հակասական արձագանք առաջացրեց հանդիսատեսի շրջանում՝ դահլիճը լքելուց մինչև հոտնկայս ծափահարություններ։
«Նիմֆոմանուհուն» հաջորդած 5-ամյա լռությունից հետո դանիացի նշանավոր ռեժիսոր Լարս ֆոն Թրիերը 2018թ-ին Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում ներկայացրեց իր նոր ֆիլմը՝ «Տունը, որ կառուցել է Ջեքը» հոգեբանական թրիլերը։
Մեթ Դիլոնն ու Լարս ֆոն Թրիերը նկարահանման հրապարակում |
Սերիական մարդասպան Ջեքի (Մեթ Դիլոնի դերակատարմամբ)՝ 12 տարի շարունակվող և 6 տասնյակը գերազանցած դաժան սպանությունների պատմությունը բաժանված է հինգ մասի կամ, հեղինակի ձևակերպմամբ, հինգ միջադեպի, որոնցում պատկերված են նրա համար ամենահիշարժանը դարձած զոհերն ու վերջիններիս կտտանքները։ Ջեքը պարզապես չի սպանում, նա, չհաշված իր առաջին՝ պատահական զոհին, ինտելեկտուալ սադիստի բծախնդրությամբ բեմադրում է իր ոճրագործությունները և ճարտարապետի հմտությամբ կառուցում մարդկային մարմիններից շարված իր տունը։ Ավելին՝ նա իր ոճրագործությունների մասին հարցուպատասխան է վարում ոմն Վյորջի հետ (Բրունո Գանց), ով, ինչպես հետո պարզ է դառնում «Էնեականի» մասին հիշատակումից և այլ հղումներից, հենց ինքը՝ հռոմեացի բանաստեղծ և Դանտեին դժոխքից դեպի քավարան առաջնորդող («Աստվածային կատակերգություն») Վերգիլիոսն է, իհարկե՝ ժամանակակից հագուկապով, քանի որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1970-1980-ականների Ամերիկայում։
Ջեքը «սովորական» մարդասպան չէ, նա, նախքան իր արյունոտ տունը կառուցելը, սեփական գլխում կառուցել է հիմնավորումների, բացատրությունների, արդարացումների մի կուռ համակարգ, որտեղ մեկ անհատի գործած չարիքի արմատները չեն որոնվում լոկ այդ անհատի ներաշխարհում և չեն սահմանափակվում լոկ այդ անհատի վրա դրված պատասխանատվությամբ, այլ ընդարձակվում են մինչև պատմության էջերում տեղ գտած համամարդկային չարիք՝ 20-րդ դարի մեծագույն բռնակալներով, ցեղասպանություններով, պատերազմներով։ Այդ արյունոտ պալատների կողքին Ջեքի կառուցածն «ընդամենը» մի համեստ տուն է։ Ջեքի աշխարհընկալման խեղաթյուրումը հասնում է այն աստիճանին, որ նա իր ոճրագործությունները դիտարկում է որպես արվեստի ստեղծագործություններ, իսկ իրեն՝ որպես գեղագետ։
Կադրերում պարբերաբար հայտնվում է հանճարեղ դաշնակահար Գլեն Գուլդը՝ Բախի ստեղծագործությունների լավագույն կատարողներից մեկը, և նրա կատարումների տիեզերական ներդաշնակությունը ֆիլմի սյուժեին օտարոտի մի խաղաղություն է սփռում՝ փոքր-ինչ լիցքաթափելով սադիզմի տեսարաններից գերլարված հանդիսատեսին։ Սակայն Թրիերի նպատակը հանդիսատեսին խնայելը չէ, այլ Ջեքի գաղափարախոսության հրեշավորությունը մի նոր տեսակյունից բացահայտելը, քանզի սպանության գեղեցկությունն ու արվեստի գեղեցկությունը վերջինիս համար նույն հարթության վրա են։ Ջեքն իր խորհրդավոր զրուցակցին պատմում է միջնադարյան ճարտարապետության, կերպարվեստի գլուխգործոցների, հանճարների մասին՝ ի վերջո հանգելով այն ապոկալիպտիկ եզրակացությանը, որ մարդասիրական բոլոր ձգտումները ձախողվել են, և աշխարհը դատապարտված է անտարբերության ու հանցավորության։
Նրա զոհերն ասես հաստատում են այդ միտքը․ նրանց օգնության ճիչերին այդպես էլ ոչ ոք չի արձագանքում, իսկ Ջեքը դա նախապես գիտի և նրանց երբեք չի խանգարում օգնության կանչել որևէ մեկին։ Նա ցուցադրաբար նույնիսկ չի էլ թաքնվում։ Վերջիվերջո, ոստիկանությունը հայտնաբերում է Ջեքի որջը, սակայն նա կարողանում է փախչել, քանի որ, հեղինակի մտահղացմամբ, մարդկային դատաստանը նրա համար չէ, նա պիտի այլ կերպ դատվի։ Հենց այդ պահին էլ հայտնվում է նրա անտեսանելի զրուցակից Վյորջը, և Թրիերի հերոսը ֆիլմի՝ «կատաբասիս» (անկում դեպի դժոխք) անվանմամբ վերջաբանում նրա հետ միասին յուրօրինակորեն կրկնում է Դանտեի ճանապարհը՝ Վերգիլիոսի ուղեկցությամբ։ Նույնիսկ ամենաանգութ ոճրագործը վաղ թե ուշ հոգնում է անպատժելիությունից և ենթագիտակցաբար կամ գիտակցաբար ցանկանում է, որ աշխարհում իր ստեղծած դժոխքը փլուզվի։ «Ես փորձում էի տուն կառուցել, բայց այդպես էլ հաջողության չհասա»,- խոստովանում է Ջեքը։ «Դժվար կլինի հին տունն ավարտին հասցնելը, բայց կարելի է կառուցել նորը»,- պատասխանում է նրա զրուցակիցը։
ձախից՝ Էժեն Դելակրուայի «Դանտեն և Վերգիլիոսը դժոխքում» կտավը, աջից՝ կադր Թրիերի ֆիլմից |
Որպես շինանյութ ծառայող մարդկային մարմիններից կառուցված իր նոր տան իջանցքով էլ Ջեքն ու Վյորջը, նեղ ուղիներ հաղթահարելով, հայտնվում են մի արտասովոր աշխարհում, որի սարսափազդու գեղեցկությունը ֆիլմում պատկերված է պարզապես գերազանց։ Ինչպես Դանտեն ու Վերգիլիոսը, նրանք անցնում են առասպելական Ստիքս գետով (հին հունական դիցաբանությունում խորհրդանշում է նախածննդյան խավարն ու սարսափը, որոնցից ծնվել են առաջին կենդանի էակները), որի ջրերից հուսահատաբար փորձում են դուրս մղվել մեղավորների հոգիները։ Տեսարանը պատկերելիս Թրիերն օգտագործել է իր ամենասիրելի նկարիչներից մեկի՝ Էժեն Դելակրուայի «Դանտեն և Վերգիլիոսը դժոխքում» նշանավոր կտավը, որի հիմքում «Աստվածային կատակերգության» առաջին մասի՝ «Դժոխքի» ութերորդ երգն է։ Այնուհետև Ջեքը մուտք է գործում մի սենյակ, որի պատուհանից, արցունքն աչքերին, տեսնում է լուսավոր Էլիզիումը՝ Ելիսեյան դաշտերը (հին հունական դիցաբանությունում՝ անդրշիրիմյան աշխարհի մի մասը, որտեղ հանգրվանում են երանելիների հոգիները), սակայն Վյորջը նրան ասում է, որ իրենք չեն կարող այնտեղ գնալ։ Ջեքը վերջնականապես գիտակցում է, որ դրախտն իր համար առհավետ կորսված է, և զոհերի դեմքերը կայծակնային արագությամբ անցնում են նրա աչքերի առջևով։
«Մենք գտնվում ենք դժոխքից էլ ներքև»,- վերջին տեսարանում ասում է Վյորջը՝ պատրաստվելով Ջեքին ուղեկցել դեպի «վեր», որտեղ բուն դժոխքն է։ Քանդված կամրջի հակառակ կողմում Ջեքը տեսնում է դեպի փրկություն տանող աստիճանները և որոշում է մագլցելով հասնել այնտեղ՝ դժոխքից խուսափելու համար։ Դա դառնում է դատաստանից փախչելու նրա վերջին փորձը։ Թերևս, չեն սխալվում այն կինոքննադատները, ովքեր կարծիք են հայտնում, թե Ջեքի կերպարը կարելի է դիտարկել որպես Թրիերի ալտեր էգո․ նա ևս ստեղծում է «արվեստի գործեր», որոնք այլոց համար անհասկանալի կամ անընդունելի են, նա ևս կարիք ունի հանդիսատեսի, ում համար էլ տարբեր դիրքերով լուսանկարում է իր զոհերի մարմիններն ու լուսանկարները տարածում փոստով, նա ևս փորձում է կառուցել իր տունն այս աշխարհում և համարում է, որ ձախողվել է, և պատահական չէ, որ բարկանում է, երբ ոմանք չեն տարբերում ճարտարագետի ու ճարտարապետի մասնագիտությունները։ «Ճարտարագետը կարդում է նոտաները, մինչդեռ ճարտարապետն արարում է ստեղծագործությունը»,- փաստում է ֆիլմի հերոսը։
Ռեժիսորի բնորոշմամբ՝ սպանություն գործելը նրա համար ստեղծագործական ներքին ազդակները բավարարելու միջոց է։ «Ինքնարտահայտումը մեծագույն ազատությունն է, իսկ «ազատություն» բառն ինձ համար բարձրագույն նշանակություն ունի»,- ասում է Լարս ֆոն Թրիերը։ Միաժամանակ՝ նա վերջաբանում ցույց է տալիս հանցավոր ուղի ընտրած ազատության դատապարտվածությունը։ Ի վերջո, ֆիլմն ինքնարտահայտման ձգտող հերոսի մասին է, ով մինչև վերջ՝ մինչև դժոխքի անելանելիության ու անխուսափելիության առաջ կանգնելը, հիանում է իր ստեղծած «արվեստի գործերով»:
Ժակ Անդրեասյան
COMMENTS