«Մեր երկկողմանի կապն այնքան հին ու ամուր է, որ հայերը դարձել են Իրանի մշակույթի անբաժանելի մասը»։ Համեդ Սոլեյմանզադե
Վերջերս, «Ռոլան» միջազգային մանկապատանեկան 15-րդ՝ հոբելյանական կինոփառատոնի շրջանակներում, Երևան էր այցելել իրանցի սցենարիստ, ռեժիսոր, կինոգիտության պրոֆեսոր Համեդ Սոլեյմանզադեն։ Նրա այցն ուղեկցվեց «Ռոլան» և Սպահանի մանկապատանեկան միջազգային կինոփառատոների միջև համագործացության հուշագրի ստորագրմամբ, Թեհրանի համալսարանի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջև համատեղ նախագծերի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, կինոյում համարտադրությանն ուղղված այլ ծրագրերի մեկնարկով։ Համեդ Սոլեյմանզադեի հետ զրուցել ենք իրանական կինոյի, կինոարտադրության ու կինոկրթության, Հայաստանի ու հայերի մշակութային առնչությունների մասին։
1980-ականներին իրանական կինոն թևակոխեց մի նոր փուլ՝ ոտք դնելով շարունակական վերելքի ճանապարհ։ Ինչո՞վ էր պայմանավորված այդ վերելքը։
Ինչպես գիտեք, իրանական կինոյի պատմությունը սկիզբ է առել ավելի քան 120 տարի առաջ՝ ֆրանսիական կինեմատոգրաֆի ստեղծմանը գրեթե զուգընթաց, այսինքն՝ Իրանում կինոյի հանդեպ սերն ու հետաքրքրությունն առկա են եղել ի սկզբանե։ Առաջին ֆիլմերը կատակերգություններ էին, սակայն այս պահին մանրամասնորեն չեմ անդրադառնա իրանական կինոյի պատմության բոլոր էջերին, պարզապես նշեմ, որ մենք (և ոչ միայն մենք) իրանական կինեմատոգրաֆը պայմանականորեն բաժանում ենք երկու հիմնական փուլի՝ նախքան 1979թ․-ի իսլամական հեղափոխությունը և իսլամական հեղափոխությունից հետո նկարահանված կինո։ Հեղափոխությունից առաջ Իրանում կային հեղինակային կինոյին աջակցող մի քանի ընկերություններ, որոնց միջոցով էլ իրենց գործունեությունը սկսել են այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Աբաս Քիարոսթամին, Դարիուշ Մեհրջուին, Բահրամ Բեյզաին, Նասեր Թահվաին, Ամիր Նադերին, Սոհրաբ Շահիդ-Սալեսը և այլք։ Իսլամական հեղափոխությանը հաջորդած իրան-իրաքյան պատերազմի տարիները մեր կինեմատոգրաֆում լռության տարիներ էին, սակայն հետո ստեղծվեց մի կառույց, որը կարողացավ միանգամից խթանել կինոյի զարգացումը մեր երկրում․ խոսքը Սեյեդ Մոհամադ Բեհեշտիի հիմնած «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի մասին է։ Այս հիմնադրամը գումարներ էր հատկացնում ճանաչված ռեժիսորներին՝ ինտելեկտուալ կինոյի զարգացմանն աջակցելու և նկարահանված ֆիլմերն աշխարհի հեղինակավոր փառատոներ ուղարկելու նպատակով։ Աշխարհը հենց այդ կինոյի միջոցով նորովի ճանաչեց Իրանը։ Այդ ժամանակաշրջանից ի վեր և մինչ օրս իրանական կինեմատոգրաֆը չի դադարեցրել կամ դանդաղեցրել իր վերելքի ընթացքը։ Ավելորդ է ասել, թե որքան կարևոր է ռեժիսորներին սատարող նմանօրինակ կառույց ունենալը։ Մեր արդյունավետ կառույցներից է նաև Իրանական երիտասարդական կինոընկերությունը (IYCS), որն ունի ավելի քան 60 գրասենյակ Իրանի 60 քաղաքներում։ Այս կազմակերպությունը ֆինանսավորում է հատկացնում երիտասարդ շնորհալի կինեմատոգրաֆիստներին՝ սկզբում կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելու համար․ մեկ տարվա ընթացքում նրանց սովորեցնելով ռեժիսուրայի հիմունքներ և ապահովելով անհրաժեշտ ամեն ինչով՝ երիտասարդական կինոընկերությունը, փաստորեն, նրանց ընձեռում է գործնական աշխատանքի հնարավորություն և հարթում նրանց ուղին դեպի պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆ։ Դա լուծում է նաև սերնդափոխության հարցը, որպեսզի իրանական կինոն հետագայում էլ լինի վստահելի, տաղանդավոր ձեռքերում։
Իրանական կինոյում ի սկզբանե մեծ թիվ են կազմել հայ կինոգործիչները՝ ռեժիսորներ, սցենարիստներ, դերասան-դերասանուհիներ․․․ Ի՞նչ անուններ կհիշատակեիք։
Իհարկե, մեծ թիվ են կազմել ու կազմում, և դա պատահական չէ, քանի որ հայկական համայնքն Իրանում միշտ էլ ունեցել է մեր երկրի համար կարևորագույն դերակատարում։ Մեր երկկողմանի կապն այնքան հին ու ամուր է, որ հայերը դարձել են Իրանի մշակույթի անբաժանելի մասը։ Իրանական առաջին լիամետրաժ ֆիլմի ստեղծող և առաջին կինոդերասանական դպրոցի հիմնադիր Հովհաննես Օհանյանը, ճանաչված կինոդերասանուհի Մահայա Պետրոսյանը, դեռևս իսլամական հեղափոխությունից առաջ մեծ ճանաչում ձեռք բերած ռեժիսոր Սամուել Խաչիկյանը, Ափիկ Մելիք-Ազատյանը, Արապիկ Բաղդասարյանը, Արբի Հովհաննիսյանը, Արամայիս Հովսեփյանը, Զավեն Ղուկասյանը, Անուշ Վարդանյանը, Շահին Սարգսյանը․․․ Սա ընդամենը մի մասն է այն անունների, որ այս պահին մտաբերեցի։ Անձամբ ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի Սամուել Խաչիկյանի արվեստը։
Իրանում ի՞նչ կերպ է իրականացվում կինոկրթությունը, և ի՞նչ հնարավորություններ են տրվում երիտասարդ մասնագետներին։
Իրանում գործում են շահույթ չհետապնդող մի քանի ինստիտուտ, մի քանի պետական ինստիտուտ և մի քանի համալսարան։ Թեհրանի համալսարանում երիտասարդ ռեժիսորները բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտելուց հետո կարող են անցնել նաև ռեժիսուրայի դասընթաց PhD աստիճանի համար։ Մի շարք համալսարաններում գործում են կինոռեժիսուրայի, սցենարական վարպետության, դերասանական արվեստի և այլ բաժիններ, պարզապես այս դեպքում նախապատվությունը տրվում է հիմնականում տեսական գիտելիքին, իսկ Իրանական երիտասարդական կինոընկերության պարագայում, որի մասին արդեն նշեցի, դասընթացները հենց գործնական ուղղվածության են և ծառայում են մասնագիտական փորձառության ձեռք բերմանը։ Իրանական երիտասարդական կինոընկերությունը պետական կառույց է, այսինքն՝ երիտասարդներին տրվող օժանդակությունն իրականացվում է պետական մակարդակով։ Նրանց տրամադրում են տեխնիկական բոլոր միջոցները և ասում են՝ «գնա ու կյանքի կոչիր քո մտահղացումը»։ Սա ամենակարևորն է, որովհետև հենց նկարահանման բուն գործընթացն է երիտասարդների լավագույն ուսուցիչը։ Համալսարաններում, որտեղ գերիշխում է տեսականը, ուսանողների մեջ ակամա առաջանում է նաև վախ գործնական աշխատանքի հանդեպ․ ունենալով զգալի գիտելիք՝ նրանք հաճախ մտածում են, թե նկարահանելուց հետո անպայման պարտավոր են ստանալ այնպիսի արդյունք, ինչպիսին կարող էր ստանալ, օրինակ, Քիարոսթամին։ Մինչդեռ կարևորը փորձառությունն է և այդ փորձառության մեջ սեփական Ես-ը, սեփական ոճը գտնելը։ Երիտասարդի մեջ ինքնատիպության առկայությունը մեզ՝ դասավանդողներիս, համար շատ ավելի կարևոր է, քան նրա պրոֆեսիոնալիզմը, որը, այսպես, թե այնպես, ձեռք է բերվում տարիների ընթացքում։
Իրանի երիտասարդ կինոռեժիսորներին այսօր ո՞ր թեմաներն են առավելապես հետաքրքրում, առավել հաճախ ի՞նչն են արտացոլում իրենց ֆիլմերում։
Նրանք ստեղծագործական մեծ հետաքրքրություն ունեն սոցիալական խնդիրների հանդեպ։ Հաջորդ հետաքրքրությունը ներընտանեկան հարաբերություններն են, հատկապես՝ ծնողների ու երեխաների հարաբերությունները, ընդհանրություններն ու տարաձայնությունները, առհասարակ տարբեր սերունդների միջև առկա խնդիրները։
Իրանն ապրում է չափազանց ակտիվ կինոփառատոնային կյանքով, ընդ որում՝ դրանցից շատերն արդեն տասնամյակների պատմություն ունեն։ Ո՞ր փառատոները կառանձնացնեիք։
Իրոք, մենք ունենք բազմաթիվ կինոփառատոներ, որոնցից կարևորագույնն ու ամենահներից մեկը, իհարկե, «Ֆաջր» կինոփառատոնն է։ Ամեն տարի այս կինոփառատոնը հյուրընկալում է ավելի քան 500 միջազգային մասնակցի, այդ թվում՝ համաշխարհային կինոյում մեծ հռչակ վայելող անձանց։ Սպահանի մանկապատանեկան փառատոնը ևս ամենահներից է ու ամեն տարի անցկացվում է մեծաքանակ հյուրերի մասնակցությամբ։ Չեմ կարող չհիշատակել նաև Թեհրանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը։ Ունենք ամենատարբեր ուղղվածության այլ փառատոներ ևս, որոնք շատ ենք կարևորում, որովհետև դրանք նոր կապեր ստեղծելու, համագործակցության նոր ուղիներ հարթելու հնարավորություն են տալիս։ Մենք հետաքրքրված ենք հատկապես հարևան երկրների հետ համագործակցությամբ, այն երկրների, որոնց հետ ունենք մշակութային ու պատմական ընդհանրություններ։
Իրանում այսօր կան մեծ թվով կին ռեժիսորներ, և նրանցից շատերը հասցրել են նաև միջազգային ճանաչման արժանանալ։ Նրանք ստեղծագործական դաշտում տղամարդ ռեժիսորների հետ հավասար պայմաններո՞վ են աշխատում։
Հիմա արդեն՝ այո՛, սակայն այսօրվա իրավահավասարությանը նախորդել է նրանց երկարամյա անզիջում պայքարը։ Այժմ կին ռեժիսորները հասել են իրենց երազած արդյունքին և ունեն պետության կայուն աջակցությունը։ Բավական է նշել մի քանիսի անունները՝ Ռախշան Բանի-Էթեմադ, Պուրան Դերախշանդե, Էնսիե Շահ-Հոսեյնի, Նարգես Աբյար․․․ Ես ամենաբարձրը գնահատում եմ Ռախշան Բանի-Էթեմադի կինոարվեստը․ նրա ուշադրության առանցքում գլխավորապես սոցիալական խնդիրներն են, և նա մեծ ճանաչում ունի ոչ միայն Իրանում, այլև արտերկրում։ Թահմինե Միլանիի ֆիլմերում, օրինակ, արտացոլված են նրա ֆեմինիստական հայացքները, Նարգես Աբյարի ֆիլմերում՝ քաղաքական ու պատերազմական թեմաները։
Իրանական կինոն ունի իր ուրույն ձեռագիրը, որը չես շփոթի ուրիշ ոչ մի երկրի կինոձեռագրի հետ։ Ինչո՞վ է դա պայմանավորված, ըստ Ձեզ՝ որո՞նք են իրանական կինոյի երեք գլխավոր առանձնահատկությունները։
Նախ կնշեի աշխարհայացքի բանաստեղծականությունը։ Մենք ունենք հնագույն մշակութային ավանդույթների հիմքի վրա ձևավորված հարուստ գրականություն, մասնավորապես՝ յուրահատուկ պոեզիա, որը միշտ ոգեշնչել է մեր կինոռեժիսորներին՝ անսպառ աղբյուր դառնալով նրանց երևակայության, նրանց աշխարհընկալման ու նրանց ֆիլմերի համար։ Աբաս Քիարոսթամին այդ բանաստեղծական աշխարհայացքն ունեցողների թվում ամենավառն է։ Նա ինձ համար և շատ այլոց համար բացառիկ է ոչ միայն իր բանաստեղծականությամբ, այլև իր խոր փիլիսոփայականությամբ։ Իմ նշած առաջին առանձնահատկությանը տրամաբանորեն հաջորդում է երկրորդը՝ սցենարական ինքնատիպ ձեռագիրը, որի հիմքում, ի վերջո, նույնպես գրականությունն է։ Եվ երրորդը, իմ կարծիքով, մեր ֆիլմերի մաքրությունն է, այսինքն՝ բռնության, սեքսի և նմանօրինակ այլ երևույթների արտացոլումից զերծ լինելը։ Գաղտնիք չէ, որ մերօրյա կինեմատոգրաֆը արդեն վաղուց պարզապես «վարակված է» այդ ամենով։ Իրանական կինոն ասես կոչված է ապացուցելու, որ նույնիսկ մեր ժամանակներում հնարավոր է զերծ մնալ այդօրինակ տեսարաններ նկարահանելուց և միաժամանակ ստեղծել դիտարժան, բարձրակարգ կինո։
Հայաստան կատարած Ձեր առաջին այցի ամենահիշարժան պահերը որո՞նք էին։
Տպավորություններս վառ են, և Հայաստանից մեկնելու եմ անմոռանալի հուշերով ու անպայման նորից ու նորից վերադառնալու տրամադրվածությամբ։ Հաջորդ տարվա հետ կապված արդեն իսկ ունեմ որոշակի ծրագրեր ու պայմանավորվածություններ՝ համատեղ արտադրության ֆիլմ նկարահանելուց սկսած մինչև դասավանդում և այլն։ Ի դեպ, նշեմ, որ Իրանը չափազանց հետաքրքրված է կինոյի ասպարեզում Հայաստանի հետ համարտադրության խթանմամբ ու զարգացմամբ։ Ինչ վերաբերում է ամենավառ տպավորությանս, ապա, իհարկե, դա այցելությունն էր իմ պաշտելի Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան․ բացառիկ մի վայր՝ բացառիկ մթնոլորտով։ Այդուհանդերձ, չեմ կարող չասել ամենակարևորի մասին․ ճարտարապետությունը, պատմությունը, մշակույթը, որոնք Հայաստանում ինձ հիացրին, ի՛նչ խոսք, առավել քան գնահատելի են, սակայն ինձ համար՝ որպես ռեժիսորի, առաջնային կարևորություն ունեն հենց մարդիկ, իսկ այդ առումով կարող եմ վստահեցնել, որ, աշխարհի տասնյակ երկրներ այցելելով հանդերձ, որևէ այլ վայրում չեմ հանդիպել ավելի ջերմ, ավելի սրտակից մարդկանց, քան հայերն են։
հարցազրույցը՝ Անուշ Բաբայանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
COMMENTS