Ճանաչված արձակագիր Արամ Պաչյանի բացառիկ հարցազրույցը հույն մեծ կինոռեժիսոր Թեո Անգելոպուլոսի հետ, 2010թ
Արամ Պաչյան – Վարպետ, ձեր ֆիլմերում անընդհատ կրկնվում են մի շարք խորհրդանիշեր. ես մասնավորապես առանձնացրել եմ մշուշը, ծովը և բաց կապույտ գույնը, որոնք շատ ժամանակ արտացոլվում են պատերազմական կոնֆլիկտների ֆոնին: Ի՞նչ են արտահայտում դրանք: Կարելի՞ է ասել, որ այս խորհրդանիշերը դարձել են ձեր մտածողությունը բնորոշող մետաֆորներ:
Թեո Անգելոպուլոս – Ես Ջրհոս եմ (ծիծաղում է)… Քո թվարկած խորհրդանիշերը ծառայում են թախծին. դա արվում է տխրության եղանակ ստանալու համար: Իսկ իրականում ես չգիտեմ ինչու եմ ընտրում հենց այս խորհրդանիշերը։ Սակայն ես չեմ ընտրում, իրենք են ընտրում ինձ. սա ևս անբացատրելի է: Հունաստանի նման մի երկիր, որ այդքան շատ արև ունի, իմ ֆիլմերում ծածկված է ամպերով՝ տխրության շերտի ներքո:
Ա.Պ. – Ֆիլմերում հերոսները գրեթե միշտ վերադառնում են անցյալ: Տարածության և ժամանակի այդ չափազանց դինամիկ ու նուրբ անցումը տեղի է ունենում ներկայի և մի փոքր էլ ապագայի միջով. նրանք անցյալի՞ մարդիկ են:
Թ. Ա. – Ճակատագիրը անցյալն է: Իմ հերոսները մնացել են ու դեռ ապրում են անցյալում՝ ներկան օգտագործելով որպես ետդարձի ճանապարհ:
![]() |
Ակիրա Կուրոսավայի հետ |
Թ. Ա. – Հավատում եմ ու համոզված եմ՝ գիրքը միշտ կլինի: Ես պատկանում եմ մի սերնդի, որը մեծացել է գրքերով ու գրականությամբ: Գիրքն ինձ համար ամենաթանկ ընկերն է և միշտ հնարավորություն՝ դուրս գալու ճանաչելի իրականությունից և երազելու. գիրքը երազանք է ու կմնա:
Ա. Պ. – Ձեր յուրաքանչյուր ֆիլմ կարծես տեղավորվում է մեկ անվերջանալի կադրի մեջ՝ ներառելով և՛ Հունաստանի, և՛ մարդկային ճակատագրերի պատմությունը:
Թ. Ա. – Ես ունեմ կադրի իմ գեղագիտությունը, դա կա նաև գրականության մեջ, օրինակ՝ Մարսել Պրուստն էջերով նկարագրում է անկողնում պառկած իր հերոսի խոհերն ու գործողությունները, ինչպես նաև Ջոյսը, իսկ ֆրանսիացիների մոտ հակառակը՝ գերակայում է շատախոսությունը. ես արտացոլում եմ երկար կադրերով:
Ա. Պ. – Ինչո՞ւ դարձաք կինոռեժիսոր և ինչո՞ւ եք մինչ օրս ֆիլմեր նկարահանում:
Թ. Ա. – Պատճառը մի դիպված էր: Փոքր տղա էի, երբ կինոթատրոններում սկսեցին ֆիլմեր ցուցադրել: Շատ ժամանակ տոմսի գումար չունեի ու ծածուկ տեղերով էի դահլիճ մտնում: Մի օր էլ այդպես մեծահասակների արանքով աննկատ ներս մտա և բարձրացա վերևի հարկ ու մի մութ անկյունում նստելով՝ սկսեցի դիտել: Հիշում եմ՝ ամերիկյան ֆիլմ էր, վերնագիրը՝ «Կեղտոտ դեմքերով հրեշտակները», ռեժիսորի անունը՝ Մայքլ Կյորտից: Ֆիլմի ավարտին գլխավոր հերոսին մահապատժի ենթարկեցին՝ նստեցնելով էլեկտրական աթոռին, և վերջին վայրկյանին չդիմանալով՝ նա սկսեց գոռալ, ասում էր, որ չի ուզում մահանալ, ու լաց էր լինում: Դրանից հետո գիշերները չէի կարողանում քնել, վեր էի թռչում ու գոռում էի մահվան դատապարտված մարդու նույն գոռոցով, և դա էր պատճառը, որ դարձա ռեժիսոր ու սկսեցի ֆիլմեր նկարահանել, և այդ գոռոցն է, որ մինչ օրս ստիպում է շարունակել:
Հարցազրույցը՝ Արամ Պաչյանի
«Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդես, 2010թ