«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի հոբելյանական էր՝ 15-րդը։
Նոյեմբերի 5-9-ը Երևանում, Հայաստանի 7 մարզերում (Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արմավիր, Կոտայք, Արագածոտն, Արարատ), Արցախում և Վրաստանում (Թբիլիսի) անցկացվեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ հոբելյանական միջազգային փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը: Փառատոնի միջազգային աջակիցներն են «Վիշեգրադ միջազգային հիմնադրամը», ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Գյոթեի անվան ինստիտուտը Երևանում (Գերմանիա), Ճապոնիայի միջազգային հիմնադրամը: Երևան էին ժամանել հյուրեր Ռուսաստանից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Սլովակիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Ճապոնիայից և այլ երկրներից: Շուրջ 68 երկրից ստացված 1020 ֆիլմերի հայտերից փառատոնային ծրագրում ընդգրկվել էր 210 ֆիլմ:
«Ռոլանի» հիմնական նպատակներից է՝ փառատոնային ծրագիրն ու միջոցառումները Երևանից ուղղել նաև դեպի ՀՀ մարզեր ու Արցախ, մարզաբնակ հանրությանն առավելագույնս ներգրավել և մասնակից դարձնել փառատոնին, նպաստել միջազգային հյուրերի ու տեղի հանրության միջև անմիջական կապերի ստեղծմանը:Որպես հաշվետվություն
«Ռոլան» 15-րդ հոբելյանական փառատոնը հավատարիմ էր իր որդեգրած ձևաչափին․ այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված էր բացառապես երեխաներից և պատանիներից՝ Երևանը, ՀՀ մարզերն ու Արցախը ներկայացնող, մասնավորապես՝ «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգի ժյուրիի կազմում Արցախի երեխաներն էին, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ «Այբ» դպրոցի սաները, «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում՝ ՀՀ զորամասերի զինվորները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները: Այս տարի ևս փառատոնային ծրագրում ընդգրկված էր «Երեխաները երեխաների համար» ոչ մրցութային անվանակարգը, որտեղ ներկայացված էին մի շարք երկրների երեխաների և պատանիների նկարահանած լավագույն ֆիլմերը երեխաների համար:
Փառատոնային օրերի ընթացքում «Մոսկվա» կինոթատրոնում, Կինոյի տանը, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, Պատանեկության ստեղծագործական կենտրոնում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Հ. Երիցյանի անվան վարժարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, «Այբ» դպրոցում, «Սահակյանց» ստուդիայում, «ՊանԱրմենիան մեդիա դպրոցում», հանրակրթական դպրոցներում ցուցադրվեցին փառատոնային լավագույն անիմացիոն, խաղարկային ու վավերագրական ֆիլմերը և անցկացվեցին ստեղծագործական հանդիպումներ, վարպետաց դասեր, աշխատարաններ:
Բացի այդ՝ նոյեմբերի 5-9-ը ՀՀ մարզերում՝ Գյումրիի «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատանը, Գյումրիի հանրակրթական դպրոցներում, Ալավերդիի մշակույթի տանը, Գավառի մանկատանը, Արմավիրի մշակույթի տանը, Զովունիի մշակույթի տանը, Արարատի մշակույթի տանը, Կարբիի մշակույթի տանը և այլուր նույնպես ցուցադրվեցին փառատոնային անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմերը։ Փառատոնի արցախյան փուլը մեկնարկեց երևանյան փուլի հետ միաժամանակ և բաղկացած էր երկու մասից: Առաջին մասի ընթացքում՝ նոյեմբերի 5-9-ը, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում ցուցադրվեցին լավագույն անիմացիոն և խաղարկային ֆիլմերը երեխաների ու պատանիների համար: Երկրորդ մասի շրջանակներում՝ նոյեմբերի 25-27-ը, Ստեփանակերտ կայցելեն հայ անվանի կինոգործիչներ և հանդիպումներ կունենան արցախցի երեխաների հետ։ Փառատոնի օրերին մի խումբ երեխաներ Արցախից ժամանեցին Երևան՝ մասնակցելու փառատոնի բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ նոյեմբերի 9-ին «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Երևան ժամանեցին նաև խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ հանդիսացող երեխաները՝ մասնակցելու փառատոնի փակման պաշտոնական արարողությանը: Մոսկվայից Հայաստան ժամանեց 30 երեխաներից բաղկացած «Յունի Արտիստ» խումբը՝ մասնակցելու փառատոնին:
Հոբելյանական 15-րդ փառատոնի ծրագրի շրջանակներում տեղի ունեցան 8 խաղարկային և անիմացիոն ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, որոնցից 6-ի ցուցադրությանը ներկա էին ֆիլմերի ռեժիսորները․ տեղի ունեցան նաև հատուկ ցուցադրություններ:Այս տարի փառատոնն իրականացրեց երկու կարևոր ծրագիր.
1․ Արդեն երրորդ տարին է, ինչ «Ռոլան Բիկով» հիմնադրամը շարունակում է համագործակցությունը «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի հետ, որի աջակցությամբ այս տարի՝ 15-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում, Երևանում, Հայաստանի 7 մարզերում (Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արմավիր, Կոտայք, Արարատ, Արագածոտն) և Վրաստանում (Թբիլիսի) իրականացվեց «Վիշեգրադ + Հայաստան և Վրաստան միջմշակութային երկխոսություն. նոր մոտեցումներ» հատուկ ծրագիրը: Այն ուղղված է Վիշեգրադի երկրների (Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա) և Հայաստանի ու Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության տարածմանն ու ընդլայնմանը, անմիջական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը ոչ միայն Երևանում ու ՀՀ մարզերում, այլև Վրաստանում՝ ընդգրկելով տարածաշրջանը և որպես աջակցող հարթակ օգտագործելով «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը: Ծրագիրը հանդիսանում է 2017թ.-ին և 2018թ.-ին «Վիշեգրադ» միջազգային հիմնադրամի աջակցությամբ «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից իրականացված երկու ծրագրերի շարունակությունը և ընդլայնումը՝ ներառելով ոչ միայն Երևանն ու Հայաստանի արդեն 7 մարզերը, այլև Վրաստանը:
Ծրագրի շրջանակներում իրականացվեցին՝
- «Վիշեգրադի ֆիլմերի օրեր Երևանում»․ կինոդիտումներ և քննարկումներ Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում և Պատանեկության ստեղծագործական կենտրոնում։
- «Վիշեգրադի ֆիլմերի օրեր ՀՀ մարզերում»․ կինոդիտումներ և քննարկումներ Գյումրիում, Ալավերդիում, Գավառում, Արարատում, Արմավիրում, Զովունի և Կոտայք գյուղերում:
- «Վիշեգրադի ֆիլմերի օրեր Վրաստանում»․ այս տարի ծրագրի շրջանակներում առաջին անգամ կինոդիտումներ կազմակերպվեցին նաև Վրաստանում՝ Թբիլիսիի հանրակրթական դպրոցներում, հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը:
- Ստեղծագործական հանդիպումներ, վարպետաց դասեր, աշխատարաններ և այլն Երևանի ու ՀՀ մարզերի (Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Արարատ, Արագածոտն) ուսումնական հաստատություններում:
- Գյումրի այցելության ժամանակ Վիշեգրադի երկրներից ժամանած հյուրերն այցելեցին «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն (երկարամյա ավանդական համագործակցության շրջանակներում) և ստեղծագործական հանդիպում ունեցան երեխաների հետ:
- Ծրագրում այս տարի ավելացել էր նաև արվեստի բաղադրիչը. Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի հետ համատեղ՝ Վանաձորում նոյեմբերի 5-25-ը անցկացվում է «Վիշեգրադը հայ երեխաների աչքերով» ցուցահանդես-մրցույթը, որի ընթացքում ներկայացված է Վիշեգրադի երկրների, Վրաստանի և Հայաստանի մշակութային ժառանգությունը պատկերող շուրջ 100 նկար, որոնց հեղինակները Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի շուրջ 33 սաներն են: Վիշեգրադի երկրներից, Վրաստանից ժամանած հյուրերից և հայ արվեստագետներից բաղկացած միջազգային ժյուրին ընտրեց լավագույն նկարները, որոնց հեղինակները պարգևատրվեցին և հրավիրվեցին մասնակցելու «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ հոբելյանական միջազգային փառատոնի փակման արարողությանը:
Սլովակիայում՝ Սլովակ ֆիլմերի ակումբների ասոցիացիան, «Superfilm» կինոարտադրությունը, «ARCHiMERA» ՀԿ-ն, Հունգարիայում՝ BUSHO կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը, Kid’s Eye Art ասոցիացիան, Լեհաստանում՝ Ale kino! մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, HumanDoc վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, ASP Wroclaw Վրոցլավի արվեստի և դիզայնի ակադեմիայի նկարչության և քանդակագործության ֆակուլտետը, Չեխիայում՝ JUNIORFEST մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը, Art Fabrika արվեստի դպրոցը, Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան Թատրոնի և կինոյի պետական համալսարանը։ Ծրագրի շրջանակներում ստացված 75 ֆիլմերի (Վիշեգրադի երկրներում արտադրված) հայտերից ծրագրում ընդգրկվել է 19 ֆիլմ: Դրանք ներկայացվել են ծրագրի գործընկերների կողմից:
2․ Փառատոնի շրջանակներում այս տարի իրականացվել է ևս մեկ կարևոր ծրագիր. «Ռոլան Բիկով» հիմնադրամը սկսել է համագործակցել ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ, որի աջակցությամբ իրականացրեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը՝ որպես հարթակ ԱՊՀ երկրների միջև միջմշակութային երկխոսությունն ամրապնդելու համար» հատուկ ծրագիրը՝ կինոյի միջոցով ԱՊՀ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված:
Համաձայն ծրագրի՝ նախատեսվում էր անցկացնել.
- «ԱՊՀ երկրների ֆիլմերի շաբաթ Հայաստանում» (Երևան, Գավառ և Ալավերդի քաղաքներում), որի շրջանակներում ցուցադրվեցին վերջին տարիներին ԱՊՀ երկրներում, Ուկրաինայում և Վրաստանում արտադրված խաղարկային ու անիմացիոն լավագույն ֆիլմերը: Կինոդիտումներից հետո տեղի ունեցան ցուցադրված ֆիլմերի քննարկումներ՝ ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած կինոգործիչների մասնակցությամբ:
- Տեղի ունեցավ «Միասնություն բազմազանության մեջ. կինոն որպես միջմշակութային երկխոսության միջոց» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին ծրագրի հյուրերը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՍՄ նախարարությունից, ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունից, մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություններից, ուսումնական կենտրոններից, մասնավոր կինոստուդիաներից և հանրակրթական դպրոցներից, երիտասարդ կինոգործիչներ և ուսանողներ:
- Կազմակերպվեցին նաև հյուրերի մասնակցությամբ ստեղծագործական հանդիպումներ ու վարպետաց դասեր ուսանողների, երիտասարդ կինոգործիչների և բոլոր հետաքրքրված անձանց համար՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական համալսարանում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «Սահակյանց» ստուդիայում, Պատանեկության ստեղծագործական կենտրոնում և այլուր: Ստացված 65 ֆիլմերի (ԱՊՀ երկրներում, Ուկրաինայում և Վրաստանում արտադրված) հայտերից ծրագրում ընդգրկվել էր 40 ֆիլմ:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ հոբելյանական միջազգային փառատոնի ցուցադրությունները և միջոցառումները կազմակերպված էին բացառապես բարեգործական հիմունքներով և ներառում էին 25-30 հզ հանդիսատես:Անցյալ տարի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, փառատոնը սահմանեց նոր անվանակարգ՝ «Ֆրանկոֆոն ֆիլմեր» անվանակարգը, և այս տարի այն մրցութային էր: Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ Հայաստան ժամանեց «Փոքրիկ Սպիրուն» (2016թ.) ֆիլմի ռեժիսոր Նիկոլա Բարին և մասնակցեց ֆիլմի երևանյան պրեմիերային, որը ներառված էր այդ անվանակարգում: Ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորել է Պիեռ Ռիշարը: «Փոքրիկ Սպիրուն» մասնակցել է բազմաթիվ փառատոների, մրցանակի արժանացել «SCHLINGEL» կինոփառատոնում։ Երևանում, «Գյոթե կենտրոնի» հետ համատեղ իրականացված հատուկ ծրագրի շրջանակներում, Գերմանիայից ժամանեցին ռեժիսոր, դերասան Մարկ Շլիխտերը և պրոդյուսեր Նիկոլ Քելերհալսը, ովքեր ներկայացրեցին «Ալֆոնս Ջիթերբիթ. Հետհաշվարկ մինչև քաոս» (2019թ․) ֆիլմը: Արդեն երկրորդ տարին է, որ «Ռոլան Բիկով» հիմնադրամը համագործակցում է Ճապոնիայի միջազգային հիմնադրամի հետ, որի աջակցությամբ այս տարի Հայաստան ժամանեց ռեժիսոր, անիմատոր Յոկո Յուկին և հայ հանդիսատեսին ներկայացրեց «Գիշերային փաթիլը» անիմացիոն ֆիլմը։
COMMENTS